Dec 17 2008

Ո՛վ Անի, որտե՞ղ է քո նախնական տերը

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Ռադիկալ», 26 նոյեմբերի 2008թ.
Աղբյուրը` (www.radikal.com.tr)
«anideermeniyoktur.gov.tr» («Անիում հայ չկա» կայքէջը)

«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը

Ստամբուլ. Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը Անիի ավերակների վերաբերյալ կայքէջ է բացել: Ավելին, նախարարությունից հայտնել են, որ կայքէջեր են պատրաստվում նաեւ պատմական այլ բնակավայրերի համար եւ այս նախաձեռնությունը հիմնավորվում է «ավերված բնակավայրերի մասին հավաստի եւ գիտականորեն ապացուցված տվյալներն այցելուներին մատչելի դարձնելու» անհրաժեշտությամբ: Սակայն դա չի խանգարել Անիի բոլոր աղբյուրներում հիշատակվող եւ բոլորին հայտնի հայկական անցյալի խնամքով քողարկումը այս քաղաքի համար պատրաստված «www.ani.gov.tr» կայքէջում, որն առաջինն է բացվել:

Այս կայքէջում ներկայացվում են Կարսի մոտակայքում գտնվող Անիի միջնադարյան ճարտարապետական փառահեղ հուշարձանները, անդրադարձ է կատարվում քաղաքի պատմական անցյալին: Անիի` մինչեւ նախնադարյան շրջան ձգվող հնամենի անցյալին կատարված անդրադարձից հետո, ահա թե ինչպես է նկարագրվում քաղաքի հիմնադրումը. «964 թվին Աշոտ Բագրատունի արքան ձեռնամուխ եղավ ավերակների ճակատային պարսպի կառուցմանը, իսկ 978-ին Սմբատ 3-րդ թագավորը դա ամրացրեց իր կառուցած 2-րդ պարսպով: 1064թ. Ալփ Արսլանը գրավեց Անին եւ քաղաքը հաղորդակից եղավ սելջուկյան մշակույթին»:

Իմանալու համար, որ այստեղ հիշատակվող «Բագրատունիների թագավորությունը» մեկն էր հայկական այն թագավորություններից, որոնք տվյալ ժամանակաշրջանում գերիշխանություն էին հաստատել այդ տարածքում, պետք է դիմել այլ կայքէջերի եւ հանրագիտարանների օգնությանը: Օրինակ, «Մայր Բրիտանիկան» նշում է. «9-13-րդ դարերում Արեւելյան Անատոլիայի պատմության մեջ նշանակալի դերակատարություն ունեցող Անին, 10-րդ դարում հայկական բնակության կարեւոր կենտրոն էր»: Dictionnaire Larouse-ում եւ Hacete հանրագիտարանային բառարանում քաղաքը բնութագրվում է որպես «Բագրատունիների հայկական թագավորութան մայրաքաղաք», իսկ Meydan հանրագիտարանն ավերակների առնչությամբ գրում է. «Իր վրա կրում է ասորական, պարսկական, հայկական, արաբական, թուրքական ազդեցությունների ուշագրավ հատկանիշները»: «Իսլամական» հանրագիտարանը, որ 3 էջ է հատկացրել Անիին, քաղաքի Բագրատունյաց տիրակալներին համարում է «Հայաստանի թագավորներ»:

961-1045թթ. Անին, Բագրատունիների դինաստիայի տիրապետության տարիներին, համանուն թագավորության մայրաքաղաքն էր: Աշոտ 3-րդ թագավորը արքունիքը Կարսից փոխադրել էր Անի: Գագիկ 1-ի օրոք, հատկապես 990-ից հետո, քաղաքը մեծ առաջընթաց է ապրում: Հենց այդ շրջանում է կառուցվում առ այսօր քաղաքի խորհրդանիշը հանդիսացող Մայր տաճարը: Առեւտրային ճանապարհների խաչմերուկում գտնվող քաղաքը բարձր պարիսպներով, բազմաթիվ եկեղեցիներով, որոշ աղբյուրների համաձայն` 100 հազարի հասնող բնակչությամբ, դառնում է տարածաշրջանի կարեւոր կենտրոններից մեկը: Գիտենք, որ Անին կոչվել է «1001 եկեղեցիների» քաղաք: 1064-ին սելջուկները գրավում են Անին: Երկար ժամանակ մնում է Շադդատյանների տիրապետության տակ, իսկ 12-րդ դարի վերջին քաղաքում հաստատվում է վրացիների գերիշխանությունը: 1239-ին մոնղոլական արշավանքների ականատեսը դարձած քաղաքը, 14-րդ դարում, մեծ երկրաշարժի հետեւանքով, հիմնահատակ ավերվում է: Առեւտրային ճանապարհների նշանակության կորստի եւ երկրաշարժի պատճառով անկում ապրող քաղաքն ակկոյունլու եւ կարակոյունլուների տիրապետությունից հետո, 1534-ին միանում է Օսմանյան կայսրությանը:

Հազարամյա եկեղեցիներ
Քաղաքի միջնադարյան փառահեղ անցյալի վկայությունը հանդիսացող շինությունները մեծամասամբ եկեղեցիներ են: Մեծ է Հայաստան-Թուրքիա սահմանին հարակից այս քաղաքի զբաղեցրած տեղը հայ պատմագրության մեջ: Մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության կայքէջից զգացվում է, որ դա պատրաստվել է հատկապես հայ պատմագրությանը հակազդելու մղումով: «Անատոլու» գործակալության տվյալներով` կայքէջը պատրաստվել է «ավերակներն աշխարհին առողջ դատողությամբ եւ ճիշտ ներկայացնելու» առաջադրանքով, առաջին կայքէջը Անիի վերաբերյալ պատրաստելիս նախարարությունը հիմք է ընդունել քաղաքին առնչվող որոնման համացանցերում առկա բացասական տեղեկատվության եւ 1915-ի իրադարձությունների մասին ակնարկող սխալ գիտելիքների վերացման անհրաժեշտությունը: Մշակութային արժեքների եւ թանգարանների վարչության գլխավոր տնօրեն Օրհան Դյուզգունը ուշադրություն է հրավիրում ճիշտ եւ սխալ գիտելիքների միասնաբար տեղադրման պատճառով ինտերնետում առաջացած գիտելիքի աղտոտվածության վրա: Նա Անիի ավերակներին վերաբերող կայքէջի առնչությամբ ասում է. «Բազմաթիվ մարդկանց են հետաքրքրում մեր երկրի պատմական եւ մշակութային արժեքները: Դրանցից մեկն էլ Անին է: Սակայն ինտերնետով իրարից բոլորովին տարբերվող գիտելիքներ է մատուցվում Անիի ավերակների մասին: Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է դարձել, գիտական ուսումնասիրությունների լույսի ներքո, պաշտոնական կայքէջի միջոցով գիտելիքի աղտոտվածության մաքրումը: Միաժամանակ Անիի ավերակները մեր երկրի պատմական արժեքների կարեւոր մասն են, ուստի դրանց ճանաչողությունը կարեւոր առաջադրանք է մեզ համար: Դրանից ելնելով` մենք էլ գլխավոր վարչության գիտելիքների տեխնոլոգիաների բաժնում բացեցինք այս կայքէջը»:

2 responses so far

2 մեկնաբանություն

  1. «Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունըգրել է 17 Դեկտեմբեր 2008թ.-ին, ժամը 13:45

    Կարելի է Անին վերանվանել «Անը», սակայն քաղաքի ավերակները դրանով թուրքական մշակութային արժեք չեն դառնա:

    Հայկական մշակութային արժեքների նկատմամբ Թուրքիայի անհանդուրժողականությունն ակնհայտ է: Ավելի քան ակնհայտ են թուրքական իշխանությունների` հայկական դավադրության որոնումները: Խնդիրը, սակայն, ոչ այնքան այդ անհանդուրժողականությունն ու որոնումներն են, որքան դրանց համադրումը եւ Հայոց երբեմնի մայրաքաղաք Անիի ավերակների դեմ կիրառումը: Ընդ որում, այս ավերակները համաշխարհային մշակութային ժառանգության նմուշ են: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է Անին «Անը» վերանվանելու Թուրքիայի մշակութային նախարարության նկրտումներին, որոնց հեգնանքով արձագանքել է թուրքական «Ռադիկալ» թերթը:

    «Ռադիկալի» հոդվածում կան մի շարք անճշտություններ: Կարեւորը, սակայն, թերթի արձագանքն է Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության` Անիի հայկական անցյալը քողարկելու նախաձեռնությանը, որն իրականացվում է մշակութային արժեքների եւ թանգարանների գլխավոր վարչության http://www.ani.gov.tr կայքէջի միջոցով:

    Քանի որ արձագանքելիս «Ռադիկալը» քննադատում է նախարարությանը, ուստի քննադատությամբ հասարակական քննարկման առարկա է դարձնում Անիի պատկանելիության հարցը եւ նպաստում քաղաքի հայկական անցյալը պաշտոնապես քողարկելու նկրտումների բացահայտմանը երկրում: Դրա հետ բացահայտվում են նաեւ այն «գիտնականների» անունները, որոնց աշխատությունների կամ եզրակացությունների հիման վրա պատրաստվել են կայքէջի` «Ուրվագծեր Անի քաղաքի պատմության», «Ինչպե՞ս պետք է անվանել Անին» բաժինները:

    Վերջին բաժնում տեղադրված են մշակութային արժեքների եւ թանգարանների գլխավոր վարչության գիտական խորհրդի 2007-ի նոյեմբերի 2-ին գումարված նիստի արձանագրություններն ու եզրակացությունը: Ըստ գիտխորհրդի եզրակացության` Անին կարելի է հավասարապես անվանել «Անը», որովհետեւ Օրխոնյան գրավոր հուշարձաններում հիշատակվում է «Անը սուբի» (Անը գետ) մասին, պարսկական, արաբական, օսմանյան աղբյուրներն այդ տարբերակն են օգտագործում եւ այդպես է անվանում շրջանի բնակչությունը: Եզրակացությունը հիմնավորվում է Ֆահրեթդին Քըրզըօղլուի եւ Քյազիմ Կարաբեքիր փաշայի գրքերով:

    Նախ պետք է ասել, որ 8-10-րդ դդ. Օրխոնյան հուշարձանները հայտնաբերվել են Մոնղոլիայի տափաստաններում. արաբերեն եւ պարսկերեն լեզուները «ը» հնչյունը չունեն, հետեւաբար այբուբենում չեն կարող «ը» տառն ունենալ: Շրջանի թուրք բնակչությունը հիմք չէ եզրակացության համար, որովետեւ նրա նախնիներն` ի դեմս սելջուկների, ընդամենը ավերել են քաղաքը, կամ մզկիթի վերածել Անիի եկեղեցիները, ինչպես ասենք` Մայր տաճարը, որին կայքէջը ներկայացնում է նաեւ իբրեւ «Ֆեթհիյե» մզկիթ: Անին որեւէ առնչություն չունի թուրքական, առավել եւս սելջուկյան մշակույթի հետ, այն առումով, որ քոչվոր սելջուկները Հայկական լեռնաշխարհ են ներթափանցել 11-րդ դարի կեսերին, իսկ նստակյացության սկսել են անցնել 13-րդ դարի վերջին միայն: Այսինքն նրանցը քոչվորական մշակույթ էր: Ինչ վերաբերում է Ֆահրեթդին Քըրզըօղլուին ու Քյազիմ Կարաբեքիրին, ապա նրանցից առաջինի «գիտական» գործունեության գլխավոր նպատակը ոչ միայն Անիի հայկական պատկանելիության քողարկումն է եղել, այլեւ հայերի հետքի իսպառ վերացումը, ընդ որում` Հայկական լեռնաշխարհի ողջ տարածքում, իսկ երկրոդը` որպես հայ ժողովրդի դահիճ, այնքան է հպարտացել իր դերով, որ գրի է առել «Ինչպես ոչնչացրի Հայաստանը» գիրքը:

    Ի դեպ, «անը» բառը թուրքերեն է, «հուշ» կամ «հիշողություն» է նշանակում: Ակնհայտ է, որ «Անին» աշխարհին իբրեւ «Անը» ներկայացնելու դեպքում, ինչի մասին նշում է կայքէջը, քաղաքն ինքնաբերաբար դառնում է «թուրքական», վերանում է դրա հայկական պատկանելիությունը քողարկելու անհրաժեշտությունը եւ Թուրքիան ակամա ձերբազատվում է քողարկման տհաճ պարտականությունից: Այսինքն, քաղաքի այսպես կոչված «Անը» թուրքական անունը եւ՛ օրինականացնում է քաղաքի հայկական պատկանելիության քողարկումը, եւ՛ արդարացնում քողարկման թուրքական նկրտումները: Արդարացման պայմաններում Թուրքիան ստանում է Անիի ավերակներն աշխարհին, եթե ոչ թուրքական, ապա գոնե անատոլիական մշակութային ժառանգության տեսքով ներկայացնելու հնարավորություն:

    Որքանո՞վ դա կհաջողվի, ցույց կտա ժամանակը: Բայց որ Թուրքիայում Անիի պատկանելիությունը քողարկելու դրսեւորումները նորություն չեն, ակնհայտ է: Ի վերջո Անիի ավերակները մինչեւ 2004 թիվը ռազմական փակ գոտի էին: Թեեւ նախարարների խորհրդի որոշումով նրանք դուրս էին բերվել այդ գոտուց (որոշումը հաստատել էր թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբը), բայցեւայնպես, ավերակներ այցելելու համար Կարսի նահանգապետարանի հատուկ թույլտվությունն էր պահանջվում:

