Feb 11 2009

Ռուս եկեղեցին ծրագրում է ստեղծել իր հասարակական պալատը

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Ինտերֆաքս-Ռելիգիա», 28 հունվարի 2009թ.
Աղբյուրը` (Interfax Religion)

Ռուս Ուղղափառ եկեղեցին մտադիր է հատուկ հարթակ ստեղծել աշխարհականների քննարկումների համար:

«Եկեղեցական Ժողովը Սրբազան Սինոդին խորհուրդ է տալիս մշակել խորհրդատվության մեխանիզմներ, որոնք ուղղափառ հասարակությանը թույլ կտան քննարկել առավել հրատապ թեմաներ», – «Ինտերֆաքս-Ռելիգիա»-ի թղթակցին հայտնել է Վիեննայի և Ավստրիայի Իլարիոն եպիսկոպոսը` ամփոփելով Մոսկվայում ընթացող Եկեղեցական ժողովի երկրորդ օրվա արդյունքները:

Եպիսկոպոսի խոսքերով` հարկ է ակնկալել, որ հաշվի առնելով տվյալ խորհուրդները, հնարավոր է, որ Սինոդի նիստերից մեկում մշակվեն եկեղեցական քննարկումներին հավատացյալների նմանատիպ մասնակցության կազմակերպչական ձևեր:

«Այժմ ես չէի ցանկանա եզրեր հորինել, սակայն դա կլինի եկեղեցական Հասարակական պալատի նման մի բան, որտեղ քննարկումներ կանցկացվեն հրատապ թեմաների շուրջ», – նշել է սրբազանը: Նա նաև հայտնել է, որ Եկեղեցական Ժողովը հաստատել է ռուսական եկեղեցու կանոնադրությունն այն խմբագրմամբ, որն այսօր գոյություն ունի` Եպիսկոպոսական նախորդ Ժողովների ժամանակ կատարված լրամշակումներից հետո:

Իլարիոն եպիսկոպոսի խոսքերով` Եկեղեցական Ժողովի հունվարի 28-ի նիստում մասնակիցների միջև այդ ֆորումի կարգավիճակի շուրջ քննարկում է ծավալվել:
Ռուս եկեղեցու` 1990 թվականին ընդունած կանոնադրությամբ նախատեսվում էր Եկեղեցական Ժողով հրավիրել հինգ տարին մեկ անգամ: 2000 թվականի Եպիսկոպոսական Ժողովը շտկել է կանոնադրության այդ նորմը` հանելով ժամկետների նշումը: Բացի այդ, Եպիսկոպոսական Ժողովին նվիրված գլխում, ներկա կանոնադրության համաձայն` Ռուս եկեղեցում «դավանաբանության և կանոնական կարգի ոլորտում գերագույն իշխանությունը» վերապահվում է Եպիսկոպոսական Ժողովին: Եկեղեցական Ժողովի կազմում են` եպիսկոպոսներ, եկեղեցականներ, վանականներ և աշխարհականներ` Եկեղեցական Ժողովի սահմանած թվաքանակով և կարգով:

Հունվարի 28-ին տեղի ունեցած քննարկման ընթացքում, ընտրյալ Կիրիլ պատրիարքը հիշեցրել է, որ քրիստոնեության պատմության մեջ դավանաբանությունը սահմանող Տիեզերական Ժողովներին մասնակցել են միայն եպիսկոպոսներ: Միևնույն ժամանակ նա նշել է Եկեղեցու ձայնը լսելու անհրաժեշտությունը, իսկ դրա համար, ինչպես նշել է նորընտիր գահակալը, պետք է հրավիրել խորհրդակցություններ` եկեղեցականների ու աշխարհականների մասնակցությամբ, և հնարավոր է` քննարկման համար նոր հարթակ ստեղծել:

Այդուհանդերձ, պատրիարքն ընդգծել է, որ «վերևից իջեցված որևէ բարեփոխում, որ կարող է վնասել մարդկանց` չի ընդունվի:

«Աստված մի արասցե, որ որևէ պատրիարք պատմության մեջ մտնի որպես բարեփոխիչ: Սակայն լինում են փոփոխություններ, որ ծնվում են ազգային կյանքի խորքերից: Մի՞թե իմ նախորդի օրոք եկեղեցու կյանքում շարժ չկար: Սակայն, ո՞վ իմ նախորդին` Սրբագույն պատրիարք Ալեքսիին կանվանի բարեփոխիչ»,-հայտարարել է նորընտիր պատրիարքը:

Քննարկման ժամանակ Եկեղեցական Ժողովի մի շարք անդամներ արտահայտվել են նշված կառույցին զուտ խորհրդատվական գործառույթ վերապահելու օգտին, այդպիսով, գլխավոր` մասնավորապես դավանաբանության ոլորտում որոշումներ ընդունելու գործառույթը վերահանձնարարելով բացառապես Եպիսկոպոսական ժողովներին: Ոմանք ելույթ են ունեցել Ռուս եկեղեցու կանոնադրությամբ ամրագրված` առկա վիճակը պահպանելու օգտին:

Comments Off on Ռուս եկեղեցին ծրագրում է ստեղծել իր հասարակական պալատը

Այս էջում չկա մեկնաբանություններ