Jul 02 2009
Բաքուն հայտնվել է ՆԱՏՕ-ի խնամախոսների թիրախում
Տպել այս հոդվածը«Վոեննո-Պրոմիշլեննի Կուրիեր», 23 հունիսի, 2009թ.
Աղբյուրը՝ Военно-Промышленный Курьер
Անդրեյ Կորբուտ (Andrey Korbut)
Դաշինքը շահագրգռված է շուտափույթ կերպով ընդունել Ադրբեջանն իր շարքերի մեջ
Ադրբեջանն ու Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությունը շարունակում են զարգացնել շփումները ռազմական ոլորտում։ Վերջերս Բաքվում ավարտվեց այսպես կոչված ՆԱՏՕ-ի շաբաթը, որի շրջանակներում կայացան բազմաթիվ միջոցառումներ, սեմինարներ, համաժողովներ եւ աշխատանքային հանդիպումներ։ Դրանցից առավել նշանակալիները կապված էին տարածաշրջանի էներգետիկ անվտանգության ապահովման եւ Հարավային Կովկասում Դաշինքի դերի վերլուծության, մասնավորապես՝ Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցության հետ։ ՆԱՏՕ-ի շաբաթին նախորդել էր գաղափարաբանական եռանդուն արշավ, որի ընթացքում Բրյուսելը ներկայացնում էր ՆԱՏՕ-ի կազմում Ադրբեջանի շուտափույթ ներգրավման անհրաժեշտությունը։
Այսպես, Բոգդան Աուրեսկուն` Ռումինիայի արտգործնախարարության ռազմավարական գործերով պետքարտուղարը, հունիսի 10-ին հայտարարեց Բաքվում, որ «Ադրբեջանը Դաշինքի կենսական գործընկերն է։ Եթե այն որոշի անդամակցել, մենք միայն ուրախ կլինենք»։Ընդ որում, Աուրեսկուն նշեց, որ Բաքուն «դեռեւս չի դիմել անդամակցության հարցով։ Բայց եթե Ադրբեջանը ցանկանա անդամակցել ՆԱՏՕ-ին, մենք հաճույքով կդիտարկենք այդ առաջարկը»։ Ռումինացի դիվանագետի նման հայտարարությունները պատահական չեն։ Այսօր հենց Ռումինիան է ՆԱՏՕ-ի ղեկավարության կողմից Ադրբեջանի հետ Դաշինքի համագործակցության նոր համակարգող նշանակվել՝ փոխարինելով այդ դերում Թուրքիային։ Եւ իհարկե, այդ բառերն արտահայտում են Բրյուսելի պաշտոնական դիրքորոշումը։ Նախքան Աուրեսկուի պաշտոնական հայտարարությունը, ՆԱՏՕ-ի կազմում Ադրբեջանի ներգրավման ցանկալիության մասին տեղեկությունը ԶԼՄ-ներում հայտնում էին անանուն աղբյուրները։
Այսպես, «ՅուրեյժիաՆեթ» (EurasiaNet) կայքը, վկայակոչելով Հյուսիսատլանտյան դաշինքի միացյալ ուժերի հրամանատարությունում ունեցած աղբյուրները, հայտնեց, որ «Ադրբեջանն ավելի շատ հնարավորություններ ունի մոտ ապագայում ՆԱՏՕ-ի անդամ դառնալու, քան Վրաստանն ու Ուկրայինան»։ Հոդվածի հեղինակը պնդում է, որ «նախկինում ե՛ւ Բրյուսելում, ուր գտնվում է ՆԱՏՕ-ի կենտրոնը, ե՛ւ Բաքվում համարում էին, որ Վրաստանն առաջինը կընդունվի ՆԱՏՕ, իսկ նրան կհետևի Ադրբեջանը։ Սակայն իրադրությունը փոխվել է, եւ հնարավոր է, որ հաջորդ տարի անդամագրվելու առավել հավանական թեկնածուն դառնա Ադրբեջանը։ Բաքուն կարող է Ուրկաինայից ու Վրաստանից շուտ դառնալ ՆԱՏՕ-ի անդամ»։
Այդ եզրակացությանը տրվում է առաջին հայացքից բավականին տրամաբանական բացատրություն, թե 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո ՆԱՏՕ-ի անդամ շատ պետություններ համարում են, որ Վրաստանի անդամությունը պարզապես անհնար է պատկերացնել։ ՆԱՏՕ-ի հետ կապված ներքին տարաձայնությունները եւ քաղաքական անկայունությունը նվազեցրել են նրա` Դաշինքի անդամ դառնալու հավանականությունը։ Այդ պայմաններում Ադրբեջանը կայունության պատվար է թվում։ «Նրա այլ մեծ առավելություններից են՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ ամուր մշակութային կապերը, ինչպես նաեւ նրա ռազմավարական կարեւորությունը նախագծվող Նաբուկո եւ Թուրքիա–Հունաստան–Իտալիա գազատարների համար, որոնք մոտակա տարիներին կուժեղացնեն արևմուտքի աջակցությունն Ադրբեջանին», — հայտնում է «ՅուրեյժիաՆեթ»-ը։
Բրյուսելի աղբյուրների հաղորդմամբ` Ադրբեջանի՝ ՆԱՏՕ-ի անդամ շուտափույթ դառնալու կողմնակից են Թուրքիան, Ռումինիան, Լեհաստանը, Մեծ Բրիտանիան եւ բալթյան պետությունները։ Մինչդեռ, ինչպես համարում է հայտնի կովկասագետ, պատմական գիտությունների դոկտոր Վլադիմիր Պոպովը, Ադրբեջանի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն խանգարում են մի շարք հանգամանքներ եւ դրանց մասին Բրյուսելում, իհարկե, գիտեն։ «Նախ,— ասում է Պոպովը,— Ադրբեջանը Ղարաբաղյան հակամարտության մասնակից է։ Իսկ դա արդեն Դաշինք մուտք գործելու համար անընդունելի պայման է։ Երկրորդ՝ ՆԱՏՕ-ում ընդգրկվելուն դեմ է երկրի ներկայիս ղեկավար Իլհամ Ալիեւը, ու նաեւ Ռուսաստանն անընդունելի է համարում ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արեւելք։ Երրորդ, շուտափույթ ընդգրկվելուն դեմ են լինելու Ֆրանսիան ու Գերմանիան։ Կարճ ասած` ստորջրյա խնդիրներն այստեղ շատ են, եւ դրանց մասին ՆԱՏՕ-ի ղեկավարությունը գիտի»։
Իր հերթին, ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գյուլուզադեն, հակառակը, համարում է, որ Ադրբեջանը մեծ հնարավորություն ունի ընդգրկվել ՆԱՏՕ-ում, քանի որ Հարավային Կովկասում Դաշինքն իր շահերն ունի։ Բացի այդ, ըստ քաղաքագետի, Ադրբեջանում այդ գործընթացը խոչընդոտող լուրջ ուժեր չկան։ Տարածաշրջանում ՆԱՏՕ-ի շահերի մասին պաշտոնյաները խոսում էին անցած շաբաթ։ Այսպես, համաժողովներից մեկի ընթացքում ՆԱՏՕ-ի պաշտպանության եւ տնտեսական անվտանգության տնօրինության ղեկավար Մայքլ Գաուլը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն չի բացառում ռազմական գործողությունները՝ ապահովելու համար Նաբուկո գազատարի անվտանգությունը, որը հավանաբար շուտով կկառուցվի Կասպից ծովի ափերից դեպի Եվրոպա։ Գաուլն այդ առիթով ընգծեց, որ խողովակաշարերը տարածաշրջանի ներքին ենթակառուցվածքներն են, բայց որոշ դեպքերում, բացառության կարգով, եթե առաջարկություններ լինեն, ՆԱՏՕ-ն կարող է օգնություն ցուցաբերել խողովակաշարի անվտանգությունն ապահովելու հարցում։
Թեեւ Բաքուն այստեղ զբաղեցնում է չեզոք դիրք, փորձագետները հիշեցնում են, որ ՆԱՏՕ-ի ուժերով Նաբուկո գազատարի անվտանգության ապահովման հարցը դրվել էր վերջերս Բաքվում կայացած «Կասպիական նավթ և գազ-2009» (Caspian Oil & Gas 2009) միջազգային համաժողովում, բայց այն ժամանակ ադրբեջանական կողմը նշել էր երկրի տարածքում խողովակաշարերի անվտանգության առանց այն էլ հուսալի համակարգը։
Այսպիսով, ՆԱՏՕ-ի կենտրոնը, ձգտում է ուժեղացնել շփումները Բաքվի հետ, եւ հնարավորինս համոզել անդամակցել ՆԱՏՕ-ին։ Ադրբեջանի պաշտոնական ղեկավարությունը առայժմ դեմ է նման քայլերին, սակայն համագործակցությունից չի հրաժարվում։ Այդ թվում եւ՝ ռազմական օգնությունից։
Eurasia.net-ի տվյալներով, ԱՄՆ պետքարտուղարությունը մտադիր է ընթացիկ տարում Ադրբեջանին հատկացնել ավելի քան 25 մլն դոլար, որի մեկ-հինգերորդ մասը կազմելու է ռազմական օգնությունը։
Սկսած 1992 թվականից` երկրում իրագործվել են մի շարք նախագծեր, այդ թվում՝ Ադրբեջանի զինված ուժերի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներով բարեփոխումը։ Բաքուն հաջողությամբ գործում է ՆԱՏՕ-ի «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում։ Այդ թվում, նրա զինված ուժերը եռանդաբար գործել են Դաշինքի վերջին զորավարժություններում, որոնք կայացան Վրաստանում։ Նկատենք, որ Ռուսաստանի ՀԱՊԿ բոլոր դաշնակիցները, այդ թվում եւ Մոլդավան, հրաժարվեցին այդ զորավարժություններից։
Բացի այդ, ապրիլի 18-ին Բաքվում մեկնարկեցին «Տարածաշրջանային պատասխան–2009» միջազգային զորավարժությունները, որոնք կազմակերպվել էին ՆԱՏՕ-ի «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում։ Ինչպես հաղորդել են մի շարք ԶԼՄ-ներ` ՆԱՏՕ-ի կազմակերպած միջոցառումներորւմ ադրբեջանցի զինվորականների մասնակցությունը իրականացվում է IPAP ծրագրով (Անհատական գործակցության օպերատիվ ծրագիր)։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Կլաուդիո Բիսոնյերոի (Claudio Bisogniero) խոսքերով, Ադրբեջանը Դաշինքի շատ կարեւոր գործընկերն է։
1 մեկնաբանություն
Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի կողմից ադրբեջանցի թուրքերին նման շռայլ խոստումներ տալն ընդամենը հաղորդագրություն է դեպի Ռուսաստան: Ադրբեջանն էլ շատ լավ հասկանում է, որ ՌԴ-ի հետ հարաբերությունների նման սրումը կարժանանա Վրաստանի ճակատագրին: Չնայած պիտի ասեմ, որ ՆԱՏՕ-ն էլ իր հերթին չի ցանկանա Ադրբեջանը տեսնել իր շարքերում հասկանալի հանգամանքներից ելնելով: