May 06 2008

Մամուլն Արևելյան Եվրոպայում. խոսքի ազատության սահմանափակում

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Էկոնոմիստ» 24 ապրիլի, 2008թ. Բրատիսլավա, Բուխարեստ և Սոֆիա

Աղբյուրը` (The Economist) ամսագրի տպագիր համարից

Խիստ օրենքները և միջամտող քաղաքական գործիչները սահմանափակում են մամուլի ազատությունը:

Վերցրեք Սլովակիայի որևէ թերթ և այն ընթերցելն արագ, եթե ոչ ճնշող կլինի: Վերջին շաբաթների ընթացքում հիմնական օրաթերթերը լույս են տեսնում դատարկ, սև շրջանակի մեջ առնված առաջին էջերով` ի բողոք լրատվամիջոցների մասին նոր օրենքի, որը հոդվածում նշված ցանկացած անձի կտա հավասարապես հայտնի հերքման լայն իրավունքներ: Լրատվամիջոցների իրավապաշտպան միջազգային կազմակերպությունները սուր քննադատության են ենթարկել օրենքը: Նրանք անհանգստացած են ողջ Արևելյան Եվրոպայում լրատվամիջոցների ազատության անկմամբ:


Սլովակիայի նոր օրենքը ուժի մեջ կմտնի հունիսի մեկից: Եթե թերթի հոդվածում հիշատակվող անձը բողոքում է, խմբագիրը պատասխանատու կլինի նրա պատասխանը հրապարակելու համար, եթե չկարողանա համոզել դատարանին այլ վճիռ կայացնել: Հերքումը կարող է և չուղեկցվել խմբագրի լրացուցիչ մեկնաբանությամբ: Հերքում տպագրելուց հրաժարվելը կարող է մեծ տույժերի հանգեցնել: Պատասխանելու իրավունքի կանոններ հանդիպում են մի քանի եվրոպական երկրներում, սակայն Սլովակիայի օրենքը ամենամեծ պատիժներ նախատեսող և հավանաբար` կամայականն է:

Կառավարությունը` պոպուլիստական-ազգայնական կոալիցիան, պնդում է, որ օրենքը մամուլին ավելի պատասխանատու կդարձնի: «Այն չի վտանգում մամուլի ազատությունը: Այն սոսկ հանրության շահը բարձր է դասում հրապարակողների շահից», – ասում է Մարեկ Մադարիկը` մշակույթի նախարարը: Սլովակիայի մամուլը քննադատությունից զերծ չէ: «Բաց հասարակության ինստիտուտի»` Ջորջ Սորոսի կողմից ֆինանսավորվող խմբի, առաջիկա հաշվետվության մեջ խոսվում է «գրագողության, ճշտումներ կատարելուց հրաժարվելու և թաքնված շահերի բախման» մասին:

Սակայն իրոք անհանգստանալու տեղիք է տալիս այն, թե ինչպես Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն կարող է օգտագործել օրենքը: Նրա հարաբերությունները մամուլի հետ, որը նրա կառավարությանը հոգնեցրել է անգործության և ենթադրվող կոռուպցիայի պատճառով, սրված են: Նա հրաժարվում է հարցազրույցներ տալուց և երբեմն անգամ քննադատող լրագրողներից հարցեր ընդունելուց և որոշ օրաթերթերի «մարմնավաճառներ է» կոչել: Որոշ լրագրողներ հիշում են 1990-ականների խավար օրերը, երբ Վլադիմիր Մեցիարի ավտորիտար կառավարությունը (ով ներկայումս պրն. Ֆիկոյի կոալիցիայի կրտսեր գործընկերն է) վտանգել էր երկրի` Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելը: (Արդարացի լինելու համար նշենք, որ պրն. Ֆիկոյի նախորդը` Միկուլաս Դզուրինդան, ով արտասահմանում մեծ համբավ էր ձեռք բերել իր բարեփոխումների համար, բախվել էր մամուլի հետ և մի անգամ մեղադրվել ընդդիմադիր լրատվամիջոցների գաղտնալսման մեջ):

Սլովակիայի նոր օրենքը տարածաշրջանում ամենաուշագրավն է: Սակայն այլ երկրներում էլ մտահագող են մամուլի ազատության կամայական իրավական խոչընդոտները: Բուլղարիայում հասարակական գործիչների (լայն կատեգորիա է, որը կարող է ընդգրկել նաև հայտնի գործարարների) զրպարտումը հանցագործություն է, որը կարող է պատժվել տույժով: Անձի «պատվին և արժանապատվությանը» դիպչելու համար լրագրողների դեմ կարող է դատական գործ հարուցվել: 2006թ. դատարան է ներկայացվել 60 գործ, իսկ 2007թ.-ին` ևս 100-ը:
Ռումինիայի սահմանադրական դատարանն անցյալ տարի վերականգնեց զրպարտության մասին կոշտ օրենքը, որը «վիրավորանքը» համարում է անօրինական արարք, թեև մամուլի ազատության վրա ազդեցությունը խամրում է հիմնական լրատվամիջոցների քաղաքականապես ակտիվ երեք մագնատների սեփականությունը լինելու հանգամանքի, ինչպես նաև պետական հեռուստա-ռադիո հեռարձակմանը քաղաքական միջամտության ֆոնի հետևում: Բուխարեստում Ամերիկայի դեսպան Նիկոլաս Թաունմանը առաջարկել է, որ «Օրենսդիրները պետք է իրենց իսկ հաշվետվողականությունն ապրապնդեն, լրագրողական գործունեության ջանքերը քրեականացնելու կամ անկախ լրատվամիջոցներին այլ կերպ վեխեցնելու միջոցով ազատ մամուլի կողմից իր իրավական դերը կատարելուն խոչընդոտելու փոխարեն»:
Եվ այս բոլոր վատ լուրերն այն տարածաշրջանում, որը ժամանակին հպարտանում էր իր վերածնված ազատությամբ: Եվ վատ օրենքները սոսկ պատկերի մի մասն են: Ֆրիդըմ հաուսի (Freedom House)` նյու-յորքյան լոբբիստական խմբի, տարեկան հաշվետվության մեջ, որը հրապարակվելու է ապրիլի 29-ին, լրատվամիջոցների ազատության ցուցանիշում ամենամեծ համեմատական անկումն արձանագրվել է աշխարհի նախկին կոմունիստական երկրներում` հիմնականում պայմանավորված հանրային հեռուստա-ռադիո հեռարձակման քաղաքականացված լինելու ընկալումներով: Անկումն ավելի մեծ է քան Ասիայում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում:

Այսպիսով` Լատվիայի գնահատականը 19-ից իջել է 22-ի, այն բանից հետո, երբ կառավարությունն ըստ ամենայնի ճնշում գործադրեց հանրային հեռուսատեսության վրա` ռուսաստանյան հարցերն ավելի քաղաքավարի կերպով լուսաբանելու համար: Սլովակիան 20-ից 22-րդ տեղն իջավ, Սլովենիան` 21-ից 23-րդը, իսկ Լեհաստանը` 22-ից 24-րդը: Պրն. Սորոսի մամուլի դիտորդներն արձագանքում են Ֆրիդըմ հաուսի դատողությանը. «Քաղաքական գործիչների կարծիքով հանրային այս հեռուստա-ռադիո հեռարձակողները պետք է «իրենցը» լինեն», – ասում է Մարիուս Դրագոմիրը, ով հրապարակում է մի խումբ մանրամասն հաշվետվություններ տարածաշրջանում հանրային հեռարձակման ծառայության վերաբերյալ: ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները հաջողությամբ ավարտելուց հետո, քաղաքական գործիչներն այժմ զգում են, որ կարող են ավելի ազատորեն օգտագործել իշխանության պտուղները: Քաղաքականացված հանրային հեռուստա-ռադիո հեռարձակումը քվեարկողների վրա ներգործելու օգտակար միջոց է, հատկապես երբ կոմերցիոն հեռուստատեսությունը կառավարվում է բարեկամ մագնատների կողմից:

Նման միտումները մտահոգիչ են: Սակայն ամեն ինչ հարաբերական է: Վերջերս ռուսական մի թերթ` «Մոսկովսկի կորեսպոնդենտը», հրապարակեց շրջանառվող մի լուր Վլադիմիր Պուտինի և սիրունատես մարմնամարզուհի Ալինա Կաբաևայի միջև ենթադրյալ կապի մասին: Պրն. Պուտինի կողմից բուլվարային թերթի քննադատությունից հետո, որն ընդդիմադիր թերթի` «Նովայա գազետայի» քույր հրապարակումն է, այն անմիջապես փակվեց հրապարակողների կողմից: Նման դեպք հնարավոր չէ պատկերացնել կենտրոնական և արևելյան Եվրոպայի ԵՄ նոր անդամ պետություններում: Առնվազն` հիմա:

One response so far

1 մեկնաբանություն

  1. Դիտորդգրել է 08 Մայիս 2008թ.-ին, ժամը 06:27

    Փաստորեն, Արևելյան Եվրոպայի (արդեն իսկ ԵՄ անդամ) մի շարք երկրներում և նախկին ԽՍՀՄ հանրապետություններում դեռևս առկա են մամուլի ազատության սահմանափակման փաստեր և միտումներ: Ավելին, ինչպես հոդվածագիրն է նշում, ԵՄ անդամությունն արդեն ապահոված երկրների իշխանավորները երբեմն շահագործում են իրենց լրատվական լծակները: Այս իրողությունը գուցե և հիասթափեցնի Հայաստանում (նաև` Սփյուռքում) այն մարդկանց և ուժերին, որոնք ջանք չեն խնայում հավատացնելու հայ հասարակությանն ու միջազգային հանրությանը, որ եվրոպական ինտեգրման քաղաքականությունը որդեգրած Հայաստանն` այս տարածաշրջանում խոսքի ազատության խնդիրներ ունեցող «վերջին մոհիկանն է»: