Aug 05 2009

Այլանդակ ճշմարտությունը Քրդական հարցի և… Հայկական հարցի մասին

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Թդեյս Զաման», 31 հուլիսի 2009թ.
Աղբյուրը` Today’s Zaman
Օրհան Քեմալ Չենգիզ (Orhan Kemal Cengiz)

(թարգմանված է կրճատումներով)

Եթե մենք կարողանայինք անկաշկանդ քննարկել Հայկական հարցը, եթե կարողանայինք առերեսվել Հայոց ողբերգությանը, Քրդական հարց գոյություն չէր ունենա:

Մենք հեռու ենք Հայկական հարցը հասկանալուց, և այնումենայնիվ, կարո՞ղ ենք արդյոք մոտ լինել Քրդական հարցի լուծմանը:

Այս հարցին պատասխանելու համար առաջին հերթին անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես է առաջացել Քրդական հարցը: Ե՛վ Հայկական հարցի, և՛ Քրդական հարցի դեպքում գործել է «խնդիրների լուծման» պետական նույն մտածողությունը. բնակչության տեղահանումներ, հարկադիր տարհանումներ և վայրագություններ քաղաքացիական բնակչության դեմ:

Բոլոր այս տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել: «Խնդիրների լուծման» նույն պետական մտածողությունն է առաջացրել այն խնդիրը, որը փորձ էր արվում լուծել: Սկզբում Քրդական հարցը շատ պարզ լուծում ուներ: Կար փոքրածավալ զինված խումբ (ՔԲԿ-ն կամ «Քրդական բանվորական կուսակցությունը»), որն անկանոն հարձակումներ էր իրականացնում անվտանգության ուժերի դեմ: Քրդերի մեծ մասին ՔԲԿ-ն դուր չէր գալիս: Սակայն շատ քրդեր նաև ցանկանում էին, որ իրենց ճանաչեն որպես քուրդ, ցանկանում էին պահպանել իրենց մշակույթն ու ապրել դրանով, խոսել իրենց լեզվով և այլն:

Այդ ժամանակ Քրդական հարցում Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը (որը հիմնականում թելադրվում էր բանակի կողմից) շատ կարծր էր: Ըստ այդ «ընկալման»` գոյություն չունեին քրդեր, գոյություն չուներ քրդական լեզու: Քրդերը «լեռնաբնակ թուրքեր» էին: Նրանց քուրդ էին անվանում այն ձայնի պատճառով, որ գալիս էր, երբ նրանք քայլում էին ձյան վրայով` «քարթ» կամ «քուրթ»: Բոլոր նրանց համար, ովքեր չգիտեն քրդերենի և թուրքերենի միջև տարբերությունն, ասեմ, որ դրանք մոտավորապես նույնքան նման են իրար, որքան չինարենն ու անգլերենը: Այնպես որ, Քրդական հարցի պաշտոնական ընկալումը զավեշտի էր նման: Եթե չիմանայինք, թե ինչպիսի տառապանքներ են կրել քրդերն այս «անխոհեմ» մոտեցման հետևանքով, կարող էինք նույնիսկ ասել, որ թուրքական պետությունը չոր հումորի զգացում ունի, քանի որ ստեղծել է «լեռնաբնակ թուրքեր»-ի այս գաղափարը: Բայց դա կատակ չէր, և հարցի այսպիսի ընկալումը ևս մեկ անգամ մարդկային լուրջ ողբերգության պատճառ դարձավ Անատոլիայում:

1980թ. զինված հեղաշրջումից հետո Դիարբեքիրի բանտում քուրդ բանտարկյալների նկատմամբ վերաբերմունքը բեկումնային դարձավ: Այս բանտում պահվող քրդերի հանդեպ վատ վերաբերմունքն ու խոշտանգումները դուրս էին մարդկային երևակայությունից: Դիարբեքիրի բանտը նման էր նացիստական համակենտրոնացման ճամբարի: Բանտարկյալներն այնքան էին տառապում, որ ազատվելուց հետո գրեթե բոլորը գնում էին լեռներ` համալրելու «Քրդական բանվորական կուսակցության» շարքերը: Մարդկանց ձերբակալում էին նույնիսկ Քրդական հարցի վերաբերյալ խաղաղ մտքեր արտահայտելու պատճառով: Չափազանցություն չէր լինի ասել, որ հե՛նց Դիարբեքիրի բանտն է դարձրել «Քրդական բանվորական կուսակցություն»-ն այնպիսին, ինչպիսին այն գիտենք այսօր: Այդ «վրդովված» զինյալներին իր շարքերն ընդունելով` «Քրդական բանվորական կուսակցությունն» զգալիորեն ավելացրեց իր հարձակումների թիվը: Թուրքական անվտանգության համակարգը սկսեց այս «նոր երևույթը» կարգավորելու նոր ուղիներ փնտրել և բռնություններն ավելացնելու մտքին հանգեց (ինչն, իհարկե, զարմանալի չէր): Ստեղծվեց «ահաբեկչների դեմ նրանց իսկ մեթոդներով պայքարելու» գաղափարը: Հրի մատնվեցին քրդական գյուղեր. 3,000 գյուղ ավերվեց: Թուրքական «խորքային պետության» ստեղծած հրեշը` JİTEM-ը (թուրքական ժանդարմերիայի հատուկ ծառայություն), ավելի քան 17,000 մարդու կյանք խլեց: Մարդկանց առևանգում էին օրը ցերեկով, իսկ հետո նրանց մարմինները նետում էին փողոց, կամուրջների տակ և ջրհորների մեջ: JİTEM-ի կողմից առևանգված ոչ մի մարդ կենդանի չէր վերադառնում: Սարսափը, որ նրանք ստեղծում էին, ինչպես որ Դիարբեքիրի սարսափը, ավելի ու ավելի շատ զինյալներ էր ուղղորդում դեպի «Քրդական բանվորական կուսակցություն»:

…..

Ե՛վ թուրքերը, և՛ քրդերը պետք է առերեսվեն Հայոց ողբերգությանը, որը նրանք միասին են առաջացրել: Եթե քրդերն սկսեն հասկանալ այդ ողբերգությունը, նրանք կազատվեն այն պատրանքից, թե իրենք միակ ժողովուրդն են, որ երբևէ տառապանք է կրել Անատոլիայում: Եթե նրանք հասկանան Հայոց ողբերգությունը ու թե ինչպես է «խորքային պետությունն» այն ժամանակ օգտագործել քրդերին, նրանք շատ ավելի համեստ ու նվազ ազգայնական կլինեն: Մենք պետք է շատ հարցեր բարձրացնենք: Յուրաքանչյուր պատասխան կծնի նոր հարցեր: Սա շատ ցավոտ գործընթաց է: Որևէ մեկը պատրա՞ստ է արդյոք այդքան խորը հարցադրումների: Չեմ կարծում: Մինչև նման հարցադրումներ չանենք, մեր կայացրած որոշումներն անխուսափելիորեն մակերեսային ու կարճաժամկետ կլինեն: Եթե հասկացած լինեինք Հայոց ողբերգությունը, մենք չէինք ներքաշվի Քրդական հարցի մեջ: Քանի դեռ կասկածի տակ չենք առել մեր անցյալը, որոշ մարդիկ կփորձեն կրկին վերականգնել «խորքային պետությունը», ոմանք էլ ապագայում կփորձեն վերահիմնել «Քրդական բանվորական կուսակցությունը»: Ամեն ինչ կախված է այս ահավոր կառույցների բարոյական հիմքերը խարխլելուց, իսկ դա կախված է անցյալում կատարված ամեն ինչի հետ անկեղծորեն առերեսվելուց: Կարո՞ղ ենք արդյոք սկսել:

6 responses so far

6 մեկնաբանություն

  1. Vahagnգրել է 06 Օգոստոս 2009թ.-ին, ժամը 11:54

    Եթե “Քրդական Հարցը” լուծելու նկատառումից ելնելով թուրքերը անդրադառնան Հայկական Հարցի պատմությանը, ապա կտեսնեն ակնառու օրինակ այն բանի` թե ինչպես կարելի է լուծել այդ “Քրդական Հարցը”` ճիշտ հակառակը այն բանի, ինչի մասին խոսում է այս հոդվածի հեղինակը: Թուրքիայի` Հայկական Հարցի նկատմամբ որդեգրած դրվածքը (որդեգրած` սկսած ասենք 19-րդ դարից, կամ թերևս ավելի վաղ ժամանակվանից) կարծում եմ լիովին արդարացրել է իրեն և շարունակում է արդարացնել: Անդրադառնալով նման նախադեպին` տրամաբանական է կիրառել նույն մեթոդները (իհարկե` այդ մեթոդներին տվյալ ժամանակի պահանջներին բավարարող ձևավորում տալով ու անցյալում կատարած թեթև սխալները բացառել աշխատելով), և ոչ թե հետ կանգնել դրանցից:

    Թուրքիայի կողմից` Հայկական Հարցին տրված լուծումը (թեկուզ ոչ ամբողջական, բայց Թուրքիայի տեսանկյունից` թերևս գրեթե ամբողջական) օրինակ է այն բանի, թե ինչպես կարելի է լուծել նման հարցերը, ոչ թե այն բանի, թե ինչպես չի կարելի:

    Չեմ հասկանում թե որ լսարանին է ուղղված եղել այս հրապարակումը… երևի եվրոպական լսարանին` մոտավորապես այս message-ով` “я тоже асетринъ”…

  2. SONA ARSHUNECIգրել է 06 Օգոստոս 2009թ.-ին, ժամը 19:03

    Այս թուրք մտավորականներից սկսած վերջացրած շարքային անահտներով, ովքեր
    հավատում ու պնդում են, որ եղել է ցեղասպանություն, բայց այդ դեմոկրատական մտքերն ունեցողներին փորձեք ասել, որ եթե եղել է ցեղասպանություն ու մենք 1,5միլոն ու դեռ ավելի մարդկային նահատակություն ենք ունեցել, որն անդառնալի վնաս է հասցրել մեր գենոֆոնդին, որը հետ բերել անհնար է, սակայն մեր տարածքներն հո կենդանի՞ են ու սպասու՞ մ են իրենց տերերին.
    ՈՒ փորձեք տարածքի վերադարձի մասին այդ նույն դեմոկրատ անհատներին. լինի
    Օրհան Փամուկ, Թաներ Աքչամ, Էնի Շաֆաք… պահանջ ներկայացնել, անմիջապես
    կփոխեն իրենց խոսակցության թեման: Ես այդ մտավորականների ստորագրահավաքին էլ լուրջ չեմ վերաբերվում, քանզի այդ ստորագրողների մեծամասնությունը
    թուրքեր չէին. թեկուզ զտարյուն թուրքեր էլ լինեն, ուղղակի դեմագոգիա է ճիշտ պահին օգտագործված . նրանք տարածքի վերադարձի
    ակնարկն անգամ չեն ընդունում ու ինչ գրավեցին, ուրեմն իրենցն էր.
    Մեր ծովից-ծովի Արևմտյան տարածքների զավթումը, Կիպրոսի կեսի զավթումը…
    Անկախ նրանից, որ Թուրքիան այսօր գերտերության հավակնություններ ունի.
    Ամերիկայի պես գերհզոր պետության ռազմավարական դաշնակիցն է, ՄԱԿ-ում ձայնի իրավունք ունի , Եվրոպայի անդամակցության հավակնություն. իր պնդաճակատությամբ դեռ առաջ է գնում ու հզորանում, առանձնապես Գյուլի ու Էրդողանի իշխանություն գալուց ի վեր…,
    Սակայն երբեք հայը, քուրդը, ասորին չեն դադարի պահանջատեր լինելու
    գաղափարից ու ձգտումներից ու իրենց սրտի խորքում հույսեր փայփայում իրենց տարածքները հետ ստանալ Թուրքիայից:
    Հարկ եմ համարում կայքէջի քննարկողների ուշադրությանը հրավիրել մի դեպք .

    ՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ.
    ———————–
    Երկու տարի առաջ. 2007-ի Դեկտեմբերին 17-ին Բրյուսելի “Հայ-դատը” ՀամԵվրոպական
    բողոքի ցույց էր կազմակերպել Թուրքիայի Եվրոմիություն անդամակցության համար: Շատ ազգերի ներկայացուցիչներ էին ներկա, (ֆրանսիացիներ, Իտալացիներ,Բելջեր, Ասորիներ, Քրդեր…) ելույթ ունեցան ու իրենց բողոքի ձանը բարձրացրեցին:
    Հանրահավաքի վերջում մեզ’ ինձ ու “Հայ-դատի” ատենապետուհի Հիլդա Չոբոյանին մոտեցավ ելույթ ունեցողներից մի քուրդ երիտասարդ, շատ զարգացած
    ու բանիմաց: Ինձ վրա այնպիսի տպավորություն թողեց, որ քաղաքականության մեջ թրձված անձնավորություն է… Նա ճամպրուկից հանեց թուղթ ու գրիչ, խորհրդավոր, մաքուր ֆրանսերենով դիմեց մեզ,-
    -ՈՒշադիր նայեք.
    Վարժ գծեց թուրքիայի քարտեզը և սկսեց մասնատել, բաժան-բաժան անել.
    – Սա Հայաստանի հողն է, սա Հունական, սա Քրդական, սա Ասորական…
    -Էլ ինչ մնաց, – հարցական նայելով մեր զարմացած դեմքին, դիմեց մեզ,
    -Էլ ի՞նչ մնաց Թուրքիայից,- կրկնեց նա, ու ինքն էլ պատասխանեց իր հարցին,- մնաց
    Անկարան իր նահանգներով: ՈՒ գալու է էդ օրը, որ Թուրքիան կործանվելու է:
    Հրաժեշտի պահին կռացավ համբյուրեց իմ ու Հիլդայի ձեռքն ու ասաց,-
    -Ես լավ գիտեմ ձեր ազգի պատմությունը, մենք էլ ենք օգնել թուրքին, որ
    բնաջնջի հայությանը, բայց մեր ազգը դա հանուն ազգային շահի’ “Մեծ
    Քրդաստան” գաղափարի պատրանքի համար է արել ու մեծ մեղքի բեռ է կրել իր ուսերին ձեր ազգի առաջ: Ես ազգիս անունից նորողություն եմ խնդրում:
    Խոստովանեմ. ես ինձ շոյված զգացի, ասես սրտիցս մի մե՜ծ քար ընկավ. Այդ քուրդ տղան էլ իր բաժին ներողությունը խնդրելով, երևի ինչ-որ չափով ինքն էլ թեթևություն զգաց:
    Նրա գնալուց հետո ապշած կանգնել էինք, ասես այս տղան հույսի լույս սփռեց մեր սրտերում ու հեռացավ:
    Կգա մի օր, որ թուրքն էլ ստիպված կլինի նույնն անել: Քաղաքական բոլոր զարգացումները տանում են դրան. Թուրքիայի քայքայման քարտեզն արդեն վաղուց է գծված ու միայն ժամանակի հարց է. ոչ Ամերիկան, ոչ Ռուսաստանը, ոչ էլ Եվրոպան, թույլ չեն տա Թուրքիայի չափից ավել հզորացումը. ու որպես խարազան, դա Հայկական գործոնն է, որ Դամոկլան սրի պես հարկ եղած պահին պահում են նրա գլխավերևում:
    Մեզ’ հայերիս միայն հարկավոր է վարել ճկուն, հավասարակշռված դիվանագիտություն: Աստված մեզ հետ:
    **********************************************

    Սոնա Արշունեցի-Բրյուսել

  3. Vahagnգրել է 07 Օգոստոս 2009թ.-ին, ժամը 02:31

    Օրհան Փամուկին, Թաներ Աքչամին, Էնի Շաֆաքին կամ Թուրքիային որևէ պահանջ ներկայացնելուց առաջ պետ

  4. Vahagnգրել է 07 Օգոստոս 2009թ.-ին, ժամը 03:36

    ք է պատրաստ լինել դրան: Ու պետք է իմանալ, թե էդ պահանջ ներկայացնելու նպատակը որն է, էդ քարտեզներ գծելու նպատակը որն է: Առհասարակ` եթե մարդ ուզում ա մի բան անի, պիտի կարողանա դա անել. այլապես` ավելի լավ ա չուզենա:
    Ներկա վիճակով` մենք ազատագրված Արցախը լիովին չենք կարողացել “մարսել”, չունենք էդքան ռեսուրս… ու եղած ռեսուրսը չի կարելի իզուր տեղը վատնել: Արևմտյան Հայաստանի` էս պահին վերադարձի մասին խոսելը նշանալում է ռեսուրսները վատնել առ ոչինչ: Այսպիսի հարցերին չի կարելի վերաբերվել այդպիսի սենտիմենտալ ու ռոմանտիկ զգացմունքներով… դա առնվազն հակաբնական է… Առավել ևս` այդ սենտիմենտալ ու ռոմանտիկ զգացմունքնով չէ որ պետք է պայմանավորված լինեն մեր գործողություններն ու դրվածքները:

    Հողը սիրում ա երկու բան` արյուն ու քրտինք. ուրիշ բան չի սիրում: Ով էդ հողի վրա արյուն ա թափում ու քրտինք ա թափում` նրանն ա էդ հողը: Դրա համար հիմա Արցախը մերն ա, ու Կարսը մերը չի:
    (Սրան` որևէ սենտիմենտալ մեկը երևի առարկեր հետևյալով. 1.5 միլիոն հայ արյուն է թափել էդ հողի վրա, ուրեմն դա հեչ… Ասեմ` էդ արյան հիմնական մասը թուրքերինն ա ու քրդերինն ա` “նրանց թափած արյունն ա”, մերն ա միայն ինքնապաշտպանության ելած մարդկանց արյունը, մնացածինը` նրանցը չի, այլ նրանց սպանողներինն ա` թուրքերինն ա ու քրդերինն ա: Ու էլի` հենց էս պատճառով Արցախն ու Սյունիքը մերն ա, Սարդարապատը (հետևաբար` մասնավորապես Երևանը) մերն ա, ու Կարսը մերը չի, Էրզրումը (երևի պիտի գրեի` Կարինը) մերը չի… Ու հետո, ուրիշ բան էլ կա. էղ 1.5 միլիովից շատերի արյունը հենց Հայաստանում չի թափվել այլ արաբական անապատներում` թերևս հենց էդ պատճառով` որ մենք մեր հողի վրա թափված արյուն չունենանք…)

    Մի դեպք ել ես պատմեմ: Երուսաղեմում կա մի փողոց. կոչվում է “Արարատ”. ժամանակին (ու թերևս հիմա էլ` որոշ չափով) այդ փողոցի վրա ապրել ու աշխատել են (ասենք` խանութներ ու արհեստանոցնել են ունեցել) հայեր, և դրա հետևանքով էլ փողոցը կոչվել է “Արարատ”: Մի քանի տարի առաջ հայկական մի հեռուստաընկերություն նկարահանումներ էր անում Երուսաղեմի հայկական պարտրարքարանի մասին, ու լրագրողը մի հայ հոգևորականի հետ շաբաթ օրով նկարահանումներ էր կատարում այդ փողոցի վրա: Մի հրեա երիտասարդ մոտեցավ նկարահանողներին ու ասաց` “ես քայլում եմ (կամ նույնիսկ` կանգնած եմ ու չեմ ել ուզում շարժվել) այս փողոցով(ում), հիմա շաբաթ է, ու դուք իրավունք չունեք ինձ նկարահանել` դրանով դուք ոտնահարում եք իմ կրոնական զգացմունքներն ու իրավունքները”: Հայ հոգևորականը միանգամից բորբոքվեց (մինչև ուղնուծուծը համոզված լինելով իր արդարացիության մեջ) ու ասաց` “նայե’ք, փողոցի անունը “Արարատ” է, հետևաբար այն “պատկանում է” մեզ` հայերիս, ինչպես թե` մենք իրավունք չունենք այստեղ նկարահանումներ կատարել?”: Ծագեց վիճաբանություն ու թեթև քաշքշուք: Փողոցով անցնում էր մի թուրք. հասկանալով թե որն է վիճաբանության պատճառը` նա ասաց “եթե փողոցի անունը “Արարատ” է, ուրեմն այն ոչ ձերն է (հայերինը), ոչ էլ ձերը (հրեաներինը). այն մերն է (թուրքերինը)”, ու քմծիծաղ տալով հեռացավ:
    Այ էդ թուրքը կարար տենց բան աներ ու իրավունք ուներ տենց բան անելու. ինքը վաստակել էր էդ իրավունքը, իսկ էն հայ հոգեվորականը չեր կարող` որովհետև չէր վաստակել նման իրավունք:

  5. Հայ լիբերալգրել է 17 Հոկտեմբեր 2009թ.-ին, ժամը 03:03

    Վահագնի հետ համաձայն եմ:
    Եվ առհասարակ, համաձայն եմ նաև էն մտքի հետ, որ քանի դեռ հայերս չենք կարողանում միաբանված գործել ու բոլորով մեկ նպատակի համար մուրճով հարվածել, մենք իրավունք չունենք նույնիսկ փորձ անելու “հետ պահանջել” մեր պատմական հողերը… առնվազն ծիծաղեցնել կտանք մեր քայքայված հասարակության վրա ու “պետության” վրա…
    Մենք այս պահին պետք է պահենք մեր ունեցածը, մեր այն ազատագրած տարածքները, որ էսօր արդեն վերադարձման վտանգի տակ են…

  6. online pharmacyգրել է 12 Դեկտեմբեր 2011թ.-ին, ժամը 15:53

    պետական նույն մտածողությունը. բնակչության տեղահանումներ, հարկադիր տարհանումներ և վայրագություններ քաղաքացիական բնակչության դեմ.online pharmacy
    Վահագնի հետ համաձայն եմ:
    Եվ առհասարակ, համաձայն եմ նաև էն մտքի հետ, որ քանի դեռ հայերս չենք