Sep 09 2008

Ռուսաստանի զինուժը հզորանում է, բայց դեռևս հեռու է սառը պատերազմի ժամանակվա իր գագաթնակետից

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«ՄքՔլաթչի նյուսփեյփերզ», 12 օգոստոսի 2008թ.
Աղբյուրը՝ (McClatchy Newspapers)
Դեյվ Մոնթգոմերի (Dave Montgomery)

ՎԱՇԻՆԳՏՈՆ. Այն ժամանակից ի վեր, երբ մոտ երեք տասնամյակ առաջ խորհրդային զորքերը ներխուժեցին Աֆղանստան, Ռուսաստանի` իր սահմաններից դուրս վարած առաջին պատերազմը գալիս է ցուցադրելու իրեն վերագտնող մի բանակ, որը ձգտում է հաղթահարել Խորհրդային Միության փլուզմանը հետևած երկարուձիգ տարիների անկումը:

Ռուսաստանի նավթային հարստությունը և Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինի` իր երկիրը համաշխարհային առաջատար տերությունների շարքը վերադարձնելու հավակնությունը մեծ թափ հաղորդեցին այդ գործընթացին: Սակայն վերլուծաբանները շտապեցին նշել, որ հարևան Վրաստան ներխուժելը մեծ ուժեր չէր պահանջում Ռուսաստանից, և որ վերջինս դեռ երկար ճանապարհ ունի անցնելու` համաշխարհային չափանիշներով առաջնակարգ զինված ուժեր ունենալու համար:

«Անկասկած, նրանք առայժմ ետ են մնում,- ասում է ԱՄՆ բանակի Պատերազմի քոլեջի Ռազմավարական ուսումնասիրությունների ինստիտուտի (Քարլայլ, Պենսիլվանիա) դասախոս Սթիվեն Բլանկը: – Նրանք ընդամենն ի վիճակի եղան ճնշել սովորական սպառազինություն ունեցող մի փոքր երկրի, ինչպիսին Վրաստանն է»:

Այդուհանդերձ, Վրաստանի տարածք ռուսական բանակի և տանկերի ներխուժումը պատկերող հեռուստատեսային կադրերն արթնացրին Խորհրդային Միության բանակի հզորության և սառը պատերազմի օրոք Հունգարիա և Չեխոսլովակիա ներխուժելու մասին հիշողություններ: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի օրը հրաման է արձակել դադարեցնել հնգօրյա հակամարտությունը, սակայն Վրաստանի ղեկավարները պնդում են, որ Ռուսաստանի գրոհները շարունակվում են:

Թեև Ռուսաստանի՝ պաշտպանությանն ուղղված ծախսերը Միացյալ Նահանգների նույն ծախսերի աննշան մասն են կազմում (մոտավոր հաշվարկներով` 30 միլիարդ դոլար` ավելի քան 500 միլիարդ դոլարի համեմատ), միջուկային զենք ունեցող նրա բանակի վիճակը զգալիորեն բարելավվել է 1990-ականների համեմատությամբ, երբ զինվորները կարտոֆիլի դաշտեր էին թալանում՝ սնունդ հայթայթելու նպատակով, իսկ սպաները հաճախ ստիպված էին երկրորդ աշխատանք փնտրել՝ իրենց ընտանիքների կարիքները հոգալու համար:

«Ռուսական բանակը վաղ 1990-ականներին ազատ անկման վիճակում էր»,- վերհիշում է 1998-2000թթ. Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Սթիվեն Փայֆերը, որն այժմ Վաշինգտոնի «Բրուքինգզ ինստիտուտ»-ում (ձախ կենտրոնամետ hետազոտական կենտրոն) hրավիրված գիտնական է:

«GlobalSecurity.org» ռազմական հետազոտությունների համացանցային կայքի տվյալների համաձայն` 1991 թվականին, Խորհրդային Միության փլուզումից հետո, Ռուսաստանի ռազմական ծախսերը կազմեցին փլուզմանը նախորդող տասնամյակի ընթացքում Խորհրդային Միության ռազմական ծախսերի մեկ տասներորդ մասը: Սպառազինության վրա ծախսերը նվազեցին 75 տոկոսով:

Անցյալում ՊԱԿ-ի գաղտնի գործակալ Պուտինը 2000 թվականին նախագահ ընտրվելուց հետո բռնեց բանակը հզորացնելու ուղին, ինչը հնարավոր էր նավթարդյունահանման արդյունքում Ռուսաստանի տնտեսության` տարեկան միջինը 26 տոկոս աճի շնորհիվ: Երկու ժամկետ նախագահելուց հետո, Պուտինն այժմ զբաղեցնում է վարչապետի պաշտոնը և շարունակում է մնալ Ռուսաստանի ռազմական քաղաքականության շարժող ուժը:

Պաշտպանության նախարարությունն անցյալ տարի մեկնարկել է 189 մլրդ արժողությամբ ութամյա ծրագիր, որով նախատեսվում է պատրաստել նոր սերնդի միջմայրցամաքային հրթիռներ, միջուկային սուզանավեր, ավիակիրներ և ռադարներ, ինչպես նաև իրականացնել այլ կարգի վերազինում: Ռուսաստանը բարելավում է նաև զինվորների վերապատրաստման, վարձատրության, պետական արտոնությունների և նրանց նկատմամբ վերաբերմունքի հարցերը. հայտնի տխուր փաստ է, որ զինվորներից շատերն իրենց վերադասների կողմից ենթարկվում են բռնությունների և հետապնդումների:

Հազարավոր ռուս զինվորներ մարտական փորձ են ձեռք բերել անջատական Չեչնիայում տեղի ունեցած երկու պատերազմների ընթացքում: Բացի այդ, Վրաստանի վրա գրոհներ կազմակերպած Ռուսաստանի զինուժի ղեկավարներն, ըստ ամենայնի, ուսումնասիրել են ՆԱՏՕ-ի օդային արշավները Կոսովոյում և «Իրաքի ազատագրում» ռազմական գործողությունը, ասել է «Ջեյնս դիֆենս» շաբաթաթերթի («Jane’s Defense Weekly») ցամաքային պատերազմների հարցերով մասնագետ Նաթան Հոդջը ռուս-վրացական հակամարտությանը վերաբերող երեքշաբթի օրվա իր վերլուծականում:

«Ռուսաստանի ներխուժումը Վրաստանի տարածք և վրացական ռազմական թիրախների վրա իրականացրած օդային արշավները ցույց են տալիս, որ ռուսական բանակը վստահ է իր ուժերի վրա»,- ասել է Հոդջը: «Ակնհայտ է, որ Ռուսաստանի զինված ուժերն ունակ են ծավալելու համալիր, բարդ և համակցված մարտական գործողություններ»: Համակցված մարտական գործողություններին մասնակցում են ցամաքային զորքերը, օդային և զրահատանկային ուժերը, հրետանին և այլ միջոցներ՝ լուծելու մեկ ընդհանուր խնդիր:

Ռուսաստանի հարվածները երբեմնի Խորհրդային Միության մաս կազմող Վրաստանի վրա նպատակ ունեին հետադարձ ընթացք տալ վերջինիս` իր բանակն արդիականացնելու և վերազինելու ջանքերին, ասել է Հոդջը: 1 մլրդ դոլարի հասնող Վրաստանի ռազմական բյուջեն շատ ավելի փոքր է քան Ռուսաստանի բյուջեն: Այդուհադերձ, այդ փոքր երկիրն ստեղծել է փոքր, լավ զինված, ժամանակակից սարքավորումներով հագեցած բանակ, ասել է Հոդջը:

