Aug 07 2008

Եվրոպայի կովկասյան պահը

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Ուոլ Սթրիթ Ջորնլ», 5 օգոստոսի 2008թ.
Աղբյուրը` (Wall Street Journal)
Բորատ Գրգիչ եւ Ալեքսանդրոս Պետերսեն (Borut Grgic and Alexandros Petersen)

Եվրոպական Միությունն ավելի է մոտենում Եվրասիական աշխարհամասի անվտանգության հարցերին, մասնավորապես` Մոլդովայի, Վրաստանի եւ Ադրբեջանի «սառեցված հակամարտությունների» մասով: Եւ սա միայն կապված չէ դեպի Սեւ Ծով Եվրամիության ընդլայնման հետ: Եթե Եվրոպան ցանկանում է նվազեցնել իր կախվածությունը ռուսական էներգակիրներից, ապա կասպյան տարածաշրջանից նավթի եւ գազի այլընտրանքային մատակարարում ապահովելու կարիք կունենա: Սակայն ռազմավարական նշանակության այդ խողովակաշարերը ընդամենը կիլոմետրեր են հեռու այնպիսի թեժ կետերից, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղը, Մերձդնեստրը, Հարավային Օսիան եւ Աբխազիան:

Շաբաթվա վերջի օրերին վեց մարդ է զոհվել անջատական Հարավային Օսիայի աշխարհազորի եւ Վրաստանի ուժերի միջեւ փոխհրաձգության ժամանակ: Բռնության այս նոր ալիքն ավելի է վտանգում հարեւան Աբխազիայում խաղաղության պահպանմանն ուղղված ջանքերը: Տարիներ շարունակ խնդիրն անտեսելուց հետո, Եվրամիության «ծանր քաշային» երկրները վերջապես գործողություններ են ձեռնարկում այստեղ: Անցյալ ամիս, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Վալտեր Շտայնմայերը աբխազական հակամարտությունը կարգավորելու համար մշակել է երեք փուլից կազմված ռազմավարություն:

Վրաստանի հյուսիսարեւմուտքում գտնվող այս փորքիկ պետությունը ղեկավարում է առանձին էթնիկ փոքրամասնություն, որը Վրաստանից պահանջում է պաշտոնական անկախություն: Չունենալով միջազգային ճանաչում` աբխազները, ինչպես հարավային օսերը, փաստացի (de facto) անկախություն են ձեռք բերել Ռուսաստանի աջակցությամբ, Խորհրդային Միության փլուզման ընթացքում բռնկված քաոսային հակամարտության արդյունքում:

1992-1993թթ. պատերազմում անջատականները պարտության են մատնել վրացական բանակին եւ ստիպել մեծամասնություն կազմող էթնիկ վրացիներին հեռանալ: Անկլավի մեկուսացած տնտեսությունը գոյատեւում է ռուսական գործարար շահերի շնորհիվ` ռուս, այսպես կոչված, խաղաղապահների հովանու ներքո, որոնք այս տարածքը բաժանում են Վրաստանից:

Հետեւաբար, զարմանալի չէ, որ հակամարտությունը սրվում է Թբիլիսիի եւ Մոսկվայի միջեւ առճակատումների ժամանակ: Վերջերս նկարահանել էին մի ռուսական ինքնաթիռ վրացական անօդաչու հետախույզ ինքնաթիռի վրա կրակելիս: Մոսկվայի «խաղաղապահները» անջատական այս տարածքում հաճախ են անհանգստացնում էթնիկ վրացիներին. գումար են պահանջում նրանց պաշտպանելու դիմաց, կամ` անցյալ տարի ստիպել են քվեարկել անջատականների ընտրություններում: Նման սադրանքները Վրաստանին ՆԱՏՕ-ից հեռու պահելու ավելի մեծ ռազմավարական ծրագրի օրակարգին են ծառայում: Այս երկու անջատական շրջաններում չկարգավորված հակամարտությունները Վրաստանի` հյուսիսատլատյան դաշինքին միանալու հավակնությունների ճանապարհին ամենամեծ խոչընդոտներն են: Գլխավոր խաղաքարտը Մոսկվայի ձեռքում է:

Պարոն Շտայնմայերի ծրագիրը հավակնոտ է, բայց` իրատեսական: Այն բաղկացած է հետեւյալ փուլերից. փոխվստահության հաստատմանն ուղղված միջոռացումներ, այնուհետեւ` տեղահանվածների աստիճանական վերադարձ, որին կհաջորդի Եվրոպայի աջակցությամբ տնտեսության վերականգնումը: Աբխազիայի վերջնական կարգավիճակը կորոշվի վերջին փուլում: Ի բարեհաճություն Մոսկվայի` Շտայնմայերրի ծրագիրը չի պահանջում խաղաղապահ ուժի միջազգայնացում:

