May 15 2008

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչ Կոստան կոչ է արել նոր առաջադրված դեսպանին` պատասխանելու Հայոց Ցեղասպանությանն առնչվող հարցերին

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

Քաղված է ԱՄՆ Ներկայացուցիչների տան անդամ Ջիմ Կոստայի պաշտոնական կայքէջից
8 մայիսի, 2008թ.

Աղբյուրը` (www.costa.house.gov)

Հետևյալ տեղեկատվությունը տարածել է Կալիֆոռնիայի ներկայացուցիչ Ջիմ Կոստայի գրասենյակը:

Այսօր կոնգրեսական Ջիմ Կոստան (Ֆրեզնո) նամակ է ուղարկել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան առաջադրված Մարի Լ. Յովանովիչին: Նամակում Կոստան խնդրում է դեսպանին պարզաբանել, թե ինչ է վերջինս մտածում 1915-1923թթ. Թուրքիայում տեղի ունեցած դեպքերի մասին:

«Միացյալ Նահանգների համար կարևոր է Երևանում այս թափուր պաշտոնում նշանակում կատարելը»,- ասել է Կոստան: «Սակայն նախքան նրա` Միացյալ Նահանգների Սենատի կողմից հաստատումը, իմ ընտրողների և ինձ համար խիստ կարևոր է իմանալ, թե այդ պաշտոնի թեկնածուն ինչ է մտածում 20-րդ դարի առաջին ցեղասպանության, այն է` հայերի ցեղասպանության մասին»:
Դեսպան Մարի Լ. Յովանովիչը Կոնեկտիկուտից է, բարձրաստիճան դիվանագետ, ունի խորհրդականի դասային աստիճան, և 2005թ. հունիսի 3-ին առաջադրվել է Ղըրղզստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան: 2005թ. հունիսի 30-ին Սենատը հաստատել է նրան այդ պաշտոնում:

Ստորև ներկայացվում է Կոստայի նամակը:


Նորին Գերազանցություն Մարի Լ. Յովանովիչին
ԱՄՆ դեսպան Ղըրղզստանի Հանրապետությունում

2201 “C” Street, NW

Washington, DC 20520

Թանկագին դեսպան Յովանովիչ,

Շնորհավորում եմ Ձեզ` վերջերս Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան առաջադրվելու առիթով: Հաշվի առնելով Ձեր փորձառությունն ու ներկա պաշտոնը որպես ԱՄՆ դեսպան Ղըրղզստանում` Դուք իդեալական թեկնածու եք Հայաստանում աշխատելու համար:

Ինչպես քաջատեղյակ եք, ԱՄՆ-ը Հայաստանում չունի դեսպան սկսած այն պահից, երբ դեսպան Ջոն Էվանսը 1915-1923թթ. 1.5 միլիոն հայերի կոտորածներն արդարացիորեն որակեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Համոզված եմ, որ այդ պաշտոնում Ձեր առաջադրվելը բխում է մեր երկրի շահերից, սակայն կարևոր է նաև, որ իմ ընտրողներն իմանան Ձեր կարծիքը Հայոց ցեղասպանության մասին, քանի որ այն կարող է ամրապնդել կամ վնասել մեր հարաբերությունները Հայաստանի Հանրապետության և ամերիկահայ համայնքի հետ:

Կասկածից վեր է, և անվիճելի պատմական փաստ է, որ 1915-1923թթ. Օսմանյան Կայսրությունը հետևողականորեն կոտորել է 1.5 միլիոն հայերի և հարյուր հազարավորների էլ բռնի տեղահանել իրենց նախնիների հայրենիքից: Այս գազանությունների իրականացման մասին վկայող փաստաթղթերը պահվում են Միացյալ Նահանգների արխիվներում, և այդ փաստերն ընդունվել են Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի, ինչպես նաև պատմաբանների և գիտնականների առավել լայն շրջանակների կողմից:

Օսմանյան Կայսրության` ցեղասպանությունը սկսելուց երկու օր անց «Նյու Յորք Թայմզ»-ը հրապարակեց «Քրդերն ավելի շատ հայեր են սպանում» խորագրով մի պատմություն և դրան անդրադարձավ հաջորդ տարի` ներկայացնելով հոդվածներ Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցող զանգվածային կոտորածների մասին: 1915թ. հոկտեմբերի 4-ին, «Թայմզ»-ն իր գլխավոր էջում հրապարակեց Հայերի դեմ իրականացված գազանությունների հարցերով զբաղվող հանձնաժողովի զեկույցը, որը ճշգրիտ ներկայացնում է, թե ինչ էր կատարվել հայերի հետ Թուրքիայում: «Զեկույցում նկարագրվում է, որ անչափահաս երեխաներին Եփրատն էին նետում, որպեսզի ջրախեղդ լինեն, կանանց ստիպում էին իրենց ծծկեր երեխաներին թողնել ճանապարհին, որ մահանան, երիտասարդ կանանց և աղջիկներին թուրքերը ստրկացնում, հարեմ էին ուղարկում, բռնաբարում կամ վաճառում աճուրդային գնով, իսկ տղամարդկանց սպանում էին և տանջամահ անում»:

Իմ շրջանում ապրում են բազմաթիվ ամերիկահայեր, և շատերը ցանկանում են իմանալ Ձեր մոտեցումը Հայոց ցեղասպանության հարցին: Պատասխանեք, խնդրեմ, ներքոհիշյալ հարցերին, որն ինձ թույլ կտա պատկերացում կազմել, թե ինչպիսին է Ձեր կարծիքը այդ հարցի վերաբերյալ, և թե Դուք ինչպես եք պատրաստվում լուծել Թուրքիայի և Հայաստանի միջև առկա այդ խնդիրը:

1. Ըստ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դատապարտման 1948թ. կոնվենցիայի, որի անդամ է ԱՄՆ-ն, ցեղասպանությունը տեղի է ունենում, երբ այն բավարարում է երեք չափանիշ: Ձեր կարծիքով` 1915թ. կոտորածները և բռնի տեղահանումները համապատասխանո՞ւմ են այդ չափանիշներին: Եթե ոչ, խնդրում եմ պատասխանեք` ինչո՞ւ:

2. 2007թ. մարտի 15-ին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գծով տեղակալ Դանիել Ֆրիդը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առաջ հայտարարեց և հաստատեց, որ «Հայոց ցեղասպանության հարցը պետք է լուծվի ոչ թե քաղաքական գործիչների, այլ պատմաբանների, փիլիսոփաների և հասարակ ժողովրդի ազնիվ ներհայեցողության միջոցով»: Այնուամենայնիվ, 1998թ. պատմության, փիլիսոփայության, աստվածաբանության և իրավաբանության 150 հոգանոց գիտնականների խումբը հորդորեց իրենց կառավարություններին պաշտոնապես ճանաչել Հայոց Ցեղասպանությունը որպես այդպիսին: Արդյոք Պետքարտուղարի օգնական Ֆրիդը նկատի ունե՞ր «պատմաբանների, փիլիսոփաների և հասարակ ժողովրդի» այսօրինակ «ազնիվ ներհայեցողությունը»։ Եթե այո, ինչո՞ւ ԱՄՆ-ն չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Եթե ոչ, խնդրում եմ բացատրել, թե ինչո՞ւ:

3. Արդյոք Դուք կատարե՞լ եք որևէ անհատական հետազոտություն Հայոց ցեղասպանության թեմայով: Եթե այո, ո՞րն է Ձեր անձնական կարծիքը 1915-1923թթ. տեղի ունեցած դեպքերի մասին:

4. Ինչպե՞ս եք պատրաստվում ամրապնդել կապերը ամերիկահայ համայնքի հետ:

5. Նախատեսո՞ւմ եք արդյոք բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել Թուրքիային և նրա հետ քննարկել Հայոց ցեղասպանության փաստերը:

Ցանկացած արտասահմանյան պետությունում աշխատող ԱՄՆ դեսպանը պետք է հստակ իմանա և հասկանա տվյալ երկրի քաղաքացիների տրամադրությունները, զգացմունքներն ու մտքերը, որպեսզի կարողանա մշակել դիվանագիտական արդյունավետ ծրագիր: Օրինակ, Կամբոջայում նշանակված դեսպանը պետք է ընդունի նրանց ցեղասպանությունը, քանի որ այսօր հենց այդ ցեղասպանությունն է կերտել այդ ազգի հոգեբանությունը: Այդ տեսանկյունից են Կամբոջայի քաղաքացիներն ընկալում աշխարհում կատարվող իրադարձությունները, քաղաքական մարտահրավերները, այլ պետությունների հետ համագործակցությունն և առևտրային քաղաքականութունը: Նույնը կարելի է ասել Իսրայելի և Ռուանդայի մասին: Ժխտելով այնպիսի հոգեցունց իրադարձություն, ինչպիսին ցեղասպանությունն է` ոչ մեկը չի կարող ո՛չ մշակել, ո՛չ իրականացնել ազնիվ և արդյունավետ դիվանագիտություն և ո՛չ էլ շահել այդ պետության վստահությունը երկկողմ հարաբերություններում:

Շնորհակալություն Ձեր տրամադրած ժամանակի համար: Ակնկալում եմ Ձեր արագ պատասխանը:

Հարգանքներով` Ջիմ Կոստա

Comments Off on ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչ Կոստան կոչ է արել նոր առաջադրված դեսպանին` պատասխանելու Հայոց Ցեղասպանությանն առնչվող հարցերին

Այս էջում չկա մեկնաբանություններ