Nov 10 2009

Բրիտանիան մեղադրվում է հայոց ցեղասպանության ժխտման մեջ

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Գարդիան», 3 նոյեմբեր 2009թ.
Աղբյուրը` Guardian
Դեյվիդ Լեյ (David Leigh)

«ԱՐԱՐԱՏ» ՌԿ-ի մեկնաբանությունը

• Զեկույցում ասվում է, որ ՄԲ մերժում է ճանաչել 1915թ-ի կոտորածը

• Թուրքիայի հետ հարաբերությունները չափազանց կարևոր են վտանգելու համար

Բրիտանիան այսօր մեղադրվեց «ցեղասպանության ժխտման» մեջ այն բանից հետո, երբ բացահայտվեցին Արտաքին Գերատեսչության փաստաթղթերը, որոնք մերկացնում են 1915թ.-ի այսպես կոչված Հայոց կոտորածի ճանաչման ժխտումը, որի ժամանակ ընդհուպ մինչև մեկ միլիոն մարդ է զոհվել։

15 տարվա վաղեմության փաստաթղթերում ասվում է, որ Անգլո-Թուրքական հարաբերությունները չափազանց կարևոր են, որպեսզի այդ խնդրով վտանգի ենթարկվեն, քանզի «Թուրքիան շատ նյարդայնորեն ու պաշտպանողաբար է վերաբերում ցեղասպանության մեղադրանքներին»։

Նախարարների համար Արտաքին Գերատեսչության պատրաստած հուշագրում ընդունվում էր, որ Բրիտանական կառավարությունը «բարոյական խնդիրների առումով բաց է քննադատության համար», սակայն ավելացվում էր, որ «Ընթացիկ գիծը միակ իրական ընտրությունն է», ելնելով «Թուրքիայի հետ մեր (քաղաքական, ռազմավարական և առևտրային) հարաբերությունների կարևորությունից»։ 1999p.-ի հուշագրում ասվում էր. «Ցեղասպանության ճանաչումը Մեծ Բրիտանիային ոչ մի գործնական օգուտ չի բերի»։

«Թագուհու իրավաբան» բարձրաստիճան տիտղոսը կրող իրավաբան 1 Ջեֆրի Ռոբերտսոնը ցինիկ «ցեղասպանության հերքում» է կոչում Բրիտանիայի դիրքորոշումը, որն հատուկ է եղել և´ Աշխատավորական (Լեյբորիստական), և´ Պահպանողական (Թորի) վարչակարգերին։ Ռոբերտսոնը եղել է ՄԱԿ-ի Սիերա Լեոնեի պատերազմական հանցագործություննների դատարանի առաջին նախագահը։ Ռոբերտսոնը լիազորված էր Լոնդոնում սփյուռքահայ խմբերի կողմից քննել արտաքին գերատեսչության փաստաթղթերը, որոնք, տեղեկատվության ազատության օրենքի վրա կատարված դիմումների համաձայն, ձեռք են բերվել զգալիորեն կրճատված և մաքրազերծված վիճակում։ Նա այսօր հրատարակել է մի զեկույց, որտեղ ասված է. «Նախարարները կանոնավոր կերպով ապատեղեկացրել են խորհրդարանին, կրկնելով արտաքին գործերի նախարարության (Foreign and Commonwealth Office) հրահանգներն առանց կասկածելու դրանց ճշգրտությանը»։

Մեղադրանքն առ այն, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայկական ջարդերը եղել են ցեղասպանության մի տեսակ, որն իրագործել է Օսմանյան կայսրությունը, հանդիսանում է շատ վիճելի հարց, ինչն էլ լարում է Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները։ Երկու երկրների սահմանը վերաբացվեց անցյալ ամիս, 1993թ.-ից ի վեր փակ լինելուց հետո, ի շնորհիվ համաձայնության, որը ներառում է խնդիրը վերանայելու համար պատմական հանձնաժողովի ստեղծման խոստում 2 ։

Թուրքական և հայկական խորհրդարանները դեռ պետք է վավերացնեն արձանագրությունները։

Արտաքին գործերի նախարարության փաստաթղթերում կա 1995 թ.-ին արված մի խորհուրդ, ուղղված այն ժամանակվա պահպանողականների կառավարության արտաքին գործերի նախարար Դուգլաս Հոգին, ըստ որի նա պետք է մերժի զոհերի հուշ երեկոյի արարողությանը իր մասնակցությունը և փորձի քաջալերել այդ փաստերի վերաբերյալ պատմաբանների անհամաձայնության մասին գաղափարը։ Կառավարությունը մերժել էր Հայոց կոտորածը ներառել որպես հոլոքոստի հիշատակման օրվա մաս։

Ռոբերտսոնի զեկույցում ասվում է. «Կասկած չկա, որ 1915թ.-ին Օսմանյան կառավարությունը հրահանգեց ավելի քան 2 միլիոն հայերի արտաքսում… հարյուր հազարավորները ճանապարհին մահացան սովահարությունից, հիվանդությունից և զինված հարձակումներից»։

1948թ. Ցեղասպանության կոնվենցիան գրվել է, նկատի ունենալով, հայերի մասնավոր դեպքը, ասում է նա, գիտնականների և եվրոպական խորհրդարանների մեծամասնությունը բնութագրել են նրանց ճակատագիրը որպես ցեղասպանություն։ «Սակայն, ըստ Ռոբերտսոնի, Բրիտանական վերջին կառավարությունները… կտրականապես մերժում են նույն կերպ վարվել», փոխարենը դիմելով իրավական տեսանկյունից անիմաստ արտահայտության, այն է՝ որ իբր գոյություն չունի ցեղասպանության մասին «բավարարաչափ աներկբա ապացույց»։

Բրիտանիան Թուրքիայի Եվրոպական Միությանն անդամակցելու խանդավառ կողմնակից է։ Սակայն Հայկական հարցը փորձաքար է դարձել այն քննադատների համար, ովքեր պնդում են, որ Թուրքիային չպետք է թույլ տալ մուտք գործել ԵՄ, մինչև այն չընդունի իր անցյալի մասին ճշմարտությունը։ Թուրքիան հրաժարվում է թույլատրել իր քաղաքացիներից որևէ մեկին հայոց ջարդերը որակել որպես ցեղասպանություն։ Երբ Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկն այդպես վարվեց (հայոց ջարդերը անվանեց ցեղասպանություն), 2005թ-ին նրան մեղադրեցին «թուրքականությունն անարգելու» մեջ, չնայած արդարադատության նախարարությունը մերժեց դատ բացել այդ գործով՝ միջազգային ուժեղ բողոքից հետո։

Երեք գիտնականներ՝ Ահմեդ Ինսելը, Բասկին Օրանը և Սենգիզ Աքթարը և լրագրող Ալի Բայրամօղլուն հրապարակեցին մի բաց նամակ՝ թուրքերին հրավիրելով ստորագրել առգիծ մի հանրագիր, պաշտպանելով նրա զգացմունքները։ Հանրագրում ասվում է. «Իմ խիղճը չի ընդունում 1915 թ-ին Օսմանյան հայերի Մեծ Արհավիրքի նկատմամբ ցուցաբերված անզգայությունն ու ժխտումը։ Ես մերժում եմ անարդարությունը և իմ կողմից կիսում եմ իմ հայ եղբայրների զգացմունքներն ու ցավը։ Նրանցից ներողություն եմ խնդրում»։

Այն ժամանակ երբ գիտնականները առաջ են մղում բացախոսությունը, Ռոբերտսոնն ասում է, որ Բրիտանիայի պաշտոնական քաղաքականությունն այս հարցում ընդամենը «խուսափել է ճշմարիտ պատասխաններից, որովհետև ճշմարտությունը անհարմարություն կստեղծեր թուրքական կառավարության համար»։

  1. QC (Queen’s Councel)- Թագուհու (արքունի) խորհրդական, բարձրաստիճան իրավաբան ՄԹ-ում (ԱՌԿ խմբ. կողմից)։
  2. Հեղինակի այս մեջբերումը չի համապատասխանում իրականությանը։ Հայ-թուրքական սահմանն առ այսօր բաց չէ և եթե խոսքը հայ-թուրքական արձանագրությունների մասին է, համաձայն որոնց նախատեսվում է սահմանի բացում, ապա դրանք դեռևս պետք է վավերացվեն Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից (ԱՌԿ խմբ. կողմից)։

2 responses so far

2 մեկնաբանություն

  1. «ԱՐԱՐԱՏ» ՌԿ-ի մեկնաբանությունըգրել է 10 Նոյեմբեր 2009թ.-ին, ժամը 10:23

    «Գարդիան»-ում հրապարակված սույն հոդվածն արտահայտում է բրիտանական մամուլում գերիշխող ավանդական թուրքամետ դիրքորոշումները, որոնք բացահայտվում են հեղինակի հատկապես հետևյալ անհիմն դատողություններում.

    «Մեղադրանքն առ այն, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայկական ջարդերը եղել են ցեղասպանության մի տեսակ, որն իրագործել է Օսմանյան կայսրությունը, հանդիսանում է շատ վիճելի հարց, ինչն էլ լարում է Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները»։

    Այսինքն՝ հեղինակը պարզորոշ ասում է, թե իբր Հայաստանն է մեղավոր հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրների համար, որովհետև ցեղասպանության մասին մեղադրանքներ է առաջ քաշում։ Այս կապակցությամբ պետք է նշել, որ հայ-թուրքական լարված հարաբերությունների, ավելի ստույգ՝ հակամարտության պատճառը ոչ թե հայկական կողմի մեղադրանքներն են, այլ Թուրքիայի կողմից այդ ոճրագործության շարունակական և կատաղի ժխտումը, որի նպատակն է ցեղասպանության արդյունքների օրինականացումը և Հայաստանի նկատմամբ ցեղասպանական քաղաքաքականության շարունակումը։

    Արտասահմանյան մամուլի տեսության մեջ մենք բազմիցս ենք անդրադարձել արևմտյան մամուլում առկա այսպիսի ոչ-հայանպաստ երևույթներին։ Տե´ս, մասնավորապես, հետևյալ նյութերը.

    http://artmamul.ararat-center.org/?p=365&cpage=1#comment-381

    http://artmamul.ararat-center.org/?p=289&cpage=1#comment-358

    http://artmamul.ararat-center.org/?p=168&cpage=1#comment-306

  2. xlpharmacyգրել է 12 Դեկտեմբեր 2011թ.-ին, ժամը 16:10

    ելնելով «Թուրքիայի հետ մեր (քաղաքական, ռազմավարական և առևտրային) հարաբերությունների կարևորությունից»։ 1999p.-ի հուշագրում ասվում էր.