Jan 19 2009

ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը կխաղարկեն նոր «կովկասյան գամբիտը». այս անգամ՝ Ադրբեջանում։

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

‹‹Կոմսոմոլսկայա Պրավդա››, 17 դեկտեմբերի 2008թ.
Աղբյուրը` (Комсомольская Правда)
Դարյա Ասլամովա (Дарья Асламова)

Մեր հատուկ թղթակից Դարյա Ասլամովան Ադրբեջանի նոր իշխող հարստության (դինաստիայի) հիմնադիր, ՊԱԿ-ի նախկին գեներալ, երկրի նախորդ նախագահ եւ ներկայիս նախագահի հայր Հեյդար Ալիեւի հուշարձանի մոտ։

Հարավային Օսիայի պատերազմից հետո Անդրկովկասում նշմարվում է համաշխարհային տերությունների նոր հակամարտություն։ Խաղաթղթի վրա են կասպիան գազը եւ ղարաբաղյան հենահարթակը։ Մեր հատուկ թղթակից Դարյա Ասլամովան հաղորդում է դեպքերի վայրից։

Մոսկվա-Բաքու ինքնաթիռում ինձ «սոսնձվել» էին երկու հարբած երիտասարդ ադրբեջանցի` նորաձեւությունից ճռճռացող հագուստներով։ «Դէվուշկա, ա-ա դէվուշկա,-գվվում էր նրանցից մեկն այն տախտկալի ձայնով, որով սովորաբար սոսնձվում են կովկասցիները։ -Կարելի՞ է ձեզ հետ ծանոթանալ»։ «Ես քեզ ի՞նչ աղջիկ, տղա՛ս» – խիստ ձայնով ասացի ես եւ թաքնվեցի լրագրի ետեւում։ Սակայն դա ամենեւին չսառեցրեց ջահելների եռանդը, որոնք ընթացքում հասցրեցին քաշքշել երիտասարդ ուղեկցորդուհու փեշից եւ սեր բացատրել մռայլ թմբլիկ աղջնակին, մինչ նա կանգնած էր զուգարանի համար հերթում։ Վերջին անգամ ես Բաքու թռել էի քսան տարի առաջ։ Եւ նույնքան տախտկալի կերպով, նույն բառերով, որոնցից անմիջապես սկսում են նվվալ դիմացի ատամեներս, ինձ «կպչում էին» այս պատանի անզգամների հավանական հայրիկները։ Երեւում է, կանանց հետ ծանոթանալու ավանդույթները Կովկասում փոխանցվում են սերնդե-սերունդ։ Բայց մի մանրամասն չէր ներգծվում սովորական պատկերի մեջ։ Այս «նոր ադրբեջանցիները» ոչ միայն դիվական եռանդով գրոհում էին հիսունից պակաս բոլոր սիրունիկներին, այլեւ վիսկի էին լցնում իրենց հարեւանի՝ բարետես գործարար գերմանացու բաժակի մեջ, նրա հետ բացատրվելով հոյակապ անգլերենով, որի մաքուր երանգները կարելի էր յուրացնել միայն անգլիական լավ վարժարանում։ Եւ եթե նրանց ռուսերենը հազիվ էր գերազանցում երրորդ դասարանցու բառապաշարը, ապա անգլերենը գուցեեւ լիներ օքսֆորդյան բառարանի կեսը։ (Եւ դա մի շիշ վիսկիից հետո՜։)
«Նոր Ադրբեջանի» անակնկալները դրանով չավարտվեցին։ Բազմերանգ թղթադրամները, որոնք ինձ տվեցին Բաքվի «տարադրամի փոխանակման կետում» այնքան կասկածելի կերպով եվրո էին հիշեցնում, որ ես որոշեցի հաճոյախոսել․ «Ձեր մանաթները կարծես եվրո լինեն»։ «Ավելի լավն են,-հպարտությամբ նկատեց աշխատողը։ -Հատուկ Բաքու են հրավիրել արեւմտյան լավագույն մասնագետների, որպեսզի մեր փողն իսկական եվրոպական արժույթի տեսք ունենա։ Եւ փոխարժեքով էլ, մեր մանաթը դոլարից կայուն է»։
«Արեւելքի եվրոպական հմայքը»`այս կարգախոսով են ամերիկյան խոշոր հեռուստաալիքները գովազդում Ադրբեջանը։ Նավթի, ինչպես թթխմորի վրա, բարձրացել է փոքրիկ արեւելյան մի պետություն, որն ի հեճուկս աշխարհագրության, ցանկանում է դառնալ Եվրոպայի մասը։ Մայրաքաղաք Բաքուն սրընթաց աճում է` այրվելով շինարարության տենդում։ Ամենուրեք դիտվում է լուսավորության, մարմարի, բարձրաքանդակի, բյուրեղապակյա ջահերի եւ թանկարժեք գորգերի նկատմամբ անսանձ հակում։ Հինգաստղանի հյուրանոցները, նրբաճաշակ ռեստորանները եւ հարստագույն խանութները մեծամիտ պերճանք են ճառագում շինարարական անտառամածների, բետոնախառնիչների, աշտարակային վերամբարձների եւ քանդված ճանապարհների հարեւանությամբ։ Օր ու գիշեր պատի նման փոշի է ելնում։ Երկու հարյուր դոլար միջին աշխատավարձի պայմաններում փողոցները լցված են բոլորովին նոր փայլուն «ջիպերով» եւ հսկայական հին «Մերսեդեսներով» (բաքվեցիները համարում են, որ ցանկացած քսակի դեպքում էլ մեքենան նախ եւ առաջ պիտի մեծ լինի)։

