Dec 15 2008
Հակազդեցություն «հայ գրողի տուն-թանգարանին»
Տպել այս հոդվածը«Ջումհուրիեթ» օրաթերթ, 1 դեկտեմբերի 2008թ.
«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը
Բիթլիսում հայ գրող Վիլյամ Սարոյանի ծնողների տունը թանգարանի վերածելու մասին մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայի հայտարարությանը հակազդեցությամբ արձագանքեց (Մեջլիսում) «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության Բիթլիսի պատգամավոր Վահիթ Քիլերը:
Նա հիշեցրեց, որ 2008-ի նոյեմբերի 3-ին մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը հանդես է եկել գրող Սարոյանի` Բիթլիսում գտնվող տունը վերանորոգելու եւ գրադարանի վերածելու առաջարկով, միաժամանակ նախապատրաստական աշխատանքներ սկսելու պահանջ է ներկայացրել Բիթլիսի նահանգապետարան: Քիլերը, համարելով դա վնասակար ինչպես Բիթլիսի, այնպես էլ երկրի համար, ասաց. «Ոչ թե Բիթլիսում, այլ Ամերիկայում ծնված գրող Սարոյանի իսկական անունը Արամ Կարաօղլանյան է: Նրա ընտանիքը առաջնամարտիկի դեր է կատարել Բիթլիսի հայ հրոսակախմբերի համար: Առաջնորդել է անմեղ մարդկանց դեմ իրականացված կոտորածները: Հայկական ծագումով մեր քաղաքացիները, որոնք օգտվում են ընտրելու եւ ընտրվելու իրավունքից, ունեն երկրի ամբողջականությանն ու դրոշին տեր կանգնելու գիտակցություն: Հետեւաբար խնդիրը մեր հայ քաղաքացիները չեն, այլ սփյուռքի ռազմավարությունը»:
«Ապակողմնորոշել են նախարարությանը»
Հայտարարության մեջ Քիլերը նշել է. «Սարոյանի չեղած տունը Բիթլիսում վերանորոգելու եւ, գրադարանի վերածելու նկրտումով ապակողմնորոշել են նույնիսկ Թուրքիայի Հանրապետության մշակույթի նախարարությանը»: Այնուհետեւ նա շարունակել է. «Դա ճիշտ չի լինի, չի կարող լինել, որովհետեւ Սարոյանի ազգականները, որոնք նրա հետ նույն ազգանունն են կրում, Բիթլիսում պատճառ են դարձել ավելի քան 68 հազար անմեղ մարդկանց սպանության: Այս հանգամանքը խիստ կվիրավորի Բիթլիսի բնակչությանը եւ կայլայլի նահատակների հոգիները»:
1 մեկնաբանություն
«Վիլյամ Սարոյանի ազգականները գլխավորում էին հայ ավազակախմբերին, որոնք 68 հազար մահմեդականի սպանության պատճառ դարձան Բիթլիսում»
Այս հայտարարությունը «Ջումհուրիեթ» թերթի էջերում արել է Բիթլիսից Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատգամավոր Վահիթ Քիլերը: Դրա համար առիթ է ծառայել Բիթլիսում Վիլյամ Սարոյանի ծնողներին պատկանող տունը վերանորոգելու եւ այնտեղ գրադարան հիմնելու Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայի նախաձեռնությունը: «Ջումհուրիեթը» Քեմալ Աթաթուրքի հիմնադրած ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության խոսափողն է, իսկ Վահիթ Քիլերը՝ վարչապետ Էրդողանի իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության պատգամավոր:
Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, մեղադրելով վերջինին «երկրում իսլամական կարգեր հաստատելու համար Թուրքիայի աշխարհիկ-հանրապետական հիմքերը խարխլելու եւ Աթաթուրքի սկզբունքներն անտեսելու» մեջ, նրա դեմ պայքարում ապավինում է «քեմալականության երաշխավոր» բանակի վրա, իսկ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը փոխադարձաբար «երկրի ներքաղաքական կյանքը զինվորական հեղաշրջման քարոզչությամբ հետեւողականորեն ապակայունացնելու» մեղադրանքներ է ներկայացնում Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը եւ որպես քարոզչության միջոց մատնացույց է անում «Ջումհուրիեթ» թերթը:
Այլ կերպ ասած՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության խոսափող «Ջումհուրիեթն» ու «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը քաղաքական հակադիր դիրքերում են: Նույնը պետք է ասել նաեւ «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպության՝ «Ազգայնական շարժում» կուսակցության խոսափող «Ենի չաղ» թերթի մասին: Սակայն դա չի խանգարում «Ենի չաղին», որ Սարոյանների տունը թանգարանի վերածելու նախաձեռնության համար նախարար Գյունային դատապարտելու հարցում համերաշխորեն միանա «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության պատգամավոր Քիլերին: Ընդ որում՝ որպես գրող, Վիլյամ Սարոյանը ոչ թե հայաստանցի է, այլ` համաշխարհային գրականության դասական:
Այս ամենը նշանակում է, որ Թուրքիայում հայերի նկատմամբ անհանդուրժողականությունը միավորում է քաղաքական հակառակորդներներին, հայկական դավադրության որոնումները հարթում են նրանց հակասությունները, անհանդուրժողականության եւ որոնումների ընդհանրության պայմաններում նրանք դառնում են համերաշխ: Քաղաքական հակառակորդների` հայերի նկատմամբ անհանդուրժողականության հիմքում այլ ժողովուրդների պատմական հայրենի տարածքներում թուրքական ազգային պետություն ստեղծելու քեմալիզմի հակասականությունն է, իսկ որոնումները պայմանավորված են բազմազգ Թուրքիայի Հանրապետության ունիտար կառուցվածքն ու միասնականությունը պահպանելու համար երկրում ոչ թուրք ժողովուրդների հետքը հնարավորինս ջնջելու նկրտումներով:
Նախարար Գյունայի վերոհիշյալ նախաձեռնության դեմ հակազդեցությունը այդ նկրտումների ցայտուն դրսեւորումներն են: Դրանց մասին որոշակի պատկերացում տալու համար, մասնակի կրճատումներով, ներկայացնում ենք «Ենի չաղի» եւ «Ջումհուրիեթի» հրապարալումները: Ի դեպ, «Ենի չաղն» ունի ավելի քան 57 հազար, իսկ «Ջումհուրիեթը»՝ 79 հազար տպաքանակ: