Nov 04 2008

Իսրայելը «պատերազմում է» Վրաստանում

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Ալ-Սաֆիր» օրաթերթ (Բեյրութ)
11 օգոստոսի, 2008թ.
Հիլմի Մուսա

Թեև Ռուսաստանի ու Վրաստանի միջև պատերազմն ընթանում է Եվրոպայի ու Ասիայի սահմանագծին, սակայն Իսրայելը նրանում հզոր ներկայություն ունի: Թել Ավիվի և Վրաստանի միջև ապահովական գործակցությունը վերջին յոթ տարիներին ավելացավ և ապահովական փորձառությունների վաճառքից ու մարզումից անցավ զենքերի և ռազմատեխնիկական համակարգերի գործարքների: Իսրայելը Վրաստանի մեջ «ապահովական հարստացման գանձարան» գտավ, իսկ Վրաստանը Իսրայելի մեջ՝ հզոր օգնական, մանավանդ որ Վրաստանի պաշտպանության նախարարը նաև իսրայելական քաղաքացիություն ունի:

Այսպիսի պաշտպանության նախարարով և պաշտպանության հսկայական բյուջեներով, շատ իսրայելացիներ դատարկությունը լցնելու և պատեհ առիթից օգտվելու մղվեցին: Վրաստանում իսրայելական փորձառություններն ու զենքերը հարյուրավոր միլիոն դոլար են գնահատվում, որի մեջ իսրայելացի նախկին նախարարներ և գեներալներ են ընդգրկված: Իսրայելը Վրաստանին վաճառել է անօդաչու ինքնաթիռներ, ռազմական տեխնոլոգիաներ, գիշերային տեսողության սարքեր և զիանմթերք:

Բացի սրանից, Իսրայելը վրացական բանակի տրամադրության տակ գտնվող «Սուխոյ – 25» ինքնաթիռներն արդիականացրեց: Սրանից ոչ պակաս կարևոր է այն, որ Իսրայելը մարզեց վրացական բանակի մի քանի գնդեր՝ մասնավորաբար հետևակային զորքերից և մի քանի ընտիր զորամիավորումներ ստեղծեց:

Ռուսական ճնշման տակ Իսրայելը հրաժարվեց Վրաստանին շուրջ 200 «Մերկավա» մակնիշի տանկ մատակարարել, որի շուրջ պայմանագիր էր կնքվել: Ռուսական բողոքները նույնպես ստիպեցին Իսրայելին դադարեցնել Վրաստանին անօդաչու ինքնաթիռների մատակարարումը շարունակելը:

Ամեն անգամ, որ լարվածությունը սաստկանում է Ռուսաստանի և Վրաստանի միջև, Իսրայելում, մասնավորաբար արտգործնախարարությունում ձայներ են բարձրանում, որոնք պաշտպանության նախարարությանը կոչ են անում ավելի մեծ զգուշությամբ մոտենալ Վրաստանի հետ գործարքների վավերացմանը` Ռուսաստանին չբարկացնելու համար: Իսրայելացի մի ապահովական աղբյուր «Եդիոթ ահարոնոթին» հայտարարել է, թե «պարզ է, որ վրացական բանակի ձեռքում իսրայելական համակարգերի չափից ավելի առկայությունը Ռուսաստանի համար լինելու է կատաղած ցուլի առաջ կարմիր լաթի նման մի բան»:

Սա իսկապես տեղի ունեցավ «տան» արտադրությունն եղող անօդաչու ինքնաթիռների գործածումով, ինչը ռուսներն իսկական գրգռություն համարեցին: Վերջին երեք ամիսներին անօդաչու երեք ինքնաթիռներ վար առնելը այս կատաղության արտահայտությունն էր: Իսրայելում բոլորը չհասկացան, թե Իսրայելն ինչ զգայուն ներվերի կպավ երբ Ռուսաստանի հետ շատ լարված հարաբերություններից տառապող մի պետությանը գերզարգացած զենքերով օժտեց:

Ի վերջո մայիսին որոշվեց վավերացնել Վրաստանի հետ հետագա գործարքներից միայն ոչ հարձակողական զենքերի համակարգերի վաճառքը ինչպես հետախուզության, կապի և համակարգիչների համակարգերը և չվավերացնել հրացանների, ինքնաթիռների, հրթիռների և նմանների վաճառքի գործարքները:

«Եդիոթ ահարոնոթը» նշեց, որ Վրաստանին իսրայելական զենքի վաճառքն սկսել է մոտ յոթ տարի առաջ` Իսրայել գաղթած և գործարար դարձած վրացի քաղաքացիների նախաձեռնությամբ: Զենքի արտահանման բնագավառում մի աղբյուր պատմում է, թե «սրանք շրջել են ապահովական արդյունաբերության ձեռնարկություններում և զենքի գործակալների մոտ ու պատմել, թե «Վրաստանը համեմատաբար մեծ բյուջեներ ունի և թե նրան կարելի է իսրայելական զենքեր վաճառել»:

Երկու երկրների միջև ռազմական գործակցությունը շուտով զարգացավ: Այլ գործոնների շարքում դրան նպաստեց այն իրողությունը, որ Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Կրծաշվիլին նախկին իսրայելացի է և սահուն եբրայերեն է խոսում: Աղբյուրը հայտնում է, թե «նրա դուռը միշտ բաց է եղել իսրայելական արտադրության ռազմական համակարգեր առաջարկելու եկած իսրայելացիների առաջ: Համեմատած Արևելյան Եվրոպայի մյուս երկրներին, գործարքներն այս երկրում շատ արագ ընթացան՝ մասնավորաբար պաշտպանության նախարարի անձնական դերակատարության պատճառով»:

«Իսրայելն այսօր» օրաթերթի ռազմական մեկնաբան Յոավ Լիմուրը Իսրայելից պահանջեց այս «պայթած հակամարտության» ծուղակն ընկնելուց և հսկայական գին վճարելուց զգուշանալ: Նա շեշտեց, թե անհրաժեշտությունն այս օրերին պահանջում է, որ Իսրայելը մեջտեղում չերևա մինչև հակամարտության վերջը և այնտեղ գտնվող իր խորհրդականներից պահանջի անմիջապես հեռանալ: Նա նշեց, թե հարկավոր է, որ Իսրայելը դասեր քաղի այնտեղ ընթացող պատերազմից, «որովհետև դա է այստեղ գործածելի զենքերի իսկական փորձադաշտը»: Նա նկատել տվեց, թե Իսրայելի հպարտությունն եղող «Հերմես» անօդաչու հինգ ինքնաթիռներից երեքն ընկան ռուսական հակաօդային պաշտպանության հրթիռներով:

Իսրայելացիներ Վրաստանում

Գեներալ Իսրայել Զեես. – Պարաշյուտիստների գնդի հրամանատար, «Գազա» գնդի հրամանատար, գլխավոր շտաբի օպերատիվ բաժանմունքի պետ, ներկայումս աշխատում է Վրաստանում իբրև ապահովական խորհրդատվության մի ընկերության պատասխանատու: Աշխատել է Լատինական Ամերիկա զենքի արտածման և Վրաստանին ռազմական փորձառության արտածման բնագավառներում:

Ռոնի Միլո.- Քնեսեթի անդամ և նախկին նախարար Լիկուդից: Աշխատել է ընկերովի իր օդաչու եղբոր հետ: Ռազմական արդյունաբերության և վրացական բանակի միջև միջնորդական մի ընկերություն են հիմնել: Ձգտել է «Մերկավա» մակնիշի 200 տանկ վաճառել Վրաստանին, սակայն Իսրայելի կառավարությունը գործարքն ի վերջո մերժեց:
Գեներալ Գալ Հիրշ.- «Գալիլիա» կորպուսի հրամանատարը, որն ստիպված եղավ հրաժարական տալու լիբանանյան երկրորդ պատերազմում իր ձախողումների պատճառով: Ապահովական խորհրդատվության մի ընկերություն է հիմնել Վրաստանում: Ջանացել է իսրայելական «Սեերտ Մետկալի» նման ընտրանի զորամիավորումներ ստեղծել վրացական բանակում: Կան ասողներ, թե Հերշը նաև մի սրճարան է հիմնել Վրաստանի մայրաքաղաքում:

Իսրայելացիներ նաև Վրաստանի կառավարության մեջ

Պաշտպանության նախարար Դավիթ Կրծաշվիլի.- Ծնվել է Վրաստանում, երեխա ժամանակ գաղթել է Իսրայել, ապրել Հոլոնում և սովորել տեղի միջնակարգ վարժարանում: Սակայն վերադարձել է, վրացացել և մնացել իր ծնողների մոտ այնտեղ մինչև սրանից չորս տարի առաջ: Կրծաշվիլին ուսանել է Թբիլիսիի համալսարանում և օգնական աշխատել Միխայիլ Սահակաշվիլուն, որը հանրապետության նախագահ 1 դարձավ, և հանրապետության նախագահությանը տիրանալուց հետո ճանապարհ հարթեց իր ընկերոջ պաշտպանության նախարար դառնալու համար: Ըստ իր հոր` «Եդիոթ ահարոնոթ» օրաթերթին հայտնածի` Կրծաշվիլին «իր սրտում Իսրայելի համար մի տաք անկյուն ունի»: Իսրայելացի զենքի վաճառականները հայտնում են, որ «նրա դուռը միշտ բաց է» իրենց առջև:

Հարավային մարզերի նախարար Թեմուր Յաղուբաշվիլի.- Եբրայերեն խոսող մի հրեա է: Վերջին օրերին հպարտանում էր, թե վրացական բանակը կարող է Ռուսաստանին պարտության մատնել պարզապես այն իրողությամբ, որ նրա զինվորներին Իսրայելն է մարզել: Նա հայտարարեց, որ հենց այս պատճառով նրանք «առյուծների նման» են կռվում: Նա ամերիկյան վարչակազմից և Իսրայելից պահանջեց օժանդակություն տրամադրել Վրաստանին, քանի որ «նրա դատը ողջ աշխարհի դատն է»:

Իսրայելական զենքեր Վրաստանին

– «Հերմես 450» մակնիշի անօդաչու օդանավեր.- Գործածվում են հետախուզական տեղեկություններ հավաքելու համար: Կարող են ավելի քան 20 ժամ անընդմեջ մնալ օդում և թռչել ժամական 170 կիլոմետր արագությամբ: Կարող են նկարահանման, կապի և թիրախները լազերով որոշիակացնող 150 կիլոգրամ սարքավորումներ կրել:
– «Լինքս» մակնիշի հրթիռային շարժական համակարգեր.- Կրակային ճշգրիտ և հեռահար ուժ ունեն: Դրանք էժան համակարգեր են, որոնք բեռնակառքերի վրա են տեղադրվում և 45-150 կիլոմետր հասողությամբ տարբեր մեծության հրթիռներ արձակելու կարողությունն ունեն, ինչպես նաև կարող են թիրախները 10 մետր ճշգրտությամբ հարվածել:
– «Սուխոյ – 25 – Սկորպիոն» օդանավերի կատարելագործում.- «Սուխոյ – 25»-ը հարձակողական հին ինքնաթիռ է: Իսրայելական կատարելագործումն ընդգրկեց տեղադրումը օդաչուի արդիական խցիկի` գունավոր էկրաններով և օդաչուի համար գերճշգրիտ ցուցիչ համակարգերով, ինչպես նաև տեղադրումը ինքնապաշտպանական համակարգերի և վերջիններիս համապատասխանեցումը արևմտյան զինատեսակների արձակման համար:
– «Թբոր» ինքնաձիգներ.- Սրանք իսրայելական հարձակողական արդիական ինքնաձիգներ են: Նրանք յուրահատուկ տեսք ունեն. բռնակն ու բլթակը պահունակից ու արձակող սարքից առաջ են գտնվում, ինչը նրանց կարճ և համեմատաբար թեթև է դարձնում:
– Զինվորական փորձառություններ.- Իսրայելական ընկերությունները վրացական բանակի հետևակազորի մեքենայացված զորամիավորումները մարզել են այնպիսի փորձառություններով, որով նրանք ընտիր զորամասերի կարող են վերածվել:

1. Բնագրում` «պառլամենտի նախագահ», որը բացահայտ սխալ է («Արարատ» ՌԿ)։

Comments Off on Իսրայելը «պատերազմում է» Վրաստանում

Այս էջում չկա մեկնաբանություններ