Jun 03 2008
Լարվածություն Լեռնային Ղարաբաղի անկախության շուրջ
Տպել այս հոդվածը«Գլոբըլ փոլիթիշըն» (( «Գլոբլ փոլիթիշն»-ը միջազգային քաղաքական հարցեր լուսաբանող էլեկտրոնային ամսագիր է` հիմնված Նյու Յորքում, ԱՄՆ: Վերջին շրջանում զգալիորեն աճել է ամսագրի հեղինակությունն ու ընթերցումը. կայքի այցելուների թիվը հասնում է ամսական 100.000-ի: («Արարատ» ՌԿ-ի կողմից), )) 11 մայիսի 2008թ.
Աղբյուրը` (Globalpolitician.com)
Աբդուլ Ռուֆ (Abdul Ruff)
«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը
Ծնող կամ գաղութատեր ուժերի կողմից անցյալում բռնակցման ենթարկված ազգերի ազատության և անկախության ձգտումը և դրա համար պայքարը ժամանակակից քաղաքակրթության կանոն է դարձել, և գլոբալիզացիան այսօր խթանում է իմաստավորված կերպով անկախություն ձեռք բերելու այս դրական գործընթացը: Թեև օկուպացնող ուժերը դիմադրում են իրենց «ենթակաների» կողմից ներկայացվող ազատության հայտերին, շատ երկրներ աջակցում են այս շարժմանը: Շատ ազգեր արդեն ձեռք են բերել անկախություն, սակայն մյուսները դեռ պայքարում են ազատության համար: Եվ վաղ թե ուշ, պատմության բնականոն ընթացքի արդյունքում, նրանց օրինական պահանջները նույնպես կբավարարվեն: Վերջերս Կոսովոն հռչակեց իր անկախությունը Սերբիայից` Հարավսլավիայի իրավահաջորդ պետությունից, որը Խորհրդային Միության կողմից ղեկավարվող Վարշավայի պայմանագրի կազմակերպության փլուզումից հետո մի քանի փոքր պետությունների մասնատվեց:
Լեռնային Ղարաբաղի շրջանը, որը գտնվում է Ադրբեջանի (1989թ.-ին անկախացած` նախկին Խորհրդային Միության հանրապետություն) Կովկասյան լեռներում, անկախության էր ձգտում` աջակցություն ստանալով մեկ այլ նախկին խորհրդային հանրապետության` հարևան Հայաստանի կողմից, ակնհայտորեն կրոնական պատճառներով: Այդ ձգտումը սակայն մերժվեց «ծնող» Ադրբեջանի կողմից: Չնայած Ադրբեջանը խոչընդոտում է այդ մարզի անկախությանը, Լեռնային Ղարաբաղն իրեն արդեն Ադրբեջանից անկախ է հռչակել: Թեև մարզը հռչակել է իր անկախությունն Ադրբեջանից, այս հանգամանքը չի ճանաչվել որևէ պետության կողմից: Մարզի ազգությամբ հայ ղեկավարները կամ, այսպես կոչված, «անջատականներն» ինքնուրույն վարում են իրենց գործերը` Հայաստանի աջակցությամբ, ինչին, սակայն, ընդդիմանում է Ադրբեջանը:
Ապրիլի 29-ին Հայաստանի նոր նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, թե Ադրբեջանը պետք է ընդունի այն փաստը, որ իրենից անջատված Լեռնային Ղարաբաղի շրջանն անկախ հանրապետություն է, որը երբեք չի վերադառնա Ադրբեջանի վերահսկողության տակ: Խորհրդային Միության փլուզման ընթացքում Լեռնային Ղարաբաղն անջատվել է Ադրբեջանից, որի հետևանքով բռնկված պատերազմում սպանվել է շուրջ 35,000 մարդ: 1994թ. կնքվել է հրադադարի համաձայնագիր, սակայն տևական խաղաղություն հաստատելու գործընթացը կանգ է առել: «Ադրբեջանը պետք է ընդունի այն պարզ իրողությունը, որ անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության փաստն անշրջելի է»,- ասել է Ս. Սարգսյանը, որը նախագահական երդում է տվել այս ամիս:
Ադրբեջանն ասում է, որ Հայաստանն ապօրինի զավթել է Լեռնային Ղարաբաղը և նրան հարակից մի շարք ադրբեջանական շրջաններ: Բաքուն, որն այս ամիս հայտարարել է իր ռազմական ծախսերը 53 տոկոսով ավելացնելու մասին, ասում է, թե կողմ է խաղաղ բանակցություններին, սակայն չի բացառում ուժի կիրառումը այդ տարածքների նկատմամբ իր վերահսկողությունը վերականգնելու համար:
