Jun 12 2008
Բուռն աջակցություն Բուլարդի շրջանավարտին
Տպել այս հոդվածը«Ֆրեզնո բի», 2 հունիսի 2008թ.
Աղբյուրը` (Fresno Bee)
Վանեսա Կոլոն (Vanessa Colón)
Կոնգրեսականը, շահերի պաշտպանության հայկական կազմակերպությունը և դասընկերներն արձագանքում են լավագույն շրջանավարտի դժվարին կացությանը
«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը
Բուլարդ ավագ դպրոցի լավագույն շրջանավարտ Արթուր Մկոյանը (Arthur Mkoyan), որը կարող է երկրից վտարվել մինչ քոլեջում սովորելու իր երազանքին հասնելը, երկուշաբթի օրը աջակցություն ստացավ այս երկրում մնալու իր ջանքերին:
Մկոյանը, որի պատմությանն անդրադարձել է «Ֆրեզնո բի»-ն իր երկուշաբթի օրվա համարում, անհապաղ աջակցություն է ստացել շահերի պաշտպանության մի հայկական կազմակերպությունից և Բուլարդ ավագ դպրոցի իր դասընկերներից, իսկ կոնգրեսական Ջորջ Ռադանովիչը խոստացել է վերանայել նրա խնդրանքը:
Արթուրն ասում է, որ երկուշաբթի օրը հարցերի և օգնության առաջարկների տարափ է տեղացել դպրոցի աշակերտներից ու ուսուցիչներից, որոնք տեղյակ չեն եղել իր վիճակից: Նրա տան հեռախոսն անընդհատ զբաղված էր, քանի որ ընկերներն ու աջակիցները շարունակ զանգահարում էին: «Նորությունների հեռուստամեկնաբանները գրեթե ողջ օրվա ընթացքում փորձում էին հարցազրույց վերցնել»,- ասում է Արթուրը:
17-ամյա ամաչկոտ երիտասարդը, որը դպրոցն ավարտում է 4,0 բարձրագույն ընդհանուր միավորով, ասում է, որ ցնցված է անսպասելի ուշադրությունից: «Զգացված եմ, որ մարդիկ անհանգստանում են»,- ասել է նա:
Հունիսի 10-ին Արթուրը կավարտի Բուլարդի ավագ դպրոցը: Որպես լավագույն աշակերտ, ավարտական միջոցառման ժամանակ հենց նա է շրջանավարտների անունից հրաժեշտի խոսք ասելու: Նա կցանկանար Միացյալ Նահանգներում մնալ և աշնանն ուսանել Կալիֆոռնիայի համալսարանում (Դևիս), որտեղ արդեն ընդունվել է` աշնանային քննաշրջանից:
Սակայն ԱՄՆ ներգաղթի և մաքսային հարցերով հարկադիր մարմինը կարգադրել է Արթուրին և նրա մորը դուրս գալ ԱՄՆ-ից հունիսի վերջին և վերադառնալ Հայաստան, երկիր, որն Արթուրը չի տեսել երկու տարեկան հասակից:
Արթուրի ընտանիքը փախել է նախկին Խորհրդային Միությունից և 1992թ.-ից ի վեր ապաստան է հայցում: Ռուբեն Մկոիանը (Ruben Mkoian)` Արթուրի հայրը, ապաստան է հայցել, սակայն մերժվել է: Մկոիանը, որի ազգանվան գրության ձևը տարբերվում է որդու ազգանվան գրության ձևից, բողոքարկել է ԱՄՆ 9-րդ շրջանային վճռաբեկ դատարանում (Սան Ֆրանցիսկո), սակայն նրա բողոքը չի բավարարվել: Մկոիանը ներկայումս գտնվում է Արիզոնայի մի կալանավայրում:
Երկուշաբթի օրը, ընտանիքի վիճակի մասին լուրը տարածվելուն պես, նրանց հետ կապվել է Հայկական ազգային կոմիտեի Կենտրոնական Կալիֆոռնիայի մասնաճյուղը: Ըստ կոմիտեի ատենապետուհի Հիլդա Սանթիկյանի` իրենց խումբն ուսումնասիրում է ընտանիքին օգնելու հանրավորությունները:
Միևնույն ժամանակ, Արթուրի մայրը, որը հրաժարվել է հայտնել իր անունը` աշխատանքը կորցնելու վախից, հրավիրվել էր մասնակցելու KMJ 580 ռադիոկայանի Ռեյ Էփլթոնի շոուին` քննարկելու ընտանիքի վիճակը: Նա հայտնել է, որ հայցել են Ռադանովիչի (հանրապետական` Մարիպոսայից) օգնությունը, սակայն նրա գրասենյակը ոչինչ չի կարողացել անել իրենց համար:
Երկուշաբթի Ռադանովիչի գրասենյակը հաստատել է, որ ընտանիքը ապրիլի 18-ին նամակ է ուղարկել կոնգրեսականին: Մի քանի օր անց գրասենյակի աշխատակիցներից մեկն ասել է նրանց, որ միակ տարբերակը մասնավոր անձանց շահերի պաշտպանությանն ուղղված օրենսդրական նախագծի միջոցով իրավական կարգավիճակ ապահովելն է, սակայն Ռադանովիչը մասնավոր անձանց շահերի պաշտպանությանն ուղղված օրենսդրական նախաձեռնություններով հանդես չի գալիս:
«Նա չի կարծում, որ կարող է տարբերակել հաղթողներին և պարտվողներին, կամ թե ով, առանձին վերցրած, պետք է մնա կամ հեռանա երկրից»,- ասել է Սպենսեր Պեդերսոնը` Ռադանովիչի մամուլի քարտուղարը:
Ուստի Արթուրի մայրը դիմել է դեմոկրատ սենատոր Դայան Ֆայնշթայնին, որն անցյալում հանդես եկել է մասնավոր անձանց շահերի պաշտպանությանն ուղղված օրենսդրական նախագծերով: Ֆայնշթայնն այժմ ուսումնասիրում է Արթուրի գործը: Մասնավոր անձանց շահերի պաշտպանությանն ուղղված օրենսդրական նախագծեր հազվադեպ են ներկայացվում քննարկման, և հաճախ դրանք չեն անցնում, սակայն եթե նախագիծը դրվում է քննարկման, վտարման գործընթացը դադարեցվում է:
Արթուրի մոր` KMJ ռադիոկայանում հայտնվելուց անմիջապես հետո Ռադանովիչը զանգահարել է նրան: Նրա թիմն այժմ ծրագրում է հանդիպել Արթուրի և նրա մոր հետ հինգշաբթի օրը:
«Մենք ավելի խորությամբ ենք քննում գործը»,- ասել է Ռադանովիչը հեռախոսային հարցազրույցի ժամանակ:
«Երկրորդ անգամն ենք նայում… Կվերանայենք գործը, տեսնենք` ինչով կարող ենք օգնել»:
Արթուրը զարմացած է նման ուշադրությունից: Սակայն փորձում է չշեղվել, նա դեռ մեկ ավարտական քննություն և շարադրություն ունի հանձնելու:
————
Կարդացեք նաև «Ապաստանի հայցով գործը վերաբացվել է սղագրական սխալի պատճառով» հրապարակումը և մեկնաբանությունը:
1 մեկնաբանություն
Արտերկրում քաղաքական ապաստան փնտրող հայաստանցիների մասին այս և մի շարք այլ նմանատիպ հրապարակումներում նրանց Հայաստան վերադարձի հեռանկարը ներկայացվում է իբրև մի ծանր դժբախտություն. ընթերցողը պետք է եզրակացնի, թե Հայաստանը մի դժոխք է, ուր սարսափում են վերադառնալ այնտեղից հազիվ-հազ ճողոպրած մարդիկ։ Իրականում, թեև Հայաստանը ժողովրդագրական ծանր խնդիր ունի, բայց և այնպես իսկապես կարիք չունի հայրենիքից հրապարակայնորեն հրաժարվող, ավելին՝ հայրենիքն օտար դատական ատյաններում վարկաբեկող ու վատաբանող մարդկանց։
ԱՄՆ-ում անօրեն ներգաղթյալների վտարման դեպքերն ու դատական գործերը հազվադեպ չեն այլ էթնիկ խմբերի շրջանում: Նրանց մեջ անկասկած կլինեն նաև Արթուր Մկոյանի նման խոստումնալից երիտասարդներ: Սակայն, նման դեպքերի նկատմամբ լրատվամիջոցների այսպիսի համակարգված հետաքրքրություն չի նկատվում:
Մասնավորապես, Սվետլանա Գրիգորյանի գործի մասին լուսաբանումը բավականին թռուցիկ և աղոտ է: Հնարավոր է` դա պայմանավորված է նաև նման դեպքերում անձի մասին տեղեկատվության գաղտնիության պահպանման սկզբունքով: Բայց և այնպես, սույն հրապարակումն առաջ է բերում մի շարք հարցադրումներ, որոնք առաջին հերթին ցանկանում ենք ուղղել ՀՀ համապատասխան պետական մարմիններին` կոչ անելով նրանց անպայմանորեն արձագանքել Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշը լրջորեն վնասող այս և նույնաբովանդակ հրապարակումներին:
Առաջին, արդյո՞ք այս դեպքում ՀՀ համապատասխան մարմինները հարցում ստացել են ԱՄՆ ներգաղթի հարցերով պետական մարմիններից կամ դատարանից ապաստանի հայցադիմում ներկայացված տեղեկատվության իսկությունը ճշտելու համար:
Երկրորդ, Հայաստանում ի՞նչ կազմակերպության նախագահ էր այնուամենայնիվ դարձել Սվետլանան, ի՞նչ լարվածություն էր ծագել այդ կազմակերպության ներսում, ինչպե՞ս է դա առնչվում նրա որդու սպանության գործին, արդյո՞ք մարդասպաններն այդ կազմակերպության անդամներն էին և այլն: Եվ հետո, եթե Հայաստանում Սվետլանային իրոք չէին հանդուրժում թուրք մայր ունենալու պատճառով, ինչպե՞ս «հանդուրժեցին» նրա` ինչ-որ կազմակերպության նախագահ դառնալը:
Երրորդ, արդյոք սույն հրապարակումից և Սվետլանա Գրիգորյանի ԱՄՆ-ում հայտնվելու հանգամանքից հետևու՞մ է, որ Հայաստանում նրա որդու սպանության գործի հետաքննություն, դատավարություն և արդար դատավճիռ չի եղել, կամ որ դրանց արդյունքները չեն գոհացրել տուժողին:
Եվ ընդնահրապես, եթե եղել է նման դժբախտ դեպք Հայաստանում, որքանո՞վ է այն հայտնի հանրությանը, ինչպե՞ս են դրան արձագանքել ՀՀ պետական մարմինները, հայաստանյան լրատվամիջոցները և հասարակական կազմակերպությունները:
Մկոյանի գործի մասին նույնաբովանդակ հրապարակումները կարդացեք նաև «ՅուԷսԷյթդեյ»-ում և ստորև շարադրված մյուս աղբյուրներում:
USAToday`
Դպրոցն ավարտելուց հետո շրջանավարտին երկրից վտարում է սպասվում
Մեկ շաբաթ հետո 17-ամյա Արթուր Մկոյանը կավարտի Ֆրեզնոյի Բուլարդի ավագ դպրոցը (Կալիֆոռնիա)` 4,0 բարձրագույն միավորով: Ավարտական միջոցառման ժամանակ նա է շրջանավարտների կողմից հրաժեշտի խոսք ասելու: Շարունակությունը ( USAToday )
Նաև` Newsvine ; CBS NEWS ; WIKIO ; KSEE 24 ; FOX News ; FOX6 News ; The Beaufort Gazette ; RushmoreDrive ; ArmyRanger.com ; Rational Review ; CBS47 TV ; USAToday ; KCRA.com ; The Daily Breeze ;The Mercury News ; SavannahNow ; LexixNexis News :