Jul 21 2008

Էներգակիրները շահագործելու ջանքերը վտանգում են ՎՈՒԱՄ երկրների միասնությունը

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Ուորլդ Փոլիթիքս Ռիվյու», 10 հուլիսի 2008թ.
Աղբյուրը` (World Politics Review)
Ռիչարդ Վեյց (Richard Weitz)

Ռուսաստանի և եվրոպական երկրների միջև էներգետիկ հարցերի շուրջ տարաձայնությունները ՎՈՒԱՄ-ի պետությունների համար (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան և Մոլդովա) եվրոպական կառույցներում առավել կարևոր դեր ստանձնելու հնարավորություն են ստեղծել: Մինչ այժմ ՎՈՒԱՄ-ը առավել նշանակալի կառույցների` ՆԱՏՕ-ի, Եվրամիության և Անկախ Պետությունների Համագործակցության ստվերում էր:

Վերջերս բոլորի ուշադրությունը սևեռված է այն հարցին, թե ինչպես կարող է ՎՈՒԱՄ-ը օգնել ԵՄ անդամ երկրներին` իրականացնելու իրենց էներգետիկ աղբյուրների բազմազանեցման (դիվերսիֆիկացիա) ռազմավարությունը: ՎՈՒԱՄ-ի անդամ են և’ էներգիա արտադրող (Ադրբեջանը), և’ էներգակիրների տարանցիկ գոտի հանդիսացող (կրկին Ադրբեջանը, ինչպես նաև Վրաստանը և հավանական է` Ուկրաինան) երկրները: Դեպի Կասպից, Սև և Բալթիկ ծովերի ավազաններ ուղիղ ելք ունեցող ՎՈՒԱՄ անդամ երկրների առանցքային նշանակություն ունեցող աշխարհագրական դիրքը նպաստում է նրանց էներգետիկ ներուժի հզորացմանը:

Վերջին մի քանի ամիսներին ՎՈՒԱՄ երկրների կառավարությունները լրջորեն զբաղվում են Օդեսա-Բրոդի-Գդանսկ նավթամուղի կառուցման նախագծով, որը էներգակիրներով հարուստ կասպյան ավազանի երկրներից արդեն սևծովյան տարածաշրջան մտած նավթը կփոխադրի նախ Ուկրաինա, իսկ այնուհետև Եվրոպայի այլ շրջաններ: Այժմ Օդեսա-Բրոդի հատվածը հակառակ ուղղությամբ է գործում` հյուսիսից հարավ, նավթը Ռուսաստանից տեղափոխվում է Սև ծով` հեղուկանավեր: ՎՈՒԱՄ անդամ երկրներն ու նրանց եվրոպական ու ամերիկյան գործընկերները մտորում են այս հոսքը հակառակ ուղղությամբ փոխելու և նավթամուղը Բալթիկ ծովի լեհական Գդանսկ նավահանգիստ հասցնելու շուրջ:

Ադրբեջանի, Վրաստանի, Լիտվայի և Լեհաստանի կառավարությունները 2007թ. հոկտեմբերին Վիլնյուսում կայացած իրենց էներգետիկ գագաթաժողովի ժամանակ հանձնարարեցին ուսումնասիրել` իրագործելի է արդյոք այս նախագիծը: Նոր ուղին, որը կարող է գործել արդեն 2011 թվականին, եվրոպական երկրներին հնարավորություն կտա նավթ ստանալու այնպիսի խողովակաշարով, որը շրջանցում է Ռուսաստանի տարածքն ու Մոսկվայի վերահսկողությունը` նպաստելով Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը թուլացնելու ԵՄ ռազմավարության իրականացմանը:

2008թ. հունիսի 30-ից հուլիսի 1-ը Բաթումում (Վրաստան) կայացած ՎՈՒԱՄ գագաթաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին և Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն վերահաստատեցին իրենց ծրագրերն առ այն, որ ՎՈՒԱՄ-ը գլխավոր դերը ստանձնի Եվրասիայի էներգակիրների և դրանց փոխադրման գործում: Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկին և Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսը նույնպես ներկա էին գագաթաժողովին: Հինգ առաջնորդները ստորագրեցին «ՎՈՒԱՄ` Եվրոպայի արևելքը միավորողը» հռչակագիրը: Փաստաթղթում հատկապես կոչ էր արվում «մեծացնել և ամբողջությամբ օգտագործել անդամ-պետությունների տարանցային ներուժը» և ամրագրվում էր նախագահների վճռականությունը` նպաստելու միջազգային էներգետիկ անվտանգության կայացմանը` աջակցելով Եվրոպային իր էներգետիկ աղբյուրները բազմազանեցնելու հարցում:

«Մենք համատեղ իրականացրել ենք խոշոր էներգետիկ ծրագրեր, որոնք ամբողջովին փոխեցին քաղաքական իրավիճակը տարածաշրջանում,- լրագրողներին հայտնել է Ալիևը Բաթումի գագաթաժողովից հետո: -Այժմ մենք նոր նախագիծ ունենք` Օդեսա-Բրոդի-Գդանսկ ծրագիրը. Կասպից, Սև և Բալթիկ ծովերի ավազանները միավորվում են` ապահովելու էներգետիկ անվտանգությունը»:

Չնայած էներգետիկ ոլորտում ՎՈՒԱՄ-ի աճող ակտիվությանը՝ կառույցն ունի մի շարք թերություններ, որոնք շարունակում են սահմանափակել նրա ներուժը նշված և այլ ոլորտներում: Նախ, նրա անդամ բոլոր պետությունների կառավարություններն էլ պայքարում են առկա կամ պոտենցիալ անջատողական շարժումների դեմ, ինչը բարդացնում է եվրաատլանտյան կառույցներին մերձենալու նրանց ջանքերը: Երկրորդ, Ռուսաստանի պաշտոնյաներին խումբը դուր չի գալիս, մինչդեռ շատ արևմտաեվրոպական կառավարություններ ու ԵՄ կառույցները շարունակում են անտեսել դա: Երրորդ, ՎՈՒԱՄ երկրները կա՛մ մեծապես կախված են ռուսական էներգակիրների ներկրումից, կա՛մ, ինչպես Ադրբեջանի դեպքում, իրենց էներգիայի որոշ մասն արտահանելու համար ապավինում են Ռուսաստանի կողմից վերահսկվող խողովակաշարներին: Չորրորդ, ՎՈՒԱՄ անդամները խիստ խոցելի են Ռուսաստանի էներգամատակարարների և տարածաշրջանի անջատողականների հետ կապեր ունեցող քաղաքական-ռազմական խմբերի ճնշումներից: Եվ վերջապես, անդամ պետությունների` միմյանցից տարբերվող ներքին և արտաքին քաղաքականությունները հանգեցնում են այն բանին, որ նրանք տարբեր աստիճանի աջակցություն են ցուցաբերում ՎՈՒԱՄ-ին, և կազմակերպության ներսում տարբեր քաղաքականություններ են պաշտպանում:

Վերջինիս առումով, ՎՈՒԱՄ-ի ճակատագիրը մեծապես կախված է ժողովրդավարական շարժումների ապագայից, որոնք վերջերս կառույցի վերաակտիվացման հիմք հանդիսացան: 2005 թվականից հետո ՎՈՒԱՄ-ի աշխուժացման պատճառը Ուկրաինայում և Վրաստանում գունավոր հեղափոխություններն էին: ՎՈՒԱՄ-ի վերակենդանացման թիկունքում կանգնած շարժիչ ուժերն աներկբայորեն եղել են Վիկտոր Յուշչենկոն և Միխայիլ Սահակաշվիլին: Ուկրաինայի կառավարությունը ներկայումս ապահովում է կազմակերպության ֆինանսավորման մեծ մասը, իսկ նրա կենտրոնակայանը Կիևի խորհրդանշական Անկախության հրապարակում է: Թբիլիսին իր հերթին մեծ ջանքեր է ներդնում Վրաստանին և ՎՈՒԱՄ-ի անդամ մյուս երկրներին առնչվող սառեցված հակամարտություններն այս կառույցի շրջանակներում կարգավորելու հարցում:

ՎՈՒԱՄ-ի ապագան մեծապես կախված է նաև Մոլդովայի և Ադրբեջանի կարգավիճակից: Նրանց կառավարություններն ավելի քիչ են հակված դեպի արևմտամետ արտաքին քաղաքականությունը կամ ժողովրդավարական արժեքները, քան Վրաստանն ու Ուկրաինան: Ռուս պաշտոնյաները փորձում են օգտագործել այդ հակասությունները ԳՈՒԱՄ-ը թուլացնելու համար, հավանաբար նույնիսկ փորձելով համոզել Մոլդովային և Ադրբեջանին դուրս գալ կառույցից, ինչը կատարվեց Ուզբեկստանի հետ, երբ վերջինս 2002-2005թթ. ռուսամետ քաղաքականություն որդեգրեց:

Ներկայումս Մոլդովայի կառավարությունը կարծես ամենաթույլ օղակն է: Թեև Մոլդովայի իշխանությունները պարբերաբար օգտագործել են ՎՈՒԱՄ-ի հետ իրենց կապերը Մոսկվայի վրա ճնշում գործադրելու համար, Մոլդովան, այնուամենայնիվ, խուսափել է Կրեմլի հետ բացահայտ առճակատումից, քանի որ կախված է Ռուսաստանի էներգամատակարարումից և ցանկանում է հասնել անջատված Մերձդնեստրից ռուսական զորքերի հեռացմանը:

2007թ. հունիսին Բաքվում ՎՈՒԱՄ գագաթաժողովին մասնակցելու փոխարեն, Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինը մեկնեց Մոսկվա` Մերձդնեստրի հարցը Ռուսաստանի նախկին նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու համար: Վորոնինը չմասնակցեց նաև ՎՈՒԱՄ վերջին գագաթաժողովին` թողնելով, որ ներքին գործերի նախարար Վալենտին Մեժինսկին և փոխարտգործնախարար Վալերիու Օստալեպը ներկայացնեն Մոլդովան Բաթումում: Նրանք հետին պլան էին մղվել կազմակերպության անդամ չհանդիսացող Լիտվայի և Լեհաստանի կողմից, որոնց նախագահները մասնակցեցին գագաթաժողովին և ստորագրեցին հռչակագիրը` չնայած այդ երկրները կազմակերպության անդամի կարգավիճակ չունեն:

Մարտին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում Վորոնինը իր դժգոհությունն էր հայտնել, որ Կասպից, Բալթիկ և Սև ծովերի ավազաններում նոր էներգետիկ միջանցքների նկատմամբ ՎՈՒԱՄ-ի ուշադրությունից Մոլդովան քիչ շահ ունի, քանի որ նախագծվող խողովակաշարը չի անցնում Մոլդովայի տարածքով: Նա զգուշացրել է, որ Մոլդովան չի մնա խմբում, եթե երկրի համար «տնտեսական շահ չլինի»:

Բաթումի գագաթաժողովի վերջին օրը Մոլդովայի խորհրդարանի նախագահ Մարիան Լուպուն իր մտահոգությունն է հայտնել՝ ասելով, որ Մոլդովան գնահատում է ՎՈՒԱՄ-ի տնտեսական օգուտների հնարավորությունները, սակայն քաղաքական հարցերի վրա կենտրոնանալու` կազմակերպության նոր քաղաքականությունը նշանակում է, որ այս տնտեսական ծրագրերը «հետին պլան են մղվել»: Քանի դեռ Ռուսաստանը կարող է Մոլդովային հակահարված հասցնել և՛ էներգամատակարարման, և՛ Մերձդնեստրի հարցերում, Մոլդովան կմնա ՎՈՒԱՄ-ի վերջապահ անդամը:

Սակայն մոտ ժամանակներում ՎՈՒԱՄ-ի վրա հավանաբար ավելի շատ կազդի Ադրբեջանի քաղաքականությունը: Ինչպես Մոլդովայի դեպքում, Ադրբեջանի իշխանություններն էլ չեն ցանկանում լիովին նվիրվել եվրաատլանտյան ինտեգրացմանը: Բացի այդ, Արևմուտքի երկրների կառավարությունները և ժողովրդավարական արժեքները պաշտպանող խմբերը խիստ քննադատել են Իլհամ Ալիևի վարչակազմին` ազատ և ազնիվ ընտրություններ անցկացնելու (ինչպես պահանջում է ՎՈՒԱՄ կանոնադրությունը) անկարողության համար:

Ավելին, Ադրբեջանը մշտապես փորձել է հավասարակշռված քաղաքականություն վարել Ռուսաստանի և Արևմուտքի միջև: Օրինակ, ի տարբերություն Վրաստանի և Ուկրաինայի` Ադրբեջանի կառավարությունը պաշտոնապես չի ձգտում ՆԱՏՕ-ի անդամ դառնալ: Ադրբեջանցիները հույս ունեն նաև համոզել Մոսկվային ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի վերջինս դուրս բերի իր զորքերը ղարաբաղյան հակամարտության ընթացքում Ադրբեջանից բռնազավթած տարածքից:

ՎՈՒԱՄ-ի ապագան մեծապես կախված կլինի Ադրբեջանի էներգետիկ և տնտեսական պաշարների հասանելիությունից, ինչպես նաև երկրի կարևոր աշխարհագրական դիրքից` Եվրոպայի և Ասիայի խաչմերուկներում: Եթե նույնիսկ կազմակերպությունը շարունակի գոյատևել Մոլդովայի հեռանալուց հետո, Ադրբեջանի հեռացումով այն կրկին կհայտնվի անորոշության մեջ:

Ռիչարդ Վեյցը Հադսոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող է և «World Politics Review»-ի արտահաստիքային խմբագիր:

Comments Off on Էներգակիրները շահագործելու ջանքերը վտանգում են ՎՈՒԱՄ երկրների միասնությունը

Այս էջում չկա մեկնաբանություններ