Feb 09 2009

Նոր` վատ ցնցումներ. թուրքական և հրեական պետությունների միջև հատուկ հարաբերությունները վտանգված են

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Էկոնոմիստ», 29 հունվարի 2009թ.
Աղբյուրը` (The Economist)

Գազայի վրա Իսրայելի հարձակման դեմ համատարած վրդովմունքը կտրուկ կոշտացրել է հրեական պետության հանդեպ թուրք ժողովրդի և կառավարության խոսելաոճը: Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն դատապարտեց Իսրայելին` պաղեստինցիների դեմ վերջինիս իրականացրած հարձակումների պատճառով: Մինչև հիմա նա դիմակայում էր Իսրայելի հետ կապերը սահմանափակելու կամ նույնիսկ` սառեցնելու ներքին պահանջներին: Բայց երկու երկրների միջև ռազմավարական բարեկամության ջատագովներից ոմանք մտավախություն ունեն, որ այդ բարեկամությունը կարող է վտանգված լինել:

Հանրության աչքից հեռու, թուրք պետական գործիչները, հատկապես` բանակի ներկայացուցիչները, դեռ թանկ են գնահատում Իսրայելի հետ իրենց հարաբերությունները: Այս շաբաթ ելույթ ունենալով Շվեյցարիայում` պրն Էրդողանը, կարծես ձգտում էր վերջ դնել այս վեճին: Նա բացատրեց, որ Գազայի պատերազմն իրեն վրդովեցրել է հատկապես այն պատճառով, որ իր անխոնջ միջնորդական ջանքերի շնորհիվ Իսրայելն ու Սիրիան արդեն մոտ էին Գոլանի բարձունքների հարցում համաձայնության հասնելուն: Նա նշեց, որ փորձել է նաև համաձայնության գալ Համասի հետ` բանտարկյալների փոխանակման, այդ թվում` առևանգված իսրայելցի կապրալի ազատ արձակման շուրջ:

Նմանատիպ վիճաբանություններ նախկինում էլ են եղել: 2004թ., երբ Իսրայելը Համասի հիմնադիր Շեյխ Ահմեդ Յասինին սպանեց Գազայում` մզկիթից դուրս գալիս, Թուրքիան Իսրայելին ահաբեկչական պետություն անվանեց, ինչը կատաղեցրել էր վերջինիս: Այնուհետև պրն Էրդողանը Խալեդ Մեշաալին` Համասի ներկա առաջնորդին, հրավիրեց Թուրքիա: Սակայն Միացյալ Նահանգների միջամտությամբ` իսրայելա-թուրքական հարաբերությունները նորոգվեցին: Ռազմական համագործակցությունը շարունակվեց: Հանուն այդ ռազմավարական կապերի` Իսրայելն անբեկանելի որոշում է կայացրել` անտեսել Թուրքիայի` երբեմն շատ կոշտ հայտարարությունները: Փորձելով մեղմել հրեաների և իսրայելցիների բարկությունը` Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանը Համասին հորդորեց որոշել` այն ուզում է զինված խմբավորու՞մ լինել, թե՞ քաղաքական շարժում:

Բայց այս անգամ պրն Էրդողանի բարկությունն ավելի մեծ էր: Իսրայելը, դժգոհում էր նա, «մարդկության դեմ հանցանք է իրականացնում… Աշխարհը չպետք է աչք փակի Իսրայելի վայրագության վրա… Ինչպե՞ս կարելի է այսպիսի երկրին, որը բացարձակապես անտեսում է և չի իրականացնում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը, ՄԱԿ-ի դարպասներից ներս թողնել»:

Իսրայելին հատկապես բարկացրեց կրթության նախարարության շրջաբերականը, որը դպրոցականներին կարգադրում էր մեկ րոպե լռություն պահպանել` ի նշան պաղեստինցի երեխաների հետ համերաշխության: Իսրայելցիները թուրքերին համոզեցին հրաժարվել շարադրության և նկարչության մրցույթից, որտեղ դպրոցականները պետք է արտահայտեին Իսրայելի նկատմամբ իրենց ատելությունը: Իսրայելի պաշտոնյաներն ակհայտորեն պատրաստ էին պատասխանել դրան` առաջարկելով Առաջին աշխարհամարտի ընթացքում թուրքերի կողմից իրականացված Հայոց Ցեղասպանությունը քննարկելու նպատակով Իսրայելի դպրոցներում հատուկ ծրագիր մտցնել:

Ամեն դեպքում, Գազայի դեմ ռազմական գործողությունների օրերին Թուրքիայի փողոցներում հակաիսրայելական վրդովմունք բարձրացավ: Երկրով մեկ անցկացվող ցույցերի մասնակիցները վանկարկում էին. «Մարդասպա՛ն Իսրայել: Ֆաշիստակա՛ն Իսրայել: Թուրքական զորքեր, առա՛ջ դեպի Երուսաղեմ»: Իսրայելական ապրանքները բոյկոտելու և ռազմական համագործակցությունից հրաժարվելու կոչերն ավելի ու ավելի էին ուժգնանում:

Հերթական անգամ գլուխ բարձրացրեց հակասեմիտիզմը: Արևմտյան Էսկիսեհիր քաղաքում ազգայնական խմբավորումը ծածանում էր պաստառներ, որոնց վրա գրված էր. «Մուտքը միայն շների համար. ոչ մի հայ կամ հրեա»: Թուրքիայի 25,000-անոց հրեական համայնքի վրդովմունքը, ինչպես նաև արտգործնախարարության ճնշումը տեղի դատախազներից մեկին ստիպեց հետաքննություն սկսել: Թուրքիայի հրեական համայնքը տարածեց մի բացառիկ հայտարարություն, որում ասվում էր. «Մենք` Թուրքիայի հրեաներս Թուրքիայի հանրապետության անբաժանելի մասն ենք և խորը վիշտ ենք ապրում վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում հայտնվող մեկնաբանությունների առնչությամբ, որոնք ստորացնում և վիրավորում են մեր կրոնը` դարձնելով մեզ թիրախ»:

Հինավուրց դաշինք
Թուրքերը հերքում են հակասեմիտիստական մեղադրանքները, նշելով, որ 500 տարի առաջ օսմանյան սուլթանները բացել են դռները Իսպանիայում քրիստոնյաների հետապնդումներից խույս տված հրեաների առջև: 1948թ. Թուրքիան առաջին երկրներից էր, որ ճանաչեց Իսրայելը: 1996թ. կնքված ռազմական համագործակցության պայմանագրի համաձայն` իսրայելցի օդաչուները զորավարժվում են Թուրքիայի երկնքում: 2007թ. երկկողմ առևտրի ծավալը հասավ $2.7 միլիարդի: 2006-ից 2007թթ. Թուրքիա այցելած իսրայելցիների թիվը 362,000-ից հասավ 511,400-ի (Իսրայելի բնակչության ավելի քան 7 տոկոսը): Թուրքիան նաև ամերիկացիների գովասանքին է արժանացել` վերջին շրջանում Սիրիայի և Իսրայելի միջև իր միջնորդական ջանքերի համար:

Սակայն հակասեմիտիզմը հաճախ ընդհանուր` հակաքրիստոնեական և հակաարևմտյան տրամադրությունների մաս է կազմում: «Հրեա» և «հայ» բառերը հաճախ օգտագործվում են որպես անպատվություն: Անցյալ տարի «Փյու Գլոբլ Աթիթյուդս» (Pew Global Attitudes) ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ Թուրքիայում աճել են հակահրեական տրամադրությունները. 76%-ը նշել է, որ բացասաբար է վերաբերվում հրեաներին, և միայն 7%-ն է ասել, որ լավ է վերաբերվում նրանց:

Հակասեմիտիզմն ակնհայտ էր նաև իսրայելցի ֆինանսիստ Սեմի Օֆերի դեմ արշավի ընթացքում: Նա ծրագրում էր պատմական Գալաթա շրջանը և Ոսկե եղջյուրի մոտ գտնվող դրա նավահանգիստը վերակառուցելու նպատակով թուրք գործընկերոջ հետ համատեղ ներդրումներ կատարել: Համատարած պնդումները, թե դա անազնիվ գործարք է, և «հրեական կապիտալը» փորձում է զավթել իրենց երկիրը, ստիպեցին չեղյալ հայտարարել մրցույթը:

Արմատական թուրք իսլամիստները երկար ժամանակ փորձում են հակասեմիտիզմ հրահրել: Նրանք ծաղրում են ժամանակակից Թուրքիայի հիմնադիր, աշխարհիկ Քեմալ Աթաթուրքին` պնդելով, թե նա «իրականում հրեա» էր: Վերջին տարիներին որոշ ձախակողմյան ուժերի ներկայացուցիչներ ու քեմալականներ են միացել հակահրեական «խմբերգին», ինչը հաճախ ուղեկցվում է Միացյալ Նահանգների հանդեպ թշնամանքով: ԱՄՆ-ը հաճախ մեղադրվում է Իսրայելի հետ Իրաքի հյուսիսում քրդական անկախ պետություն ստեղծելու դավադիր ծրագրեր բանսարկելում, ինչի արդյունքում Թուրքիան վերջիվերջո կզրկվի իր հարավարևելյան տարածքի մի մեծ կտորից:

Հնարավոր է, որ թուրք, ամերիկացի և եվրոպական անդրկուլիսյան լոբբին է պրն Էրդողանին համոզել մեղմել իր տոնը: Վերջերս Թուրքիայի խորհրդարանում նա հայտարարեց. «Ես, որպես առաջնորդ, ասել եմ, որ հակասեմիտիզմը մարդկության դեմ հանցանք է»: Բայց եթե հակահրեական հայտարարությունները Թուրքիայում շարունակվեն, ԱՄՆ-ում իսրայելական լոբբին կարող է պատասխան հարված տալ` թուրքերի կողմից իրականացված շուրջ 1մլն հայերի զանգվածային կոտորածները «ցեղասպանություն» անվանող Կոնգրեսի բանաձևին սատարելով: Մինչև հիմա Ամերիկայի ազդեցիկ հրեական լոբբին օգնել է արգելափակել այս բանաձևը, չնայած Բարաք Օբաման և նրա փոխնախագահ Ջո Բայդենը նախկինում օգտագործել են «ցեղասպանություն» բառը և պարտավորվել են սատարել օրինագծի ընդունմանը:

Ամերիկայում հայկական սփյուռքի լոբբիի որոշ անդամներ կտրականապես դեմ են դիվանագիտական կապեր հաստատելու և սահմանը վերաբացելու նպատակով Թուրքիայի և Հայաստանի միջև գաղտնի բանակցություններին: Ամերիկացի հրեաները երկար ժամանակ դժկամությամբ են պաշտպանել Թուրքիային հայերի ջարդերի հարցում: Մինչև հիմա հաղթել է իրապաշտությունը, և նրանք թուրքերի կողմն են բռնել: Բայց եթե պրն Էրդողանը շարունակի դատապարտել Իսրայելին, նրանք կարող են փոխել իրենց միտքը:

8 responses so far

8 մեկնաբանություն

  1. zakգրել է 10 Փետրվար 2009թ.-ին, ժամը 14:56

    Իմ կարծիքով Հայաստանը պետք է օգտվեր Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ առաջացած վակուումից եւ փորձեր իր դիվանագիտության աստիճանը բարձրացնելու փորձ աներ:Մի կողմից ցավակցեր Պաղեստինին ու նույնիսկ մի աննշան հումանիտար օգնություն ցուցաբերեր,որպեսզի փակեր արաբական աշխարհի աչքերը, իսկ մյուս կողմից փորձեր նույն Դավոսում քննադատէր Էրդողանին,որը Պերեսին մեղադրում էր անմեղ զոհերի համար, մեջ բերելով Թուրքիայի կողմից կատարած ոճրագործությունները, կատարած Հայ ազգի դեմ եւվ հստակ նշեր Թուրքիայի կողմից բարոյական իրավունքի բացակայությունը, քննադատելու ինչ որ մեկին նույնանման արարքի համար: Այդ դեպքում Ա. Արաբները չէին կարողանա նեղանալ Հայերից , քանի որ Հայաստանն օգնություն էր ցուցաբերել: Բ.Հայաստանը մի անգամ եւս կփորձեր հիշեցնել բոլորին,որ դեռ մենք պահանջատեր ենք եվ հավի հիշողություն չունենք:Գ. Հպանցիկ կցուցադրվեր համակարծություն ԱՄՆ-Իսրայել դաշինքին,ինչ՞ու չէ Եվրոպային նույնպես, համատեղ ակնարկելով անմեղ զոհերի անթույլատրելիությունը, նույնիսկ եթե դա արվում է սուրբ նպատակներ հետապնդելու համար: Դ. Դա կդառնար նախադրյալ Հայաստան-Իսրայել նոր դիվանագիտական քայլերի զարգացմանը, ինչը անխոս կհանգեր դրական արդյունքի(Եթե մեր նամուսը ներում է մեր ոխերիմ թշնամու հետ բարեկամանալ, էլ ինչի՞ մասին է խոսքը): Ե. Կփոխեր մեր հանդեպ, հավիտյանս-հավիտենից զարգացած երկրների աչքին, Ռուսաստանի սաթելիտ լինելու կարծիքը եւ ինքնուրույն դիվանագիտություն դրսեւորելու ձգտումը: Զ.Բավականին կարագացներ զարգացած երկրներին Հայաստանին հարգանքով վերաբերվելու գործնթացը: Է. Կստեղծվեր Հայաստանի համար բարվոք մթնոլորտ հետագա քաղաքական դիվիդենտներ շահելու համար: Բայց մեր “հնարամիտ” դիպլոմատիան կաղել է միշտ, կաղում է ու ըստ երեվույթին երկար պիտի կաղի…

  2. zakգրել է 10 Փետրվար 2009թ.-ին, ժամը 15:01

    Հարգելի Ադմին: Եթե հնարավոր է ուղղեք ձեր կայքում տառերի հետ կապված պրոբլեմը, կամ ասեք ո՞նց գրենք,որ հետո տառերն իրար շալակ չբարձրանան: Հարգանքներով Զակ:

  3. Ադմինգրել է 11 Փետրվար 2009թ.-ին, ժամը 09:26

    Զակ

    Ես նորմալ տեսնում եմ ձեր հայատառ մեկնաբանությունները:
    Ի՞նչ խնդիր եք ունենում:
    Տեսնում եք տառերի փոխարեն ???? հարցականներ թե՞ իրար են կպնում

  4. zakգրել է 11 Փետրվար 2009թ.-ին, ժամը 12:56

    Չէ, ուղղակի տառերն իրարից կամշատ հեռու են, կամ էլ մեծ ու փոքր ,չգիտեմ ինչից է:

  5. zakգրել է 11 Փետրվար 2009թ.-ին, ժամը 13:01

    ԳՏԱ ՊԱՏՃԱՌԸ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

  6. zakգրել է 11 Փետրվար 2009թ.-ին, ժամը 18:22

    Կարծես մեր նորնտիր Նախագահը լսել էր իմ արտահայտած միտքը վերաբերող Հայ-Իսրայելական հարաբերություններին մի ինչ, որ մեկից ով շուտ-շուտ է հաճախում այս կայքէջ ու տեղյակ պահում նրան,որի հիման վրա էլ Նա մեկ-մեկ կատարում է ազգօգուտ գործեր: Բա,որ Քիրեմիջյանի կայքեջը մտնի ու կլանված լսի խելոք մտքեր,ա’յ այդ դեպքում, մենք հանգիստ կարող ենք քնել,որովհետեւ վերջապես կարգին մարդ է գտել ու խորհուրդ է հարցնում:Հայ-Իսրայելական երկկողմ հարաբերությունների մասին այս հղումում http://analitika.at.ua/news/2009-02-12-6175

