Dec 24 2008
Զեկույցը պնդում է Թուրքիայում ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտումների մասին
Տպել այս հոդվածը«Վոյս օվ Ամերիկա», 5 դեկտեմբերի 2008թ.
Աղբյուրը` (Voice of America)
Դորիան Ջոնս (Dorian Jones)
Ամերիկյան «Հյումն Ռայթս Ուոթչ» (Human Rights Watch) մոնիթորինգ խումբը հրապարակել է Թուրքիային քննադատող մի զեկույց, պնդելով, որ այնտեղ աճել են ոստիկաների կողմից իրականացվող բռնությունները, որոնք անպատիժ են մնում, հաղորդում է Դորիան Ջոնսը, Ստամբուլից։
«Վերահսկողության ցածր մակարդակը խոչընդոտում է Թուրքիայում ոստիկանների կողմից կիրառվող բռնության դեմ պայքարը» վերնագրով զեկույցում վկայակոչվում է 2007-ից ի վեր ոստիկանների կողմից չարաշահումների քսանութ դեպք։ Դեպքերը ներառում են ոստիկանների կողմից` մահվան ելքով և ոչ մահվան ելքով կրակոցների, ինչպես նաև ցույցերի ժամանակ, «Հյումն Ռայթս Ուոթչ»-ի որակմամբ` «բռնության չարաշահման» մասին տեղեկություններ։
«Հյումն Ռայթս Ուոթչ»-ի գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը նշում է, որ Թուրքիայի` վերջին տարիներին գրանցած առաջընթացի հետ մեկտեղ, վերջին տվյալներն անհանգստացնող միտումների մասին են խոսում։
«Թուրքիան երկար ճանապարհ է անցել` ոստիկանական բաժանմունքներում իրականացվող խոշտանգումների քանակը նվազեցնելու համար։ Սակայն մենք նկատել ենք, որ բռնություններն աճել են բաժանմունքներից դուրս, այն է՝ ցուցարարների հետ գործ ունենալիս, ոստիկանությունը բռնություն է կիրառում փախուստի դիմող կասկածյալներին ձերբակալելիս, կամ նույնիսկ` կասկածյալին հարցաքննելու նպատակով կանգնեցնելիս», նշում է նա։
Զեկույցը մատնանշում է մահվան ելքով ուժի կիրառման նկատմամբ անբավարար վերահսկողության մասին
Զեկույցն ընդգծում է, ինչպես «Հյումն Ռայթս Ուոթչ»-ն է ասում` թուրքական ոստիկանության և անվտանգության ուժերում տիրող անպատասխանատվության մշակույթի մասին։ Այն նաև տեղեկացնում է, որ մահվան ելքով ուժի կիրառման նկատմամբ վերահսկողությունն անբավարար է, և կոչ է անում սահմանել հստակ ընթացակարգեր: Առաջարկությունների թվում է նաև ոստիկանության կողմից իրականացվող չարաշահումները հետաքննող անկախ մարմնի ստեղծումը:
Քենեթ Ռոթը նշում է, որ Թուրքիայի կառավարության արձագանքը զեկույցին միանշանակ չէր:
«Ներքին գործերի նախարարի մակարդակով մենք ստացանք բավականին դրական արձագանք, որը ցույց է տալիս, թե կա խնդրի գիտակցում և այն լուծելու վճռականություն։ Սակայն մյուս կողմից, ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որին մենք հանդիպեցինք, պետնախարար և փոխվարչապետ [Չեմիլ] Չիչեկն էր, որն, ըստ էության` պատասխանատու է մարդու իրավունքների համար։ Սակայն ինձ համար պարզ չէր` նա պատասխանատու է մարդու իրավունքների պաշտպանությա՞ն, թե՞ դրանց ոտնահարման համար, քանզի նա լիովին արհամարհական վերաբերմունք ցուցաբերեց մեր բարձրաձայնած մտահոգությունների նկատմամբ»,- ասում է Ռոթը։
Շատ փորձագետներ նշում են, որ «Հյումն Ռայթս Ուոթչ»−ի այս վերջին զեկույցը կթեժացնի Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանավեճերը։ Այս շաբաթվա սկզբին Եվրախորհրդարանը քննարկել է Թուրքիայի անդամակցության հարցով նախնական մի զեկույց, որտեղ անհանգստություն է հայտնվում, թե Եվրամիության առաջադրած բարեփոխումների առաջընթացը կանգ է առել:
Comments Off on Զեկույցը պնդում է Թուրքիայում ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտումների մասին