Jul 17 2009

Աֆղանցի նոր թալիբները վարում են իսկական պարտիզանական պատերազմ

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Լը Մոնդ», 6-ը մայիսի 2009թ.
Աղբյուրը` (Le Monde)
Անտոնիո Ժիուստոզի (Antonio Giustozzi), Լոնդոնի Տնտեսագիտական և քաղաքագիտական գիտությունների դպրոցի հետազոտող

Լոնդոնի Տնտեսագիտության համալսարանի (London School of Economics) հետազոտող Անտոնիո Ժիուստոզին թալիբների հարցով զբաղվող` աշխարհում ամենահայտնի մասնագետներից մեկն է: «Ղուրան, կալաշնիկով և լափթոփ: Նոր թալիբների ապստամբությունն Աֆղանստանում» աշխատության հեղինակ այս դասախոսը, որն իր կյանքը բաժանել է Լոնդոնի և Աֆղանստանի միջև, հյուրընկալվեց Քաբուլում տեղակայված Լը Մոնդի գրասենյակում և նկարագրեց նոր սերնդի իսլամիստ ապստամբների դիմանկարը:

Ինչո՞վ են առանձնանում «նոր թալիբները»:

Առաջին տարբերությունն այն է, որ «նոր թալիբները» վարում են իսկական պարտիզանական պատերազմ: Նրանք նման չեն իրենց նախնիներին: Մինչև Քաբուլի գրավումը (1996 թվականի աշուն), առաջին սերունդը վատ կազմակերպված, կամավորներից կազմված զինուժ էր: Իշխանության գալուց հետո, առաջին սերունդը փորձեց բանակ ստեղծել: Նրանք մինչ այդ երբեք իրական պարտիզանական պատերազմ մղելու փորձ չեն ունեցել: 2001 թվականի վերջին, թալիբների ռեժիմը տապալելուց հետո, իրավիճակը փոխվեց: Զինված նոր ընդդիմությունը գործի անցավ` իր ենթակայության տակ ունենալով սակավ միջոցներ: Սակայն նրանք շարունակեցին կատարելագործվել թե´ մարտավարական, թե´ ռազմավարական մակարդակներում:

Դիվանագիտությանն ավելի շատ է ուշադրություն դարձվում…

1990-ական թվականների թալիբները հաշվի չէին առնում դիվանագիտությունը: Նրանք անընդունակ էին ընկալելու միջազգային հարաբերությունները, որի պատճառով էլ թանկ վճարեցին` կորցնելով իշխանությունը: Նոր սերունդն ավելի նորարարական է: Ամբողջովին հաշվի է առնում իր պայքարի տարածաշրջանային նշանակությունը: Նոր թալիբներին հաջողվեց հաղորդակցության ուղիներ բացել ՄԱԿ-ի, պարսիկների, ռուսների հետ: Սա բավականին մեծ տարբերություն է:

Արդյո՞ք փոխվել են «Ալ-Քաիդա»-ի և կռվելու եկած վարձու ջիհադիստների (որոնց անվանում են «արաբներ») միջև հարաբերությունները:

1998 թվականին թալիբներն ուր որ է` ցանկանում էին Աֆղանստանից վտարել «արաբներին»: Բայց 2000-2001 թթ. նրանց հարաբերությունները սկսեցին ջերմանալ: Ի՞նչ տեղի ունեցավ: Դա կարող է բացատրվել թալիբների՝ աշխարհի առջև բացվելու ջանքերի ձախողմամբ: Թալիբները որոշ քայլեր էին ձեռնարկել: Օրինակ, նրանք արգելել էին օփիումի մշակումը: Կարծում էին, թե Աֆղանստանում իրենց հովանու տակ վերահաստատված կայունությունը, դրան ավելացրած` օփիումի արգելումը, նրանց ընդունելի էր դարձնելու ամերիկացիների աչքերում: Սակայն սխալվեցին: Նրանք հաշվի չէին առել մի կարևոր հանգամանք` կանանց իրավունքները: Չէին էլ կարող պատկերացնել, որ Արևմուտքի համար այս հանգամանքը չափազանց կարևոր է:

Անհաջողությունը վարկաբեկեց չափավոր քաղաքականության կողմնակիցներին, ամրապնդեց ծայրահեղականների դիրքերը: Իսկ Բեն Լադենն օգտվեց այդ անհաջողությունից:

Իսկ հիմա՞:

Նոր թալիբները երկակի հարաբերություններ են պահպանում «Ալ-Քաիդայի» հետ: Իհարկե, նրանք կարող են համագործակցել, ընդունել առաջարկվող գումարները, օգնությունը: Զուգահեռաբար, չեն ցանկանում ամբողջովին ընդգրկվել «Ալ-Քաիդա»-ի մեջ և հետևել նրա գաղափարախոսությանը:

Արդյոք այս նոր սերունդը գործածու՞մ է ժամանակակից տեխնոլոգիաներ:

Ժամանակակից տեխնոլոգիաների հարցում շատ գործնապաշտ են: Առաջին սերունդը շատ պահպանողական էր: Այն արգելում էր լուսանկարչությունը, հեռուստացույցը: Այս ամենն այլևս չկա: Քարոզչության նպատակներով նոր թալիբներն օգտվում են տեսաձայնադրիչներից, ինտերնետից:

Մինչև ու՞ր է հասնում այս գործնապաշտությունը:

Նրանք չեն ցանկանում բնակչությանն իրենց վերահսկողության տակ առնել: Օրինակ, երաժշտության արգելումը որոշ վայրերում հանվել է: Որոշ շրջաններում վերաբերմունքն ուսուցման նկատմամբ գրեթե նույնն է: Պետական հիմնարկներին թույլատրվել է աշխատել, իհարկե` թալիբների հսկողության ներքո:

2 responses so far

2 մեկնաբանություն

  1. Online pharmacy reviewsգրել է 12 Դեկտեմբեր 2011թ.-ին, ժամը 16:08

    Նրանք մինչ այդ երբեք իրական պարտիզանական պատերազմ մղելու փորձ չեն ունեցել

  2. brandon tile cleaningգրել է 31 Հունվար 2012թ.-ին, ժամը 15:47

    … [Trackback]…

    […] There you will find 74081 more Infos: artmamul.ararat-center.org/?p=317 […]…