  7. zakգրել է 11 Փետրվար 2009թ.-ին, ժամը 18:41

    ԱՀԱ ԵՒ ՄԻ ՈՒՐԻՇ ՀՂՈՒՄ-Հայ-Իսրայելական երկկողմ հարաբերությունների մասին http://analitika.at.ua/news/2009-02-12-6179

  8. Sona Arshneciգրել է 13 Փետրվար 2009թ.-ին, ժամը 05:38

    Երբ սառնասրտորեն, հայերիս հատուկ խիղճն ու միամտությունը մի կողմ դրած զուգահեռներ ենք անցկացնում Էրդողանի ու Լևոն Տեր Պետրոսյանի աճպարարություններին, ամբողջանում է պատասխանը. Լևոնը Ազատության հրապարակում կոկորդով մեկ բղավում էր,-
    -Ավազակապետություն, թալանչիներ…………………
    Մոռանալով, որ այդ ավազակապետության հիմնադիրը հենց ինքը եղավ:
    Էրդողանն էլ Պերեսին է ասում,
    -Դուք մարդասպան եք, որովհետև դուք երեխաների եք սպանում…

    Վերլուծության արդյունքում ստանում ենք այս գլուխկոտրուկի’
    լաբիրինթոսյան ճանապարներ հիշեցնող, թնջուկից դուրս բերող ուղիները:

    Լևոնը “Ավազակապետություն” որակելով երկրի ողջ համակարգը իր համար ճանապարհ էր հարթում. անկախ նրանից, թե ու՞մ էր տրորում, կարևոր չէր,
    թե քանի մարդու արյուն էր թափվելու. իր առաջ հստակ խնդիր ուներ դրված. ամեն գնով հասնել գերագույն նպատակին… նստել իշխանության գահին:
    Էրդողանի պարագայում.
    Ի՞նչ է, Էրդողանը իր ազգի անցյալին անտեղյակ մե՞կն էր ու չգիտեր, որ
    իր պապերը 1,5միլ. հայի արյու՞ն են թափել ու ի՞նչ երեսով էր բարձրաձայնում, կամ ամոթանք տալիս Պերեսին. վերջապես Գազայում կատարվածի գնահատականը ի՞նքն էր, որ պիտի տար, կամ եթե այդքան զգայուն մարդ էր, թող Իրաքի պատերազմի մասին բարձրաձայներ, թե՞ այնտեղ անմեղ երեխաներ չեն սպանվում ու եթե այդքան համարձակ տղամարդ էր, նույն խոսքերը թող Էրդողանը շպրտեր Բուշի դեմքին:
    Նախ կարճ ամփոփում Գյուլի Ֆուտբոլային հրավերքը ընդունելու դիվանագիտական պրոֆեսիոնալիզմի մասին: Ս. Սարգսյանի Ֆուտբոլային հրավերքը արծաթե սկուտեղի վրա մատուցած պարգև էր Թուրքիային, որ
    վերջապես ազատագրվի հրիական լոբբի կախվածությունից Հայկական հարցում, որն դամոկլան սրի նման կախված է Թուրքիայի գլխին ու միլիոնավոր դոլարներ է ծախսում Թուրքիան այս ուղղությամբ: Հետո այն անհերքելի իրողությունը, որ
    գնալով մեծանում է Հայոց Մեծ եղեռնը ճանաչող պետությունների թիվը, իսկ Հայկական Հարցը Եվրոպա ձգտող Թուրքիայի ճանապարը փակող. կոկորդին կանգնած ոսկոր է: Հետո ոչ պակաս կարևոր հանգամանք. Բուշի նախագահության ժամկետի ավարտը, որը կարողացավ ատամներով պաշտպանել Թուրքիային, երբ սև ամպեր էին կուտակվում նրա գլխավերևում, ինչպես դա եղավ 106-րդ բանաձևի ընդունման ժամանակ. Բուշը ամեն կերպ փորձում էր վիժեցնել բանաձևի ընդունումը կոնգրեսում: Քաջ գիտակցելով, որ Օբաման դա Բուշը չէ. նախ հայամետ է, հետո խոսքի տեր, էլ ի՞նչ էր մնում Գյուլին, որ չընդուներ Հայաստանի նախագահի հրավերքը. այդ առիթը ձեռքից բաց թողնելը առնվազն հիմարություն կլիներ::
    Այս հրավերքի ընդունումը պատահական, կամ բարի կամքի ժեստ անվանել
    առնվազն միամտություն է: Հրավերք, որ ցեղասպանությունը ընդունած պետություններին կանգնեցրեց փաստի առաջ, իսկ չընդունած պետություններին’
    հրաժարվել անդրադառնալու Հայկական Հարցը իրենց խորհրդարանում քննության առնելու մտքից: Թուրքիան այս քայլով ասել ուզեց, որ Հայաստանն ու Թուրքիան
    անմիջական շփումներ ունեն ու իրենց տարաձայնություններից իրենք գլուխ կհանեն առանց երրորդ երկրի միջամտության: Շատերը մանկամտորեն ուրախացան, որ Գյուլը չմերժեց ու ընդունեց հրավերքը, առանց ծանր ու թեթև անելու իրական հետևանքները. ամենամեծ հարվածը դա աշխարհով մեկ գործող “Հայ-դատի” նվիրյալների լոբբիստական աշխատանքներին խոչընդոտելն էր. այժմ կրկնապատիկ ու եռապատիկ ջանքեր են հարկավոր գործադրել ցեղասպանությունը չընդունած պետությունների խորհրդարաններից պահանջել անդրադառնալ Հայկական հարցին:
    Թուրքիայի մերձեցումը Հայաստանի ղեկավարության հետ ոչ պակաս մտածված քայլ էր. խաղաքարտերը խառնող, սեպ խրող Հայկական սփյուռքի պահանջատիրության համար պայքարող “Հայ-դատի” նվիրյալների ու բուն Հայաստանի միջև:
    Ըստ իս Թուրքիայի համար հասունացել է պահը Օսմանյան կայսերությունում դարասկզբին մի ամբողջ ազգի ծրագրված բնաջնջումը սրբագրելու և այդ առաքելությունը իրենց վրա են վերցրել այսօրվա Թուրքական կառավարության լիդերները . ամեն հնարավոր ու անհնար միջոցներով ազատվել Թուրքիայի ճակատին դաճված ցեղասպանության խարանից: Թեև Թուրքիան բռնել է մերժողական, ուրացման քաղաքականություն Ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ, սակայն իրականությունը ոչ մի թուրքի համար գաղտնիք չէ: Իսկ մենք լավ գիտենք թուրքի այն որակի մասին, որ հարկ եղած դեպքում ծնկում է, եթե դա իրեն ու իր ազգին օգուտ է բերում: Ահա իմ ընդհանրական պատասխանը այս երկու ղեկավարների Հայաստանի նախագահի հետ ձեռքսեղմումի. սա աշխարհի մեծերին մոլորեցնող քայլ է, լավ հաշվարկված, լավ մտածված քայլ: Էրդողանի նախքան Դավոս գնալը, արդեն թուրքական լրատվամիջոցները տարածեցին, որ Էրդողանը Դավոսում հանդիպելու է Հայաստանի նախագահի հետ: Մասնակից պետությնների ուշադրությունը հրավիրելով, ի ցույց դնելով Էրդողան-Սարգսյան ձեռքսեղմումի պատմական պահը. Իսրայելին հասկացրեց, որ դու այլևս անելիք չունես Հայոց ցեղասպանության հարցում ու քո պաշտպանության կարիքը Թուրքիան այլևս չի զգում: Էրդողանի Դավոսյան պահվածքը թուրքական ծրագված, աշխարհի մեծերին մոլորեցնող լավ մշակված դիվանագիտական հնարամտություն էր,
    որի սկիզբը դրեց Գյուլը, իսկ շարունակությունը Դավոսում իր դերը լավ բեմականացրեց Էրդողանը:
    Բոլոր միջոցները այս պարագայում արդարացված են ու մեղավորներ պետք չէ
    փնտրել. առավել ևս անմեղներ:
    Այստեղ են ասել. դեռ շատ հաց ու պանիր պիտի ուտենք, որ գլուխ հանենք թուրքական դիվանագիտությունից: