Apr 08 2009
Հայոց Ցեղասպանություն. ‹‹Թուրքիայում Օբաման դրսևորեց ճարտարություն››
Տպել այս հոդվածը«Լեմոնդ», Ֆրանսիա, 6 ապրիլի 2009թ.
Աղբյուրը` Le Monde
Ռայմոնդ Կևորկյան (Raymond Kevorkian), «Փարիզ VIII» համալսարանում հետազոտությունների ղեկավար, պատմաբան
«Արարատ» ՌԿ-ի ծանոթագրությունը
«Փարիզ VIII» համալսարանում հետազոտությունների ղեկավար, Թուրքիայի և Հայաստանի հարցերով մասնագետ Ռայմոնդ Կևորկյանը քննում է Հայոց Ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահի դիրքորոշումը: Ապրիլի 6-ին Անկարայում պատասխանելով մի լրագրողի հարցի, Բարակ Օբաման նշեց. ‹‹Իմ տեսակետը հայտնի է, և ես այն չեմ փոխել: Այսօր ես չեմ ցանկանում ընդգծել իմ անձնական կարծիքները, այլ կցանկանամ շեշտը դնել թուրք և հայ ժողովուրդների տեսակետների վրա: Եթե նրանք կարողանային առաջ շարժվել, ողջ աշխարհը կքաջալերեր նրանց»: Օբաման նաև կարծում է, որ երկու երկրների միջև երկխոսությունը ‹‹շատ արագ կտա իր պտուղները››:
– Ի՞նչ եք կարծում Ցեղասպանության վերաբերյալ Բարակ Օբամայի Անկարայում հնչած ելույթների մասին։
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը ճարտարություն դրսևորեց: Նախ, նա վկայակոչեց սենատոր և ԱՄՆ-ի նախագահի թեկնածու եղած ժամանակ արտահայտած իր դիրքորոշումները: Այն ժամանակ նա կատարվածը հստակ որակել էր որպես Ցեղասպանություն: Մինչդեռ Ջորջ Բուշը, իր նախորդների նման, դա չէր ընդունում և նույնիսկ 2007 թվականի հոկտեմբերին անձամբ միջամտեց խորհրդարանականների նախաձեռնությանը, երբ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում էր ընդունել այս հարցին վերաբերող մի փաստաթուղթ:
Այսօր, Բարակ Օբաման գտնվելով Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի կողքին հասկացրեց, որ իր նախագահ լինելու ժամանակ բարոյական և հոգևոր ըմբռնումները չեն մղվելու երկրորդ պլան: Սակայն, նա չարտասանեց ‹‹Ցեղասպանություն›› բառը: Անկարան պատրաստ է բազմաթիվ զիջումների գնալ, որպեսզի խուսափի Միացյալ Նահանգների կողմից հայոց Ցեղասպանության ճանաչումից, ինչը չարվեց, երբ մի շարք արևմտյան տերություններ ճանաչեցին այդ փաստը:
– Հնարավո՞ր է պատկերացնել, որ ապրիլի 24-ին` Ցեղասպանության տարելիցի օրը, նախագահ Օբաման ավելի հեռուն գնա։
Ավանդաբար, Ամերիկայի նախագահն այդ օրն արտասանում է ‹‹մեծ աղետ››, ‹‹կոտորածներ›› կամ ‹‹մարդկության դեմ իրագործված հանցանք››: Օբաման կգնա՞ ավելի հեռուն: Հարկ է ընդգծել, որ Ցեղասպանության ճանաչման հարցը Կոնգրես է մտցվել մարտի կեսին` Ամերիկայի մեկ միլիոնանոց հայ համայնքի շահերը պաշտպանող կոնգրեսականների կողմից: Սակայն չեմ կարծում, որ նախագահ Օբաման հստակ կարտասանի Ցեղասպանություն բառը, որին անկասկած կհետևի Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանի հետկանչը: Վաշինգտոնի համար հայոց Ցեղասպանության ընդունումը ներկայում այնքան էլ առաջնային չէ` պայմանավորված համաշխարհային ֆինանսական ճգնաժամով և իրաքյան ու աֆղանական պատերազմով: ԱՄՆ-ն Թուրքիայի օժանդակության կարիքն ունի. Վաշինգտոնն Անկարայից պահանջում է հարթակ տրամադրել` ամերիկյան զորքերը Իրաքից դուրս բերելու համար:
– Պե՞տք է ակնկալել ստատուս-քվո։
Բարակ Օբաման նշեց, որ այժմ առաջնահերթություն է տալիս թուրքերի և հայերի միջև մի քանի ամիս առաջ սկսված երկխոսությանը, ինչի արդյունքում երկու երկրների միջև պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն և բացվի սահմանը: Կողմերը մոտ են համաձայնության ձեռք բերմանը: Մինչև հիմա Անկարան առաջ էր քաշում երկու պայման. առաջինը, որ իր փոքր հարևանը հրաժարվի Ցեղասպանության հարցի բարձրացումից և երկրորդը` զիջումների գնա Լեռնային Ղարաբաղի հարցում,* որը մեծամասամբ բնակեցված է հայերով և 1991 թվականին հռչակել է իր անկախությունը` Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի ձեռք բերած հաղթանակի ժամանակ:
Բարակ Օբաման կարող է ազդել Թուրքիայի վրա այս պահանջներին վերջ դնելու համար: Վաշինգտոնն այսպիսով հույս ունի, որ մեկ անգամ դիվանագիտական հարաբերություններ հաստատելով` Անկարան ու Երևանը ինքնուրույն կկարգավորեն Ցեղասպանության հարցում իրենց տարաձայնությունը:
1 մեկնաբանություն
Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանը բացելու համար առաջ է քաշում ոչ թե երկու հիմնական նախապայման, ինչպես նշում է Ռ. Կևորկյանը, այլ երեքը.
ա) եթե Հայաստանը հրաժարվի ցեղասպանության միջազգային ճանաչման իր որդեգրած քաղաքականությունից,
բ) եթե հանձնի Արցախն Ադրբեջանին,
գ) եթե հրապարակայնորեն ու պաշտոնապես հրաժարվի Հայաստանի արևմտյան՝ Թուրքիայի կողմից բռնազավթված տարածքներից։ Սակայն տարբեր պահերի թուրք պաշտոնյաներն հնչեցրել են նաև այլ նախապայմանները, այդ թվում՝ Մեղրիի շրջանը կամ այդտեղով անցնող երկաթգիծը Հայաստանի վերահսկողությունից հանելը, Հայաստանում գոյություն չունեցող Քրդստանի Բանվորական կուսակցության բազաները «վերացնելը» և ալյն։