May 14 2008
Մտքի հաղթանակը Թեոդիկից մինչեւ Հրանտ Դինք
Տպել այս հոդվածըԱպրիլի 24-ի առաջին ոգեկոչումը 1919 թ. Մեծ եղեռնի 4-րդ տարելիցին կատարվեց Ստամբուլում
«Հայթերթ»
Աղբյուրը` (www.hyetert.com)
Ռագըփ Զարաքոլու (Ragıp Zarakolu)
«Արարատ» ՌԿ -ի մեկնաբանությունը
Ապրիլի 24-ի առաջին ոգեկոչումը կատարվել է 1919 թ. ապրիլին, Ստամբուլում: 1919 թ., այսինքն Մեծ եղեռնի 4-րդ տարելիցին, 1915 թ. զոհված գրողների, լրագրողների, հոգևորականների, գիտնականների, ուսուցիչների, իրավաբանների, այլ մտավորականների և համայնքի ղեկավարների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար հրատարակիչ ու գրող Թեոդիկը կազմեց «Ապրիլի 11-ի հուշարձանը» ժողովածուն: Հայերեն «Հուշարձան» վերնագրված այս առաջին հուշամատյանը 1919 թ. ապրիլին Ստամբուլում լույս ընծայեց «Արզուման» հրատարակչությունը:
Մեծ եղեռնի սկիզբը դրվեց 1915 թ. ապրիլի 11-ին, երբ իթթիհադական կառավարությունը համատարած ձերբակալությունների ենթարկեց մտավորականությանը, իսկ ավարտին հասավ մի ամբողջ ժողովրդի բնաջնջումով աշխարհագրական այն տարածքում, որտեղ նա բնակվում էր հազարավոր տարիներ:
Ապրիլի 11-ը համապատասխանում է ներկա օրացույցի ապրիլի 24-ին: 1919 թ. ոգեկոչման արարողությունն ու «Ապրիլի 11-ի հուշարձանը» ժողովածուն այդ առումով հանդիսացան ապրիլքսանչորսյան արարողությունների սկզբնավորումը: Հուշամատյանի ստեղծմանն անձամբ նպաստեց, աքսորվելով հանդերձ, երկաթուղում տաժանակիր աշխատանքի դատապարտված աշխատանքային գումարտակի զինծառայողների դիմադրության շնորհիվ հրաշքով փրկված լրագրող եւ հրատարակիչ Թեոդիկը: Դիմադրողների ջանքերով ողջ էր մնացել նաև իրադարձությունների կարևոր վկաներից «Հայկական Գողգոթա» գրքի հեղինակ Գրիգոր Բալաքյանը: Հուշամատյանի պատրաստումը Թեոդիկի համար բարոյական պարտք էր այն ընկերների առջեւ, որոնց հետ բռնել էր աներևակայելի աքսորի ճամփան եւ դժվարին օրեր էր անցկացրել: Առանց նրա ջանքերի այս գիրքը չէր լինի: Թեոդիկը հայտնի էր «Ամենուն տարեցույցը» ամենամյա հրատարակություններով, որի առաջին հատորը հրատարակել է 1906թ.: Գյուլբենկյան հիմնադրամի կողմից վերահրատարակվող այս տարեցույցերը, որպես սկզբնաղբյուր, կարևոր նշանակություն ունեն ըմբռնելու համար օսմանյան հասարակության առօրյա կյանքը, որի մաս էր կազմում նաև հայ համայնքը: Թեոդիկը տարեցույցերից չհրաժարվեց նաև Թուրքիան լքելուց հետո, շարունակեց հրատարակել մինչև 1928թ. Փարիզում ուղեղի արյան զեղում ստանալը:
Ամեն ինչ կորավ, այդ թվում ապրիլի 11-ի զոհերի համար Ստամբուլում Թաքսիմի հայկական գերեզմանում կանգնեցված հուշարձանը, այն էլ` առեղծվածային կերպով: Գերեզմանն այսօրվա «Դիվան» հյուրանոցի և ռադիոտան տեղում էր: Պատմաբան Փամբուքչյանը ասել էր, որ հուշարձանի պատվանդանը ժամանակին տեսել է «Հարբիե» թաղամասում, մի սպայի տան բակում:
«Հուշարձանը» թերթելիս, ակամա զարմանում ես, թե որքան մեծ է եղել ¥հայկական¤ դպրոցների, թերթերի, հանդեսների թիվը…, ինչպիսի մեծաթիվ գրքեր են հրատարակել, որքան գրող, թարգմանիչ, հրատարակիչ ու լրագրող են ունեցել և որքան հրատարակչություններ, թերթեր, հանդեսներ են հիմնադրել, ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում. «Ապագա», «Ալիք», «Անահիտ», «Արաքս» հրատարակչություն, «Արևիկ», «Աշխատանք», «Ազատամարտ», «Ազդակ», «Գիտական շարժում», «Մանկական աշխարհ», «Տարազ», «Ծաղիկ», «Հայկական գրական հանդես», «Գավրոշ», «Կոչնակ», «Կրակ», «Կկու», «Կյանք», «Ժողովրդի ձայն», «Յառաջ», «Հայրենիք», «Հորիզոն», «Իզջի», «Ժամանակ», «Գաղափար», «Գեղունի», «Գործ», «Լուսաղբյուր» հրատարակչություն, «Մասիս», «Մեհյան», «Մտրակ», «Մշակ», «Մուրճ», «Նոր աշխարհ», «Նոր օր», «Նոր այգ», «Նոր կյանք», «Բագին», «Բանվոր», «Բազմավեպ», «Պրո Արմենիա», «Բյուզանդիոն», «Ռազմիկ», «Սուրհանդակ», «Շարժում», «Շավիղ», «Շիրակ», «Դրոշակ», «Ձայն», «Երկրի ձայն», «Վերածնունդ», «Ոստան», «Եփրատ», «Երկիր», «Զուռնա», «Յարընըն սեսի»…
Հայկական մամուլը համադրենք օսմանյանի հետ. «Ջերիդե-ի շարքիե», «Ջիհան», «Մանզումե», «Մեջմուա-ի աքբար», «Մանզումե-ի էֆքյար», «Սաադեթ», «Սաբահ», «Շեհբալ», «Թարիք», «Թաֆսիր-ի էֆքյար», «Ենի ֆիքիր»…
Նրանք թղթակցել և հոդվածներ են հրապարակել Եվրոպայի առաջնակարգ թերթերում, սովորել են Բեռլինի, Բոստոնի, Բրյուսելի, Ժնևի, Կոլումբիայի, Քորնելի, Լայպցիգի, Լոնդոնի, Լոզանի, Մարսելի, Մասաչուսեթսի, Նանսի, Նյու Յորքի, Փարիզի, Սորբոնի, Շտուտգարտի, Վիեննայի, Վենետիկի եւ բազմաթիվ այլ համալսարաններում:
Նրանք ծնվել են տարբեր տեղերում, տարբեր տարիներին, բայց այդ տխրահռչակ ամսաթիվը միաձուլել է բոլորի ճակատագիրը: Մտավոր կարողությունների ինչպիսի՜ ահավոր ոչնչացում:
Քանի որ իմ երկրում խուսափում են հաշտվել պատմության հետ, կոծկում կամ արդարացնում են ապրիլի 24-ը, ուստի սովորական են դարձել մտավորականության դեմ գործադրվող ճնշումները, զանգվածային ձերբակալություններն ու սպանությունները: Յուրաքանչյուր սերունդ իր իսկ փորձությամբ եղել է այս ամենի ականատեսը, սակայն ոչ ոք չի փորձել իջնել ակունքները, չի հանդգնել ընդհանուր ուժերով դատապարտել պետության բնաջնջման քաղաքականությունը: Ես եղել եմ մայիսի 27-ի, մարտի 12-ի, սեպտեմբերի 12-ի զինվորական հեղաշրջումներից հետո մտավորականների, քաղաքական առաջնորդների, զանգվածային ձերբակալության և չեզոքացման ականատեսը: 1990-ականներին ապրել եմ տասնյակ լրագրողների և հեղինակների սպանության վիշտը: Պատմությունը մեր երկրում մշտապես կրկնվել է: Ապրիլի 24-ը բոլորի համար դարձել է սկիզբ: Սակայն բոլորն էլ հաշտվել են ճակատագրի հետ:
1915-ին հայ մտավորականների դեմ վճիռ էր ընդունվել: Դրա ի կատար ածումը ոչ-պաշտոնական միջոցներով հարցի էությունը չի փոխում. մտավորականության դատավճիռը աքսորի ճանապարհին իրականացնում էին ավազակախմբերը: Այսօր էլ արդիական են Տ. Զավենի գրածները «Հուշարձանի» նախաբանում. «Միտքը բիրտ ուժով ոչնչացնելու» մտայնությանը պետք է վերջ տալ: Հրաժարվել է պետք նաև ժամանակ առ ժամանակ օրենսդիր և դատական մարմիններում ի հայտ եկող «հավատաքննության» մտայնությունից: Չմոռանանք, որ միջնադարում ողջակիզված Ջորդանո Բրունոն և Էթիեն Դոլեն դրոշմվել են մարդկային ուղեղում և անմահացել:
Եվ 92 տարի անց նրանց ճանապարհով ընթացավ նաև Հրանտ Դինքը…
2 մեկնաբանություն
Ստորև, աննշան կրճատումներով, ներկայացնում ենք թուրք հանրաճանաչ հրատարակիչ եւ մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքոլուի՝ Պոլսո «Հայ թերթ» (www.hyetert.com) կայքէջից քաղած հոդվածի թարգմանությունը: Միաժամանակ հիշեցնում ենք, որ նա պայքարում է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման համար, հրատարակել է հայ բազմաթիվ հեղինակների ցեղասպանությանը նվիրված հուշագրերը, գիտական աշխատությունները, որոնցից թերևս կարելի է առանձնացնել Վահագն Տատրյանի եռահատոր ժողովածուն ու մենագրությունը: Զարաքոլուի գործունեության և հրատարակությունների բնույթը նրան դարձրել է թուրքական քրեական օրենսգրքի չարաբաստիկ 301-րդ հոդվածի մշտական թիրախ:
Ragip Zarakolou is a very courageous and principled democrat who for a few decades now has stood firm against the Turkish terrorist military/regime (together with his late wife Ayshe Noor) at a great personal (imprisonment) and financial cost (bankruptcy, fines, fire-bombing of his publishing house, etc.) to himself. He has been persecuted and bullied by consecutive Turkish regimes of every hue (military/Islamic/”democratic”!) since 1970s, for insisting on the truth of what happened to the Armenians and what is happening to the Kurds today – what Turkey did and does to them!
He deserves every support from every democrat throughout the world.
I am honoured and proud to know him personally and to call him a friend.