Ճգնաժամի մասին այստեղ առհասարակ չեն խոսում։ Մարդիկ միայն ուսերն են թոթվում․ «Ախր, ի՞նչ կարող է լինել նաֆթագազային միապետական երկրում։ Իշխանության ընտանեկան ժառանգորդություն, ոչ մի ցնցում։ Նա՞վթն է էժանանում։ Հետո՞ ինչ․ մի երկու տարուց նորից կթանկանա․ ճա՞րն ինչ է։ Եւ հետո, չէ՞ որ մենք, ձեր՝ ռուսների պես, արժութային շուկայում չենք խաղացել։ Դուք, պարզապես, պտտախաղի մոլագարներ եք։ Բոլոր այդ բաժնետոմսերը, պարտատոմսերը, արժեթղթերը։ Երբ կործանվեց համաշխարհային շուկան, նա իր հետեւից դեպի հատակը քաշեց նաեւ ռուսական շուկան։ Իսկ մեզ մոտ նման հիմարություններով գրեթե չեն զբաղվել»։ Իրադրությունն ամենից դիպուկ ձեւակերպեց տեղացի մի բանկատեր․ «Առաջին անգամն է, որ ուրախանում եմ, որ ապրում եմ քարե դարում»։
Սակայն տեղական քարե դարը զարդարված է XXI դարի քաղաքակրթության բոլոր փայլերով։ Քաղաքը ճաշակում է նավթային բարեկեցության առաջին պտուղները եւ ոտք է դնում իր հարստությամբ պարծենալու եւ շռայլելու դարաշրջան` միամտորեն ցուցադրելով տարբերությունը հին եւ նոր փողերի միջեւ։ Հին փողերի կարգախոսն էր`«Եթե փող ունես, թաքցրու», իսկ նորերինը` «Եթե փող ունես՝ շռայլիր ի ցույց բոլորի»։ «Գրպանում հարյուր դոլար ունեցողի վարքը տարբերվում է քսակում միլիոն ունեցողի վարքից, ասում է նավթի փորձագետ Իլխան Շաբանը։- Սկզբում մեր փողոցների համար ձեռք բերեցին 60 դոլարանոց լապտերներ Ռուսաստանից։ Երկու տարի անց, լապտերները դադարեցին հավանել։ Որոշեցին Թուրքիայում պատվիրել նորերը՝ 120 դոլարանոց։ Սակայն եկամուտներն աճում են, նշանակում է` աճում է եւ ախորժակը։ Այժմ լուսավորությունը ձեռք են բերել Բելգիայում։ Հինգ տարում միայն լապտերներն են երեք անգամ փոխել։ Փոխում են շենքերի ճակատները, եզրաքարեր են դնում գրանիտից ու մարմարից։ Գերմանական մի միավորում կառուցում է բետոնացված ճանապարհներ։ Տասը միլիարդ դոլար ծախսված է արտաքին փայլի վրա։ Այս ծախսերը շահույթ չեն բերի, բայց ադրբեջանցիները հիմա ծռված են «եվրոստանդարտ» բառի վրա։ Ամեն ինչ պիտի լինի ինչպես Եվրոպայում։ Բայց չէ՞ որ այստեղ խորը Արեւելք է։ Ընդդիմության գլխին փողի տրցակով զարկեցին, եւ նա հիմա լուռ նստած է, չի խշխշում։ Չնայած որ, Ադրբեջանը նստած է Եվրախորհրդում եւ մասնակցում է ՆԱՏՕ-ի ծրագրերին, մենք սովորական ասիական երկիր ենք՝ ասիական մտածելակերպով»։

ԱԴՐԲԵՋԱՆԸ՝ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՆԴԱ՞Մ

Իմ նոր բարեկամները՝ երիտասարդ լրագրողներ Համիդն ու Վադիմը, հպարտությամբ ցույց են տալիս ինձ նորաձեւ լուսավորման թանկարժեք լույսերով հեղեղված իրիկնային Բաքուն։ «Ի՞նչ պակաս եվրոպական մայրաքաղաք է, հը՞»։ Ուշ երեկոյան, երբ մենք ընթրում ենք տեղական փոքրիկ ռեստորանի առանձնասենյակում (բաքվի շքեղություն) եւ ուտում ենք որսագողության արդյունք` յուղալի օսետրինայի խորոված, ես հարցնում եմ իմ գործընկերներին․ «Տղաներ, ախր, դուք ի՞նչ Եվրոպա։ Դուք քարտեզին նայեք․ ուր են նրանք, ո՞ւր եք՝ դուք։ Ձեր ինչի՞ն է պետք Եվրամիությունը։ Հպարտացեք նրանով, որ դուք Արեւելք եք։ Թուրքիան տասը տարի ծնկաչոք խնդրում է իրեն ԵՄ ընդունել։ Ձեր ինչի՞ն է պետք այդ ստորացումը։ Մի՞թե կարծում եք, որ Թուրքիային չեն ընդունել, իսկ ձեզ կընդունեն։ «Կընդունեն,- հանգիստ պատասխանում է Համիդը։ -Որտեղ նավթն ու գազն է, այնտեղ ճշմարտությունն ու իշխանությունն է»։ Բացի այդ, մենք շատ նպաստավոր ռազմավարական դիրք ունենք Իրանի եւ Ռուսաստանի միջեւ, ինչպես նաեւ ելք դեպի Կասպից ծով։ Նայիր, այստեղ որքան արտասահմանցիներ են պտտվում` բոլորն ուզում են իրենց օգուտը պոկել»։

«Ադրբեջանը դեպի արեւմտյան գործնապաշտությունը կողմնորոշված, բայց արեւելյան արմատներով պետություն է»,-այս նրբագեղ սահմանումը ձեւակերպեց նախագահի աշխատակազմի քաղաքագիտական վերլուծության բաժնի վարիչ Էլնուր Ասլանովը։
«1996 թվականին Կոպենհագենում, ՆԱՏՕ-ի համաժողովում ես վիճում էի մի վերլուծաբանի հետ եւ ապացուցում, որ ադրբեջանցիները եվրոպացիներ են։ Նա կտրականապես չէր համաձայնվում։ Մեկ տարի անց մենք կրկին հանդիպեցինք։ Այդ վերլուծաբանը ելույթ էր ունենում ամբիոնից եւ հայտարարում, թե, Ադրբեջանը Եվրոպայի մասն է։ Ես չդիմացա եւ հարցրեցի։ Ախր այդ ինչպե՞ս։ Դեռ անցյալ տարի դուք ինձ ապացուցում էիք, որ ադրբեջանցիները եւրոպացիներ չեն։ Այդ ի՞նչ է այսօր փոխվել։ Աշխարհագրությո՞ւնը»։ Նա մտածեց եւ ազնվորեն պատասխանեց․ «Ոչ, աշխարհագրությունն իր տեղում է։ Բայց այսօր փոխվել է աշխարհաքաղաքականությունը»։
«Բաքուն ես անվանում եմ վերջին լրտեսների քաղաքը երկրի երեսին»,- ասում է հայտնի գրող Չինգիզ Աբդուլլայեւը։
«Քաղաք, որտեղ միաժամանակ աշխատում են աշխարհի բոլոր հետախուզությունները․ ռուսական, իսրայելական, իրանական, թուրքական, անգլիական, ամերիկյան։ Ադրբեջանում կենտրոնացված են Անգլիայի, Ամերիկայի, Թուրքիայի, Իսրայելի նավթային շահերը։ Իսկ աշխարհագրորեն մենք սեղմված ենք հսկայական Ռուսաստանի եւ զորեղ Իրանի միջեւ եւ չենք ցանկանում կտրուկ շարժումներ անել։ Մենք չենք կարող վարվել այնպես անշրջահայաց, ինչպես դա անում է Վրաստանը։ Մեր մշտական տատանումը Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ վտանգավոր, բայց պարտադրված եւ խելոք քաղաքականություն է։ Մենք երբեք չենք մոռանա, որ ռուսաց լեզվի միջոցով մենք աշխարհ ենք մտել։ Մենք ամբողջովին պահպանել ենք երկու հարյուրից ավելի ռուսական դպրոցները։ Մենք ունենք սլովոնական համալսարան եւ տասնչորս ռուսալեզու ԲՈւՀ, մեզ մոտ լույս են տեսնում ռուսերեն թեթեր ու ամսագրեր, իսկ գրախանութներում բոլոր գրքերի 90 տոկոսը ռուսական գրականություն է։ Մենք դատապարտված ենք Ռուսաստանի հետ բարեկամության։ Այդուհանդերձ, մենք ունենք ամերիկյան մեծ դեսպանություն եւ հոյակապ հարաբերություններ ԱՄՆ-ի հետ, ինչն, անկասկած, դուր չի գալիս մեր հարեւան Իրանին, որի ազգաբնակչության կեսն, ի դեպ, կազմում են ազգությամբ ադրբեջանցիները։ Դրանից բացի Ադրբեջանը աշխարհում միակ աշխարհիկ մահմեդական երկիրն է։ Դուք հիմա կասեք․ ըհը, բա Թո՞ւրքիան։ Թուրքիայի ընտրություններում հաղթեց «Արդարություն եւ զարգացում» կրոնական կուսակցությունը, իսկ մեզ մոտ կրոնական կուսակցությունները կես տոկոս էլ չեն ստանում։ Եւ դա այն դեպքում, երբ մենք ուղիղ շփումներ ունենք Իսրայելի հետ, եւ ինքնաթիռներն ամեն օր Բաքվից թռնում են Թել-Ավիվ»։
«Ուրեմն դուք սիրախաղում եք բոլորի հե՞տ»։ «Մենք, ասես, խստապահանջ հարս ենք։ Ադրբեջանը ոչ միայն Կասպից ծովի բանալին է, այլեւ ամբողջ Հարավային Կովկասի, ինչպես նաեւ արեւելքի՝ Իրանի եւ Իրաքի։ Նա, ով տիրում է Բաքվին, տիրում է տարածաշրջանին»։

ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԵՐՆ ԵՆ ՄԵՂԱՎՈՐ

«Գիտե՞ս, ով է թունավորել Անդրոպովին ու Չերնենկոյին»,-ինձ հարցնում է տաքսու բեղավոր վարորդը, մինչ մենք սպասում ենք Բաքվի անվերջանալի խցանման մեջ։ «Հայերը, երեւի», – մտախոհ պատասխանում եմ ես։ «Բաքվում եղած վերջին հինգ օրերի ընթացքում ես եկա այն եզրակացության, որ եթե Նոր Զելանդիայում անասունների անկում է կամ երկրաշարժ՝ Չինաստանում, ապա հաստատ հայերի մատը խառն է։) «Այ քեզ բա՜ն»՝ վարորդը ոգեւորության մեջ բաց է թողնում ղեկը։ «Որտեղի՞ց գիտես»։ «Դե, որեւէ մեկը պիտի մեղավոր լինի։ Ինչո՞ւ ոչ հայերը։ Իսկ մի՞թե մեր սովետական առաջնորդները թունավորված են եղել»,-իմ հերթին հարցնում եմ ես։ «Իհարկե՛, — համոզված ասում է վարորդը։ — Հայերն իրենց թունավորել են, որպեսզի վերջ տան ԽՍՀՄ-ին եւ ստանան Լեռնային Ղարաբաղը։ Հիշի՛ր, ինչի՞ց սկսվեց Խորհրդային Միության փլուզումը։ Լեռնային Ղարաբաղի հետ կապված խնդիրներից։ Չլիներ Ղարաբաղ, չէր լինի Մերձդնեստրը, Օսիան, Աբխազիան, Կոսովոն։ Եթե կասկասծներ կան, թե ո՛վ է մեղավոր, նայիր, թե այդ ընթացքում ինչով են զբաղված եղել հայերը։ Անկասկած դա իրենց ձեռնածություններն են»։ «Իսկ ես միշտ կարծում էի, թե պետք է հետեւել հրեաների՛ն», -աշխուժանում եմ ես։ «Դատարկ բա՛ն է։ Որտեղով հայն անցել է, այնտեղ հրեան անելիք չունի»։

Ադրբեջանցի ազգի վիրավորված ինքնասիրությունն արդեն տասնհինգ տարի է չի կարողանում ցավազերծող միջոց գտնել Հայաստանին տանուլ տված պատերազմի ցավի համար։ Կորցված Ղարաբաղը եւ նրան հարակից ադրբեջանական յոթ շրջանները (իսկ դա Ադրբեջանի ամբողջ տարածքի 20 տոկոսն է) չապաքինվող վերք է, որը քչփորում է ով չալարի։ 15 հազար սպանված, կես միլիոնից ավելի փախստական։ Բայց պարտվողական զգացողություններն արագորեն փոխակերպվում են ռեւանշի ծարավի։ Այն լոպազությունը, որն առաջանում է մարդկանց մոտ երկարատեւ խաղաղությունից հետո, քաղաքագետների մարտատենչ հայտարարությունները, անսպասելի հարստությունը՝ այս ամենը գրգռում է ազգային հպարտության զգացումը։
Մեծացել է նոր՝ պատերազմ չտեսած սերունդ, որը մարտի է նետվում։ «Մեզ միայն զենք տվեք, եւ մենք ե՛տ կգրավենք մեր հողը,-բացականչում է իմ գործընկեր Համիդը։ -Բոլորը մեկի պես կգնան»։ «Համիդ, դու այն պատերազմին չես եղել, իսկ ես եղել եմ։ Հավատա ինձ, ամեն ինչ այդքան պարզ չէ։ Ինչո՞ւ ես կարծում, որ ձեզ կհաջողվի հետ վերցնել այն, ինչ դուք կորցրել եք տասնհինգ տարի առաջ»։ «Դու ոչինչ չգիտես։ Այնտեղ դավաճանություն շատ է եղել։ Ռուսներն օգնել են հայերին զենքով։ Իսկ մեզ մոտ տիրում էր շփոթվածություն, ընդհանուր քայքայում, հայրենասիրության պակաս։ Հիմա ամեն ինչ այլ կերպ է»։

Ադրբեջանում նավթից բացի էլ հարստությունը լիքն է։
Դա եւ մրգերն են, եւ կասպիան օսետրինան, եւ հնարամիտ ժողովուրդը…

«Հիմա ամեն ինչ այլ կերպ է»,-այս մոգական արտահայտությունը կրկնում են մեծերն ու փոքրերը։ «Իմ որդին ծնվել է 1989 թվականին»,-ասում է խորհդարանի պատգամավոր Այդին Միրզազադեն։ «Եւ նա մեծ հայրենասեր է եւ ավելի է կապված ազգային խնդիրներին, քան ես։ Ղարաբաղը ադրբեջանական հասարակության համար մեկ խնդիրն է։ Ոչինչ չի կարող այն երկրորդ տեղ մղել։ Մենք մեծացնում եւ վերազինում ենք մեր բանակը, որովհետեւ ռազմական ուղին բացառված չէ։ Այն օրակարգում է»։
«Սահմաններում ամեն օր փոխհրաձգություն է», պատմում է Ռուսաստանում Ադրբեջանի նախկին դեսպան Հիկմետ Հաջիզադեն։ «Մենք աճեցնում ենք ռազմական բյուջեն մինչեւ երեք միլիարդ դոլար տարեկան (դա ավելին է, քան Հայաստանի եւ Վրաստանի տարեկան բյուջեն միասին վերցրա՛ծ)։ Ղարաբաղն ամբողջ ազգի սեւռուն գաղափարն է։ Ես հասարակական կարծիքի հարցումներ եմ անցակցրել այն մասին, թե ի՛նչն է ժողովրդի համար կարեւոր․ առաջին տեղում Ղարաբաղը վերադարձնելն է, իսկ սոցիալական խնդիրները երկրորդ տեղում են։ Մի օր այդ պալարը պիտի պայթի։ Ընթանում է քարոզչություն հեռուստատեսությամբ։ Մեր նախագահը բացեիբաց ասում է․ կռվելու ենք»։ «Բայց չէ՞ որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները Մոսկվայում հենց նոր են ստորագրել խաղաղ հռչակագի՛րը»։ «Բա դա հռչակագի՞ր է։ Հենց այնպես, թղթի կտոր։ Ով ուզում է կռվել՝ կռվելու է»։

«Մոսկովյան հռչակագիրը բացարձակապես անբովանդակ է, այն մասին է, որ Վոլգան թափվում է Կասպից ծով»,- ասում է քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն։ «Այն մասին է, թե ուժ գործադրել պետք չէ, ամեն ինչ լուծելու ենք խաղաղ համաձայնությունների հիմքի վրա։ Ու ի՞նչ։ Ղարաբաղյան հակամարտությունը կեռ է, որն ագուցած է Հայատանի կողերի տակ, եւ Ադրբեջանի կողերի տակ, պարանը ոլորված է, եւ մենք կախված ենք Կրեմլի պատից։ Ռուսաստանը չի ուզում տալ Ղարաբաղը ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին։ Հայատանին տա` Ադրբեջանը կփախչի, Ադրբեջանին տա՝ Հայաստանը կծլկի Արեւմուտք։ Ավելի լավ է ոչ մեկին չտալ․ թող բոլորը կեռից կախված մնան։ Եւ Ռուսաստանը դեռ երկար կմնար իր շահերով հանդերձ, իբրեւ թե կառավարելով հակամարտությունը, եթե տեղի չունենային վրացական դեպքերը, եւ եթե օդում չզգացվեր գազային մեծ գործարքի հոտը»։

Ի՛ՆՉ ԵՂԱՎ ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ

Լինում են ճակատամարտեր, երբ հաղթողի վիճակը պարտվողի վիճակից հեշտ չի լինում։ Օգոստոսյան դեպքերի ստվերը կախված է Հարավային Կովկասի վրա, եւ ռուս-վրացական պատերազմի հետեւանքներն անսպասելի եղան եւ հեռանկարում՝ պայթյունավտանգ ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար։ «Օգոստոսյան իրադրությունը մասամբ հիշեցնում էր Կարիբյան ճգնաժամամը․ ամերիկյան եւ ռուսական նավերը Սեւ ծովո՜ւմ», համարում է քաղաքագետ Օկտայ Սադիխզադեն։«Ես միշտ ասել եմ, որ աշխարհը կախված է միջուկային սուզանավերի հրամանատարների նյարդային համակարգից։ Ինչո՞ւ։ Որովհետեւ իրենք ինքնավար նավարկության մեջ են։ Իրենք ոչ մեկի հետ չեն խորհրդակցում, կիրառե՛ն զանգվածային ոչնչացման զենքը, թե՞ ոչ։ Դուրս եկար երթի եւ ինքդ պիտի որոշում կայացնես։ Վայրկյաններն են որոշում ամեն ինչ։ Մեկ ամերիկյան «Մակֆոլ» կարող էր յոթ անգամ պայթեցնել մոլորակը։ Իսկ այնտեղ մեկ հասանավ չէր, այլ նույնիսկ չո՛րս։ Եւ օգոստոսի այդ հինգ օրը Ադրբեջանը դժվարին եւ նյարդային վիճակում էր։ Ռուսաստանը մեր զորեղ հարեւանն է, եւ այնտեղ ապրում են երեք միլիոն ադրբեջանցի։ Իսկ Վրաստանը մեր էներգետիկ եւ տարանցիկ գործընկերն է։ Ո՞ւմ կողմն ընդունես»։
«Վրացական դասը շատ հասկանալի էր Հայաստանի եւ Ադրբեջանի, առաջնորդների համար», ասում է քաղաքական փորձագետ եւ գրող Զարդուշտ Ալիզանդեն։ «Այն շատ պարզ է թագմանվում`«բերանդ կջարդեմ»։ Տրորելով վրացական զորքը, որն այդքան սրտանց փայփայում էին ամերիկյան հրահանգիչները եւ թուրքական խորհրդատուները, Ռուսաստանը ցույց տվեց, որ նա չի պատրաստվում որեւէ մեկի հետ հաշվի նստել, եւ նա իրեն պահելու է ինչպես Ամերիկան։ Ըհը, Կոսովոյում նրանք խախտեցին, իսկ մենք այստեղ կխախտենք։ Ի՞նչ բարոյական իրավունք դուք ունեք մեզ կարգադրել։ Բայց նկատե՛ք, Վրաստանով Թուրքիա անցնող խողովակատարը չէին ռմբակոծում։ Ռուսաստանը բախման ընթացքում ճշգրտորեն գցեց ռումբերը խողովակի կողքին՝ երկու կողմից։ Պարզապես նշարկեց, որ ունի նման հնարավորություն։ Ձեր Գլխավոր շտաբում բոլորովին հիմարներ չեն նստած։ Եթե Ռուսաստանը ռմբակոծեր միջազգային խողովակաշարը, Ադրբեջանը կարող էր պաշտոնապես դիմել Թուրքիային , եւ խողովակաշարի պաշտպանության համար ՆԱՏՕ-ն կարող էր զորքեր մտցնել։ Դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ այսօրվա վիճակով գազն ու նավթը շատ ավելի կարեւոր են, քան տարածքային հավակնությունները»։
«Ձեզ մոտ, Ռուսաստանում, օգոստոսյան դեպքերը շատերն որակում էին որպես Ռուսաստանի հաղթանակ, որպես Հարավային Կովկասում նրա ազդեցության ուժեղացում,-ասում է քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը։ -Մենք բոլորին ցույց տվեցինք, թե այստեղ ո՛վ է գլխավորը։ Իսկ արդյունքո՞ւմ։ Վրաստանի հետ ռուսական թեկուզ եւ դժվար, բայց եղած հարաբերությունները դարձան զրոյական, եւ Վրաստանը դարձավ բաց հարթակ Ռուսաստանի դեմ Հարավային եւ Հյուսիսային Կովկասում ցանկացած գործողության համար։ Հայաստանը, ձեր ռազմավարական գործընկերն ու դաշնակիցը բոլորովին մեկուսացվեց Ռուսաստանից։ Ադրբեջանով Հայաստան առաջ էլ ոչինչ չէր անցնում, քանի որ մենք ունենք ոչ թե սահման, այլ ռազմաճակատի գիծ։ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, որի հարաբերությունները Հայաստանի հետ շատ լարված են, իր սահմանով, բնականաբար, նույնպես ոչինչ չի անցկացնում։ Հայաստանի հետ Ռուսաստանի միակ ցամաքային կապը Վրաստանով էր։ Բայց հիմա ամեն ինչ վերջացավ։ Սեւծովյան նավահանգիստների միջեւ հաղորդակցումը նույնպես խզված է։ Էլ չեմ ասում ռազմական հաղորդակցությունների մասին․ չէ՞ որ Հայաստանում գտնվում է ռուսաստանյան ռազմակայան։ Վրացական բախումը փաստորեն կտրեց Հայաստանը ռուսաստանյան որեւէ օգնությունից։ Դուք հո չեք կարող ասել վրացիներին` մենք միայն հայերին բեռներ կտանենք, իսկ ձեզ հետ մենք գործ չունենք։ Օգոստոսից հետո Ռուսաստանը առաջին անգամ հետաքրքրություն ցուցաբերեց. եթե նա ուզում է բացել Հայաստանի հետ կաղորդակցման ուղիները, այդ թվում եւ ռազմական, պետք է առաջ տանել ղարաբաղյան առճակատման կարգավորումը գոնե այն չափով, որպեսզի կազմակերպվի փոխադրակապ»։
Այն անելանելի վիճակի մասին, որում հայտնվել է փոքրիկ, աղքատ Հայատանը, ադրբեջանական քաղաքագետները խոսում են խորը բավարարության զգացումով։ «Իրադրությունը ստեղծել եք դո՛ւք, ռուսներդ։ Այնպես որ թույլ տվեք մեզ սրտանց չարախնդալ։ Թող հիմա չքավոր Հայաստանը, որը չունի ոչինչ կոնյակից եւ Ղարաբաղից բացի` նստի ու դարդից խմի իր կոնյակը։ Մենք կսպասենք»։
«Այո, մենք կսպասենք,-հանգիստ ասում է նավթի գծով փորձագետ Իլխան Շաբանը։-Մենք մեկուսացրեք ենք հայերին բոլոր կողմերից։ Նրանց մնում է միայն երազել Երեւան-Բաքու-Մոսկվա երկաթգծի մասին, որպեսզի որեւէ կերպ միանա Ռուսաստանի հետ։ Այժմ ձեր ռազմական ինքնաթիռները չեն կարող թռչել Հայաստան Վրաստանի տարածքով։ Ինչպե՞ս են թռնում։ Ադրբեջանով, չնայած որ մենք հեշտությամբ կարող ենք կտրել ձեր օդային միջանցքը, իսկ մեր ռադիոտեղորոշիչ համակարգերը վերահսկում են ամբողջ Կասպից ավազանը։ Իրադրություն՝ ինչպես շախմատի տախտակի վրա։ Մենք ունենք շատ քարեր, եւ հեշտությամբ կարող ենք հակառակորդին մատ անել, բայց դեռեւս շախ չենք հայտարարում։ Մենք այնքան երկար ենք սպասել, որ էլի կարող ենք սպասել։
Վերջին տասնհինգ տարիներին բոլոր նավթատարերն ու գազատարերն անցան Հայաստանի կողքով՝ Վրաստանով (թեեւ Հայաստանով ավելի կարճ կլիներ)։ Հիմա Ադրբեջանն իր հաշվին կառուցում է արագընթաց երկաթգիծ Վրաստանով Թուրքիա (կրկին Հայաստանի կողքով) եւ նույնիսկ Վրաստանին վարկ է տալիս այդ գործի համար։ Եթե 2012 թվականին ճանապարհի կառուցումն ավարտվի, Ադրբեջանը կարեւորագույն փոխադրող հանգույց կդառնա։ Հայերը պիտի շտապեն Ղարաբաղը հանձնելու հարցում, որպեսզի պոկեն իրենց մասնաբաժինը նոր ծրագրերից եւ դուրս գան շրջափակումից։ Ռուսներին էլ է ժամանակը նեղում, քանի որ նրանց շտապ պետք է մեր գազը»։

ՄԵԾ ԳԱԶԱՅԻՆ ԽԱՂԸ

Երբ այս տարվա աշնանը Մոսկվան անսպասելի աշխուժացրեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հարցով, թվում էր` Ռուսաստանի համար դա պարզապես հարմար հնարավորություն է միջազգային բեմահարթակում կատարելու խաղաղարարության եւ բարության շահեկան դերերգը (հատկապես՝ Վրաստանից հետո)։ Սակայն, անկախ փորձագետների կարծիքով ամբողջ ղարաբաղյան պատմությունն ընդամենը ծխածածկույթ է, որը պիտի թաքցնի ետնաբակի համեմված «խոշոր խաղը», գազային հուզիչ նկրտումները եւ մեկն այն ամենագայթակղիչ, բայց դվար իրագործելի ծրագրերից, որոնք Ռուսաստանը երբեւէ կազմել է ի դեմս Գազպրոմի։
Առաջին հայացքից պարզ չէ, թե Ռուսաստանի, որն ունի աշխարհում գազի ամենախոշոր պաշարները, ինչի՞ն է պետք նաեւ ադրբեջանական գազը։ Ո՞րն է իմաստը։ Բանն այն է, որ մեր մեծ հանքավայրերի մի մասը պահածոյացված է, քանի որ պահանջում է բազմամիլիարդանոց ներդրումներ, իսկ Գազպրոմի արտահանման պարտավորություններն այնպիսին են, որ ապագայում նա միայնակ տակից դուրս չի գա` անհրաժեշտ է ներմուծովի գազ։ Եւ նույնիսկ դա չէ գլխավորը։ Ամբողջ գաղտնիքն այն է, որ ԱՄՆ-ում իրենց պատռում են, որպեսզի որքան հնարավոր է արագ թողարկեն «Նաբուկո» խողովակաշարի ծրագիրը, որի նպատակն է թուրքմենական եւ ղազախստանյան գազի տեղափոխումը Ադրբեջանով, Վրաստանով եւ Թուրքիայով՝ Եւրոպա։ ««Նաբուկոյի» փիլիսոփայությունն է` ստանալ գազ որտեղից որ հնարավոր է, բայց ոչ Ռուսաստանից»,-բացատրում է նավթային հարցերով փորձագետ Իլխան Շաբանը։
«Խորհդային ժամանակներում, մեր Եվլախի կայարանում զուգարան կառուցելու համար, պետք էր թույլտվություն ստանալ Մոսկվայից, Պետպլանից, իսկ այժմ Պետպլանի դերը Վաշնգտոնն է կատարում,- ծիծաղում է Զարդուշտ Ալիզադեն:-Ամերիկացիներն ուզում են Ռուսաստանը մի կողմ թողնել եւ նրա գազին այլընտրանք գտնել։ «Նաբուկոն» քաղաքական, այլ ոչ թե տնտեսական ծրագիր է։ Այն ձեռնտու կլինի միայն այն ժամանակ, երբ նրանով մղեն տարեկան 30 միլիարդ խորանարդ մետր գազ։ 5 միլիարդը խոստանում է Ադրբեջանը, մնացած 25-ը` տալիս են Թուրքմենստանն ու Ղազախստանը։ Ամբողջ հարցն այն է, որ թուրքմենական գազի պաշարներն անհայտ են։ Բոլորը պնդում են` Թուրքմենստանում գազի անհամար հարստություններ են, իսկ թե այդ անհամարները որքան են՝ ոչ ոք չգիտի։ Ե՞րբ են վերջին անգամ այնտեղ երկրաբանահետազոտական աշխատանքներ տարվել։ Նոյի թվին՝ սովետական ժամանակ։ Հիմա նման աշխատանքներ չեն տարվում, քանի որ դա թանկ հաճույք է։ «Նաբուկոյի» նման վիթխարի ծրագիր իրագործելու համար պետք է վստահ լինել, որ այն իր ծախսերը կհանի։ Դրա մոտավոր արժեքը վեց-յոթ միլիարդ դոլար է, գումարած չոր միլիարդ՝ գողանալու համար։ Ուրեմն, նվազագույնը՝ տասը։ Իսկ առայժմ թուրքմենական գազը բարեհաջող կերպով քաշում են Ռուսաստանով, իսկ վաշիգտոնյան «Պետպլանը» ամբողջ թափով սեղմում է Ադրբեջանին` շտապեցնելով «Նաբուկոյի» կառապակցությամբ։ Եւ ահա, զգալով վտանգը, Բաքվում հայտնվում է նախ Միլլերը, հետո՝ Մեդվեդեւը եւ ասում են մեր նախագահ Իլհամ Ալիեւին․ «Իլյուշա, դու ուզո՞ւմ ես Եւրոպային քո գազը վաճառել։ Վաճառիր մեզ այն ամբողջությամբ՝ մեծածախ եւրոպական գնով։ Հատկապես, որ այն Վրաստանով անկցկացնելու համար դու այդ վրացիներին սիրաշահելու համար պիտի այն տաս հազար խորանարդը 150 դոլարով։ Իսկ մենք քեզ 400 կտանք»։ Իլյուշան քորում է ծոծրակը եւ մտածում` իսկ դրա դիմաց ես ի՞նչ կստանամ»։
«Հենց որ մայիսի վերջին Գազպրոմը հնչեցրեց իր գնային առաջարկը՝ 400 դոլար հազար խորանարդի համար, այստեղ վազեցին բոլորը միանգամից,-ասում է նավթային հարցերով փորձագետ Իլխան Շաբանը։-Երկու օր անց այստեղ հայտնվեց Իրանի նավթի փոխվարչապետը եւ նույն գինն ասաց։ Հետո նման առաջարկներ եղան Իտալիայից, Բուլղարիայից, Իսրայելից, Թուրքիայից։ Բոլորը հանկարծ միանգամից ցանկացան ադրբեջանական գազը։ Եւ Ադրբեջանի համար մանեւրելու լավ դաշտ առաջացավ։ Օրինակ, դուք բնակարան եք վաճառում, հայտարարություն եք տվել, բայց ոչ ոք չի հետաքրքրվում։ Միայն մի հարեւան հարցնում է․ «Իսկ ինչո՞ւ ես այդքան թանկ վաճառում։ Ես կսպասեմ, մինչեւ դու գինն իջեցնես»։ Ու հանկարծ հարեւանը տեսնում է․ ամեն օր որեւէ մեկը բնակարանի մասին է հարցնում, եւ տարբեր մարդիկ թակում են դուռը։ Հարեւանը սկսում է նյարդայնանալ։ Այդպիսի հարեւանի դերում Եվրամիությունն էր` քանի դեռ երկու տարի ընթանում էին «Նաբուկոյի» շուրջ դանդաղկոտ բանակցությունները։ Եւ հանկարծ Ռուսաստանը սկսեց իր խաղը»։
«Ուկրաինան ժամանակին ցույց տվեց, թե որքան կարեւոր է տարանցիկ երկրի դերը,-ասում է քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն։-Փակեցիր ծորակը, գողացար, ամեն ինչ լավ է։ Ռուսաստանն այդպիսի Ուկրաինա է ուզում լինել ադրբեջանական եւ թուրքմենական գազի համար ու Եվրոպայի համար մենաշնորհային երկիր դառնալ։ Ռուսաստանյան գազի մասնաբաժինը Եվրոպայում դեռեւս 26 տոկոս է, իսկ նա ուզում է հասցնել այն 40-ի։ Լավ ցանկություն է, բայց դրա դիմաց վճարել է պետք»։ «Եւ հարցի գինը Ղարաբա՞ղն է»։ «Իհարկե։ 400 դոլլար` հազար խորանարդ մետրի համար առաջարկում է Ռուսաստանը, եւ 400 պատրաստ է վճարել Եվրոպան։ Եթե պայմանագիր կնքենք Ռուսաստանի հետ` կվատանան հարաբերությունները Եւրոպայի հետ։ Ուրեմն՝ Ռուսաստանը պիտի ինչ-որ բան էլ առաջարկի։ Իսկ ի՞նչն է մեզ համար առավել կարեւոր։ Ղարաբա՛ղը։ Եթե Ռուսաստանը լեզու գտնի Ադրբեջանի հետ`հանձնելով Ղարաբաղը, նա մեխանիկորեն իր վրա կվերցնի ամբողջ միջինասիական գազը, քանի որ Թուրքմենստանից ու Ղազախստանից այն հոսելու այլ տեղ պարզապես չունի։ Իսկ այդ դեպքում ամերիկյան ամբողջ «Նաբուկո» ծրագիրն անիմաստ է դառնում։ Խաղաքարտի վրա հարյուրավոր միլիարդ դոլլարներ են եւ Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցության գոտու պահպանումը»։
Քանի դեռ «Ռուսաստան-Արեւելք-Արեւմուտք» նավթագազային ճակատում գործերն ընթանում են ստորգետնյա քայլերով, Արդբեջանը բոլորին՝ ե՛ւ ռուսներին, ե՛ւ ամերիկացիներին, ե՛ւ եվրոպացիներին տալիս է հիասքանչ անորոշությամբ պատասխաններ`ճշգրտորեն հետեւելով հին արեւելյան ասացվածքին․ «Որքան երկար է միսը խաշվում, այնքան ավելի նուրբ է դառնում»։ «Մեզ համար, եթե անկեղծ լինենք, այդ ամերիկյան «Նաբուկո» ծրագիրը հրատապ չէ, մենք չենք շտապում, — ասում է քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը։ -Մենք վեճեր ունենք Թուրքմենստանի հետ Կասպից ծովի հարցում, ինչո՞ւ պիտի նրան զիջումներ անենք։ Մեզ համար` թքած, թող Թուրքմենստանը դեռ գա մեզ մոտ եւ խնդրի, եւ մենք դեռ կնայենք, թե ինչ գնով վաճառենք «Նաբուկո» ծրագրի իրագործման մեր համաձայնությունը։ Նույնը եւ Արեւմուտքը` թող գա եւ խնդրի։ Կարելի է ասել «այո», բայց այն չի նշանակում «այո»։ Կարելի է ձգձգել որքան ուզես։ Ադրբեջանը «Նաբուկոյի» դիմաց, ոչ միայն ոչ մեկին ոչինչ չի տալու, այլ դեռ կվերցնի դրա դիմաց։ Ինչ վերաբերում է ռուսական առաջարկին․ մեծ առեւտրային գործարքները լուրջ քաղաքական բաղադրիչ են պահանջում։ Չի կարող Ռուսաստանը զինել Հայաստանը եւ սպասել, որ Ադրբեջանն իր էներգետիկ քաղաքականությունն իր օգտին կդասավորի»։

