Dec 22 2008

Արա Սարաֆյան. Թուրքական մերժողական լրատվամիջոցների սիրելին

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«ՅուԷսԷյ Արմենիան Լայֆ», 12-18 դեկտեմբերի 2008թ.
Աղբյուրը` (USA Armenian Life Magazine)
Աբո Ջաբարյան, գլխավոր հրատարակիչ, գլխավոր խմբագիր
(Appo Jabarian Executive Publisher and Managing Editor)

Լոնդոնի Կոմիտասի անվան ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանը դարձել է թուրքական մերժողական լրատվամիջոցների սիրելին: Հայոց Ցեղասպանության հարցում իր մերժողական դիրքորոշումով հայտնի աշխարհիկ, պահպանողական-ազգայնական թուրքական «Hürriyet» («Ազատություն») օրաթերթի նոյեմբերի 24-ի համարի գլխագրում պրն Սարաֆյանի հակահայկական արտահայտությունն էր. «Չենք կարող Հայոց Ցեղասպանությունը համեմատել Ողջակիզման (Holocaust) հետ: Նրանք, ովքեր տեղահանվեցին իրենց երկրից, շատ տառապեցին, բայց կենդանի մնացին»:

Պրն Սարաֆյանը խոսում է ավելի շատ մերժողական թուրքի, քան իր ժողովրդի նկատմամբ արդարության վերականգնման համար պայքարին նվիրված հայի նման: Իրականում, Հայոց Ցեղասպանությունն իսկապես տարբերվում է հրեաների Ողջակիզումից: Եթե հրեաներին խմբերով սպանում էին օտար երկրներում` Գերմանիայում և վիշիական Ֆրանսիայում, հայերը սիստեմատիկ կերպով ոչնչացվում էին իրենց նախահայրերի հողերում` Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում: Բայց ցավոք սրտի, պրն Սարաֆյանը չի շեշտում դա: Նա փաստորեն ասում է, որ թուրքերի կողմից բռնազավթված Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում Ցեղասպանություն տեղի չի ունեցել:

Եթե սա Անկարայի հովանավորությամբ դեպի թուրքական արխիվներ կատարած նրա բազմաթիվ ուղևորությունների արդյունքն է, ուրեմն կարելի է ենթադրել, թե հայերին ինչ է սպասվում թուրքերի առաջարկած` հայ և թուրք պատմաբաններից կազմված հանձնաժողովից, որն ինքնահռչակ հաշտարար Սարաֆյանն այդքան մեծ խանդավառությամբ առաջարկում է «Հուրիեթ»-ի հոդվածում:

Պրն Սարաֆյանին ու նրա համակիրներին պետք է հիշեցնել, որ Անկարան վաղուց պատրաստ է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը` պայմանով, որ Հայաստանի և Սփյուռքի հայերը չպահանջեն վերադարձնել թուրքերի բռնազավթած հայկական տարածքները:

Առաջարկելով ստեղծել պատմաբանների «համատեղ հանձնաժողով»` Թուրքիան փաստորեն ծրագրում է թուլացնել Սփյուռքի քաղաքական ձեռքբերումները և Ցեղասպանության միջազգային ճանաչումը մտցնել «սա ասաց, նա ասաց» կարգի քաղաքական փակուղի, որը Սփյուռքի բոլոր ձեռքբերումները կարող է շրջել հօգուտ մերժողական Անկարայի: Ցավով պետք է նշեմ, որ թվում է, թե Սարաֆյանը լիովին պատրաստ է գործիք դառնալ այս մերժողականների ձեռքին:

Սարաֆյանը նաև նշել է, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկը Հայաստանին` Հայկական հարցը լուծելու նպատակով ստեղծել պատմաբանների հանձնաժողով, դրական է, սակայն Հայաստանը սխալ հասցեատերն էր: Հարցի լուծումը պետք է սկսվի Սփյուռքից:

Մերժողական Թուրքիայի իշխանական ապարատը գիտեր դա, բայց չգիտեին և հաճելիորեն զարմացան, երբ իմացան, որ այդ «հսկայական և ազդեցիկ Սփյուռքում» կա մի անդամ, որը պատրաստ է դավաճանել իր ժողովրդի Դատը:

Որոշ ժամանակ Անկարան ջանասիրաբար փորձում է հավաքագրել Սփյուռքի որոշ տարրերի, որոնք պատրաստ են սեփական հողերը «ձիու» դիմաց վաճառել:

Ֆրանսիա մեկնելուց մի քանի օր առաջ այցելեցի Հոլիվուդում (Կալիֆոռնիա) ջերկիի («ապուխտ» կամ «բաստուրմա») արտադրությամբ զբաղվող մի հայի: Ապխտագործը («բաստուրմայագործը») ուրախությամբ պատմեց, որ շատ հպարտ է, որովհետև Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսն այցելել է իր խանութը, գնել մի քանի ջերկի և «համբուրել» իր ձեռքը: Ես նրան ասացի. «Եթե Սփյուռքում իրադարձությունները շարունակեն զարգանալ այնպես, ինչպես մինչև հիմա է եղել, և հայերը շարունակեն ամրապնդել իրենց քաղաքական և տնտեսական ուժը, մի օր նա կհամբուրի նաև Ձեր մարմնի մյուս մասերը»:

Թվում է, թե Արա Սարաֆյանն արդեն այս «համբույրները» ստացած սակավաթիվ սփյուռքահայերից մեկն է:

Ի տարբերություն Սարաֆյանի ու նրա մերժողական ձեռնածուների` բոլորովին վերջերս Թուրքիայի ականավոր պահպանողական պատմաբաններ և այլ մտավորականներ հրապարակավ ներողություն են խնդրել 1915թ. Հայոց Ցեղասպանության համար, թեև պետությանը չեն հորդորել նույն բանն անել:

Արդարամիտ պատմաբան Այշե Հյուրն ասաց, որ ներողություն խնդրելը բոլոր նրանց պարտքն է, ովքեր պատսխանատու են այդ գործողության համար, կամ ովքեր համամիտ են վերջիններիս փաստարկների հետ: «Թվում է, թե շատ էլիտար մի խումբ է քննարկել այդ խնդրագիրը, որովհետև դրա մասին ես տեղեկացա մամուլից և զարմացա… Այս տեսակի իրադարձություններին ես մոտենում եմ գիտնականի, պատմաբանի, այլ ոչ թե` թուրք ազգի ներկայացուցչի տեսանկյունից: Ինձ համար բոլոր այս դեպքերն այն ժամանակ ծաղկում ապրող թուրքական ազգայնականության սխալներն են, և ես ինձ դրա հետ չեմ նույնացնում, հետևաբար չեմ կարծում, թե անձամբ ներողություն խնդրելու կարիք ունեմ»: («Դեյլի Զաման», 9 դեկտեմբերի):

Նա նաև ընդգծեց, որ խնդրագրի հեղինակները կենտրոնանում են միայն 1915թ. դեպքերի վրա, մինչդեռ դրանց հաջորդած և նախորդած դեպքեր էլ են եղել: «Պետական ավանդույթի համաձայն` բոլոր այս իրադարձությունները օրինականացվում են, և դրանց շուրջ որևէ քննարկում կասեցվում է: Առաջին հերթին, պետությունն այս ամենի քննարկման համար պետք է համապատասխան մթնոլորտ ապահովի, ապա` ներողություն խնդրի դրանք իրականացնողների ու իր անունից, որովհետև տարիներ շարունակ օրինականացրել է նրանց գործողությունները»:

Այս պատճառով, առաջին հերթին, Թուրքիան պետք է թուրք-թուրքական համատեղ հանձնաժողով ձևավորի, որը կազմված կլինի ցեղասպանությունն արդեն ճանաչող և այն մերժող թուրք գիտնականներից: Երբ թուրքերը համաձայնության գան Ցեղասպանության հարցի շուրջ, այդ ժամանակ միայն արդարացված կլինի հայ-թուրքական համատեղ հանձնաժողովի ստեղծումը, որը կձևակերպի լուծման տարբերակները` զոհերի կրած նյութական և բարոյական հսկայական կորուստները փոխհատուցելու, ինչպես նաև, Սևրի պայմանագրի համաձայն` Թուրքիայի կողմից Արևմտյան Հայաստանի հողերը վերադարձնելու վերաբերյալ:

One response so far

1 մեկնաբանություն

  1. Թաթուլ Հակոբյանգրել է 06 Փետրվար 2009թ.-ին, ժամը 08:16

    Նախապես ասեմ, որ անձամբ չեմ ճանաչում ո’չ Արա Սարաֆյանին, ո’չ Աբո Ջաբարյանին, թեեւ հետեւել եմ ինչպես Սարաֆյանի որոշ հոդվածներին, այնպես էլ ստանում եմ եւ թերթում Ջաբարյանի խմբագրած շաբաթաթերթը: Ինձ միշտ զարմացնում է, երբ որոշ հայ հեղինակներ կարեւորը թողնում են եւ ընկնում ոչ այնքան կարեւորի հետեւից:

    Ինձ զարմացնում է, որ Սարաֆյանին քննադատող հեղինակները երկյուղում են նախ եւ առաջ քննադատել Հայաստանի գործող իշխանությունների քաղաքականությունը Թուրքիայի հետ հարաբերություններում:

    Ի վերջո, Սարաֆյանը ազատ մարդ է, կարող է շատ բան ասել եւ գրել, այլ բան, որ ինձ կամ մյուսներին կարող է դառնություն պատճառել:

    Հարգարժան հայրենակիցներ, քննադատե’ք նախ եւ առաջ Հայաստանի գործող իշխանությունների եւ նախագահ Սերժ Սարգսյանի թուրքական քաղաքականությունը:

    Եթե չեք հետեւել նախագահ Սարգսյանի ելույթներին, հարցազրույցներին, որոնք վերաբերում են Թուրքիային, ես պատրաստ եմ տրամադրել:

    Ես, որպես հայ լրագրող, տասնյակ քննադատական հոդվածներով քննադատել եմ Հայաստանի գործող իշխանությունների թուրքական քաղաքականությունը, այդ պատճառով եմ ինձ իրավունք վերապահել մասնակցել այս բանավեճին:

    Հուսամ, որ համարձակություն կունենաք Արա Սարաֆյանի հետ քննդատել նաեւ Սերժ Սարգսյանին եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, ով յուրաքանչյուր ասուլիսում քննդատելու արժանի հայտարարություններ է անում:

    Հիշեցնեմ, որ Արա Սարաֆյանը Լոնդոնում բնակվող հայ պատմաբան է ընդամենը, իսկ Սարգսյանը եւ Նալբանդյանը, ովքեր համաձայն են հայ-թուրքական հանձնաժողով ստեղծելուն, Հայաստանի առաջին դեմքերն են:

    Հարգանոք` Թաթուլ Հակոբյան