Jun 01 2008

Վրաստան, ՆԱՏՕ և Ռուսաստան.

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Դիսիդընթ Վոյս», Կալիֆոռնիա, 7 մայիսի 2008թ.
Աղբյուրը` (www.dissidentvoice.org)
Էրիկ Ուոլբերգ (Eric Walberg)

Թեև վրացիներն իրենց Եվրոպայի մաս են համարում, «ամբողջ վրաց պատմությունը վկայում է, որ վրաց թագավորներն Արևմուտքի թագավորներին դիմել են օգնություն ստանալու կամ փոխադարձ համաձայնություն ձեռք բերելու համար, բայց երբեմն անգամ պատասխան չեն ստացել»,- վերջերս մի հարցազրույցի ժամանակ նկատել է Վրաստանի ամբողջովին արևմտամետ դարձած նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: «Լինել ոչ թե մեկուսացած, հեռավոր երկիր, այլ ինչ-որ մեծ ամբողջի մաս կազմել», – ասել է նա:

4.7 միլիոն բնակիչ ունեցող այս գեղեցիկ երկիրը, որն աչքի է ընկնում իր մեկ տասնյակի հասնող տաքարյուն, ազատատենչ ժողովուրդներով, շրջապատված է լավագույն դեպքում անտարբեր հարևաններով՝ Հայաստան, Թուրքիա, Ադրբեջան և իհարկե՝ Ռուսաստան: Երկրի 40-ամյա տաքարյուն նախագահը աչքի է ընկնում Ռուսաստանին լեզու ցույց տալու իր հակումով` միևնույն ժամանակ անթաքույց հիանալով ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշով:

Իր պաշտոնավարման առաջին կարճ ժամանակահատվածում (նա անցյալ տարի վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու որոշում կայացրեց և վիճելի հաղթանակ տարավ ընտրությունների երկրորդ փուլում, թեև նրա ժողովրդականությունն, անգամ ըստ պաշտոնական տվյալների, 97 տոկոսից նվազել է մինչև 52 տոկոս) նա համատեղեց Ռուսաստանին ուղղված իր քամահրական հոխորտանքները և Բուշի, այժմ էլ` նախագահության թեկնածու, սենատոր Ջոն ՄըքՔեյնի հասցեին շռայլ գովեստները (վերջինս նույնիսկ նրա համար զրահաբաճկոն էր բերել)՝ շարունակ բարձրաձայն պահանջելով ՆԱՏՕ-ին անդամակցություն:

Կարող է տպավորություն ստեղծվել, որ սա ընդամենը նախընտրական կեցվածք է, քանի որ երկրի խորհրդարանական ընտրություններին մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, սակայն այդ կարծիքը սխալ է, որովհետև շատ բան է վտանգված: Նա կարծես վճռական է տրամադրված այն հարցում, որ աշխարհին ապացուցի, թե ՆԱՏՕ-ն նախևառաջ Ռուսաստանին դիմակայելու դաշինք է:

Իրականում Վրաստանը, մեծ երևակայության դեպքում անգամ, չի կարող դառնալ Ատլանտյան դաշինքի լիիրավ անդամ, որն, ըստ իր կանոնադրության, հյուսիսամերիկյան-եվրոպական դաշինք է: Ի տարբերություն Թուրքիայի` Վրաստանի տարածքի մի փոքր մասն անգամ Եվրոպայում չի գտնվում: Ուստի թվում է` Սահակաշվիլին որոշել է աշխարհին ցույց տալ, որ ՆԱՏՕ-ն ոչ միայն հիմնականում հակառուսական դաշինք է, այլև անգամ եվրոպական չէ: Բայց մենք, իհարկե, գիտենք, որ մանուկների բերանով հաճախ ճշմարտությունն է խոսում. դյուրազգաց երեխաները միշտ բացահայտում են անպատշաճ ճշմարտություններ, որոնք չափահասները փորձում են թաքցնել:

Թեև ապրիլին Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի վերջին նիստի ժամանակ Սահակաշվիլիի աղմկահարույց լացուկոծը Եվրոպայի «թագավորներին» մտորելու տեղիք տվեց, հարցն այնուամենայնիվ չի կարելի լուծված համարել: Այժմ ոչ մի օր չի անցնում առանց բողոքների այն մասին, թե իբր ռուսները ոչնչացրել են վրացական լրտեսական ինքնաթիռներ, և հակընդդեմ պնդումների, թե իբր վրացական զորքերը դիրքավորվել են Վրաստանից անջատված Աբխազիայի սահմանի մոտ:
Այս ամենը համապատասխանում է Սահակաշվիլիի համար նախատեսված պլանին: Ապրիլի 30-ին Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի արտակարգ նիստի հիմնական թեման Վրաստանն էր: Պատճառն այն էր, որ Ռուսաստանն Աբխազիայում տեղակայել էր լրացուցիչ խաղաղապահ զորքեր և կառուցել սահմանային դիտակետեր` ի պատասխան Վերին Քոդորի կիրճում (անջատական տարածքում գտնվող փոքր, բայց ռազմավարական նշանակության անկլավ) վրացական 1500-հոգանոց զորամիավորման տեղակայման:

«Կարելի էր եզրակացնել, որ Վրաստանն Աբխազիայի դեմ ռազմական գործողություն սկսելու համար հող է նախապատրաստում»,- հայտարարել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը: ՆԱՏՕ-ի նիստի ժամանակ հայտարարվեց, որ «ՆԱՏՕ-ի դեսպանները» շուտով ժամանելու են Թբիլիսի՝ որպես աջակցության դրսևորում այս ոչ եվրոպական երկրին, որին վիճակվել է լինել Ռուսաստանին այլընտրանքային էներգետիկ տարանցիկ ճանապարհ: ՆԱՏՕ-ին Վրաստանի վերջնական անդամակցության շուրջ բանակցությունները նախատեսված է սկսել դեկտեմբերին:

Խորհրդային ժամանակաշրջանի մի կարևոր ռազմական դաշնագրի համաձայն՝ Մոսկվան պետք է ՆԱՏՕ-ի անդամ պետություններին տեղեկացնի զորքերի ցանկացած տեղաշարժի մասին: Այդպես էլ արվել է, թեև անցյալ դեկտեմբերին Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագիրը սառեցվել է: Չնայած պնդումներին և հերքումներին՝ Վրաստանում և Աբխազիայում ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը (UNOMIG) ապրիլի 21-ին հայտնեց, որ իր դիտորդները «չեն արձանագրել որևէ կողմում ուժերի կուտակում, որի մասին հիշատակված է զեկույցում»:

Անկախ մանրամասներից` ռուսներն այժմ ամրապնդում են Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայիս ստատուս քվոն. դրանց քաղաքացիները, դիմելու դեպքում, Ռուսաստանի քաղաքացիություն են ստանում, մինչդեռ վրացիները, առնվազն նախագահը, վճռական են տրամադրված ապստամբ տարածքները վերամիավորելու հարցում: Այս ամիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Աբխազիան և Հարավային Օսիան (Վրաստանի մեկ այլ անջատական տարածք) ճանաչել է որպես իրավական սուբյեկտներ՝ Թբիլիսիին դրդելով Ռուսաստանին մեղադրել «դե ֆակտո բռնակացման մեջ»: Վրաստանը հերքել է, թե ծրագրում է վերագրավել Աբխազիան, սակայն Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բազմիցս նշել է, որ Ռուսաստանը պարտավոր է պաշտպանել անջատական շրջանների ռուսալեզու բնակչությանը և ռազմական ուժ կկիրառի, եթե Վրաստանը հարձակվի Աբխազիայի կամ Հարավային Օսիայի վրա:

Աբխազիայի արտաքին գործերի նախարարությունն անցյալ շաբաթ հայտնել է, որ Վրաստանի կողմից հարձակման սպառնալիքն իրական է: «Մենք հստակ զգում ենք, որ Վրաստանն ինչ-որ բան է նախապատրաստում»,- ասել է Աբխազիայի արտգործնախարարի տեղակալ Մաքսիմ Գունջիան: «Մենք ամեն պահի Վրաստանից հարձակման ենք սպասում»:

Վերջերս Ռուսաստանի կառավարությունը բարելավել է իր առևտրային կապերը անջատական հանրապետությունների հետ, մինչդեռ Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները պաղել են, և վրացական գինիների վաճառքը Ռուսաստանում արգելվել է՝ ի հիասթափություն Սահակաշվիլիի: Բայց արդյո՞ք հենց դա չէ նրա ուզածը. հրահրել հսկային և վրացուն հանել ռուսի դեմ, միևնույն ժամանակ իր նոր՝ արևմտյան բարեկամներին հմայելով ներքաշել նրանց Վրաստանի պատերազմների երկարատև, եթե չասենք` մութ, խուլիգանական պատմության մեջ: Կարծես հենց ասվածը հիմնավորելու համար, ապրիլի 29-ին Վրաստանը հաստատեց, որ նախատեսում է խոչընդոտել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Մոսկվայի անդամակցությանը:

Սահակաշվիլին փորձ արեց հարթել խնդիրները Աբխազիայի և Հարավային Օսիայի ժողովուրդների հետ. ապրիլի 29-ի հեռուստատեսային ելույթի ժամանակ նա առաջարկեց, որ Վրաստանի փոխնախագահն աբխազ լինի, իսկ Ռուսաստանին բնութագրեց որպես «կատաղի և անպատասխանատու ուժ, որը փորձում է մեզ իրար դեմ հանել»: «Որքան շատ ենք խոսում խաղաղության մասին, այնքան ավելի է այս երրորդ ուժը խոսում պատերազմի մասին: Դա այն ուժն է, որը ձեզ ընտրելու իրավունք չի տալիս, որը մեզ ու աշխարհի մյուս պետությունների հետ խոսում է ձեր անունից, և որին պետք է դիմակայել»:

Երկու չճանաչված հանրապետությունների առաջնորդներն էլ մերժեցին խաղաղության ու բարեկամության Սահակաշվիլիի առաջարկը: Աբխազիայի դե ֆակտո նախագահ Սերգեյ Բաղապշն ասաց. «Աբխազիայի և Վրաստանի գոյությունը մեկ միասնական պետության մեջ անհնար է», իսկ Հարավային Օսիայի նրա գործընկեր Էդվարդ Կոկոյտին Վրաստանին մեղադրեց օս ժողովրդի դեմ ցեղասպանության քաղաքականություն վարելու մեջ և շեշտեց, որ «Օսիայի ժողովուրդն իր ընտրությունը կատարել է հօգուտ անկախ պետության»:

Քիչ հավանական է, որ այս անհամբեր երիտասարդը մոտ ապագայում շրջվի դեպի ռեալպոլիտիկ 1 : Նա ասես հաճույք է ստանում հակասություններից: Նա նույնիսկ իսրայելական բանակին հրավիրել է վերապատրաստելու վրացական հատուկ նշանակության ջոկատները: Նրա անշրջահայաց ու պոռթկուն ոճը գնալով ավելի է վանում ոչ միայն ռուսներին, այլ նաև հենց վրացիներին: Անցյալ նոյեմբերին ընդդիմության բողոքները ստիպեցին նրան անմիջապես արտակարգ դրություն հայտարարել՝ նաև փակելով բոլոր ոչ պետական լրատվամիջոցները:

Արդյո՞ք ՆԱՏՕ-ն այս բազմաչարչար պետության փառքի վերադարձի բանալին է, թե՞ ճանապարհ է դեպի ապագա թշվառություն և անապահովություն: Պատմությունը երիցս ցույց է տվել վրացիներին, որ Եվրոպան, էլ չասենք ԱՄՆ-ն, հեռու են: Սահակաշվիլին, որն ըստ ամենայնի Անտլանտյան օվկիանոսից այն կողմ հոգատար ծնող է փնտրում, գուցե պետք է մի պահ կանգ առնի ու խորհի արաբական մի ասացվածքի շուրջ. «Մոտ հարևանը հեռվում գտնվող մորից լավ է»: Խոհեմ կլինի նաև, եթե նա դասեր քաղի իր երկրի պատմությունից, որը հաճախ ողբերգական էր. թեև Վրաստանը որպես կայսրություն կարճատև ծաղկում ապրեց 13-րդ դարում, այն լավագույնս շահել է, երբ իր հարևանների հետ խաղաղ է ապրել և լավագույնս օգտագործել իր հարուստ ռեսուրսները` թե’ բնական և թե’ մարդկային: Հենց այդպես էր վարվում Վրաստանը խորհրդային ժամանակաշրջանում, երբ իր կինոռեժիսորները, կոմպոզիտորները, դերասանները, գրողները և մարզիկները, էլ չասենք` քաղաքական գործիչները, հիացնում էին աշխարհին, երբ իր լեռները տալիս էին համաշխարհային որակի գինիներ և հանգստի վայր ծառայում անթիվ զբոսաշրջիկների համար:

Թեև Արևելյան Եվրոպայի և մերձբալթյան երկրներին հաջողվեց ՆԱՏՕ-ի գիրկը թռչել` առանց Ռուսաստանի ուժեղ դիմադրության, վերջինս չի հանդուրժի, որ ակնհայտորեն աշխարհը վերահսկելուն ուղղված ամերիկյան այս ռազմական դաշինքը փորձի կլանել Ուկրաինան ու Վրաստանը: Օրեցօր հզորացող իր հարևանի հետ խաղաղ ապրելու փոխարեն, Սահակաշվիլին ամեն ինչ անում է լայնամասշտաբ հակամարտություն հրահրելու համար` նպատակ ունենալով ԵՄ-ին և ԱՄՆ-ին ներքաշել այդ գործի մեջ՝ իր կաշին փրկելու համար:

Առայժմ Եվրոպայից հատուկենտ ողջամիտ գնահատականներ են հնչել, մասնավորապես՝ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Ուուլթեր Սթայնմայերից: ԱՄՆ-ից ոչ ոք չի արձագանքել: Արդյո՞ք ՆԱՏՕ-ն Ուկրաինան և Վրաստանը դաշինքից դուրս թողնելու անհրաժեշտությունը կքողարկի որպես Ռուսաստանի հետ խելամիտ փոխզիջում, թե՞ թույլ կտա, որ ծվծվան մուկն իրեն ներքաշի չափազանց վտանգավոր հակամարտության մեջ. այս հարցն աստիճանաբար դառնում է ողջ աշխարհին մտահոգող խնդիր: Ժամանակն է, որ ՆԱՏՕ-ի խելամիտ անդամները և ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրները բարձրաձայն հայտնեն իրենց կարծիքը նախքան կրակ կարձակվի, և ոչ միայն անօդաչու ինքնաթիռների վրա:

Սակայն նույնիսկ եթե կրքերը հանդարտվեն, ՆԱՏՕ-ի՝ խաղաղասերի վարկանիշը, միևնույն է, վնասված կլինի: Սահակաշվիլին, սյուրռեալիզմի տիրույթ մղելով այս շինծու դաշինքի սահմանները, կարող է ընդամենը դրա արժանի վախճանն արագացնողը լինել:

Էրիկ Ուոլբերգը լրագրող է. աշխատել է Ուզբեկստանում և հիմա հոդվածներ է գրում Կահիրեի Al-Ahram շաբաթաթերթի համար: Նրան կարելի է դիմել հետևյալ կայքի միջոցով՝ www.geocities.com/walberg2002:

——————

  1. Ռեալպոլիտիկ (գերմաներենից` realpolitik) նշանակում է իրատեսական քաղաքականություն. հիմնվում է գործնական, իրատեսական, հաճախ` շահադիտական նկատառումների, ոչ թե գաղափարախոսության վրա:

Comments Off on Վրաստան, ՆԱՏՕ և Ռուսաստան.

Այս էջում չկա մեկնաբանություններ