May 05 2008
Հայաստանի «Քրիստոնեական Հոլոքոստը»
Տպել այս հոդվածը«Ջերուսալեմ փոստ» (Jerusalem Post online edition)
Դեյվիդ Սմիթ
24 ապրիլի 2008թ.
1939թ.-ի ուշ օգոստոսին` Լեհաստան ներխուժմանը նախորդող օրը, Ադոլֆ Հիտլերը իր հրամանատարներին հավաքեց իր տանը և տեղեկացրեց նրանց, որ «մահվան գլուխ» ռազմական միավորումները տեղակայել է արևելքում` հրաման տալով «անողոք և առանց խղճմտանքի մահվան դատապարտել լեհական ծագման և լեզվին պատկանող տղամարդկանց, կանանց և երեխաներին»:
Նա իր հրամանատարներին վստահեցրեց, որ աշխարհը նրանց երկար չի դատապարտի` իր դաժանությունն արդարացնելու համար հռետորական հարց տալով. «Ի վերջո, ո±վ է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»: Հիտլերը հիշատակում էր Օսմանյան Թուրքայի ուժերի կողմից 1.5 միլիոն հայերի կոտորածը, որն սկսվել էր 1915թ.-ի ապրիլին: Մինչ օրս Թուրքիայի կառավարությունը ժխտում է ինչպես Հիտլերի հայտարարության, այնպես էլ բուն ցեղասպանության իսկությունը:
Թել Ավիվի համալսարանի պրոֆեսոր Իսրայել Չարնին` Ցեղասպանության հանրագիտարանի գլխավոր խմբագիրը, պնդում է, որ հայտարարությունն արձանագրվել է Ասոշիեյթիդ փրես-ի (Associated Press) «անառարկելիորեն լուրջ» թղթակցի կողմից, և որ Հիտլերն արել է նաև այլ դիտողություններ, որոնք «հաստատում են, որ հայերի ցեղասպանությունը հրեշի մտքում ուղղորդող ակտիվ գաղափար է եղել»:
Գևորգ Գահվեջյանը` Երուսաղեմցի լուսանկարիչ և հայերի ցեղասպանությունից փրկված Էլիա Գահվեջյանի որդին, պարզաբանում է, որ իր հայրն անձամբ ցեղասպանության և դրա դաժանության ապացույց է: «Երբ այն սկսվել է, նա ընդամենը հինգ տարեկան է եղել, բայց այդ մասին շատ հստակ էր հիշում: Հատկապես կյանքի վերջին տարում նա հիշեց այն…»: Իր հոր պատմությունը պատմելիս Գևորգը շարունակ առաջին դեմքի էր անցնում, ասես իր հետ էր կատարվել. «Ես շատ մեռած մարդկանց էի տեսնում` բազմաթիվ: Նրանց մի մասին վառել էին: Մինչև օրս հիշում եմ վառած մարմնի հոտը», – պատմում էր նա` մանրամասնելով անապատի միջով մահվան երթը:
Նա հիշում էր քաղաքը ռմբակոծող գերմանական թնդանոթների ձայնը, ապա շուրջ մեկ ամիս տևած դադարը, մինչև թուրք զինվորները մտան իրենց տուն և տարան Էլիային, նրա մորը, քրոջը և երկու եղբայրներին: Եղբայրներից մեկը ընդամենը մի քանի ամսական էր: Երկու մեծ եղբայրներին արդեն կախել էին:
«Զինվորները եկան և սկսեցին մորս հրել: Նա փորձեց հետ վերադառնալ, սակայն զինվորները նրան խփեցին հրացանի կոթերով, և նա ստիպված եղավ վերցնել երեխաներին և սկսել քայլել»: Հայերին թույլ էր տրվում վերցնել միայն այն, ինչը կարող էին տանել: Նրանք շաբաթներով քայլում էին Տեր-Զորի անապատով` երկու կողմում զինվորներ: Զինվորները ոչ ուտելիք, ոչ ջուր էին տալիս, բայց գերիները ճանապարհին որոշ բույսեր էին ուտում և խմում աղաջուր:
Շաբաթներ շարունակ իր վեց ամսական երեխային տանելուց հետո Էլիայի մայրը, ուժասպառ եղած, երեխային տեղավորեց ծառի ստվերում և լքեց նրան` հույս ունենալով, որ որևէ բարի մարդ կգտնի նրան: Մեծ քույրը, որ 12 տարեկան էր գաղթի ժամանակ, առևանգվեց: Էլիան նրան գտավ 18 տարի անց և իմացավ, որ նրան ստիպել են հարեմում ծառայել:
Գետի չորացած հունով գնալիս` գաղթի վերջում. «Ես լսեցի, թե ինչպես մայրս ասաց. «Այսօր, կարծում եմ, նրանք մեզ կսպանեն»: Պատահեց այնպես, որ մեր կողքով մի քուրդ անցավ: Նա քրդին կանչեց և ասաց. «Այս տղային վերցրու և գնա»: Քուրդը տարավ Էլիային, և տղան հիշում էր. «Բլրի գագաթից մենք շրջվեցինք և տեսանք, որ զինվորները սպանում են բոլորին»: Քուրդը Էլիային տարավ, վառեց նրա հագուստը, նրան դիզինտերիայի դեմ դեղ տվեց և վաճառեց մի դարբնի, որն ի վերջո նրան հեռու ուղարկեց: Էլիան ապաստան գտավ սիրիական կուսանոցում: 1918թ.-ին, երբ պատերազմն ավարտվեց, Մերձավոր Արևելքի օգնության ամերիկյան հիմնադրամը սկսեց հավաքել հայ որբերին և նրանց Միջին Արևելքի իր որբանոցներում տեղավորել:
Էլիան տեղափոխվեց Լիբանան, իսկ 1920թ.-ին Նազարեթ: Այնտեղ ուսուցիչներից մեկը լուսանկարիչ էր, և Էլիան նրա մոտ աշխատեց: Էլիան սովորեց լուսանկարչական արհեստը և դարձավ հայտնի լուսանկարիչ: 20-րդ դարի Երուսաղեմի շատ սիրված լուսանկարներ Էլիան է կատարել. «Հորս աչքերով» ալբոմը նշանավորում է նրա աշխատանքը:
Թուրքական իշխանությունները ձգտում են վարկաբեկել Էլիայի պատմության նման պատմությունները, թեև նրա վկայությունը հաստատվում է այդ ժամանակի լրագրության, ականատես պետական գործիչների պատմած բազմաթիվ օրինակներով, ինչպես օրինակ` Օսմանյան կայսրությունում Ամերիկայի դեսպան Հենրի Մորգենթաուն, ինչպես նաև գերմանական և ավստրիական փաստաթղթերը:
Չարնին պնդում է, որ «ամենայն հավանականությամբ» հայերի` հավատքն ընդունած առաջին կայսրության, հետապնդումը նաև կրոնական տարր էր պարունակում: (Հայաստանը պաշտոնապես քրիստոնեությունը որպես պետական կրոն է ընդունել 301թ-ին` հռոմեական կայսրությունից շուրջ 25 տարի առաջ:) «Կան անգամ որոշ մարդիկ, որ ցանկանում են ընդանուր այս ժամանակաշրջանն անվանել «Քրիստոնեական ցեղասպանություն», քանի որ թուրքերի իրականացրած ցեղասպանության զոհ են դարձել ոչ միայն հայերը, այլ նաև ասորիներն ու հույները»,- պարզաբանում է նա: Սակայն նա զգուշավոր է այդ եզրի կիրառման հարցում, քանի որ այն «կարող է հայկական համայնքից խլել իրենց ժողովրդի ցեղասպանության ճանաչման համար դժվարությամբ ձեռքբերված վաստակը»:
Ըստ Չարնիի, «Հայերի ցեղասպանության ժխտման մասին ուշագրավ է այն, որ տարիներ շարունակ թուրքական կառավարության ամբողջ ուժերն ուղղված էին ցեղասպանության ժխտմանը: Թուրքիան բառացիորեն միլիոններ է ծախսում գովազդային գործակալությունների և գովազդների վրա: Այն նաև իր կառավարության զգալի լծակներն օգտագործում է այլ երկներին ցեղասպանությունը ժխտել հարկադրելու նպատակով` Միացյալ Նահանգներին սպառնալով թույլ չտալ ամերիկյան ռազմական ինքնաթիռներին օգտագործել թուրքական օդային տարածքը կամ սպառնալով չմասնակցնել ՆԱՏՕ-ի համատեղ զորավարժություններին, ինչպես նաև խոշոր տնտեսական վրեժի սպառնալիքով, եթե կամ երբ որևէ երկիր, ինչպես Ֆրանսիան, հաստատում է հայերի ցեղասպանության ճանաչումը»:
«Իսրայելը թուրքերի մշտական սպառնալիքների առարկա է և ցավոք երկար տարիներ այս սպառնալիքները , մեղմ ասած, խոնարհությամբ ընդունել է: Սակայն այդպես է վարվում նաև ավելի ուժեղ պետությունը` Միացյալ Նահանգները»:
Քնեսեթի (Իսրայելի խորհրդարանի) անդամ Հայմ Օրոնը (Մերեթզ) մարտին առաջարկել էր, որ Քնեսեթը հանձնաժողով ստեղծի հայերի ցեղասպանության ճանաչման համար, ավելացնելով. «Անընդունելի է, որ հրեա ժողովուրդը իր ձայնը լսելի չի դարձնում»: Թեև միջոցառումն ընդունվեց, քնեսեթի անդամ Շալոմ Սիմհոնը (Լիկուդ) պատասխանեց, «Սա քաղաքականապես սուր հարց է դարձել հայերի և թուրքերի միջև, և Իսրայելը հետաքրքրված չէ որևէ մեկի կողմն անցնել»:
Շատ իսրայելցիներ են ցանկանում, որ իրենց երկիրը ճանաչի ցեղասպանությունը: Երուսաղեմի Եբրայական համալսարանը ապրիլի 29-ին` ժամը 18.30-ին, կանցկացնի միջոցառում` «Հայերի ցեղասպանության հիշատակին նվիրված գիտաժողով»` համալսարանի Գիվատ Ռամի տարածքում: Ելույթ կունենան Գևորգ Քահվեջյանը և Չարնին:
Իսրայելն ի վերջը կճանաչի հայերի ցեղասպանությունը, պնդում է Գևորգը, ով Երուսաղեմի հին քաղաքում վարում է հոր գործը` «Էլիա լուսանկարչական ծառայությունը»: Գևորգը, որ կրում է անապատում ծառի տակ թողնված երեխայի անունը, հավատում է. «Մի օր նրանք ասելու են` «Այո, դա տեղի է ունեցել»: «Եթե ոչ հիմա, ապա հիսուն տարի հետո»:
Այլապես հայերն անհանգստանում են, որ այն պետությունները, որոնք մերժում են ցեղասպանության ճանաչումը, Հիտլերի հռետորական հարցը իրականություն դարձնելու ռիսկին են դիմում:
Comments Off on Հայաստանի «Քրիստոնեական Հոլոքոստը»