May 20 2008

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն ու Թուրքիան

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոն
Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտ
«Ամենօրյա բյուլետեն», 13 մայիսի, 2008
Աղբյուրը` (www.eraren.org)
Մեկնաբանությունը՝ Օյա Էրենի

«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը

2008 թ. մայիսի 6-ին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ու Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ հանդիպեցին Ստրասբուրգում:

Երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը թուրքական և արտասահմանյան մամուլում մեկնաբանվեց որպես Ադրբեջանի և Հայաստանի նախագահների առաջիկա հնարավոր հանդիպման նախապատրաստություն: Նախագահների հանդիպումը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման և հատկապես հակամարտության կողմ երկրների մոտեցումների դրսևորման առումով միշտ էլ կարևոր է և արժանանում է մշտական ուշադրության:

Մինչ Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա հիմնահարցին անդրադառնալը` նախ հայացք նետենք Թուրքիա-Հայաստան հարաբերությունների վերջին շրջանի վրա: Փետրվարի 19-ի ընտրություններից հետո մեծ հետաքրքրություն էր առաջացրել այն հարցը, թե Հայաստանի նախագահի պաշտոնում ընտրված Սերժ Սարգսյանն ու նոր կառավարությունը ինչպիսի՞ քաղաքականություն կորդեգրեն Թուրքիայի նկատմամբ, ի՞նչ ընթացք կունենան երկու երկրների միջև հարաբերությունները: Ընտրությունների ավարտին Թուրքիան և Հայաստանը վարչապետի ու արտգործնախարարի մակարդակներով ջերմ ուղերձներ փոխանակեցին, ընդգծվեց երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների կարևորությունը: Երբ Սերժ Սարգսյանը ստանձնեց հանրապետության նախագահի, իսկ Տիգրան Սարգսյանը՝ վարչապետի պաշտոնը, վարչապետ Էրդողանն ուղերձ հղեց Հայաստանին: Ուղերձում նա հույս հայտնեց, որ երկու երկրների հարաբերություններն առաջիկայում կմտնեն խաղաղության, կայունության և բարեկեցության համար բարենպաստ հուն: Տ. Սարգսյանը պատասխան ուղերձում ընդգծեց, որ երկկողմ, չմիջնորդավորված, անմիջական հանդիպումները կնպաստեն բոլոր հարցերի կարգավորմանը: Այսպիսով, երկու երկրների վարչապետները մատնանշեցին առկա խնդիրները բարիդրացիական հարաբերությունների հիմքի վրա երկխոսության ճանապարհով լուծելու իրենց պատրաստակամությունը: Միաժամանակ հայ պետական գործիչները նշեցին, որ հարաբերությունների կարգավորման համար որևէ նախապայման չեն առաջադրում: Ինչպես հայտնի է, Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը խոչընդոտող արգելքները երեքն են: Առաջինն այն է, որ առ այսօր Հայաստանը խուսափում է բացահայտորեն ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, երկրորդը՝ 1915 թ.-ի իրադարձությունների` իբրև ցեղասպանություն ճանաչման Հայաստանի ջանքերն են, երրորդը՝ Ադրբեջանի մաս կազմող Ղարաբաղի և հարակից ադրբեջանական տարածքների հայկական բռնազավթումն է: [1] Որքան էլ Հայաստանը շարունակի կրկնել, թե «պատրաստ է առանց նախապայմանի հարաբերություններ հաստատել», որևէ ընդառաջ քայլ չի կատարում այն հարցերում, որոնց նկատմամբ զգայուն է Թուրքիան: Ղարաբաղի բռնազավթման պատճառով Հայաստանը շարունակում է հակամարտել Ադրբեջանի հետ: 1915թ.-ի իրադարձությունները բնութագրում է իբրև ցեղասպանություն եւ Թուրքիային անարգի մեղադրանքներ է ներկայացնում աշխարհով մեկ: Ղարաբաղի բռնազավթման պատճառով մթագնում է տարածաշրջանի կայունությունը, իսկ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային համատեղ նախագծերից և պայմանագրերից:

Երկու հարևանների հանդեպ Հայաստանի որդեգրած քաղաքականության մեջ ցայսօր որևէ տեղաշարժ չի կատարվել: Հատկապես Ղարաբաղում նրա անհաշտ դիրքորոշումը շարունակում է խախտել տարածաշրջանում ստեղծված հավասարակշռությունը` միաժամանակ վնասելով հենց Հայաստանին:

Փետրվարի ընտրություններից հետո, երկրում նոր նախագահի պաշտոնավարման և նոր կառավարության կազմավորման պայմաններում, երբ Հայաստանի տարածաշրջանային քաղաքականության հնարավոր փոփոխությունը մեծ հետաքրքրություններ էր առաջացրել, էլ ավելի կարևորվեց Հայաստանում նորանշանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպումը: Հանդիպման ավարտին կողմերը հանդես եկան համահունչ հայտարարություններով: Նրանք հանգեցին հիմնահարցը երկխոսության շրջանակներում լուծելու անհրաժեշտությանը: Ադրբեջանն ու Հայաստանը ներկայացրեցին իրենց մոտեցումներն այդ հարցում: Ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տեղի ունեցած նախորդ հանդիպումների, այնպես էլ այս հանդիպման ժամանակ, երկու երկրների արտգործնախարարներն ընդգծեցին, որ կողմերը պատրաստ են նպաստել խաղաղության գործընթացին: Թեև Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն անցել է բարենպաստ մթնոլորտում, բայցևայնպես, բնույթով նման է նախորդ երկկողմ հանդիպումներին: Ղարաբաղը շարունակում է մնալ տարածաշրջանի ամենակարևոր հիմնախնդիրը, իսկ նրա` հայաստանյան բռնազավթումը դեռ մնում է լուծման ենթակա խնդիր: Խաղաղության պահպանումը և հարցի լուծումը դիվանագիտական ճանապարհով ցանկալի է Թուրքիայի նման մյուս միջնորդ երկրներին:[2] Կարգավորումը սակայն հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հայաստանը համաձայնի խաղաղությանը նպաստող քայլեր կատարել:

——————————

[1] Այն, ինչ հոդվածագիրն իբր սեփական «վերլուծության» հիման վրա բնորոշում է որպես Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտող «արգելքներ», իրականում ոչ այլ ինչ են, քան թուրքական կառավարության Հայաստանի նկատմամբ առաջ քաշվող հայտնի անընդունելի նախապայմանները: («Արարատ» ՌԿ-ի կողմից)

[2] Թուրքիան ղարաբաղյան հակամարտության միջնորդ երկիր չէ. այն եղել, շարունակում է մնալ և պետք է միջազգայնորեն ճանաչվի հակամարտության ուղղակի կողմ: Այս հակամարտությանն իր մասնակից լինելը Թուրքիան փաստում է Հայաստանի տնտեսական շրջափակմամբ, հայ-թուրքական հարաբերությունները` հայ-ադրբեջանական հարաբերություններով և ղարաբաղյան խնդրով նախապայմանավորելով, Ադրբեջանին ցուցաբերվող բացահայտ աջակցությամբ, Հայաստանի և հայության դեմ իրականացվող տեղեկատվական-հոգեբանական պատերազմի հետևողական քաղաքականությամբ: («Արարատ» ՌԿ-ի կողմից)

One response so far

1 մեկնաբանություն

  1. «Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունըգրել է 20 Մայիս 2008թ.-ին, ժամը 03:30

    Անկարայում գործող Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հայկական ուսումնասիրությունների ինստիտուտը հիմնադրվել է 2001 թ.: Գլխավոր նպատակը, ինչպես նշված է ինստիտուտի պաշտոնական կայքէջում` http://www.eraren.org, Հայկական հարցի բազմակողմանի ուսումնասիրությունն է, որը թուրքական պատկերացմամբ իր մեջ ներառում է Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հայկական սփյուռքի «հակաթուրքական» գործունեությունը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտությունը:

    Ինստիտուտը 2001 թ.-ից հրատարակում է «Հայկական ուսումնասիրություններ» եռամսյա պարբերականը, իսկ 2002 թ.-ից` «Review of Armenian Studies» խորագրով նույն պարբերականի անգլերեն տարբերակը, ինչպես նաև ունի «Ամենօրյա բյուլետեն» նաև անգլերեն լեզվով: Ինստիտուտի տնօրենն է նախկին դեսպան Օմեր Էնգին Լյութեմը, որն իբրև ցեղասպանության ժխտողականության առաջամարտիկ գլխավորապես կենտրոնանում է «Հայկական հարցի» ուսումնասիրության վրա, այն ընկալմամբ ինչ ընդունված է Թուրքիայում: