Jun 13 2008

Երկար ժամանակ սփյուռքում ապրելուց հետո հայերը վերադառնում են տուն

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Ասոշիեյթիդ պրես», 8 հունիսի 2008թ.
Աղբյուրը` (Associated Press)
Մարիա Դանիլովա (Maria Danilova)

Ի՞նչը կարող է ստիպել երիտասարդ ընտանիքին թողնել հարմարավետ կյանքը և գնալ մի աղքատ երկիր, ուր շուրջօրյա ջրամատակարարումը շատերի համար դեռ շքեղություն է, քաղաքական խառնաշփոթ է, իսկ պատերազմի սպառնալիքը՝ բավականին լուրջ:

41-ամյա Ալին Մասրլյանի, նրա ամուսնու` Գևորգ Սարյանի, և նրանց երկու երեխաների համար դա հայրենիքի կանչն էր: «Սեփական երկրում ապրելը մի այլ բան է», – ասում է Մասրլյանը, որն այստեղ է տեղափոխվել` չնայած նրան, որ իր ընտանիքը սերնդեսերունդ ապրել է Սիրիայում:

Հրապուրվելով արագ փոփոխվող երկրի տնտեսական հնարավորություններով` հայրենի հողի կանչով հայկական հսկայական սփյուռքից մարդիկ վերադառնում են այն երկիրը, որի մասին գաղափարն իրենց նախնիները կենդանի են պահել երկար ժամանակ: Միևնույն ժամանակ, երկրից փախչող մարդկանց թիվն արդեն մեծ չէ:

Եթե 3,2 մլն մարդ է ապրում միայն ցամաքային սահմաններ ունեցող կովկասյան այս լեռնային երկրում, որը նախկին խորհրդային հանրապետություններից ամենափոքրն էր, ապա շուրջ 5,7 մլն հայ բնակվում է արտասահմանում: Պաշտոնական տվյալների համաձայն` ամենամեծը Ռուսաստանի (2 մլն), Միացյալ Նահանգների (1,4 մլն), Վրաստանի (460 000) և Ֆրանսիայի (450 000) համայնքներն են:

Սփյուռքում ապրողների մեծամասնությունը, ինչպես Մասրլյանի ընտանիքը, Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ շուրջ 1,5 մլն հայերի սպանդից փախածների ժառանգներն են: Հայաստանն ուզում է, որ այս ողբերգությունը ճանաչվի որպես ցեղասպանություն, սակայն ժամանակակից Թուրքիան պնդում է, որ դա պատերազմի դաժանության անքակտելի մասն էր:

Ավելի ուշ կրկին մարդիկ երկրից փախան` Խորհրդային Միության փլուզումից հետո տնտեսության քայքայման պատճառով, երբ էլեկտրական հոսանքն օրական մի քանի ժամ էր միացվում, և մարդիկ տաքանալու համար ստիպված ծառեր էին կտրում, իսկ հացն ու կարագը կտրոնով էին:

Հարևան Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի համար սկսված ավերիչ պատերազմը, որի հետևանքով ավելի քան 30 000 մարդ մահացավ, ավելացրեց մարդկանց զանգվածային արտահոսքը երկրից: 1992-94թթ. շուրջ 500 000 մարդ է հեռացել երկրից, շատերը` դեպի Ռուսաստան:

«Սակայն վերջին չորս տարիների ընթացքում արձանագրվել է ներհոսք, ընդհանուր հաշվով՝ 33 200 մարդ, որն առաջին դրական միտումն է 1991թ. անկախություն ձեռք բերելուց ի վեր»,- ասում է Վահան Բախշեթյանը` Տարածքային կառավարման նախարարության միգրացիայի հարցերով փորձագետը: «Չնայած շատ դժվար է ասել, թե քանի հայ է վերադառնում մշտական բնակության նպատակով,- ասում է Բախշեթյանը,- սակայն միտումն ինքնին հուսադրող է»:

«Այժմ մենք տեսնում ենք, որ գնացածներից շատերը վերադառնում են»,- ասում է արտգործնախարարության խոսնակ 1 Վլադիմիր Կարապետյանը:

Վերադարձողների զգալի մասը Ռուսաստանի համայնքից են: Նրանց մի մասին հրապուրում է երկրի տնտեսական զարգացումը, մինչդեռ մյուսները փախչում են Ռուսաստանում աճող քսենոֆոբիայից. այստեղ հաճախ են հարձակվում թխամաշկ կովկասցիների վրա:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամից Գարիկ Հայրապետյանն ասում է, որ այժմ երկրից հեռացող հայերի թիվը մեծ չէ, բայց զգուշացնում է, որ սկսվող հայրենադարձության գործընթացը դժվար կլինի պահպանել առանց տնտեսական ու քաղաքական առաջընթացի:

Շատերի համար երկրի ամենամեծ արժեքը նրա հարուստ մշակութային ժառանգությունն է: Երկու հազարամյակ առաջ Հայաստանը Սև ծովից մինչև Կասպից ծով ձգվող լայնարձակ թագավորություն էր: Ժամանակի ընթացքում այն բաժանվել և կլանվել է ավելի մեծ պետությունների կողմից, որոնցից են Օսմանյան կայսրությունը և ցարական Ռուսաստանը, իսկ հետագայում` Խորհրդային Միությունը:

Հայերը սիրում են պարծենալ, որ Նոյյան տապանն իրենց երկրում է հանգրվանել` բիբլիական Արարատ լեռան վրա, թեև ձյունագագաթ լեռն այժմ Թուրքիայի տարածքում է և այնտեղից է նայում Երևանին: Ասում են` Հայաստանը քրիստոնեություն ընդունած առաջին պետությունն է:

Շատ առումներով Հայաստանը դեռ մի վայր է, որը վերադարձողներին չի գրավում: Չնայած վերջին տարիների տնտեսական առաջընթացին, բնակչության ավելի քան մեկ քառորդն ապրում է աղքատության մեջ, և ամսական միջին աշխատավարձը խղճուկ 275 ԱՄՆ դոլար է:

Խիստ կարևոր է դրսից ստացվող օգնությունը: Սփյուռքի հայերը միլիոնավոր դոլարներ են ուղարկում ներդրումային և հումանիտար օգնության ծրագրերի համար, իսկ բնակչության մեծ մասը գոյատևում է արտասահմանում ապրող ազգականների կողմից ուղարկվող անհատական դրամական փոխանցումների շնորհիվ: Միջազգային արժութային հիմնադրամի գնահատմամբ` դրամական փոխանցումները կազմում են երկրի տնտեսության 10 տոկոսը:

Դրամական օգնություն ուղարկողներին առաջնորդում է երկրի նկատմամբ այն նույն սերը, որը ստիպում է հայերին հայրենիք վերադառնալ: Ամերիկահայ Ջեյմս Թուֆենկյանը մոտ 30 մլն դոլար է ներդրել` ավանդական գորգագործությունը վերականգնելու (այն հիմնականում ոչնչացվել էր խորհրդային շրջանում), հյուրանոցներ կառուցելու և բարեգործության համար: Այսօր նա Հայաստանում աշխատանքով ապահովում է ավելի քան 1000 մարդու:

47-ամյա Թուֆենկյանն ասում է, որ ինքն օգնություն ցուցաբերելու որոշում է կայացրել Հայաստան կատարած իր առաջին այցից հետո` 1990-ականների սկզբին, երբ Հայաստանի տնտեսության անկումն իր ծայրակետին էր հասել:

«Ես զգացի, որ կարծես մադկանց կյանքը լավացնելու համար ինչ-որ բան անելու հնարավորություն ունեմ, որ դա իմ հայրենիքի կանչն էր»,- ասաց Թուֆենկյանը Նյու Յորքից հեռախոսային հարցազրույցի ժամանակ:

Այսօր Երևանը հյուծված քաղաքից աստիճանաբար վերածվում է աշխույժ, ժամանակակից մայրաքաղաքի: Քաղաքի կենտրոնը պարծենում է իր արևմտյան ոճի վաճառասրահներով, բարձրակարգ ռեստորաններով և ամենանորաձև հագուկապով երիտասարդներով:

Իսկ քաղաքի մյուս` զառիվեր բլուրների վրա թառած մասը խորհրդային ժամանակաշրջանի բետոնաշեն բազմաբնակարան շենքերի և պատշգամբներում փռված լվացքով երկու կամ երեք հարկանի խարխուլ տների մի անշուք խառնուրդ է: Օդը խիստ աղտոտված է, հիմնականում քաղաքի երթևեկությունը խցանող խորհրդային ժամանակաշրջանի մաշված մեքենաների արտանետումների պատճառով: Երևանի որոշ թաղամասերում դեռ ջրամատակարարման սահմանափակումներ կան, որը սովորական երևույթ էր 1990-ականներին:

Թեև նախկին խորհրդային հանրապետություններից Հայաստանը համարվում է առավել ազատ երկրներից մեկը, սակայն այս տարվա սկզբին ակնհայտ դարձավ, որ նրա ժողովրդավարությունը փխրուն է: Ութ մարդ զոհվեց իրավապահ ուժերի և ընտրությունների արդյունքները բողոքարկող ընդդիմության ակտիվիստների միջև բախումների հետևանքով: Մեծ լարվածության պատճառ է նաև ղարաբաղյան հակամարտությունը:

Բայց Հայաստանում կյանքի մասին հարցրեք Գևորգ Սարյանին, և հայրենադարձը, որը Սիրիայից հայրենիք է վերադարձել կնոջ ու երեխաների հետ, ավելի շատ կխոսի հայրենիք գտնելու, քան ընդհանուր քաղաքական մթնոլորտի մասին:

Մորուքավոր, ժպտացող Սարյանը 1980-ականների սկզբին սովորել է Երևանի համալսարանում և ասում է, որ միշտ էլ ցանկացել է վերադառնալ: Ընտանիքը հետ է եկել 1998թ.-ին, և նա հաջողությամբ մի քանի գործ է սկսել, օրինակ` կանացի սպիտակեղենի վաճառասրահ է բացել, որն իր կինն է վարում:
Սարյանը, որն այժմ 46 տարեկան է, ասում է, թե զգում էր, որ տարբերվում է իր սիրիացի հարևաններից: «Նույնիսկ եթե նրանք քեզ լավ են վերաբերվում, միևնույնն է` դու օտար ես. սա է սփյուռքի հայերի զգացումն ամենուրեք»,- ասում է նա:

Նրա 15-ամյա որդին` Արտակն, ավելացնում է, որ Հայաստանում «դու զգում ես, որ սա քո երկիրն է»:

Հայրենադարձությունն այդքան էլ հեշտ չէր ընտանիքի կնոջ` Ալին Մասրլյանի համար: Նա հիշում է իրենց` միջին խավի կյանքը Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքում` շուրջօրյա ջրամատակարում և մրգերով ու բանջարեղենով լի շուկաներ: Երբ ընտանիքը նոր էր եկել Երևան, ջուր տալիս էին օրական ընդամենը երկու ժամ, երբեմն միայն հնացած հաց էր կարողանում գնել, և կարոտում էր ճարտարագետ-շինարարի իր սիրելի աշխատանքը:

Սակայն տասը տարի հետո, ընտանեկան լուսանկարներով զարդարված նոր, ընդարձակ բնակարանում նստած, Ալինն ասում է, որ չի փոշմանել. «Ես որոշել եմ` սա է իմ երկիրը»:

Վերջերս վերադարձած 36-ամյա Զորայր Աթաբեկյանը հուսով է, որ նման ապագա կունենա: Նա վերադարձել է 2005թ., հինգ տարի Կանադայում ապրելուց հետո` կարոտած և իր գործն սկսելու հույսով: Թեև Երևանում զարդեղեն վաճառելով նա դեռ շատ ավելի քիչ է վաստակում, քան Մոնրեալում բնակարանի ձևավորման ընկերություն աշխատեցնելով, սակայն ասում է` գիտի, որ կյանքն ի վերջո ցույց կտա, որ իր որոշումը ճիշտ էր:

«Այսօր այս երկիրը շատ հնարավորություններ է առաջարկում,- ասում է նա: -Դա է պատճառը, որ շատ սփյուռքահայեր վերադառնւմ են՝ այստեղ իրենց գործը հիմնելու համար»:

——————

  1. Պետք է լիներ` «նախկին խոսնակ» («Արարատ» ՌԿ-ի կողմից)

Comments Off on Երկար ժամանակ սփյուռքում ապրելուց հետո հայերը վերադառնում են տուն

Այս էջում չկա մեկնաբանություններ