Apr 22 2009
Ղարաբաղյան հիմնախնդրի լուրջ արծարծումը
Տպել այս հոդվածը«Ախբարէ ռուզե» 31 հոկտեմբերի 2008թ.
Աղբյուրը` Akhbar rooz 1
Հեղինակ` Մաշալլահ Ռազմի 2
Ռուսաստանի նախագահ Դիմիթրի Մեդւեդեւը 2008թ. հոկտեմբերի 21-ին Երեւանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանին հանդիպելուց յետոյ, յայտարարեց, որ շուտով Արցախի հարցի լուծման կապակցութեամբ Մոսկւայում տեղի է ունենալու Հայաստանի, Ադրբէջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը: Նա աւելացրեց, որ Վրաստանի իրադարձութիւնները բոլորին համոզեցին, որ վիճարկված տարածքային հարցերը պիտի միջազգային հսկողութեամբ եւ խաղաղ ճանապարհով լուծել, ու հիմա Ադրբէջանի եւ Հայաստանի ղեկաւարները Արցախի հիմնահարցի լուծման շուրջ հետաքրքրութիւն են ցուցաբեւում:
Մեդւեդեւից առաջ, ԱՄՆ-ի արտաքին գործոց նախարարի տեղակալ Անթոնի Ֆրոյդը յայտարարել էր, թէ նախքան այս տարւայ աւարտը Ղարաբաղյան հարցի լուծման առնչութեամբ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները հանդիպելու են ԱՄՆ-ում: Հարց է առաջանում, թէ որո՞նք են շարժառիթները, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը Ղարաբաղի հարցի արծարծման առիթով իրար հետ մրցակցում են: Վրաստանում տեղի ունեցած օգոստոսեան 5 օրեոց պատերազմը, հարաւ-կովկասեան գէոփոլիթիքը հիմնովին փոխել է. ներկայիս բոլոր այն պետութիւնները, որոնք այս տարածաշրջանում շահեր ունեն, իրենց քաղաքական ակտիվութիւնը զօրացրել են, որպէսզի ունենան իրենց ազդեցութեան ոլորտը, ինչպէս նաեւ գտնեն նոր ուղիներ հասնելու Կասպից ծովի աւազանի եւ միջին արեւելքի քարածխի եւ գազի պաշարներին: Այս վերջին տեղաշարժերը հարմար առիթ են ստեղծել` խաղաղ ճանապարհով լուծելու Ղարաբաղի խնդիրը, ինչպէս նաեւ` Ադրբէջանի միւս եօթ շրջանների, որոնք 1991 թ.-ից ի վեր Հայաստանի կողմից բռնագրաււած են:
Եթէ միջազգային տնտեսական ճգնաժամը ժողովուրդների ուշադրութիւնը չզբաղեցնէր, հաւանական կլինէր, թէ Ղարաբաղյան հիմնահարցը, աշխարհի մեծագոյն ԶԼՄ-ների միջոցով դառնար լուրջ արծարծւող թեմա` Կովկասի ապահովութեան առնչութեամբ:
1994 թ.-ից սկսեալ հրադադարի վիճակ է տիրում Ադրբէջանի եւ Հայաստանի միջեւ,և այդ օրւանից կազմւել է Մինսկի խումբը` ամերիկացի, ռուս եւ ֆրանսիացի համանախագահներով, որոնք միջնորդ հանդիսանալով պիտի ուղի գտնեն Ղարաբաղի հարցի լուծման, սակայն անցեալ 15 տարիների ընթացքում տեսանելի գործ չեն կատարել: Ադրբէջանցիների տեսանկիւնից` այս խումբը անաչառ չէ, չի էլ կարող անկողմնակալ լինել, քանի որ`
1. Ռուսաստանն էր Հայաստանի իրական պաշտպանը Ղարաբաղյան պատերազմում. համաձայն ականատես այն հայերի խօստովանութեունների, որոնք իրադարձութիւններին ներկայ են եղել, ռուսներն էին քաջալերողն ու Արցախի բռնագրաւման ծրագրողները, ինչպէս նաեւ Ադրբէջանի տարածքի 20%-ի բռնագրաւումը առանց ռուսաստանեան զինւորական օժանդակութեան անկարելի էր:
ԽՍՀՄ-ի փլուզումից յետոյ էլ Հայաստանը նոր քաղաքական եւ զինւորական պայմանագրեր ստորագրեց Ռուսաստանի հետ, Ռուսաստանը պահեց իր զինւորական յենակետերը Հայաստանում: Հարաւային Կովկասում Հայաստանը Ռուստանի միակ ռազմավարական դաշնակիցն է. քաղաքական որեւէ տեղաշարժ Հայաստանում կատարւում է միայն ռուսական միջամտութեամբ եւ հսկողութեամբ:
2. Ֆրանսիան, պաշտոնապես ճանաչելով օսմանեան բանակի կողմից 1915թ. կոտորածների վերաբերյալ հայերի հաւակնութիւնները, բացէ ի բաց հասկացնել տւեց, որ Հայաստանի պետութեան պաշտօնական քաղաքականութեան հովանաւորն է, միւս կողմից էլ` Ֆրանսիան պատմականօրեն քաղաքական եւ զինւորական կապեր ունի հայերի հետ, եւ միջազգային քաղաքական ասպարեզում հովանաւորել է Հայաստանին. արտագաղթող հայերն Առաջին համաշխահային պատերազմից յետոյ, հիմնականում հաստատւել են Ֆրանսիայում, եւ ներկայումս էլ աչկառու քաղաքական ազդեցութիւն ունեն Ֆրանսիայի իշխանութեան ոլորտներում: Հայերի «լոբբին» Ֆրանսիայի պետութեան մեջ եւ խորհրդարանում շատ զօրեղ է: Արցախի պատերազմի օրոք էլ հայ կամաւորներ էին ուղարկւում Ֆրանսիայից:
3. Հայաստանի պետական տարեկան բյուդջէի կէսն, ոչ փոխադարձ կարգով, ԱՄՆ-ի պետութեան եւ ԱՄՆ-ի հայկական սփիւռքի կողմից է ապահովւում: ԱՄՆ-ն, օգտագործելով հայկական սփիւռքը, ճնշում է բանեցնում եւ սանձահարում է Թուրքիային:
Նկատի առնելով, որ Ռուսաստանը Հայաստանի ամէն երեւոյթի տէրն ու տիրականն է, այդ իսկ պատճառով էլ ԱՄՆ-ն փորձում է իր տնտեսական եւ քաղաքական աջակցութեամբ վերահսկել Հայաստանի պետութեան ոլորտներից մեկը. ճիշտ այս նպատակով աշխատում է հանդես գալ որպէս համայն հայութեան հովանաւոր ու պաշտպան:
Նկատի ունենալով վերը նշւած պատճառները, ուրեմն 3 երկրների դիրքորոշումը միջազգային ատեաններում համահունչ է:
Օրինակ, մի առ ժամանակ առաջ, Ադրբէջանի պետութեան առաջարկով ՄԱԿ-ը ընդունեց բանաձեւ, որում պաշտոնապէս ընդունվւեց Ադրբէջանի տարածքային ամբողջութիւնը եւ դատապարտւեց Ղարաբաղի բռնագրաւումը Հայաստանի կողմից: Դժբախտաբար, Մինսկի խմբի երեք անդամներն էլ, միաձայն չընդունելով բանաձեւը, գործնականում փաստեցին, որ Ղարաբաղյան վէճում կողմնակալ չեն եւ պաշտպանում են Հայաստանին: Հայաստանի քաղաքական կառոյցը Իսլամական հանրապետութեան եւ Իսրաէլի նման գաղափարախօսական է. հիմնւած է կրօնի վրայ, եւ բնակչութեան մեծամասնութիւնը կազմում են քրիստոնեաները, իսկ Ադրբէջանի քաղաքական կառոյցն ընդհակառակը` աշխահրիկ (լայիք) է. ժողովրդի մեծամասնութիւնը դաւանում է շիէթական իսլամը, եւ այն էլ այն ժամանակաշրջանում, երբ քրիստոնեայ երկրները մշակոյթների պայքարը ներկայացնում են որպէս պայքար ահաբեկչութեան դէմ, բնական է, որ որեւէ հակամարտութիւնում նրանք պաշտպանելու են քրիստոնեայ կողմին, քանի որ Մինսկի խմբի անդամները պատկանում են քրիստոնեայ երկրներին: Բացի այդ, ուղղակի օգնութօիւն է հասնում քրիստոնեայ երկրներից Հայաստան, անհաշիւ քրիստոնեյական կազմակերպութիւններ եւ քրիստոնեայ քարոզիչներ հայերին օգնելու համար հաստատւել են Հայաստանում: Առ ի տես այս բոլորին ոչ մի չեզոք իսլամական երկիր չի ներառւած Մինսկի խմբում
Ծանօթանալով Մինսկի խմբի քաղաքականութեանը եւ կառուցւածքին, հասկանալի է դառնում, թէ ինչու անցած 15 տարիների ընթացքում այս խումբը հոգ է տարել, որպէսզի ոչ պատերազմ, ոչ խաղաղութիւն կացութիւնը Ղարաբաղի տարածքում պահպանւի, սակայն ներկայիս ուժերի դասաւորման տեղաշարժը ցանկութիւն է առաջացրել կողմերի միջեւ` լուծելու Ղարաբաղյան վէճը:
Վրաստանի պատերազմի յաջորդ օրը եվրոպացիները միաձայն յայտարարեցին, թէ Բաքու-Թիֆլիս-Ջէյհան նաւթատար խողովակաշարը գտնւում է ռուսական կրակի տակ եւ անապահով է. պէտք է գտնել աւելի ապահով մի ճանապարհ: Որպես Կասպից ծովի աւազանի նավթն ու գազը Եվրոպա տեղափոխելու կարճ ու հարմար ուղի նկատի է առնւել Հայաստանի տարածքը, որը հնարաւոր է միայն Ղարաբաղյան հակամարտութեան լուծումամբ: Եվրոպան առեւտրական շահեր ունի Կովկասում, եւ այն համարում է իր վաղւայ էներգիայի շտեմարանը: Յստակ է, թէ որեւէ առեւտրի զարգացումը կապւած է խաղաղութեան եւ ապահովութեան հետ. Ղարաբաղյան խնդրի նման մեծ հակամարտութիւնը բուն, լուրջ սպառնալիք է եվրոպացիների առեւտրի ընդարձակմանը: Պարզ է ԱՄՆ-ի շահը Ղարաբաղյան վէճի լուծման առթիվ: Աբխազիայում եւ Հարավային Օսեայում ռուսական բանակի տեղակայումից հետո ԱՄՆ-ի դիրքերը չափազանց թոյլացան Կովկասում: Մտահոգութիւն կայ, որ Ադրբէջանն էլ, յոյսը կտրելով ԱՄՆ-ից, մօտենայ Ռուսաստանին: Այդ պատճառով էլ ԱՄՆ-ն աշխատում է Ղարաբաղի հարցի լուծմանը մասնակից լինել` պահելով իր ազդեցութիւնը տարածաշրջանում: Այս իրականութիւնից ելնելով է, որ ԱՄՆ արտգործնախարարութեան Եվրասիայի հարցերով պատասխանատու Մաթիոյ Բրայզան հրապարակեց Մինսկի խմբի չհայտարարւած ծրագիրը` որպէս հիմք առաջարկելով Մադրիդեան սկզբունքները (տարածք խաղաղութեան դիմաց)` Արցախի հակամարտութեան լուծման համար:
Ծրագիրը, ամփոփ, յետեւեալ կարգով է լինելու:
Հայաստանի զօրքի դուրս բերումը Ղարաբաղից. նրա փոխարեն ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի տեղակայումը: Ադրբէջանցի գաղթականների վերադարձը Արցախ: Մի միջանցքի բացումը Հայաստանի եւ Ղարաբաղի (հայկական տարածքի) միջեւ: Հանրաքւէի անցկացում` որոշելու Արցախի կարգավիճակը (10-ից 15 տարի յետոյ): Իհարկէ, Հայաստանի պետութիւնն ու Հայաստանի կողմից հովանաւորւող Ղարաբաղի իշխանութիւնը այս նախագիծը առերես մերժում են, սակայն վերջ ի վերջոյ ընդունելուց բացի ուրիշ ճար չունեն:
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Հայաստան կատարած ուղեւորութիւնից յետոյ յայտարարել է, թէ Հայաստանը պատրաստ է բռնագրաւած տարածքներից քաշւել: Աբդուլլահ Գյուլի այդ յայտարարութիւնը Հայաստանի կողմից չհերքւեց: Հայաստանի ընդիմախօսները, որոնք հովանաւորւում են ԱՄՆ-ի կողմից, հակառակ իրենց երկդիմի տեսակէտին, կողմ են Ղարաբաղյան խնդրի լուծման խաղաղ ճանապարհին: Ընդիմախօսների ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսեանը ընտրապայքարի օրերին յայտնել էր, որ Ադրբէջանը 10 տարի առաջ Ղարաբաղի հարցի լուծման կապակցութեամբ պատրաստ էր յաւելեալ զիջումների, սակայն ներկայիս պատրաստ չէ նոյն զիջումները անելու. եթե այսօր այդ խնդիրը չլուծւի, Հայաստանի դիրքերը առաւել կթոյլանայ, Ադրբէջանը էլ ոչ մի զիջման չի գնա: Ղարաբաղյան հակամարտութեան լուծման ռուսական շահագրգռւածութիւնը բազմիցս լուսաբանւել է ռուս պաշտօնեաների կողմից Վրաստանի պատերազմից յետոյ: Դմիթրի Մեդւեդեւը, երբ Բաքւում էր գտնւում, Ալիեւին երաշխաւորել է, որ Ռուսաստանը հայերի իշխանութիւնը Ղարաբաղում պաշտօնապէս չի ճանաչելու, շեշտել է, որ Ղարաբաղը չի նմանւում Աբխազիային եւ Հարաւային Օսեային. Ռուսաստանը ցանկանում է միջնորդ հանդիսանալ, որպեսզի կողմերը համաձայնութեան գան: Վրաստանի պատերազմից յետոյ ստեղծւած դժւարութիւնները պարտադրում են Ռուսաստանին, ելնելով իր շահերից, ցանկութիւն ցուցաբերել Ղարաբաղյան հարցի լուծման կապակցութեամբ: Տարածաշրջանի բոլոր քաղաքական եւ ռազմական մասնակիցները միակարծիք են, թե խնդրի լուծման բանալին գտնւում է Մոսկւայում. եթէ ռուսները լուրջ քայլերի դիմեն, Ղարաբաղի հարցը հեշտութեամբ կլուծւի:
Վրաստանի պատերազմից յետոյ Ռուսաստանի կապը իր հայաստանեան ռազմական խարիսխների հետ, թէ ցամաքային, թէ օդային ուղիներով, խախտւել է: Նախկինում Հայաստան երթեւեկելու համար օգտագործւում էին վրացական ցամաքային եւ երկաթուղային միջոցները, վրացական օդային տարածքն էլ ռուսական օդանաւերի համար ազատ էր, այսօր` ոչ: Ադրբէջանի տարածքով կապը Հայաստանի հետ անկարելի է, քանի որ Ղարաբաղի բռնազաւթման պատճառով Ադրբէջանի եւ Թուրքոյ սահմանները փակ են Հայաստանի համար: Ռուսաստանի կապը Հայաստանի հետ միայն պարսկական տարածքով է իրականանում, այս պատճառով Ադրբէջանի սահմանաբացումը դեպի Հայաստան ունի խոշոր ռազմական եւ տնտեսական կարեւորութիւն Ռուսաստանի համար: Ներկայիս իրաւիճակը չի կարող երկար տեւել, քանի որ Հայաստանը բոլոր առումներով կախւած է Ռուսաստանից. եթէ մի օր Պարսկաստանը անապահով դառնայ` նրա սահմանները փակւեն, Ռուսաստանի կապը իր ռազմական խարիսխների եւ Հայաստանի հետ խախտւելու է, Հայաստանի գոյութիւնը վտանգւելու է:
Այդ իսկ պատճառով, քաղաքական եւ տնտեսական շահերը պարտադրում են ամենակարճ ճանապարհը` այսինքն Ադրբէջանի` դեպի Հայաստան սահմանների բացում. իսկ դա անկարելի է, եթէ Ղարաբաղի հարցը չլուծւի: Թուրքիան էլ իր «կայունութեան փլաթֆորմևկովկասեան համագործակցութիւն» առաջարկով ապացուցեց, որ ցանկանում է Ղարաբաղի խնդրի խաղաղ ճանապարհով լուծում: Ռուսաստանն ու Թուրքիան, պատմականօրէն դիտւած, մրցակիցներ են Կովկասում: Թէպէտ Թուրքիան NATO-ի անդամ է, այսօամենայնիվ Ռուսաստանը հակառակ չէ Թուրքիայի` «փլաթֆորմ»-ի առաջարկին, չնայած Վրաստանի պատերազմը երկու երկրների յարաբերութիւնը մի քիչ լարել է, յատկապես որ Վրաստանի բանակի զրահապատ մարդատարները թուրքական արտադրութեան էին: Մոսկովեան ցուցահանդեսում, որտեղ ցուցադրւում են 5-օրեայ պատերազմի աւարները, բացի ԱՄՆ-ից եւ Իսրայելից, քննադատւում է նաեւ Թուրքիան` վրացական բանակի զինման համար:
Ղարաբաղի բռնագրաւումը անցեալ 15 տարիների ընթացքում շատ ծանր է նստել Հայաստանի վրայ: Հայաստանը բոլոր ստրատեգիական տնտեսական ծրագրերից մեկուսացւել է: Տնտեսական շրջապատման եւ գործազրկութեան պատճառով Հայաստանի ժողովրդի կէսը գաղթել է արտասահման` աշխատանք փնտրելու: Երկարաժամկետ տնտեսական տեսակետից դիտւած, երեւանեան վարչակարգը ի վիճակի չէ բռնագրաււած տարածքները պահել, որքան էլ որ հայկական սփիւռքը շարունակի համառել: Հայաստանի տարեկան բուջեթի գլխաւոր բաժինը ծախսւում է Ղարաբաղում տեղակայւած բանակի եւ նրա զինման վրայ: Ադրբէջանի տնտեսական ծաղկումն ու Հայաստանի տնտեսական յետամնացութիւնը օր օրի աւելի է աչքառու դառնում: Եվ եթէ Հայաստանը համառի պահել Ղարաբաղի բռնագրաւումը, ինքն իր զարգացման ուղին փակելու է եւ շատ աւելին է կորցնելու:
Խնդրոյ գլխաւոր կողմը` Ադրբէջանն էլ միւս ժամանակաշրջաններից առաւել մեծ հետաքրքրութիւն է ցուցաբերում խնդրի խաղաղ լուծման հանդեպ: Յատկապես Ղարաբաղի այն ադրբէջանցիների քաղաքական ուժը, որը պաշտօնավորում է ադրբէջանական պետութիւնում, խթանում է այս խնդրի լուծմանը: Ժողովրդի մօտ էլ պատերազմից յետոյ մի տեսակ վերակառուցողական ոգի է ստեղծւել: Արժէ նշել, որ օգոստոսի 8-ին եւ 9-ին, երբ վրացական բանակը մտել էր Ցխինւալի, ընդդիմախօսներից, ինչպես նաեւ նախագահի արմատական մերձաւորներից ոմանք բարձրաձայն պահանջում էին յարձակւել Ղարաբաղի վրայ, զենքով ազատագրել այն, սակայն ռուսական զինւորական հակադարձութիւնը եւ վրացական բանակի պարտութիւնը շատ շուտ լռեցրեց այդ պահանջները Բաքւում:
Ներկայիս Ադրբէջանի հասարակութիւնը աւելի շատ հակւած է դէպի խաղաղ լուծման: Որոշ ադրբէջանական թերթերում էլ վերակառուցողական նախագծեր եւ գաղթականութեան վերադարձի թեմաներն են արծածւում, մինչեւ անգամ գաղթականների եւ կամաւորների մարդահամար է տեղի ունեցել: Խոսւում է, թէ Ներգիս-թափէ աւանը նկատի է առնւել որպես Ղարաբաղի նոր մայրաքաղաք, քանզի ընդունակ է ապագայում դառնալ նոր եւ մոդեռն քաղաք: Եթէ նոյնիսկ գաղթականների մի մասն ել վերադառնայ, գալիք տաս տարիների ընթացքում ժողովրդագրական բաղադրութիւնը Ղարաբաղում ի շահ ադրբէջանցիների է զարգանալու, եւ որևէ հանրաքւէ երաշխաւորելու է Ադրբէջանի գերիշխանութիւնը Ղարաբաղում:
Ղարաբաղյան խնդրի լուծումը ոչ միայն զօրացնելու է ազգային ոգին եւ միասնականութեան վերելքը յիւսիսային ադրբէջանցի ժողովրդի մեջ, այլ հարաւային ադրբեջանցի ժողովրդի հասարակութեան մտայնութեան վրայ էլ ունենալու է դրական մեծ ազդեցութիւն. ազգային դիմագիծ որոնող ադրբէջանցիների ոգին կզօրանայ, նոյն պահին էլ կւնասի իսլամական հանրապետութեանը, քանի որ իսլամական հանրապետութիւնն էլ ի վիճակի չի լինելու Ադրբէջանի եւ Հայաստանի հողային վէճը չարաշահելով քաղաքական խռովութիւն յարուցել, ինչպես նաեւ Իրանի ադրբէջանցիներին, մեղադրելով Ղարաբաղի պաշտպանութեան մեջ, ճնշման ենթարկել:
Ստեղծւած, վերը յիշւած, պատեհ առիթները յուսադրում են, թե շուտով Ղարաբաղյան թնջուկը նւազագոյն գնով եւ ամէնակարճ ժամկէտում լուծւելու է, քանի որ միշտ այսպես ձեռնտու առիթ չի լինելու, ինչպես ներկայումս, հաշւի առնելով բոլոր պայմանները միասին գումարած: Չնախատեսւած որեւէ իրադարձութիւն կարող է պայմանները փոխել: Այս խնդրի դիւանագիտական լուծումը օժանդակելու է տարածաշրջանի խաղաղութեանն ու կայունութեանը:
ԱՐԱՐԱՏ ռազմավարագիտական կենտրոնը շնորհակալություն է հայտնում դոկտոր Ժիրայր Քոչարյանին (Բեռլինից), որը սիրահոժար կերպով մեզ է տրամադրել իր այս թարգմանությունը:
——
[1] Թարգմանչի ծանոթագրությունը. «Akhbar-rooz»-ը («Օրվա լուրեր») Եվրոպայի ամենամեծ պարսկալեզու էլեկտրոնային լրատվամիջոցն է` հիմնված Գերմանիայի Քյոլն քաղաքում: Գլխավոր խմբագիրը Ֆ. Թաբան է (նախկինում` ձախակողմյան, Իրանի իսլամական հեղափոխությունից հետո հաստատվել է Քյոլնում):
[2] Թարգմանչի ծանոթագրությունը. Մաշալլահ Ռազմին Պարսկաստանի թրքամոլ ադրբեջանցի է: Իրանի իսլամական հեղափոխությունից հետո հաստատվել է Փարիզում: Հաճախ է գրում հակահայկական և հակապարսկական հոդվածներ պարսկական և ադրբեջանական մամուլում: Նա և իր նման մի շարք ադրբեջանցիներ գլխավորում են այսպես կոչված ադրբեջանական մշակութային և այլ կազմակերպություններ (այդպիսի խմբեր կամ կազմակերպություններ չունեն ո՛չ հայերը, ո՛չ պարսիկները):
1 մեկնաբանություն
Արցախը, Հայաստանի դիւանագիտութիւնը, Թուրքիան եւ Ադրբէյջանը, իսկ այս անգամ էլ` Պարսկաստանի ադրբէյջանցիները
Արդեն շաբաթներ է, ինչ հայ-թուրքական հարաբերութեան հետ միասին թէժացել է նաեւ Արցախեան հիմնախնդիրը: Մեր այս ներածական թարգմանութեան խթանը հանդիսացել է Մաշալլահ Ռազմիի յօդւածը «Ախբարէ Ռուզ»-ում` http://www.akhbar-rooz.com, 31 հոկտեմբերի, 2008 թ.: Սպասելի էր, որ պարսկահայերը թարգմանէին այս յօդւածը. այդ տեղի չունեցավ, ուստի եւ հանձն առա ինքս թարգմանել:
Պարսկաստանի ազերիները 20-25 միլլիոն են Պարսկաստանի Արեւելեան Ադրբեյջան եւ Արեւմտեան Ադրբէյջան նահանգներում եւ յարակից շրջաններում: Արտասահմանում, յատկապէս Իրանի իսլամական յեղափոխութիւնից յետոյ, նրանք պատկառելի թիւ են կազմում ԱՄՆ-ում, Անգլիայում, Շւէդիայում, Ֆրանսիայում եւ յատկապէս Գերմանիայում, որտեղ համագործակցելով Թուրքիայի հետ` ուժեղ հակահայկական գործունեութիւն են ծաւալել փանթուրքիզմի ուղղությամբ: Իրենց պայքարը ուղղւած է նաեւ Իրանի դէմ: Նրանց հակահայկական ցոյցերում Բեռլինում յաճախ տեսնում ենք Թուրքիայի, Ադրբէյջանի, Յուսիսային Կիպրոսի եւ երբեմն էլ Թուրքմէնստանի դրոշները:
Արդեն անգամներ գնահատւել է մամուլում Հայաստանի վարած քաղաքականութիւնը թէ՛ Թուրքիայի, եւ թէ ՛ Արցախի հիմնահարցի լուծման նկատմամբ: Այսուամենայնիվ կարելի չէ չյիշել պատմաբան եւ դիւանագէտ Արա Պապեանի եզրակացութիւնը. «Անքարան կը զբաղվի քաղաքական գովազդով, իսկ Երեւանը այդ գործին մէջ ակտիւօրէն կ’օգնի անոր»: Իսկ առանց դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման, Հայաստանում Թուրքիայի դեսպանի նշանակումին (որի համար նախապայմանը դեռևս պատմաբանների յանձնաժողովի ստեղծումն է) անդրադառնում է Ա.Պապեանը. «….Հայկական կողմը, չես գիտեր, թե ինչու, այդ առաջնային կը համարէ` «կանաչ լոյս» տալով թրքական նկրտումներուն տարածաշրջանի եւ Եվրոպայի մէջ»:
Թուրքիայի արտգործնախարար Բաբաջանը, դեկտեմբերի 1-ին Բաքւում տւած մամլոյ ասուլիսում յայտարարել է. «1918-էն ի վեր մենք միշտ եղած ենք եւ պիտի ըլլանք Ադրպէյջանի կողքին», եւ դեռ Երեւանը հաւանութիւն է տալիս Թուրքիայի միջնորդութեանը Արցախեան հիմնահարցի լուծման կապակցութեամբ, երբ դեռ Գիւլի Երեւան այցելութիւնից առաջ մամլոյ մի հարցազրոյցի ժամանակ արտգործնախարար Էդուարդ Նալբանդեանը կտրուկ պատասխանել էր, թէ «Արցախեան հիմնահարցի կապակությամբ մենք չենք բանակցում Թուրքիայի հետ»:
Այս միջոցին գաղտնիք չէ արդէն, որ Թուրքիան ո՛չ ցանկութիւն ունի դիւանագիտական յարաբերութիւններ ստեղծել Հայաստանի հետ, ո՛չ էլ սահմանները բացել (դեռ չենք խօսում Ցեղասպանութեան ճանաչման եւ այն դատապարտելու մասին), այլ ուզում է միջամտել ի շահ Ադրբէյջանի` լուծելու Արցախի հիմնախնդիրը, որպէսզի ձեռք բերի քաղաքական ազդեցութիւն Հարաւ Կովկասում, պահի իր կարեւորութիւնը որպէս քարիւղի (նավթի) եւ գազի տարանցիկ միջանցք, ինչպէս նաեւ քաղաքական վարկ Եւրոպայում:
Ինչ վերաբերում է Արցախը հակամարտող եւ բանակցող կողմ չճանաչելուն, դա մտահոգիչ խնդիր է դարձել: Ադրբէյջանը, ըմբռնելով, որ պատերազմում հաջողութիւն չունի, խելացի գտնւելով, հրադադար խնդրեց Բիշկեքեան արձանագրութիւնով (5 մայիսի, 1994թ.), որտեղ, ի դէպ, կայ Արցախի ստորագրութիւնը (Կարեն Բաբուրեան): Այս թւականից յետոյ Ադրբէյջանին յաջողւեց դուրս մղել Արցախը բանակցութիւններից եւ ծաւալուն քարոզչութեամբ Հայաստանին ներկայացրեց որպէս «ագրեսոր», որով էլ հարցն «ազգերի ինքնորոշումից» տեղափոխւեց «տարածքների ամբողջականութեան» հարթություն (տես գրող, հրապարակախոս Բակուր Կարապետեանի կոչը, ինչպես եւ ստորագրահավաքը http://www.avetis.am/petition կայքում): Յիշեցման կարգով նշենք, որ մինչեւ 1994-ը միջազգային համայնքի համակրանքը դէպի Հայաստանն ու Արցախն էր, իսկ ներկայիս` հակառակը: Զարմանալի է, որ բանակցութիւններում բնաւ չի խօսւում Շահումեանի շրջանի, Գետաշէնի, Գարդմանքի, Նախիջեւանի մասին, որի չորս հազար հայութիւնը 1988-ին քշւեց իր պապենական հողից: Չի խօսւում նաև 2005-ի Ջուղայի աշխարհահռչակ խաչքարերի ոչնչացման մասին:
Գտնում ենք, որ առանց նախապայմանի քաղաքական որեւէ յարաբերութիւն Թուրքիայի հետ ապարդիւն է: Այս մասին 2005-ին Ցեղասպանութեան 90-ամեակի կապակցութեամբ միջազգային երեւանեան համագումարում արդեն խօսել է գիտնական Ռուբէն Սաֆրաստեանը` մատնանշելով այդ քաղաքականութեան ապարդիւն լինելը: Հենց բանակցութիւնների անարդյունք լինելն պայմանաւորւած է մեկի աննախապայմանութեամբ, իսկ մյուսի` պայման-պահանջներով:
Ներկայիս, նկատի առնելով միջազգային քաղաքական իրաւիճակը, Թուրքիայի աքիլեսեան գարշապարը Հայոց ցեղասպանութեան ճանաչումն ու դատապարտումն է միւս պետութիւնների կողմից, եւ Թուրքիան այստեղ էլ է խոցելի: Դրա արդյունքն է նաեւ թուրք մտաւորականութեան ստորագրահավաքը: Դժբախտաբար, Հայաստանը այս հարցում ակտիւ չէ:
Առաւել կարեւոր է Արցախի մասնակցութիւնը բանակցութիւններում. Արցախի բացակայութեամբ չի լուծւելու որեւէ խնդիր: Միջազգային պրակտիկա է. Անգլիան վերջապէս բանակցեց Իռլանդական հանրապետական բանակի (IRA) հետ, ինչպէս որ Իսրայէլը պարտաւոր է խօսել Պաղեստինի ժողովրդի ներկայացուցիչների հետ, եթէ խաղաղութիւն է ուզում: 1921-ի կորուստները (Արեւմտեան Հայաստան, Կարս-Արդահան, Նախիջեւան, Արցախ) պատճառաբանւում են պետականութեան բացակայութիւնով եւ բանակցութիւններին մասնակից չլինելով, իսկ այսօր միջազգայնորեն ճանաչւած պետութիւն ունենք, որը պիտի ունենա համահաւասար նախապայման ու պահանջ: Ո՞վ պիտի թուրքի ինչ լինելը, 500 տարվա ստրկութիւնից, կոտորածներից եւ ցեղասպանութիւնից յետոյ, աւելի լաւ ճանաչէր, եթէ ոչ` հայերը: Բայց, ըստ երեւոյթին, դասեր չենք առել անցեալից: Անցեալի փորձը դեր չի խաղում, Գիւլի, Բաբաջանի եւ Ալիեւի պարզ ու խօսուն յայտարարութիւններն էլ չեն զգօնացնում մեզ:
Մաշալլահ Ռազմիի յօդւածի ոճն ու ոգին ջանացել ենք հարազատ թարգմանաբար ներկայացնել, որքան որ մեզ յաջողւել է` ցոյց տալով մի օրինակ, թէ ինչպէս են փորձում բուն ադրբէյջանցի մտաւորականները լրացնել իրենց քաղաքական ղեկավարների քաղաքական-համաթուրանական նկրտումները:
Դոկտոր Ժիրայր Քոչարյան,
Բեռլին, Գերմանիա