Այսօր Լեռնային Ղարաբաղը փաստացի անկախ պետություն է և իրեն անվանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այն սերտորեն կապված է Հայաստանի Հանրապետության հետ և օգտագործում է միևնույն դրամանիշը՝ դրամը: Ըստ Human Rights Watch կազմակերպության` «ղարաբաղյան հակամարտության սկզբից Հայաստանը տրամադրել է օգնություն, զենք և կամավորներ»: Հայաստանն ավելի է ներգրավվել ղարաբաղյան հակամարտության մեջ 1993թ. դեկտեմբերին Ադրբեջանի ձեռնարկած մի հարձակումից հետո: Այդ ժամանակից ի վեր փակուղային դրություն է:
Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը
Ադրբեջանը, որի բնակչության մեծ մասը շիա մահմեդական էթնիկ ադրբեջանցիներ են, աշխարհիկ և ունիտար հանրապետություն է, սակայն հայաբնակ Լեռնային Ղարաբաղը անջատվել է Ադրբեջանից: Ադրբեջանը ՎՈՒԱՄ-ի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության հիմնադիրներից է, և Անկախ պետությունների համագործակցության անդամ 1993թ. սեպտեմբերից: Մշտական ներկայացուցչություն ունի Եվրոպական Միությունում, իր երկրում ունի Եվրոպական Հանձնաժողովի հատուկ ներկայացուցիչ, և ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրախորհրդի ու ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության (PfP) ծրագրի անդամ է:
Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանի հարավ-արևմուտքում գտնվող յոթ այլ շրջաններ արևմուտքից սահմանակից Հայաստանի վերահսկողության տակ են 1994թ. ղարաբաղյան պատերազմի ավարտից ի վեր: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերում (822, 853, 874 և 884) կոչ է արվել «դուրս բերել օկուպացիոն ուժերը Ադրբեջանի Հանրապետության օկուպացված տարածքներից»:
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ռուսական կայսրության փլուզումից հետո Ադրբեջանը, Հայաստանի ու Վրաստանի հետ միասին, դառնում է Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության մաս, որը, սակայն, երկար չի գոյատևում: 1918թ. մայիսին նրա լուծարումից հետո Ադրբեջանն անկախություն է հռչակում որպես Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն (ԱԴՀ): ԱԴՀ-ն առաջին ժողովրդավարական խորհրդարանական հանրապետությունն էր մահմեդական աշխարհում, սակայն գոյություն ունեցավ ընդամենը 23 ամիս, մինչև 1920թ. ապրիլին բոլշևիկյան Կարմիր բանակի ներխուժումը: Տապալելով ԱԴՀ կառավարությունը` բոլշևիկները 1920թ. ապրիլի 28-ին Բաքվում հիմնում են ԽՍՀՄ-ի մաս կազմող Ադրբեջանական ԽՍՀ-ն: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, 1940-ականներին, Ադրբեջանական ԽՍՀ-ն արևելյան ռազմաճակատին մատակարարում էր Խորհրդային Միության նավթի մեծ մասը: Այս ռազմաճակատում շուրջ 600 հազար ադրբեջանցի է կռվել նացիստական Գերմանիայի դեմ:
Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության վերջին Գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի նախաձեռնած գլասնոստի քաղաքականության հետևանքով քաղաքացիական խռովություններ և ազգամիջյան գժտություններ են սկսվում Խորհրդային Միության տարբեր շրջաններում` ներառյալ Ադրբեջանական ԽՍՀ-ի Լեռնային Ղարաբաղի մարզում: Ադրբեջանում սկսված խժդժությունները, ի պատասխան արդեն բորբոքված հակամարտության նկատմամբ Մոսկվայի անտարբերության, վերածվեցին անկախության և ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու կոչերերի: 1991թ. հոկտեմբերի 18-ին, երբ Խորհրդային Միությունը պաշտոնապես լուծարված էր, Ադրբեջանի Գերագույն խորհուրդը Անկախության հռչակագիր է ընդունում, որը հաստատվում է 1991թ. դեկտեմբերին համաժողովրդական հանրաքվեով: Անկախության առաջին տարիները մթագնում են հարևան Հայաստանի հետ ղարաբաղյան պատերազմի պատճառով: 1994թ.-ին` հակամարտության ավարտին, Ադրբեջանը կորցնում է միջազգայնորեն ճանաչված իր տարածքների շուրջ 16 տոկոսի` ներառյալ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողությունը:
Գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը վիճելի տարածք է դառնում Հայաստանի և Ադրբեջանի միջև, երբ երկու երկրները 1918թ. անկախություն են ձեռք բերում Ռուսական կայսրությունից: Տարածաշրջանի նկատմամբ իր վերահսկողությունը հաստատելուց հետո Խորհրդային Միությունը 1923թ. կազմավորում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ) Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում: Խորհրդային Միության վերջին տարիներին այդ տարածքը նորից դառնում է կռվախնձոր Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Սկսվում է ղարաբաղյան պատերազմը, որը տևում է 1988թ.-ից մինչև 1994թ.:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանությունը չի ճանաչվել ոչ մի պետության կողմից` նաև Հայաստանի: Հայաստանի յուրաքանչյուր հերթական կառավարություն դիմակայել է միավորմանն ուղղված ներքին ճնշումներին ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցությունների պատճառով: Ղարաբաղի անկախությունը թույլ է տալիս հայկական նորանկախ պետությանը խուսափել ագրեսորի միջազգային խարազանից, չնայած նրան, որ Հայաստանի զորքերը 1991-94թթ. մասնակցել են պատերազմին և շարունակում են զինուժ պահել Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով: Հայաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի իրավական մաս` պատճառաբանելով, որ շրջանը անկախություն է հռչակել այն նույն ժամանակ, երբ Ադրբեջանն է դարձել անկախ պետություն, ուստի երկուսն էլ հավասարապես Խորհրդային Միության իրավահաջորդ պետություններ են:
Երկու խոսք
Ադրբեջանն ու Հայաստանը պաշտոնապես դեռ պատերազմի մեջ են, և նրանց զորքերի միջև հաճախ փոխհրաձգություններ են տեղի ունենում խիտ ականապատված առաջին գծի երկայնքով: Մարդկանց ու զինվորներ սպանելը տարածաշրջանում դարձել է սովորական երևույթ: Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան հակամարտության միջնորդ կողմերն են: Խիստ անհրաժեշտ է, որ Գլխավոր քարտուղար Բան Քի Մունը ՄԱԿ-ի հատուկ նիստ հրավիրի, հնարավորիս շուտ, մի շարք ազգերի անկախության ձգտման այս առանցքային կարևորության խնդիրը քննարկելու համար: Անհրաժեշտ է մշակել պայքարող ազգերի անկախության ձեռքբերման կամ վերականգնման ռազմավարություններ` կանխելու համար հետագա արյունահեղությունը: Աշխարհի առաջնորդները պետք է հրաժարվեն մի պետությանը պաշտպանելու և մյուսին դեմ լինելու կրկնակի ստանդարտներից և օգնեն լուծել միջազգային ճգնաժամերն այնպես, որ սահմանների երկու կողմերում ապրող մարդիկ խաղաղ ապրելու հնարավորություն ունենան:
Աբդուլ Ռուֆը հնդիկ վերլուծաբան է, հետազոտող և մեկնաբան:
——————-
3 մեկնաբանություն
Այս հոդվածը թերևս կարելի է համարել արևմտյան մամուլում Արցախյան հակամարտության մասին փոքրիշատե անկողմնակալ հրապարակումներից մեկը:
Ողջունելի է միջազգային քաղաքական գործիչներին ուղղված հեղինակի կոչը` չկիրառել կրկնակի ստանդարտներ ազգերի ինքնորոշման իրավունքի հարցում: Հուսադրող է նաև, որ հոդվածագիրը տարանջատում է «ծնող» և «գաղութացնող» պետություններ հասկացությունները` հնարավորություն տալով ընթերցողին եզրակացնելու, որ «գաղութատեր» ուժից անկախության ձգտող ժողովրդի պահանջն է՛լ ավելի օրինական է:
Այդուհանդերձ, սույն հրապարակման մեջ կան նաև մի շարք անճշտություններ, սխալներ, բացթողումներ, որոնք չպետք է աչքաթող արվեն:
Ակնհայտ սխալ է Ադրբեջանը որակել որպես Լեռնային Ղարաբաղի «ծնող» պետություն: Արցախի «ծնող» պետությունը Հայաստանն է. Արցախը (և այժմ նրա մի մասը կազմող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը) միշտ էլ Հայաստան աշխարհի մաս է եղել:
Ա. Ռուֆֆը գրում է. «Լեռնային Ղարաբաղի շրջանը, որը գտնվում է Ադրբեջանի (1989թ.-ին անկախացած` նախկին Խորհրդային Միության հանրապետություն) Կովկասյան լեռներում, անկախության էր ձգտում` աջակցություն ստանալով մեկ այլ նախկին խորհրդային հանրապետության` հարևան Հայաստանի կողմից, ակնհայտորեն կրոնական պատճառներով»:
Անհասկանալի է` արդյո՞ք հեղինակն ասում է, թե Հայաստանն աջակցել է Արցախին կրոնական նկատառումներով, թե՞ նկատի ունի` Լեռնային Ղարաբաղը ցանկանում է անջատվել Ադրբեջանից` կրոնական պատճառներով: Երկու պարագայում էլ արտահայտված միտքը սխալ է, քանի որ առաջին դեպքում ենթադրվում է, որ Հայաստանում և Արցախում ապրում են տարբեր ազգություններ, որոնց պարզապես միավորում է նույն կրոնը, իսկ երկրորդ դեպքում` որ Արցախյան հակամարտության հիմքում հայերի և ադրբեջանցիների միջև կրոնական տարբերությունն է: Մինչդեռ, որքան էլ որոշ ուժեր ցանկանում են կրոնական երանգ տալ այս հակամարտությանը, հայերի և ադրբեջանցիների միջև կրոնական տարբերությունը արցախյան խնդրի հիմնապատճառ չէ: Իրական պատճառը ռազմավարական շահերի բախումն է. Հայաստանը ոչնչացնելու թուրք-ադրբեջանական փորձերը և Հայաստանի դիմադրությունը։
Ինչպես ղարաբաղյան հակամարտության մասին շատ այլ հրապարակումներում, այստեղ ևս հստակ ու ճիշտ չեն ներկայացված արցախյան խնդրի պատճառները, պատմությունը և ընթացքը: Փաստերը ճիշտ ներկայացնելու դեպքում արցախյան պատերազմը կորակվեր որպես հայ ժողովրդի ազատագրական գոյամարտ, և Հայաստանի հասցեին «ագրեսորի» ակնարկ չէր արվի: Պարզաբանենք:
Հեղինակը մեջբերում է Human Rights Watch կազմակերպությանը, թե Հայաստանը հակամարտության սկզբից սատարել է Արցախին, սակայն չի նշում ամենակարևորը՝ այն, որ զինված հակամարտությունն սկսել է Ադրբեջանը, դրա մեջ ներքաշելով Հայաստանի Հանրապետությանը: Հայաստանի և Արցախի բնակավայրերի հրետակոծման, գնդակոծման, ռմբակոծման, Արցախի բնակչության տեղահանման պայմաններում Հայաստանին ոչինչ չէր մնում անել, քան օժանդակել ինքնապաշտպանության կազմակերպմանն Արցախում և իր իսկ սահմանամերձ շրջաններում:
Չի նշվում այն, որ Արցախի` Հայաստանին վերամիավորվելու հայ ժողովրդի խաղաղ ցույցերին ի պատասխան, Խորհրդային Ադրբեջանում` Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Գետաշենում, բուն Լեռնային Ղարաբաղի ներսում եւ այլուր, կազմակերպվեցին հայերի զանգվածային ջարդեր ու տեղահանություններ:
Չի հիշատակվում նաև, որ Արցախը, Ադրբեջանական ԽՍՀ ճնշման տակ, բռնակցվել է Ադրբեջանին Խորհրդային Միության կուսակցական մարմնի անօրինական որոշմամբ, թեև դրան նախորդել է կոմկուսի նույն մարմնի՝ Կավբյուրոյի մեկ այլ որոշում, որով Լեռնային Ղարաբաղը ճանաչվում էր Հայաստանի մաս, և որին իր պաշտոնական համաձայնությունը տվեց Ադրբեջանի կոմկուսի ղեկավարությունը:
Շրջանցվում է պատմաիրավական մի կարևոր փաստ ևս. Լեռնային Ղարաբաղը հռչակել է Խորհրդային Ադրբեջանից իր անկախությունը, երբ դեռևս գոյություն ուներ Խորհրդային Միությունը և նախքան Ադրբեջանի` Խորհրդային Միության կազմից դուրս գալը:
Հոդվածում կարծես ստվերում է թողնված Հայաստանը, միջազգային ասպարեզում նրա ներգրավվածությունը. ինչպես Ադրբեջանը, Հայաստանը ևս անդամակցում է ԵԱՀԿ-ին, Եվրախորհրդին, ՄԱԿ-ին և Հյուսիս-Ատլանտյան դաշինքի Գործընկերություն հանուն խաղաղության, նաև Եվրամիության հարևանության ծրագրերին:
Չափազանցված է Երկրորդ համաշխարհային պատերազմում Ադրբեջանի, ավելի ճիշտ` ադրբեջանցիների դերը: Հոդվածում նշված` պատերազմին մասնակցած 600.000, այսպես կոչված, ադրբեջանցիներից, առավել քան կեսն այլազգերիներ էին` հայեր, ռուսներ, հրեաներ, լեզգիներ, թալիշներ և այլն: Պատերազմին մասնակցել է 45.000 հայ միայն Լեռնային Ղարաբաղից, որոնց գրեթե կեսը զոհվել է:
Ադրբեջանն այստեղ որակվում է որպես ունիտար պետություն, ենթադրաբար` ոչ դաշնային: Իրականում, Ադրբեջանի կազմում դեռևս գոյություն ունի Նախիջևանի ինքնավար հանրապետությունը: Իսկ Լեռնային Ղարաբաղի` ինքնավար մարզի կարգավիճակն Ադրբեջանը վերացրել է։
Compared to other articles on the same subject appearing in Western publications, this article is considerably more neutral and less biased. Still, it falls short of accurately presenting the situation, which could be a consequence of the author’s unfamiliarity with the facts. For example, while the article attempts to provide a historical overview and scantily addresses the legal aspect of the conflict (e.g. “Հայաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի իրավական մաս` պատճառաբանելով, որ շրջանը անկախություն է հռչակել այն նույն ժամանակ, երբ Ադրբեջանն է դարձել անկախ պետություն, ուստի երկուսն էլ հավասարապես Խորհրդային Միության իրավահաջորդ պետություններ են:), it does not state that NKR had withdrawn from the Azeraijan SSR before the latter declared independence, which invalidates any Azeri claims on NKR from the legal perspective. Also, there is no reference to the events that resulted to Karabakh’s inclusion in Azeribaijani SSR’s borders due to arbitrary decisions by Soviet Party bosses, that the head of the Azeri communist had once relinquished all claims on Karabakh, etc.
Desipte the noted shortcomings, it appears that Abdul Ruff possesses sufficient objectivity to allow the Armenian analytical community to reach out to him and present him with facts, work with him. Otherwise the Azeri propaganda machine will do it for us.
… [Trackback]…
[…] Read More: artmamul.ararat-center.org/?p=33 […]…