Ռուսաստանը հավանություն է տվել այս ծրագրին մասնավոր հանդիպումների ժամանակ, սակայն մերժել է այն, երբ Գերմանիայի արտգործնախարարը ծրագիրը ներկայացրել է հանրությանը: Ստատուս քվոյի պահպանումն, ըստ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի եւ նախագահի պաշտոնում նրան հաջորդած Դմիտրի Մեդվեդեւի, բխում է Մոսկվայի շահերից: Խոչընդոտելով ծրագրի իրականացմանը` Մոսկվան հույս ունի վերջ դնել իր ազդեցության գոտում գտնվող տարածքներին վերաբերող խնդիրներում Եվրոպայի միջամտությանը: Ռուսաստանը ցանկանում է խառնաշփոթ ստեղծել իր իրական մտադրությունների շուրջ` այդպիսով ձգձգելով հակամարտության կարգավորումը:

Թեեւ Գերմանիայի` խաղաղության հաստատման ծրագրի առաջին փորձը ձախողվեց, այս հանգամանքը ցույց է տալիս, որ Եվրամիության ազդեցիկ երկրներն առավել քան երբեւէ գիտակցում են, որ ժամանակն է ավելի լուրջ վերաբերվել միության նոր հարեւանների տարածքներում բորբոքված հակամարտությունների կարգավորման հարցին: Բեռլինի առաջնորդությունն այս հարցում հատկապես զգալի է, քանի որ Եվրամիության ազդեցիկ անդամներից Գերմանիան ամենամոտն է Ռուսաստանին: Եւ այդուհանդերձ, Բեռլինի խաղաղարար նախաձեռնությունը ցույց է տալիս, որ այս երկիրն իր բազմազանեցված ներդրումներն ու դիվանագիտական շահերը կասպյան տարածաշրջանում բավական կարեւոր է համարում Եվրոպայի հարաբերությունները Վրաստանի հետ ամրապնդելու համար (sic. Այսպես է տեքստում: «Արարատ» կենտրոնի խմբ.):

Այժմ ժամանակ չկա նախագծելու մեկ այլ` բարեփոխված ծրագիր, որն առավելագույնս հաշվի կառնի Աբխազիայի` սեփական ճակատագիրը կերտելու պահանջները եւ չի վտանգի Վրաստանի ինքնիշխանությունը, ժողովրդավարացման գործընթացն ու ինտեգրումն Արեւմուտքին: Որեւէ նոր նախաձեռնություն պետք է ներառի անջատական Աբխազիայի իշխանության պահանջները: Մեկուսացված եւ Մոսկվայի կողմից շարունակաբար ստվերում թողնված Սուխումի ղեկավարները, ինչպես վրացիներն, այլեւս ոգեւորված չեն Ռուսաստանի գերիշխանությամբ: Ճիշտ է, Վրաստանի դեմ պայքարում Աբխազիային անհրաժեշտ է Մոսկվայի աջակցությունը, սակայն աբխազներն անհանգստանում են, որ Վրաստանից անկախանալուն զուգընթաց ինտեգրվում են Ռուսաստանին: Այդ պատճառով, նրանք ոչ բացահայտ կերպով դիմել են Արեւմուտքի աջակցությանը:
Աբխազներն, ամենայն հավանականությամբ, կողջունեն Եվրամիության ներկայությունը` իր բարձրաստիճան ներկայացուցչով, նշանակալի անձնակազմով ու խաղաղապահ զորախմբով:

Հակամարտությունների կարգավորման ուղիներ փնտրելով` Եվրոպան նպաստում է իր հարեւանությամբ գտնվող երկրների կայունությանն ու բարգավաճմանը: Տարածաշրջանում լարվածության թուլացումից շահում է նաեւ Ռուսաստանը: Աբխազիայում ուժային գործողությունները կապված են Ռուսաստանի հյուսիսկովկասյան երկրներում` Չեչնիայում, Դաղստանում եւ Ինգուշեթիայում կատարվող խռովությունների հետ: Եթե Ռուսաստանն ամբողջությամբ ներգրավվի աբխազական հակամարտությունում, Հյուսիսային Կովկասի ուժային անջատականները կակտիվացնեն իրենց ապստամբությունները:

Հետեւաբար, խաղաղության ձեռքբերումն այնքան էլ անհասանելի նպատակ չէ: Աբխազիայի հակամարտության կարգավորման բանալին Ռուսաստանին համոզելն է այն հարցում, որ իր հարավային սահմանում կայունությունն ավելի կարեւոր է, քան Վրաստանի, եւ, հնարավոր է նաեւ Աբխազիայի` Արեւմուտքին ինտեգրման հարցում ուժային վետոն:

Պրն Գրգիչը Բրյուսելի Ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենն է, պրն Պետերսոնը` կենտրոնի քաղաքական խորհրդական:

Comments Off on Եվրոպայի կովկասյան պահը

Այս էջում չկա մեկնաբանություններ