Dec 11 2008

Հայաստանի և Թուրքիայի փորձնական բանակցությունները

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Ֆայնենշլ Թայմս», 25 նոյեմբերի 2008թ.
Աղբյուրը`(Financial Times)
Դելֆին Շտրաուս (Delphine Strauss)

Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները, ուժգնացող ճնշման ներքո, երկուշաբթի օրը հանդիպել են Ստամբուլում` լուծելու Կովկասի խրթին քաղաքականության ամենադժվարին խնդիրներից մեկը:

Երկու երկրներն էլ աշխատում են բարելավել հարաբերությունները` տասնամյակներ տևած փոխադարձ անվստահությունից հետո։ Նրանք չունեն պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ, իսկ Թուրքիան 1993թ.-ին փակեց Հայասանի հետ իր սահմանն՝ աջակցելով Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի հարցում։

Աբդուլա Գյուլն առաջին թուրք նախագահն էր, որ սեպտեմբերին այցելեց Հայաստան` ներկա գտնվելու ֆուտբոլի ազգային հավաքականների միջև խաղին։ Հավանական է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պատասխան այցը` 2009 թ.-ի հոկտեմբերին տեղի ունենալիք հաջորդ խաղին:

«Ֆուտբոլային դիվանագիտության» մեկնարկից ի վեր, մեծ ժեստերը ճանապարհ հարթեցին առավել զուսպ շփումների համար. Ալի Բաբաջանն ու իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանը երկուշաբթի օրը հանդիպեցին տարածաշրջանային տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված ընթրիքին։

Սակայն, երկու զարգացումներ առավել հրատապ դարձրին իրավիճակի կարգավորման խնդիրը` իրավիճակ, որն ահռելի վնասներ է պատճառում Հայաստանի տնտեսությանը և դժվարություններ ստեղծում Թուրքիայի համար` միջազգային հանրության կողմից լիարժեք ընդունվելու հարցում։

Առաջին, ամռանը տեղի ունեցած վրացական հակամարտությունը Թուրքիային դրդեց առավել նշանակալի դիվանագիտական դեր փնտրել Կովկասում, որտեղ էներգակիրների տարանցիկ ուղիներն այժմ ավելի խոցելի են թվում, իսկ Հայաստանը որոշ ժամանակ կարողանում էր առևտուր անել միայն Իրանի հետ ունեցած իր սահմանով։

Երկրորդ, թուրք դիվանագետները մտավախություն ունեն, որ Բարաք Օբաման կիրականացնի իր նախընտրական խոստումները և 1915թ.-ին Օսմանյան կայսրության տիրապետության ներքո հայերի զանգվածային ջարդերը կճանաչի որպես ցեղասպանություն, կամ չի կարողանա արգելք դնել այս հարցի վերաբերյալ Կոնգրեսի բանաձևին:

Անկարան պնդում է, որ զոհվել են նաև հազարավոր թուրքեր, և որ զոհերը պատերազմի, քաղցի և տեղահանության արդյունք էին և ոչ թե` սիստեմատիկ ծրագրման։ Սակայն ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացման սպառնալիքը հրամայական է դարձնում Երևանի հետ առավել ջերմ հարաբերությունների կառուցումը:

Պրն. Նալբանդյանը երկուշաբթի օրը Թուրքիային կոչ արեց բացել սահմանը՝ լրագրողներին հայտնելով, որ Հայաստանը պատրաստ է կարգավորել հարաբերություններն «առանց նախապայմանների»։ Այդուհանդերձ, առաջընթացի համար խոչնդոտները հսկայական են։

Թուրքիան չի կարող իրեն թույլ տալ այնպիսի քայլ, որով կօտարի Ադրբեջանին` էներգակիրների մատակարարման շուրջ բանակցությունների վճռական փուլում: Այն կարող է փոքր ժեստ անել. «Թրքիշ էյրլայնզ»-ը` ազգային ավիակիր, որի չվերթները սովորաբար հաստատում է արտգործնախարարությունը, երկուշաբթի օրը հաստատել է, որ քննարկում է դեպի Երևան չարտերային չվերթներ սկսելու հարցը։

Երևանն, իր կողմից, ավելի բաց է դարձել ցեղասպանության հարցին պատմական հանձնաժողովի միջոցով անդրադառնալու Թուրքիայի առաջարկի նկատմամբ, սակայն ըստ արևմտյան մի դիվանագետի` հայկական սփյուռքի ճնշումները, որ հաճախ ավելի անզիջում են, քան ազգային գործիչներինը, արգելակեցին վերջին նախաձեռնությունը։

Ելնելով այս դժվարություններից` Թուրքիայի արտգործնախարարությունը հակված չէր մեծ նշանակություն տալու այս հանդիպման խորհրդանշական դերին: «Դա մեծ իրադարձություն չէր»,- նշում է խոսնակ Բուրաք Օզուգերգին: «Պատմական էր մեր երկու-զրո հաղթանակը Հայաստանի ազգային հավաքականի նկատմամբ… Այժմ գործ անելու ժամանակն է»:

4 responses so far

4 մեկնաբանություն

  1. Gerasգրել է 12 Դեկտեմբեր 2008թ.-ին, ժամը 11:54

    Թուրքական դիվանագիտական պարզունակ խաղերը հիմնված են գործընկերներին ու հարեւաններին խաբելու իրենց ավանդական փորձի վրա, որը, սակայն, այսօրվա դիվանագիտական ընկալումների պայմաններում նրանց դրական արդյունք չի կարող ապահովել:
    ____________________________________________________________
    Կարծում եմ, որ շատ կարեւոր հետեւություններ պետք է անեն Հայաստանի արտաքին քաղաքականության նոր ուղին գծած մեր քաղաքական գործիչները վերը ասվածի լույսի ներքո»:

  2. Gerasգրել է 12 Դեկտեմբեր 2008թ.-ին, ժամը 11:58

    Թուրքիան, ավանդաբար հանդիսանալով անվստահելի գործընկեր, Ռուսաստանի հետ հարաբերությունների լավացման առաջարկով մի կողմ է թողել Հարավային Կովկասի իր վերջին տարիների գործընկերներին` Ադրբեջանին ու Վրաստանին` հետամուտ լինելով զուտ իր շահերին: Ռուսաստանը Թուրքիային Հարավային Կովկաս մտնելու համար տված իր համաձայնությամբ անտեսել է իր ռազմավարական գործընկերոջ` Հայաստանի շահերը:

  3. Gerasգրել է 12 Դեկտեմբեր 2008թ.-ին, ժամը 12:19

    Վրաց-ռուսական պատերազմից ի վեր` տարածաշրջանային բոլոր գործընթացները ոչ մի կերպ հաշվի չեն առնում Հայաստանի շահերը: Այդ հակամարտության հետեւանքով Վրաստանը վերջնականապես կորցնելուց հետո, տպավորություն էր ստեղծվում, թե Հայաստանի նշանակությունը էլ ավելի պետք է կարեւորվի Ռուսաստանի համար` արտահայտված քաղաքական եւ տնտեսական աջակցությամբ եւ, հիրավի, ռազմավարական դաշնակիցների իսկական գործընկերությամբ: Ռուսաստանը, սակայն, նախընտրեց խաղադրույքն այս անգամ դնել տարածաշրջանի ակտիվ դերակատարների` ռազմավարական դաշնակիցներ Ադրբեջանի եւ Թուրքիայի վրա, եւ ՌԴ նախագահի հունիսին կայացած այցը Բաքու ու ռազմավարական գործընկերության մասին ստորագրված համաձայնագիրը զրոյացրեց Հայաստանի` որպես տարածաշրջանում ռուսական միակ հենարանի, բոլոր սպասումները: Արդյունքում` Հայաստանի իշխանությունները` լեգիտիմության իրենց աննախադեպ դեֆիցիտով որոշեցին ղարաբաղյան կարգավորման գործընթացում նախապատվությունը տալ Արեւմուտքին` որի «արբանյակ» Թուրքիան (ոչ առանց Ռուսաստանի համաձայնության) որոշեց ակտիվորեն ներգրավվել ռեգիոնի վերջին` ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:

    Այս իրավիճակին նպաստում է Հայաստանի իշխանության լեգիտիմության չափազանց ցածր մակարդակը, ինչպես նաեւ` վերջինիս անխոնջ մղումը` ամեն գնով, այդ թվում` պետական, համազգային շահերի եւ առաջնայնությունների հաշվին, իշխանության երկարակեցության եւ լեգիտիմության համար անհրաժեշտ արտաքին աջակցություն ստանալը: Այս գործընթացին հակազդելու քայլերը շատ չեն, եթե չասենք, որ դրանք իսպառ բացակայում են այն պայմանների մեջ, որ իրեն դրել է Հայաստանը: Դեպքերի այսպիսի ընթացքը կարող է խափանել բացառապես «ֆորսմաժորային» այնպիսի դրությունը, որի ելքն անպայմանորեն կնախանշի Հայաստանում արտահերթ ընտրությունների ճանապարհով իշխանության լեգիտիմության վերականգնման եւ այդու` Հայաստանի, որպես տարածաշրջանային ակտիվ խաղացողի դերակատարության վերականգնման խնդիրը:

    Բոլոր մյուս ուղիները տանում են դեպի անխուսափելի կործանում:

  4. Gerasգրել է 12 Դեկտեմբեր 2008թ.-ին, ժամը 14:25

    Տեղեկատվական գործողությունների արդյունավետության ապահովման համար անհրաժեշտ քայլերից է նաև ռադիոկայանների տեղակայումը։ ՀՀ հյուսիսարևելյան շրջանում և Արցախում, սահմանամերձ գոտում հայկական տեղեկատվական ազդեցություն սահմանելու համար անհրաժեշտ է ապահովել ռադիոհաղորդումների հեռարձակում ադրբեջաներենով։ Պետության հովանավորությամբ Ռուսաստանում, Իրանում, Վրաստանում, ինչպես նաև ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում անհրաժեշտ է ապահովել թերթերի տպագրում ադրբեջաներենով՝ ապատեղեկացնելով նոր կազմավորվող ադրբեջանական սփյուռքին։ Այս ամենով հանդերձ՝ ՀՀ տեղեկատվական գործողությունների ամենակարևոր պայմանը հասարակական կազմակերպությունների, վերլուծական կենտրոնների, ԶԼՄ և պետական կառույցների համալիր գործունեության ապահովումն է։