Jan 15 2009
Հայերի ու վրացիների անսուրբ վիճաբանությունը եկեղեցու շուրջ
Տպել այս հոդվածը«Էյ Էֆ Փի», 30 դեկտեմբերի 2008թ.
Աղբյուրը` (AFP)
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հին թաղամասի ցաքուցրիվ տների ու գլաքարերով սալիկապատված փողոցների միջև մեկ ընդհանուր ձնածածկ բակում կողք-կողքի քարե երկու եկեղեցիներ են կանգնած:
Մեկը վրացական ուղղափառ Ջվարիս Մամա եկեղեցին է, որը կենդանի են պահում ծխականներն ու այնտեղ վառվող մոմերը: Հարևանը` Նորաշենի եկեղեցին, կանգնած է միայնակ ու կողպված:
Մոտավորապես յոթ տասնամյակ չօգտագործվող Նորաշենի եկեղեցին կանգնած է հայ առաքելական և վրաց ուղղափառ եկեղեցիների միջև երկար ժամանակ գոյություն ունեցող վիճաբանության ակունքներում:
Վերջին շաբաթների ընթացքում այս վեճը կրկին բորբոքվեց` էթնիկ լարվածություն առաջացնելով Վրաստանում, որը դեռ ուշքի չի եկել Ռուսաստանի հետ օգոստոսյան պատերազմից, որ տեղի ունեցավ Հարավային Օսիայի համար, որտեղ էթնիկ օս անջատականները 1990-ականների սկզբին դուրս եկան Վրաստանի վերահսկողությունից:
Երկու եկեղեցիների միջև սեփականության շուրջ վեճեր հաճախ են պատահում, սակայն Նորաշենի եկեղեցու դեպքը խորհրդանշում է այն, ինչը տեղի հայ համայնքի որոշ անդամներ անվանում են ավանդական հայկական եկեղեցիների «վրացականացում»:
Հայ փորձագետներն ասում են, որ Նորաշենի եկեղեցին կառուցվել է 15-րդ դարում տեղի հայ համայնքի համար և գործել է մինչև 1930-ականները` փակվելով Խորհրդային Միության հակակրոնական մղումների հետևանքով:
Ըստ վրացական եկեղեցու` չկա համոզիչ ապացույց, որ Նորաշենի եկեղեցին հայկական է եղել, և նրա ծագումը վիճելի է: 1991թ. Խորհրդային Միության փլուզումից հետո եկեղեցու սեփականության իրավունքն անցավ Վրաստանի կառավարությանը, և մինչև հիմա վեճը դեռ չի հարթվել:
Վերջին անգամ վեճը կրկին բորբոքվեց, երբ տեղի հայերը հայտարարեցին, թե Նորաշենի հարևանությամբ գտնվող վրացական եկեղեցու քահանա` հայր Տարիել Սիկինչելաշվիլին փորձել է հայկական տապանաքարերը հեռացնել եկեղեցու գերեզմանատնից:
Վրաստանի հայկական համագործակցության կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Օհանյանի խոսքով` նոյեմբերի կեսերին ինքը տեսել է, որ բուլդոզեր է աշխատում եկեղեցու բակում, որտեղից երկու հայկական գերեզմանաքար է հեռացվել:
Տեղի հայերը հավաքվել են բակում և դիմադրություն ցույց տվել հայր Տարիելին` մեղադրելով նրան եկեղեցու հայկականությունն ապացուցող վկայությունները հեռացնելու փորձ անելում: Ավելի ուշ գերեզմանաքարերը վերադարձվել են, բայց, Օհանյանի խոսքով, տեղի հայերը չեն հավատում, թե դրանք հեռացնելը պատահականություն է եղել:
«Մեծ միամտություն է կարծել, թե նա գործել է միայնակ` առանց իր վերադասի թույլտվության»,- ասում է նա:
Թբիլիսիում հայ ավագ քահանա, հայր Նարեկ Քուշյանի խոսքով` վրացական եկեղեցին այդ շինությունը փորձում է վրացականացնել դեռ 1989թ.-ից:
«Հայր Տարիելը փորձում է զավթել եկեղեցին և ուղղափառ եկեղեցուն բնորոշ տարրեր ավելացնել` դրա ծագման շուրջ կասկածներ առաջացնելու համար»,- ասում է Քուշյանը: «Նա ջնջել է գմբեթի վրայի գրությունը և ոչնչացրել եկեղեցու հայկականությունը վկայող հիմնական բնորոշ հատկանիշները, ինչպես, օրինակ, զոհասեղանը»:
Երբ եկեղեցում մոտեցանք հայր Տարիելին, նա հրաժարվեց մեկնաբանել այս պնդումները:
«Ես պարզապես չափազանց հոգնել եմ այս ամենից»,- ասաց նա: «Արել եմ այնքան, որքան կարող եմ և այժմ միայն կարող եմ աղոթել»:
Վրաց ուղղափառ եկեղեցու խոսնակ Դավիթ Շարաշենիձեի խոսքով` երկու եկեղեցիների միջև սեփականության իրավունքի շուրջ վեճը պետք է լուծի հատուկ հանձնաժողովը:
«Միանշանակ հնարավոր չէ ասել, որ դա հայկական եկեղեցի է, քանի որ հակառակ պնդումներն ապացուցող փաստեր էլ կան»,- ասում է նա: «Վրացական կողմը նույնն է պնդում Հայաստանում գտնվող վրացական եկեղեցիների վերաբերյալ. այս հարցերը պետք է ուսումնասիրվեն և հետազոտվեն գիտնականների կողմից»:
Բայց սա արդեն ոչ միայն կրոնական, այլև քաղաքական վեճ է դարձել:
Վերջին շաբաթների ընթացքում Երևանում ցույցեր են տեղի ունեցել հարյուրավոր հայերի մասնակցությամբ, որոնք բողոքել են Վրաստանում հայկական մշակութային հուշարձանների ենթադրյալ ոչնչացման դեմ:
Խնդիրը բարձրացվեց նաև դեկտեմբերին Հայաստանի վարչապետ Տիգրան Սրգսյանի Վրաստան կատարած այցի ժամանակ: Իր հայ գործընկերոջ հետ հանդիպումից հետո Վրաստանի վարչապետ Գրիգոլ Մգալոբլիշվիլին հույս հայտնեց, որ ոչ մի խնդիր «քաղաքական շահարկումների առարկա չի դառնա», ինչը սեպ կխրի երկու ժողովուրդների հարաբերություններում:
Սա հատկապես ցավոտ խնդիր է Վրաստանում, որտեղ Հարավային Օսիայում, և անջատական մյուս շրջանում` Աբխազիայում, միջէթնիկական հակամարտությունները հազարավոր կյանքեր են խլել:
Աբխազներից և օսերից հետո 250,000-անոց հայ համայնքը 4.3 մլն բնակչություն ունեցող Վրաստանի երրորդ խոշորագույն էթնիկ փոքրամասնությունն է:
Comments Off on Հայերի ու վրացիների անսուրբ վիճաբանությունը եկեղեցու շուրջ