Dec 20 2008
Մտահոգող Թայիփ Էրդողանը
Տպել այս հոդվածը«Էկոնոմիստ», 27 նոյեմբերի 2008թ.
Աղբյուրը` (The Economist)
Մի ժամանակ Թուրքիայի վարչապետը խոստանում էր խոշոր բարեփոխումներ կատարել` իր երկիրը Եվրամիությանը մոտեցնելու համար: Թվում է` նա այլևս ջանքեր չի գործադրում դրանք ավարտին հասցնելու համար:
Երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP) դժվարությամբ խույս տվեցին հուլիսին կուսակցության հետագա գործունեությունն արգելող` Սահմանադրական դատարանի որոշումից, ամենամեծ հարցն այն էր, թե որ Էրդողանը կգա առաջին պլան` ոչ-գաղափարական գործնապա՞շտը, որի համարձակ բարեփոխումներն օգնեցին Թուրքիային ապահովել Եվրամիության անդամակցության բանակցությունների մեկնարկը 2005թ.-ին, թե՞ դոգմատիկ և անկանխատեսելի առաջնորդը, որը 2007թ. ընտրություններում տարած հաղթանակից հետո, փորձելով մեղմել համալսարաններում իսլամական ոճի գլխաշորեր կրելու արգելքը, պարզապես սադրեց ամեն ինչին միջամտող թուրք գեներալներին, որոնք միշտ ձգտում են քայքայել AKP-ն` վերջինիս իսլամիստական արմատների պատճառով:
Պրն Էրդողանի տարօրինակ պահվածքը դրսևորվեց ԱՄՆ կատարած նրա վերջին այցելության ժամանակ: Երբ Վաշինգտոնում նրան խնդրեցին Իրանի միջուկային նկրտումների վերաբերյալ տեսակետ հայտնել, նա կտրուկ պատասխանեց, թե «նրանք, ովքեր միջուկային զենք ունեն, իրավունք չունեն մյուսներին ասել, թե նրանք չպետք է այն ձեռք բերեն»: Այս արտահայտությունը դուր չեկավ ամերիկացի պաշտոնյաներին, որոնց հիշողությունում դեռ թարմ է այն, որ 2003թ. մարտին Թուրքիան ԱՄՆ-ին թույլ չտվեց օգտագործել իր տարածքն` Իրաքի դեմ երկրորդ ճակատ բացելու համար: Ավելին` վերջերս Թուրքիայի և Իրանի միջև գազային պայմանագիր կնքվեց: Չնայած 2003-ից մինչև հիմա Թուրքիայի աջակցում է Իրաքի հարցում (ոչ ռազմական ապրանքների 70%-ն ամերիկյան զորքին մատակարարվում է Թուրքիայի տարածքով), ինչպես նաև` Աֆղանստանում (որտեղ Թուրքիան 1200 զինծառայող ունի)` ԱՄՆ-ը շարունակում է նոր հարցեր առաջադրել Թուրքիայի` որպես արևմտյան դաշնակցի վստահելիության վերաբերյալ:
Մեկ այլ որոտաբեր ամպ է կուտակվում Ամերիկայի հայ համայնքի պահանջի շուրջ. վերջինիս անդամների մեծ մասը լրջորեն սատարել են Բարաք Օբամայի ընտրությանը նախագահի պաշտոնում, և նրանք պահանջում են, որ Օբաման հավատարիմ մնա իր սենատորության ընթացքում հայտնած տեսակետին, թե 1915թ.-ին Օսմանյան կայսրության հայերի կոտորածը պետք է համարել «ցեղասպանություն»: Հայերի հետ հաշտվելու Թուրքիայի վերջին ջանքերը, որոնց դրդապատճառը որոշ առումով Թուրքիայի հույսն է` կանխելու Օբամայի վարչակազմի կողմից Ցեղասպանության պաշտոնական ճանաչումը, կարծես թե մեծ առաջընթաց չեն գրանցում: Արևմտյան որոշ դիվանագետներ սա վերագրում են ճնշմանը, որ սփյուռքի ‹‹բազեները›› գործադրում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ:
Բայց ամենից շատ պրն Էրդողանը տանն է մտահոգության տեղիք տալիս: Հույս կար, որ դատական քաշքշուկները հաղթահարելուց հետո, վարչապետը կվերսկսի երկար ժամանակ հետաձգված քաղաքական և տնտեսական բարեփոխումները: Փոխարենը նա որդեգրել է հարաճուն ազգայնական գիծ: Խոսակցություններ կան, թե նա Թուրքիայի գլխավոր շտաբի նոր պետ, քաղաքական կոշտ գծի հարող Իլքեր Բազբուգի հետ գործարք է կնքել, ըստ որի պրն Էրդողանը խոստացել է սառեցնել բանակի իշխանության թուլացմանն ուղղված բարեփոխումները, փոխարենն իր կուսակցությունն այլևս չպետք է դատական հարձակումների ենթարկվի:
Պրն Էրդողանի նոր մոտեցումը հատկապես ակնհայտ էր այս ամիս գերազանցապես քրդերով բնակեցված Հակարի քաղաքում ունեցած նրա ելույթում: Արձագանքելով քրդական շրջանը հյուծած բողոքների արյունալի ալիքին` նա առաջարկեց, որպեսզի նրանք, ովքեր իրենց երջանիկ չեն զգում, «գնան` ուր ուզում են»: Քուրդ անկախ քաղաքական գործիչ Իբրահիմ Գյուջլուի խոսքով` «այլ կերպ ասած` նա ասում է` թող քրդերը հեռանան»: Սա շատ տարբեր է երեք տարի առաջ Դիարբեքիրում պրն Էրդողանի այն հեղափոխական ելույթից, որում նա ընդունեց, որ թուրքական պետությունը քրդերի նկատմամբ սխալներ է գործել:
Այժմ նա ավելի քիչ է զսպում անջատական քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) դեմ արշավը, որը բանակն սկսել է դեռ 34 տարի առաջ: Երբ թուրքական «Թարաֆ» լիբերալ թերթը բացահայտեց, որ ՔԲԿ-ի վերջին հարձակման ժամանակ Հակարիի պահակակետում 17 զինծառայողի մահվան համար մեղավոր է բանակի անփութությունը, Էրդողանը հետաքննություն անցկացնելու հրաման չտվեց, փոխարենը հարձակվեց թերթի վրա: Նրա խորհրդականները հայտարարել են, թե Իսրայելն ու ԿՀՎ-ն են մեղավոր «Թարաֆում» տպագրված տեղեկության` հետախուզական զեկույցներից արտահոսքի համար:
Միաժամանակ, կանգ են առել ԵՄ անդամակցության հեռանկարով ներշնչված նոր սահմանադրության մշակման աշխատանքները: Գործող Սահմանադրությունը 1980թ. ռազմական հեղաշրջումից հետո մշակել էին բանակի գեներալները: Ավելի հաճախակի են դառնում ոստիկանության կողմից խոշտանգումների և չհետաքննվող սպանությունների մասին տեղեկությունները: Թուրքիայի լիբերալ ինտելիգենցիան, որը երկար ժամանակ հետևողականորեն աջակցում էր պրն Էրդողանին, դժգոհում է, ինչպես և Եվրահանձնաժողովը: Պրն Էրդողանն արձագանքել է` կառավարության գործունեությունը լուսաբանող մի քանի լրագրողների հավատարմագրերից զրկելով: Այս ամենը հարստացնում է ԵՄ այն անդամների զինանոցը, որոնք երբեք չեն ցանկացել, որ Թուրքիան միանա իրենց ակումբին:
Պրն Էրդողանն իր ընտրական հաջողության համար մեծամասամբ պարտական է իր պաշտոնավարման ընթացքում գրանցված տնտեսական աննախադեպ կայունությանը: Անշեղորեն հետևելով ԱՄՀ-ի խորհուրդներին` Թուրքիան կտրուկ բարձրացրեց օտարերկյա ներդրումների մակարդակը, սանձեց ինֆլյացիան և նվազեցրեց բյուջեի դեֆիցիտը: Սակայն ԱՄՀ-ի աջակցության մասին համաձայնագրի ժամկետը լրացավ մայիսին: Ու թեև էկոնոմիկայի նախարար Մեհմետ Սիմսեկը պարբերաբար ակնարկում է, թե այն պետք է երկարացվի, գործարքի հետագա ճակատագիրը մնում է անորոշ: Օտարերկրյա ներդրողները, որոնց պատկանում է Ստամբուլի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի 70%-ը, հեռանում են, իսկ այս տարի լիրան ավելի քան մեկ-երրորդով արժեզրկվել է դոլարի նկատմամբ: ՀՆԱ-ի աճը կտրուկ նվազել է` կազմելով ավելի քիչ քան 2%: Թուրքիայի ընթացիկ հաշվի հսկայական դեֆիցիտն այս երկիրն ավելի խոցելի է դարձնում` շատ այլ զարգացող շուկաների համեմատությամբ: Թեև առայժմ այն համեմատաբար անվնաս է համաշխարհային ֆինանսական հիվանդությունից, սակայն դա պարզապես ժամանակի խնդիր է` այն ևս «կվարակվի այդ վիրուսով»,- ասում է Ստամբուլի բանկիրներից մեկը:
Պրն Էրդողանի համակիրները պնդում են, որ կառավարության անտարբերությունը հիմնականում կապված է հաջորդ տարվա մարտին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ: ԱՄՀ-ի հետ գործարքը կօգներ խուսափել նախընտրական ծախսերի աճից: Քրդերի հանդեպ չափազանց բարի վերաբերմունքը կարող էր ուժեղացնել ազգայնական ընդդիմության դիրքերը` ՔԲԿ-ի աստիճանաբար մեծացող ահաբեկչության սպառնալիքի պայմաններում: «Երբ ընտրություններն ավարտվեն, դուք կտեսնեք հին AKP-ին»,- խոստանում է Դիարբեքիրից AKP կուսակցության պատգամավոր Աբդուրահման Քուրտը:
Բայց այսպիսի խոստումների ճշմարտացիությունն արդեն կասկած է հարուցում: 2007թ.-ին, երբ պրն Էրդողանը երկրորդ անգամ իշխանության եկավ ձայների էլ ավելի մեծ առավելությամբ, նա խոստացավ ձեռք մեկնել բոլոր թուրքերին, «ներառյալ նրանց, ովքեր իմ օգտին չեն քվեարկել»: Այժմ թվում է` այդ ընտրողներին նա օտարում է իրենից: Ու քանի որ կոռուպցիան նույնպես սկսում է վարակել AKP-ի շարքերը, այն սկսում է նմանվել այն հին ու հոգնած կուսակցություններից շատերին, որոնց նա տապալեց ընտրություններում:
Comments Off on Մտահոգող Թայիփ Էրդողանը