Պաշտոնաթող գնդապետ Քրիստոֆեր Լանգթոնը, որը Լոնդոնի Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի վերլուծաբան է, ռուսների հարձակումը որակել է «սովետական ոճով դասական ներխուժում»՝ տանկերի, հրետանու, հետևակի զրահապատ փոխադրամիջոցների և օդային գրոհների միջոցով: Որպես 21-րդ դարի ռազմական մարտավարության ցուցադրում` գործի էր դրվել նաև կիբեր-պատերազմը (cyber-warfare), ինչի արդյունքում շարքից հանվեց Վրաստանի կառավարության համակարգչային ցանցը:

Այլ վերլուծաբանների կարծիքով` Ռուսաստանի գերակշռությունն իր ավելի փոքր հակառակորդի նկատմամբ չի կարելի համարել Մոսկվայի ռազմական ուժի ճշգրիտ ցուցիչ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ռուսական զորքերի համար համեմատաբար հեշտ էր կտրել-անցնել սահմանն իրենց սեփական տարածքից, և որ չկար թիկունքից մատակարարման երկար շղթա ապահովելու անհրաժեշտություն:

Ըստ Բլանկի` «եթե խոսելու լինենք Եվրոպայում լայնածավալ պատերազմական թատերաբեմի մասին, ապա պատկերը միանգամայն այլ կլինի»:

Պաշտպանական տեղեկատվության կենտրոնի (ԱՄՆ) (Center for Defense Information) տվյալների համաձայն` ռազմական ծախսերի ծավալների առումով Ռուսաստանն իններորդ երկիրն է. ունի մեկ միլիոնի հասնող մշտական բանակ` ԱՄՆ-ի 1,4 միլիոնի դիմաց: Միացյալ Նահանգները, Չինաստանը և Միացյալ Թագավորությունը զբաղեցնում են, համապատսխանաբար, առաջին, երկրորդ և երրորդ տեղերը:

Վտանգավոր տարբերակիչ գործոն է այն (հատկապես եթե նկատի ունենանք Կրեմլի հարաճուն ռազմատենչ hայտարարությունները Վաշինգտոնի և Արևմուտքի այլ պետությունների հասցեին), որ Ռուսաստանն իր հզորությամբ երկրորդ միջուկային գերտերությունն է` Միացյալ Նահանգներից հետո:

Թեև երկու երկրները 2002 թվականին կնքված սպառազինությունների մասին համաձայնագրով ստանձնել են միջուկային պաշարները կրճատելու պարտավորություն, ըստ Պաշտպանական տեղեկատվության կենտրոնի տվյալների՝ Ռուսաստանն առ այսօր ունի մոտ 7200 միջուկային մարտագլխիկ ` Միացյալ Նահանգների 5730-ի դիմաց:

«Ռազմական հակամարտությունը Ռուսաստանի հետ կտարբերվի ցանկացած այլ երկրի հետ հակամարտությունից, քանի որ Ռուսաստանը դեռևս ունի գերտերությանը համապատասխան միջուկային զինանոց»,- ասում է ռազմական հարցերով վերլուծաբան Լորեն Թոմփսոնը, ռազմական քաղաքականության հարցերով զբաղվող «Լեքսինգտոն ինստիտուտ»-ի (Արլինգտոն, Վերջինիա) ղեկավարներից մեկը:

Ռուսաստանը հպարտանում է նաև աշխարհում ուժեղագույններից մեկը ճանաչված իր ռազմաօդային ուժերով, որոնք համալրված են այնպիսի բազմանպատակ ռազմական ինքնաթիռներով, ինչպիսիք են Միգ-29-ը և Սու-27-ը: Նա ինտենսիվ քայլեր է անում ստեղծելու անօդաչու ինքնաթիռներ` ինչպիսիք Միացյալ Նահանգներն օգտագործում է Իրաքում և Աֆղանստանում:

Comments Off on Ռուսաստանի զինուժը հզորանում է, բայց դեռևս հեռու է սառը պատերազմի ժամանակվա իր գագաթնակետից

Այս էջում չկա մեկնաբանություններ