Oct 03 2008

Վրաստանը ճակատամարտում պարտվեց Ռուսաստանին, բայց կարողացավ հաղթել քարոզչական պատերազմում

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Թայմզ», 13 օգոստոսի 2008թ.
Աղբյուրը` (The Times)
Թոնի Հելփին և Ռոջեր Բոյիս (Tony Halpin and Roger Boyes)

Երեկ, երբ Գորիի միջազգային լրատվական կենտրոնի մոտ տեղադրված ռումբի պայթյունից սպանվեց փորձառու հոլանդացի օպերատորը, կարելի էր ենթադրել, որ դա Ռուսաստանի վճռական պատասխանն էր Վրաստանին` քարոզչական պատերազմում կրած պարտության համար:

39-ամյա Ստան Ստորիմանսը RTL Nieuws հեռուստաալիքի համար հակամարտություններ է լուսաբանել աշխաարհով մեկ. նա մահացավ, երբ բեկորները դուրս տարածվեցին շենքից, որտեղից օտարերկրյա լրագրողները լուսաբանում էին Հարավային Օսիայի պատերազմը: Պրն Ստորիմանսը, որն իր հետևում թողեց կին և երկու երեխա, հնգօրյա պատերազմի ընթացքում զոհված երրորդ լրագրողն էր, իսկ նրա գործընկեր Ջերոեն Ակերմանսը` հինգերորդ վիրավորը:
Փոքրիկ Վրաստանը հասարակական կարծիքի ձևավորման համար պայքարում շատ ավելի ճարպիկ գտնվեց, քան նրա հակառակորդ Ռուսաստանը: Ստեղծեց լրատվական կենտրոն, որպեսզի հնարավոր դարձնի արագ և պարբերաբար ռեպորտաժները ռազմական գործողությունների առաջին գծին մոտ վայրերից, մինչդեռ ռուսական բանակը խստորեն վերահսկում էր մուտքը Հարավային Օսիա` դժվարացնելով բանակի գործողությունների լուսաբանումը: Եվ իրոք, եթե վրացական բանակը գործեր նույնքան ագրեսիվ, որքան Վրաստանի տեղեկատվական (PR) արշավը, ապա հնարավոր է` Հարավային Օսիայի համար մղվող պատերազմը միանգամայն այլ ելք ունենար:
Նախագահ Սահակաշվիլին, որն իշխանության եկավ «վարդերի հեղափոխության» արդյունքում, չէր քաշվում աշխարհին սպառնացող վտանգի մասին խիստ հայտարարություններ անելուց: Խորհրդային Միության` Հունգարիա (1956թ.) և Աֆղանստան (1979թ.) ներխուժելու հետ ազատ համեմատություններն արվում էին աջակցություն ստանալու նպատակով` այն հույսով, որ հնարավոր կլինի ԱՄՆ-ում և Եվրոպայում գրգռել հասարակական կարծիքը, որն իր առաջնորդներից կպահանջեր կոնկրետ գործողություններ ձեռնարկել:
Պրն Սահակաշվիլին ելույթ էր ունենում Վրաստանի և Եվրամիության դրոշների ֆոնի ներքո, թեև նրա երկիրը Եվրամիության անդամ չէ: Նպատակը հասկանալի է. Վրաստանը ցանկանում է դաշնակցել Արևմուտքի հետ` ընդդեմ իր նախկին Խորհրդային տիրոջ:
Երբ Թբիլիսին արդեն լեցուն էր օտարերկրյա լրագրողներով, մի խումբ բելգիացի PR խորհրդատուներ սկսեցին խորամանկ մի ակցիա. էլեկտրոնային նամակներով լրագրողներին լուրեր էին ուղղարկում Ռուսաստանի այսպես կոչված` ագրեսիվ գործողությունների և Վրաստանի կառավարության պատասխան գործողությունների մասին: Օրինակ` կիրակի օրը տարածեցին 20-ից ավել էլեկտրոնային հաղորդագրություններ, որպեսզի շրջանառության մեջ դնեն վրացական տեսակետը, թե Ռուսաստանը ներխուժել է Վրաստան:
Այդ հաղորդագրությունների մի մասը բացահայտ չափազանցություն էին. օրինակ` այն, որ ռուսական ինքնաթիռներն «ակտիվորեն ռմբակոծում են Թբիլիսին» կամ, որ ռուս զինվորները գրավել են Գորին: Սակայն շուրջօրյա լուսաբանման մշակույթի արդյունքը եղավ այն, որ շատ կազմակերպություններ, առանց անկախ հետաքննության, կրկնում էին դրանք:
Ռուս պաշտոնյաները ստիպված էին պաշտպանվել և ինքնավստահ չէին երևում: Սակայն նրանց հաղթաթուղթը Վլադիմիր Պուտինն էր. նա վճռական էր տրամադրված` ցույց տալու, որ գործերը խոսքերից բարձր են հնչում: Անդրդվելի դեմքով, ոչ պաշտոնական հագնված, Պուտինը հանդես եկավ որպես գործի մարդ և կարողացավ վճռականությունը վերածել հաղթանակի:
Պետության կողմից վերահսկվող ռուսական հեռուստաալիքներն ակտիվորեն լուսաբանում էին Վրաստանի գործողություններից տուժած Հարավային Օսիայի բնակչության վիշտը` թաքցնելով կամ արդարացնելով Ռուսաստանի գործողությունները: Նրանց նպատակն էր` երկրի բնակչության մեջ պահպանել Կրեմլի նկատմամբ վստահությունը և նրանց քիչ էր անհանգստացնում միջազգային կարծիքը: Հեռուստատեսությամբ ցուցադրեցին մի կնոջ, որը պնդում էր, թե վրացի զինվորներն այրել են մարդկանցով լի շենքը: «Անասունների նման մարդկանց քշեցին-լցրեցին տան մեջ, փակեցին այն ու այրեցին,- պատմում էր այդ կինը: -Մի ուրիշ տեղ էլ տեսանք, թե ինչպես տանկն անցավ մի ծեր կնոջ վրայով, որ փախնում էր երկու երեխայի հետ»:
Ռազմական գործողությունների ավարտին Սահակաշվիլին հայտնվում էր հեռուստաէկրաններին` շրջապատված իր կողմնակիցների հսկայական բանակով` անթիվ ազգային դրոշների ներքո: Դա մի փորձ էր տեսախցիկի առջև ցուցադրելու Վրաստանի անհնազանդությունն ու միասնականությունը, թեև Հարավային Օսիայի ու Աբխազիայի իրադարձությունները Վրաստանի համար աղետալի հետևանքներ ունեցան: Իսկ Պրն Պուտինին ցուցադրական աջակցություն պետք չէր. ռուսական բանակն իր խոսքն արդեն ուղիղ կերպով ասել էր Վրաստանին:
Հաղթողներ և պարտվողներ
Հաղթողներ
-Վլադիմիր Պուտին. նա աշխարհին հասկացրեց, որ Վրաստանն էր ագրեսորը, և որ իր զինվորները միջամտեցին` դադարեցնելու «ցեղասպանությունը»:
-Դմիտրի Մեդվեդև. նա պատերազմի ավարտի մասին հայտարարեց Սարկոզիի` Ռուսաստան գալու պահին` կատարելով հաջող դիվանագիտական քայլ:
-Ռուսաստանի զինված ուժեր. ռուս-վրացական մրցակցության արդյունքն էր 10-0` հոգուտ Ռուսաստանի:
Պարտվողներ
-Միախայել Սահակաշվիլի. նկարները, որտեղ Վրաստանի նախագահը կծկվում է ռուսական ուղղաթիռի հայտնվելուց, ասացին ամեն ինչ:
-Վրաց ժողովուրդը. իր կառավարության ձախողված արկածախնդրության պատճառով հազարավոր մարդիկ զրկվեցին կյանքից կամ կորցրեցին իրենց տները:
-Անդամակցումը ՆԱՏՕ-ին. Գլխավոր քարտուղար Յաափ դե Հոփ Սխեֆֆերը հայտարարեց, որ պատերազմը չի նշանակում, թե Վրաստանը զոհաբերեց դաշինքին միանալու իր հնարավորությունը, սակայն, իհարկե, այն նաև չմեծացրեց Վրաստանի անդամակցության հրարավորությունները:
-Արևմուտքի առաջնորդներ. չնայած նրանց որոշ դիվանագիտական ջանքերին և արտահայտած վրդովմունքին` Ռուսաստանը նրանցից ավելի ճարպիկ գտնվեց. նրանք չկարողացան ակնարկել անգամ ռազմական գործողություններում ՆԱՏՕ-ի ապագա անդամին աջակցելու մասին:

Comments Off on Վրաստանը ճակատամարտում պարտվեց Ռուսաստանին, բայց կարողացավ հաղթել քարոզչական պատերազմում

Այս էջում չկա մեկնաբանություններ