Apr 08 2009
Անկարայում չարտասանելով «Ցեղասպանություն» բառը` Օբաման վտանգում է իր վստահելիությունը
Տպել այս հոդվածը«Կալիֆոռնիա կուրիեր», ապրիլի 9, 2009թ.
Աղբյուրը` The California Courier
Հարութ Սասունյան (Harut Sassounian)
Արդեն մի քանի ամիս է, ինչ ես ուշադրություն եմ հրավիրում Թուրքիայի կառավարության հնարքի վրա, որով նա այն կեղծ տպավորությունն է ստեղծում, թե Անկարան լուրջ բանակցություններ է վարում Երևանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Թուրքիան օգտագործում է սահմանը բացելու մոլորեցնող խոստումը, որպեսզի Հայաստանին ստիպի զիջումներ անել մի շարք հարցերում` միաժամանակ, տապալելով Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու նախագահ Օբամայի խոստումը:
Թուրք պաշտոնյաները նախագահ Օբամային պարբերաբար նախազգուշացնում են, որպեսզի նա Հայոց Ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն չանի` պնդելով, որ այդ քայլը կխափաներ Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող բանակցությունները: Ցավոք, Քաղաքակրթությունների դաշինքի հանդիպմանը մասնակցելու նպատակով Ստամբուլ մեկնելու` Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի որոշումը եկավ հիմնավորելու թուրքական կառավարության այն փաստարկը, թե երկու երկրների միջև գործերը լավ են ընթանում:
Մյուս կողմից, Ադրբեջանի նախագահը, իր ազգի շահերը պաշտպանելիս լի էր դիրքորոշումը չփոխելու վճռականությամբ: Երբ նախագահ Ալիևը տեղեկացավ, որ Անկարան մտածում է Հայաստանի հետ սահմանը բացելու մասին, նա գնահատեց դա որպես «եղբայրական Թուրքիայի» կողմից դավաճանություն Ադրբեջանի նկատմամբ: Նա անհապաղ հետաձգեց իր ծրագրված ուղևորությունը Ստամբուլ: Ալիևը նույնիսկ սպառնաց դադարեցնել բնական գազի վաճառքը Թուրքիային, եթե վերջինն իրականացնի սահմանը բացելու իր հայտարարած ծրագիրը: Նա ցանկանում էր, որ թուրքական սահմանը փակ մնա, որպեսզի ստիպի Հայաստանին տարածքային զիջումներ անել Արցախի (Ղարաբաղի) հարցում: Ադրբեջանական լրատվական գործակալությունը հաղորդեց, որ Ալիևը մերժել է Ստամբուլ այցելելու պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, ինչպես նաև Թուրքիայի նախագահի և վարչապետի անձնական հրավերը: Ալիևն անտարբեր մնաց նույնիսկ այն ժամանակ, երբ նրան առաջարկեցին առանձին հանդիպում ունենալ Միացյալ Նահանգների նախագահի հետ:
Պարզ չէ, թե արդյո՞ք նախագահ Օբամային մոլորեցրել են թուրքերի նախազգուշացումները, որպեսզի երրորդ կողմերը չմիջամտեն հայ-թուրքական բանակցություններին: Հնարավոր է, որ նա նպատակահարմար է համարել հաշվի նստել Թուրքիայի առարկությունների հետ, որպեսզի առավելագույնի հասցնի այն զիջումները, որ նա ցանկանում էր կորզել Թուրքիայից Իրաքի և Աֆղանստանի հարցում:
Անկարայում երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսում ահա թե ինչպես պատասխանեց նախագահ Օբաման այն հարցին, թե արդյո՞ք նա փոխել է իր տեսակետը Հայոց Ցեղասպանության հարցում. «Իմ տեսակետները հայտնի են, և ես դրանք չեմ փոխել: Ինձ շատ է ոգևորել նորությունը, որ նախագահ Գյուլի առաջնորդությամբ Հայաստանի և Թուրքիայի միջև տեղի է ունենում բանակցությունների շարք, գործընթաց, որը պետք է լուծի վաղեմի խնդիրների մի ողջ շարք, այդ թվում` այս խնդիրը: Ես ցանկանում են հնարավորինս խրախուսել այս բանակցությունները, որոնք առաջ են ընթանում և կարող էին շատ արագ և շատ կարճ ժամանակում արդյունք տալ: Հետևաբար, այն ինչ ուզում եմ անել այս պահին, ոչ թե իմ, այլ թուրք և հայ ժողովուրդների տեսակետների վրա կենտրոնանալն է: Եթե նրանք կարողանային առաջ շարժվել և քննարկել դժվար և ողբերգական պատմությունը, այդ դեպքում, կարծում եմ, ամբողջ աշխարհը կքաջալերեր նրանց: Այսպիսով, նախագահին ես այսօր ասացի, որ ցանկանում եմ հնարավորինս կառուցողական դեր ունենալ այս հարցերում արագ առաջընթացի հասնելու գործում: Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ դրանք արագորեն առաջ են ընթանում: Որպես Միացյալ Նահանգների նախագահ, ես չեմ ուզում կանխել որևէ հնարավոր պայմանավորվածություն կամ համաձայնություն, որը կարող է ձեռք բերվել մոտ ապագայում: Ես պարզապես ուզում եմ ասել, որ մենք գործընկերոջ դեր կկատարենք այս հարցերի լուծման գործընթացում այնպես, որ ամենակարևոր կողմերը` թուրքերն ու հայերը, վերջապես կառուցողական համաձայնության գան»:
Երբ լրագրողն ուղիղ հարց տվեց նրան ցեղասպանություն եզրը չօգտագործելու վերաբերյալ, նախագահ Օբաման կրկնեց Թուրքիայի կողմից առաջ քաշվող փաստարկները. «Այն, ինչ կցանկանայի` քաջալերել նախագահ Գյուլին, որպեսզի նա շարունակի շատ արդյունավետ բանակցությունները: Եվ ես չեմ ուզում, որ Միացյալ Նահանգներն այս կամ այն կերպ շեղի այս բանակցությունները, քանի դեռ նրանք օգտակար քննարկումներ են անցկացնում»:
Հետո ելույթ ունեցավ նախագահ Գյուլը և իր երկարաշունչ պատասխանում կրկնեց Հայոց Ցեղասպանության` Թուրքիայի սովորական ժխտումները:
Նույն օրն ավելի ուշ Թուրքիայի խորհրդարանին ուղղված իր ուղերձում նախագահ Օբաման կրկին զգուշորեն խուսափեց «Ցեղասպանություն» եզրն օգտագործելուց: «Մարդկության ձգտումն իր բնույթով անկատար է: Պատմությունը հաճախ է ողբերգական լինում, բայց երբ այն չլուծված է մնում, դա կարող է մեծ ծանրություն լինել: Յուրաքանչյուր երկիր պետք է հաշտվի իր անցյալի հետ: Անցյալի հետ հաշվի նստելը կարող է օգնել մեզ ունենալ ավելի լավ ապագա: Ես գիտեմ, որ այս դահլիճում 1915թ.-ի սոսկալի դեպքերի վերաբերյալ ամուր տեսակետներ կան: Ու չնայած իմ տեսակետների վերաբերյալ բազմաթիվ մեկնաբանություններ են արվել, իրականում դա այն մասին է, թե ինչպես են թուրք և հայ ժողովուրդները քննարկում իրենց անցյալը: Թուրք և հայ ժողովուրդների համար առաջ շարժվելու լավագույն ձևը այն գործընթացն է, որը պարզաբանում է անցյալն ազնիվ, բաց ու կառուցողական ճանապարհով»:
Հաշվի առնելով այս զարգացումները` կարևոր է, որ Հայաստանի կառավարությունն անմիջապես դադարեցնի բոլոր բանակցությունները Թուրքիայի ղեկավարության հետ, որպեսզի ահմանափակի արդյունավետ բանակցությունների պատրանքի շարունակական շահագործումից հասցված վնասը: Ավելին, Հայաստանի ղեկավարությունը պետք է խստագույնս դատապարտի նախագահ Գյուլի կողմից Հայոց Ցեղասպանության ամոթալի ժխտումը Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որն ուղիղ եթերում հեռարձակվում էր ամբողջ աշխարհի հեռուստացանցերով:
Միաժամանակ, ամբողջ աշխարհի հայերը պետք է հեղեղեն Սպիտակ տան «Մեկնաբանությունների գիծ»-ը հեռախոսազանգերով, որոնք նախագահ Օբամային կհիշեցնեն, որ Հայոց Ցեղասպանության վերաբերյալ Անկարայում արած իր հայտարարություններում նա բավականաչափ հեռու չի գնացել, և չի կատարել այս կարևոր հարցի վերաբերյալ տված իր հանդիսավոր խոստումը: Խնդրում ենք զանգահարել 1-202-456-1111 և հաղորդագրություն թողնել: Մինչև Սպիտակ տունը չլսի այդ մասին անմիջապես մի մեծ խումբ հայերից, նախագահը և նրա խորհրդականները կարող են կարծել, թե Անկարայում նախագահի արած հայտարարությունները գոհացնում են հայերին: Այդ դեպքում նախագահը գուցեև հայտարարություն չհրապարակի ապրիլի 24-ի կապակցությամբ, կամ էլ կարող է օգտագործել նույն այն անընդունելի բառերը, որ օգտագործեց Թուրքիայում:
Վերջապես, նախագահ Օբաման պետք է հասկանա, որ Հայոց Ցեղասպանության վերաբերյալ իր խոստումը պահելու կարևորությունը դուրս է գալիս միայն այս հարցի սահմաններից և ուղղակիորեն ազդում է նրա ընդհանուր վստահելիության վրա: Անկարայում նրա ելույթից մի քանի ժամ անց Politifact.com կայքը կասկածի տակ դրեց նրա ազնվությունը` եզրակացնելով, որ նա դրժել է Հայոց Ցեղասպանության վերաբերյալ իր խոստումը` մեկը այն 511 նախընտրական խոստումներից, որոնց կատարմանը հետևում է կայքը, որպեսզի ստուգի նախագահի վստահելիությունը:
Comments Off on Անկարայում չարտասանելով «Ցեղասպանություն» բառը` Օբաման վտանգում է իր վստահելիությունը