ԿՀԱՆՁՆԻ՞ ԱՐԴՅՈՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Հասկանալու համար, թե այդ ինչու հանկարծ փոքրիկ աղքատ Լեռնային Ղարաբաղն այդքան մեծ նշանակություն ձեռք բերեց ոչ միայն Ադրբեջանի ու Հայաստանի, այլեւ մեծ համաշխարհային տերությունների համար, բավական է նայել քարտեզին։ Ղարաբաղից Իրան կես քայլ է։ Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որպեսզի ԱՄՆ-ն իր տարածքից Իրանի դեմ ռազմական գործողություն սկսի (իր համար դա աղետի սպառնալիք է կրում), ուստի եւ բարեկիրթ ձեւով, բայց հստակորեն մերժում է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու բոլոր առաջարկները։ Ղարաբաղն այլ բան է։ Սա մի սողանցք է, որը հնարավորություն է տալիս ամերիկացիներին պաշտոնապես ամրանալ Իրանի սահմանի մոտ, այնտեղ խաղաղարար զորքերի տեղակայման անվան տակ։
«Ռուսաստանը հիմա ուզում է իր վերահսկողության տակ առնել Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացը` մի կողմ թողնելով ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային,- ասում է քաղաքագետ Օկտայ Սադիխզադեն։ -Խոսքը` Ղարաբաղում խաղաղարար զորքերի ռազմավարական տեղակայման մասին է։ Խնդիրն այն է, որ ռուսները չեն կարողանում տարածաշրջանը կիսել ամերիկացիների հետ: Նրանք ուզում են տեղակայվել հարավում. իրենց զորահարթակ է անհրաժեշտ Իրանի մոտակայքում, իսկ ռուսներին առաջարկում են հյուսիսը։ Բայց Ռուսները նույնանման խնդիրներ ունեն։ Նախ, իրենք չեն ուզում իրենց ազդեցության գոտի թողնել ԱՄՆ-ին։ Երկրորդը՝ հայտնի չէ, թե ինչպես կձեւավորվեն հենց Ռուսաստանի հարաբերությունները Իրանի հետ։ Հիմա դրանք կարգին են, իսկ վա՞ղը։ Աշխարհաքաղաքականությունը միշտ վաղվա օրվան է ուղղված։ Չէ՞ որ դեռ երեկ դա թշնամական վարչակարգ էր, ուղղված ԽՍՀՄ-ի դեմ»։

«Յուրաքանչյուրն, ով ուզում է Ղարաբաղում խաղաղարար զորքեր տեղակայել, մտածում է, թե ինչպես ուժեղացնի իր ազդեցությունը տարածաշրջանում, այլ ոչ թե, այն մասին, թե ինչպես օգնի դժբախտ հայերին ու ադրբեջանցիներին,- դառնությամբ խոստովանում է գրող Չինգիզ Աբդուլլայեւը։-Մեզ համար Ղարաբաղը նույնն է, ինչ Կոսովոն՝ սերբերի համար։ Իսկ մեծ երկրները մտածում են, թե ինչպես իրենց տոտիկն այստեղ դնել եւ այլեւս այստեղից չհեռացնել»։

«Ցանկացած առճակատում, դա ինչ-որ տեղ ներթափանցելու հոյակապ հնարավորություն է,-ասում է լրագրող եւ քաղաքական փորձագետ Զարդուշտ Ալիզադեն։ – Պղտոր ջրում ձկնիկը լավ է որսվում»։ «Դա կոչվում է քաոսը վերահսկելու կարողությո՞ւն», – հարցնում եմ ես։ «Լիովին այդպես է։ Ղարաբաղի միջոցով կարելի է ուժեղացնել ազդեցությունը տարածաշրջանում եւ այդ հնարավորությունից այսքան տարի փորձում են օգտվել արեւմուտքում։ Նրանք արդեն վերցրեցին մեր նավթը։ Նրանք ուզում են վարձակալել մեր գազը։ Հիմա նրանք ուզում են Հայաստանը պոկել Ռուսաստանից։ Տվյալ պահին ռուսների մոտ իրոք հնարավորություն առաջացավ լուծելու իրենց լուրջ խնդիրները, բայց վախենամ թե ձեզ ո՛չ մտավորական խորություն, ո՛չ քաղաքական արիություն չի հերիքի ընտրություն կատարելու համար։ Ամեն ինչ պարզ է։ Կա’մ Ռուսաստանը Ադրբեջանին է հանձնում Ղարաբաղը եւ դրա դիմաց ստանում է գազ եւ ռազմավարական դիրքեր Իրանի սահմանի մոտ, կա’մ նստեցնում է իր ուսերին Հայաստանը, որը հիվանդ է «Մեծ Հայքի» մասին իր ապուշ առասպելով, իսկ այդ ընթացքում քայլ առ քայլ տարածաշրջան է մտնում Ամերիկան։ Երբ ինձ ասում են․ Հայաստանը թույլ չի տա, ես հարցնում եմ`իսկ այդ ո՞վ է Հայաստանը։ Ի՞նչ պաշարներ ունի։ Քանի՞ դիզիզիա։ Հայաստանը Ռուսաստանի համար, ասես, առանց բռնակի ճամպրուկ լինի․ քարշ տալը ծանր է, թողնելը՝ ափսոս»։ «Դուք լրջորեն մտածում եք, որ Ռուսաստանը կորոշի հանձնե՞լ Հայաստանը»,- հարցնում եմ ես։ «Այստեղ հարցը Հայաստանը հանձնելը չէ,-չորությամբ ասում է պարոն Ալիզադեն։- Այստեղ ինքն իրեն չհանձնելու հարցն է»։

ՓՈՐՁԱԳԵՏԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ալեքսեյ Վլասով, Հետխորհրդային տարածքում հասարակա-քաղաքական գործընթացների ուսումնասիրման հարցերով Կենտրոնի գլխավոր տնօրեն

«Մոսկվան հավասարակշռություն կփնտրի»

Ադրբեջանը սկսել է առավել ինքնուրույն դեր խաղալ քաղաքականության մեջ: Նրա համար այժմ մեծ հնարավորություններ են բացվում Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հավասարակշռություն ստեղծելու համար: Եւ ես վստահ չեմ, որ Ադրբեջանում պատրաստ են Լեռնային Ղարաբաղը փոխանակվող մանրադրամ դարձնել Միացյալ Նահանգների կամ Ռուսաստանի համար: Ո’չ Վաշինգտոնը, ո’չ Մոսկվան այժմ չեն կարող երաշխավորել, որ, ենթադրենք, 2010 թվականին Ղարաբաղի վերահսկողության ներքո գտնվող ադրբեջանական յոթ շրջանները կանցնեն Բաքվին: Իսկ առանց երաշխիքների եւ ժամկետների ինչպե՞ս կարելի է ազդել ադրբեջանական կառավարության վրա: Ապարդյուն է:
Այդ ամենով հանդերձ, ինձ թվում է, որ Ղարաբաղի դերը` որպես գործիք Մեծ խաղում, այնուամենայնիվ չափազանցված է…
Ինչ վերաբերում է Հայաստանին: Չպետք է մոռանալ, որ այնտեղ ռուսական ռազմաբազան է: Եւ Մոսկվան, որպես նորմալ աշխարհաքաղաքական խաղացող, միեւնույնն է, պե’տք է հավասարակշռություն փնտրի Երեւանի ու Բաքվի միջեւ, շեղումները վտանգավոր են:
Կարեւոր է նշել նաեւ Մոսկվայում հայկական լոբբիի առկայությունը, որը ստեղծվել է պատմականորեն` դեռ խորհրդային ժամանակներից եւ որն առավել ազդեցիկ ու համախմբված է` քան ադրբեջանականը:
Եվ վերջինը: Հարիր չէ քննարկել, թե Ռուսաստանը, կոպիտ ասած, «կգցի» Հայաստանին հանուն ադրբեջանական գազի: Պատկերացրեք, թե մեր մասին ինչ կմտածեն ԱՊՀ մեր դաշնակիցները, նույն Ղազախստանն ու Բելառուսը, եթե նրանք տեսնեն, թե ինչքան հեշտորեն ենք «գցում» մեր գործընկերներին: Դա հեղինակության մեծ կորուստ կլինի: Եւ նաեւ անհայտ է` մենք ավելի շատ ձեռք կբերենք, թե կկորցնենք:

5 responses so far

5 մեկնաբանություն

  1. Gerasգրել է 23 Հունվար 2009թ.-ին, ժամը 17:03

    Нам надо грамотно играть на противостояниях России и США. А также……… Ирана и турции. Для равновесия, не мешает усилит свое экономико и военнополитическое влияние на Грузию, параллельно создавать и усиливать противостояние между Грузией и аз-ном.

  2. zakգրել է 29 Հունվար 2009թ.-ին, ժամը 20:14

    Привет Герас! Истину пишешь!Но наша политика в отношении Грузии не планировалась еще со времен Ленина и до сегоднящних дней Кто нибудь знает какие у нас с ними договора? В каком они контексте? До какого года? И вообще опасность от Гркзии более велика, чем кажеться…В любой исторический момент она нас кидала как могла,за исключением одного периода, и то тогда был Багратион от рода Багратуни кажется, когда помог вернуть часть родины…а в основном эта страна на грани распада как мини империя и вот от чего нам надо непременно воспользоваться. В настоящее время нам Грузии кроме войны предъявить нечего и это суровоая правда…А твое представление об интересной стратегии действия в выше написанном, вполне реальное мышление и если хотя бы один из наших кялов-политиков прочтет твое умозаключение на этот счет, то возможно все будет иначе. И не секрет,что прочтет а потом восторженно припишет к своим заслугам перед отечеством не указывая тебя во главе этой важной идеи. А противостояние Грузии с Азонстаном дело наших спецслужб…Но я не думаю,что они могут хотя бы на 5 минут ощутить себя Мосадом… С труом вериться…

  3. Gerasգրել է 31 Հունվար 2009թ.-ին, ժամը 16:31

    Ответ моему уважаемому Заку. Спасибо за лестные слова. Но мне абсолютно не интересует, что мои мысли и слова кто то из политической элиты припишет к себе. Главное дело и действия, во имя и во благо АРМЕНИИ, все остальное на так важно. В геополитике Армянам надо быть хитрыми как змея, стойкими как лев и неуступчивыми как волк…. Везде и во всем даже во время сна нужно думать только Государсвенно-Национальном интересе Нашей Армении.

  4. zakգրել է 11 Փետրվար 2009թ.-ին, ժամը 14:36

    Да услышет тебя ГОСПОДЬ!!!

  5. Rev Լուի Jackգրել է 13 Օգոստոս 2010թ.-ին, ժամը 21:05

    Արդյոք ձեզ որոնել մի legit վարկ: Հոգնած եմ Վարկի եւ հիփոթեկի: Դուք մերժվել կողմից Ձեր բանկին, քանի որ Դուք վատ վարկային? Դուք dont գիտեք, թե ինչ անել: ԱՍՏՎԱԾ է ուղարկել մի մարդ, որոնք կօգնեն ձեզ հետ ֆինանսական assistance.you կարող եք կապնվել մեզ հետ միջոցով rev.louisjackloancompany@gmail.com

    Փոխառուի ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    1) անունը: …
    2) Երկիր :….
    3) Հասցե: …
    4) պետական :…..
    5) Sex :………
    6) Ընտանեկան կարգավիճակը :….
    7) Զբաղմունք :……
    8) Phone Միավորների :…..
    9) Այս պահին դիրքորոշումը աշխատանքի վայրում :….
    10) Ամսական եկամուտ :……
    11) Վարկի գումարը անհրաժեշտ :….
    12) Վարկի Duration :…….
    13) նպատակը վարկային :…..
    14) Կրոն :……

    Դուք ուրախ կլինի իմանալու վարկ պարտատեր նման Rev Լուի Jack որովհետեւ ես ձեզ ժպտալ եւ լինել ուրախ.

    Շնորհակալություն եւ Աստված օրհնի