    Թուրքիայում ամենեւին նորություն չէ նաեւ գյուղերի, քաղաքների, նույնիսկ նահանգների անվանափոխությունը: Այդ նպատակով պետականորեն ստեղծված Անվանափոխության մասնագիտական հանձնաժողովը միայն 1957-1978 թթ. փոփոխության է ենթարկել 75 հազար բնակավայրերից 28 հազարի անունները, որոնցից 12 հազարը գյուղեր են: Ընդ որում, կատարվող փոփոխությունները պաշտոնապես հիմնավորվել են «տեղանունների ոչ թուրքական ծագումով» եւ դրանք պայմանավորվել են «երկրի միասնականությունն ու ամբողջականությունն ամրապնդելու», ինչպես նաեւ «անջատողականության դրսեւորումները կանխելու» անհրաժեշտությամբ:

    Հայկական տեղանունների նկատմամբ թուրքական իշխանություններն առանձնահատուկ վերաբերմունք են ցուցաբերել: Այդ տեղանունների անվանափոխությունը սկսել է Թուրքիայում հանրապետական կարգերի հռչակման (1923-ի հոկտեմբերի 29) առաջին իսկ օրից, համատարած բնույթ է ստացել 30-ականներին: Անվանափոխությունից չեն խուսափել նաեւ հնամենի վանքերն ու եկեղեցիները: Դրա, թերեւս, վառ օրինակը Վանա լճի Աղթամար կղզու Սբ. Խաչ հրաշակերտ եկեղեցին է, որի «Աքդամար» թուրքական անունը «սպիտակ երակ» է նշանակում:

    Եթե Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցին չի արժանացել մինչեւ 1915-ի ցեղասպանությունը ժամանակակից Թուրքիայի տարածքում գործող ավելի քան 2500 հայկական եկեղեցիների եւ վանքերի ճակատագրերին, ապա միայն այն պատճառով, որ համաշխարհային մշակութային ժառանգության նմուշ է եղել: Այդպիսի նմուշ են նաեւ Անիի ավերակները: Որքան էլ Թուրքիայի Հանրապետությունը, հայկական հետքը երկրի տարածքում, առավել եւս` Արեւմտահայաստանում ջնջելու նպատակով, պետականորեն կազմակերպի դեռեւս 1915-ին կոպողտվելու պատճառով կիսաավեր վիճակում հայտնված հայկական վանքերի եւ եկեղեցիների հետագա ավերումը, որպեսզի ավերակներն էլ վերանան, ակնհայտ է, որ համաշխարհային մշակութային ժառանգության նմուշների ոչնչացումը հանգեցնելու էր միջազգային հակազդեցության:

    Թերեւս դա է պատճառը, որ թուրքական իշխանությունները խնայել են Անիի ավերակները, սակայն, հայտարարելով ավերակների վայրը ռազմական փակ գոտի, դրանք խնամքով քողարկել են աշխարհից: Ավելին, երբ նպատակահարմար չի եղել հուշարձանի իսպառ ոչնչացումը, ապա պատկանելիությունը քողարկելու նպատակով հուշարձանն է քողարկվել:

    Քողարկման վառ օրինակն էլ Անիի ավերակների ընդգրկումն էր ռազմական փակ գոտում: Քանի որ այդ գոտիները չեն կարող հավերժ պահպանվել, ուստի կասկածի տակ է դրվում նաեւ հուշարձանի քողարկման նպատակահարմարությունը: Այս պայմաններում թուրքական իշխանությունները նախընտրում են ոչ թե հուշարձանը քողարկել, այլ` ենթարկել անվանափոխության, ինչպես Անիի ավերակներն են ենթարկվում:

    Անիի վերանվանումը «Անը» հայերի եւ հայկական արժեքների նկատմամբ Թուրքիայի անհանդուրժողականության հերթական դրսեւորումն է, որի հիմքում թերեւս «հայկական դավադրության» որոնումներն են: Եթե այդ անհանդուրժողականությունը պետականորեն դրսեւորվում է նաեւ որեւէ պատմական հուշարձանի ավերակների նկատմամբ, նշանակում է` երկրում ավերակների առկայությունն անգամ դավադրություն է համարվում իշխանությունների համար, հատկապես` հայկականի պարագայում:

  2. Gerasգրել է 17 Դեկտեմբեր 2008թ.-ին, ժամը 15:58

    Анис айскан мот, Анис шат hеру…. орериц ми ор, тун е дарналу.