Jul 17 2008

Հետխորհրդային շրջանի «սառեցված հակամարտությունները» բորբոքվում են, երբ բախվում են գերտերությունների շահերը

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Քրիսչն Սայնս Մոնիթոր», 25 հունիսի 2008թ.
Աղբյուրը` (Christian Science Monitor)
Ֆրեդ Վեյր (Fred Weir)

Լարվածությունն աճում է անկախության ձգտող փոքր պետությունների ապագայի նկատմամբ ՆԱՏՕ-ի և վերածնվող Ռուսաստանի դիրքորոշումների անհամապատասխանության պատճառով:

ՕՍԹԻՆԳՈՒՐ, ՎՐԱՑ-ԱԲԽԱԶԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ: Այստեղ` Սև ծովի մերձարևադարձային ծովափնյա հարթավայրում, ուր լավ զինված ռուսական զորքերը, ՄԱԿ-ի դիտորդների օգնությամբ, 15 տարի շարունակ միմյանցից բաժանել են Վրաստանի և ապստամբ Աբխազիայի պատերազմող բանակներին, լարվածությունը կրկին մեծանում է:

Անցյալ չորեքշաբթի երկու հզոր ռումբ է պայթել Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում` ավերելով երկաթուղու մի հատվածը, որը ռուսական շինարարական զինուժը վերջերս էր վերանորոգել: Վրաստանը պնդում է, որ այդ զորքի տեղակայումը անօրինական է այդ ապստամբ փոքր երկրում, որը Թբիլիսին դիտարկում է որպես վրացական տարածք (այս դիրքորոշումն ունեն աշխարհի շատ երկրներ):

Հաջորդ օրն այս սահմանային կետից մի քանի մղոն հեռու վրաց ոստիկանները ձերբակալեցին չորս ռուս խաղաղապահների, որոնք, ռուս բարձրաստիճան գեներալ Ալեքսանդր Բուրուտինի գլխավորությամբ այդ վայրում են համաձայն 1994 թվականի հրադադարի մասին պայմանագրի: Դա զգուշացում էր վրացական կողմից, որ եթե միջադեպը կրկնվի, «հետևանքները շատ ծանր կլինեն և կարող են հանգեցնել արյունահեղության»:

Եթե 1991 թվականի փխրուն համաձայնագիրը, որի շնորհիվ նախկին Խորհրդային Միությունը համեմատաբար խաղաղ մասնատվեց 15 պետությունների, սկսի չգործել, ապա այդ պայթյունի կենտրոնն, ամենայն հավանականությամբ, հենց այստեղ կլինի: Սակայն հակամարտող կողմերը ոչ թե կլինեն 1993 թվականի պատերազմի անկանոն խմբավորումները, այլ իսկական բանակներ, որոնցից մեկին հավանաբար կաջակցի Ռուսաստանը, մյուսին` ՆԱՏՕ-ն:

Աբխազիան վրացական Զուգդիդի քաղաքից բաժանող կես մղոնանոց կամրջին նայելով` աբխազ ամրակազմ սահմանապահ Ռուսլանն ասում է, որ 15 տարի առաջ օգնել է փախչող վրացական բանակին քշել կամրջից այն կողմ և հիմա ակնկալում է, որ նրանք, այժմ արդեն ԱՄՆ կողմից վարժեցված և հանդերձավորված, ցանկացած պահի կարող են վերադառնալ: «Մենք երբեք չենք համաձայնի նորից Վրաստանի մասը լինել,- ասում է նա: -Ես ուզում եմ որպես աբխազ ապրել ազատ երկրում և կկռվեմ դրա համար այնքան, ինչքան պետք է»:

Աշխարհի մեծ մասը խոր շունչ քաշեց, երբ ԽՍՀՄ փլուզումը չհանգեցրեց բազմաթիվ ցնցումների, ինչպես Հարավսլավիայում, և կարծես բարեհաջող սցենարներ ամրագրվեցին, երբ 2004 թվականին բալթյան նախկին խորհրդային հանրապետությունները` Էստոնիան, Լատվիան և Լիտվան, դարձան Եվրոպական Միության և ՆԱՏՕ-ի անդամ երկրներ:

Քիչ նկատված պատերազմներ
Հուսադրող 1990-ականներին քչերը նկատեցին անջատողական անողոք պատերազմները, որոնք ցնցեցին կովկասյան տարածաշրջանը` հանգեցնելով խիստ ռուսամետ այնպիսի փոքր պետությունների ստեղծմանը, ինչպիսիք են Աբխազիան, Հարավային Օսիան և Ադրբեջանում` Լեռնային Ղարաբաղի հայկական անկլավը:

Մոլդովայի կազմում սլավոնական ապստամբ պետության` Մերձդնեստրի հետ միասին, այս հետխորհրդային անավարտ գործերը ստացան «սառեցված հակամարտություններ» պիտակը, քանի որ դժվար թե որևէ մեծ երկիր, նույնիսկ Ռուսաստանը, երբևէ ճանաչի նրանց փաստացի (de facto) անկախությունը:

Սակայն աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխությունները սպառնում են դաժան պատերազմի վերսկսմամբ, այս անգամ արդեն անջատողականների թիկունքում աներկբայորեն կանգնած նավթով հարուստ և ավելի ուժեղ Ռուսաստանի հետ:

Այն բանից հետո, երբ արևմտյան շատ երկրներ, չնայած Մոսկվայի խիստ դիմադրությանը, այս տարվա սկզբին ճանաչեցին նախկինում սերբական տարածք Կոսովոյի անկախությունը, Ռուսաստանը թուլացրեց իր 14-ամյա տնտեսական պատժամիջոցները Աբխազիայի նկատմամբ, և Պետական Դուման ընդունեց Աբխազիայի ճանաչումը պահանջող բանաձև: Վրաստանի և Ուկրաինայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարը (այս հարցը հետաձգվեց ապրիլին Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում) Մոսկվային դրդեց կոշտացնել իր դիրքորոշումը Վրաստանի նկատմամբ և Աբխազիա ուղարկել շինարարարական զինուժ, որը նախատեսված չէ 1994 թվականի համաձայնագրով: Այս զորքին հանձնարարվել էր վերաբացել անգործության մատնված երկաթուղային կապը, որը Ռուսաստանի Ռոստով քաղաքից, Սոչիով հասնում է Սուխում և խիստ կարևոր կլինի հակամարտության դեպքում զորքի փոխադրման համար:

Չնայած պատերազմ տեսանելի ապագայում չի նշմարվում, սակայն շատերը մտավախություն ունեն, որ այն կսկսվի: «Լարվածությունը շատ արագ մեծանում է, և մենք Ռուսաստանի և Արևմուտքի միջև առճակատման սահմանագծին ենք»,- ասում է Օլեգ Դամենիան` Ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի (Սուխումի պաշտոնական հետազոտական կենտրոն) տնօրենը: «Վրաստանի ռազմական բյուջեն այժմ 10 անգամ գերազանցում է Աբխազիայի ռազմական բյուջեն: Այս պարագայում մենք Ռուսաստանից աջակցություն խնդրելուց բացի այլ ելք չունենք:

Ըստ Կրեմլի` Վրաստանում անջատողական տրամադրվածությամբ փոքր պետությունների գոյությունը պետք է Եվրոպային ստիպի զգուշանալ մասնատվող այդպիսի մի երկիր ՆԱՏՕ ընդունելուց: Հաղորդվում է, որ Բուխարեստի գագաթաժողովի ժամանակ ՌԴ նախկին նախագահ Պուտինը ԱՄՆ նախագահ Բուշին հայտնել է, թե Ուկրաինան էլ նմանատիպ անկայուն մի երկիր է, որի ռուսամետ արևելյան մասը կարող է անջատվել:

«Ռուսաստանը փորձում է ցույց տալ ՆԱՏՕ-ի ընդլայնման հավանական գինը` զգուշացնելով, որ Ուկրաինան չափազանց փխրուն կազմավորում է»,- նշում է «Ռուսաստանը համաշխարհային հարաբերություններում» արտաքին քաղաքականության ոլորտի առաջատար մոսկովյան ամսագրի խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը: Ըստ նրա` «Եթե ՆԱՏՕ-ն շարունակի առաջ գնալ դեպի Ուկրաինա, Ռուսաստանը կարող է շատ խիստ միջոցների դիմել: Ուկրաինայում Ռուսաստանի համակիրների հսկայական ներուժ կա»:

Անցյալ ամիս Մոսկվայի ազգայնական քաղաքապետ Յուրի Լուժկովը Ուկրաինայում «անցանկալի անձ» (persona non grata) է հայտարարվել այն բանից հետո, երբ հայտնել է, թե Մոսկվան պետք է հետ վերցնի Ղրիմը` ռուսներով բնակեցված թերակղզին, որը մինչ այժմ Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանն է և որը 1954 թվականին խորհրդային նախկին առաջնորդ Նիկիտա Խրուշչովը «նվիրել» էր Ուկրաինային:

Որոշ ռուս ազգայնականներ ավելի հեռուն են գնում և առաջարկում, որ ժամանակն է հետխորհրդային քարտեզը վերագծելու և միավորելու ռուսական այն փոքրամասնություններին ու ռուսամետ էթնիկ խմբերին, որոնք ԽՍՀՄ փլուզման հետևանքով օտար հողում իրենց լրիվ լքված են զգում:

«ՆԱՏՕ-ի ընդլայնումը վտանգում է մեր ազգային շահերը, բայց միևնույն ժամանակ Ռուսաստանը բավականին ուժեղացել է և ի զորու է վերանայելու ստատուս քվոն հետխորհրդային տարածությունում»,- նշել է Ալեքսանդր Դուգինը, որ ղեկավարում է «Միջազգային եվրասիական շարժում»-ը` ազգայնական մտավորականների, ձեռներեցների և քաղաքական գործիչների Մոսկվայում գործող մի խումբ: «Ռուսաստանը հասկանում է, որ մենք չենք կարող թույլ տալ, որ Ուկրաինան ՆԱՏՕ մտնի որպես ամբողջական պետություն: Մենք Ղրիմում և Արևելյան Ուկրաինայում ականատես կլինենք անջատողականության ալիքի: Ռուսաստանն այլևս թույլ չէ և Արևմուտքի ողորմածության ներքո չէ: Նա կայսերապետության վերստեղծման ուղու վրա է»:

Տարածքի հետագա վերաբաժանո՞ւմ
Պարոն Լուկյանովի կարծիքով` նման ծայրահեղ տեսակետները դժվար թե արձագանք գտնեն Կրեմլում, բայց ռուս առաջնորդները չեն բացառում նաև հետխորհրդային տարածքի վերաբաժանումը: «Ներկա ստատուս քվոն ռուսական վերնախավը չի դիտարկում որպես վերջնական,- նշում է նա: -Այս տարածաշրջանի բոլոր երկրները չափազանց անկայուն են և անկանխատեսելի ցնցումների ենթակա: Ոչ ոք այստեղ չի հավատում, որ հետխորհրդային տարածքում անցումային շրջանն իր վերջնական փուլին է հասել»:

Մոսկվայի նոր խոսելաոճը հաճելի է Աբխազիայի ապստամբ առաջնորդներին, և նրանք կարծում են, թե 15 տարվա մեկուսացումից հետո իրենց նկատմամբ այժմյան ուշադրությունը կարող է լիարժեք պետություն դառնալու հնարավորություն լինել:

«Մինչև հիմա համաշխարհային հանրությունը Խորհրդային Միության փլուզումը միայն մասնակի է ճանաչել: Իսկ ինչո՞ւ չեն կարող այդ պետություններում գերության մեջ ապրող ազգություններն ազատ լինել»,- հարցնում է Աբխազիայի պաշտպանության փոխնախարար Գարի Կուպալբան:

«Աշխարհը կարծում է, թե մենք գոյություն չունենք, բայց մենք գոյություն ունենք: Մենք մեր պետությունն ենք կառուցում իր բոլոր բնորոշիչներով` ներառյալ զինված ուժերը: Եվ Ռուսաստանն օգնում է մեզ»,- հայտարարում է նա:

Comments Off on Հետխորհրդային շրջանի «սառեցված հակամարտությունները» բորբոքվում են, երբ բախվում են գերտերությունների շահերը

Այս էջում չկա մեկնաբանություններ