Jun 19 2008
Հայոց «ցեղասպանությունը»` ոչ պարտադիր դասընթաց Տորոնտոյում
Տպել այս հոդվածը«Թդեյզ Զաման», 5 հունիսի 2008թ.
Աղբյուրը` (Today’s Zaman)
Տորոնտոյի շրջանային դպրոցական խորհուրդը հավանություն է տվել Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայերի, այսպես կոչված, ցեղասպանությունը որպես ոչ պարտադիր դասընթաց ուսումնասիրելուն, հաղորդում է «Անատոլիա» լրատվական գործակալությունը:
«Մարդկության նկատմամբ կատարված հանցագործություններն ու ցեղասպանությունները» վերնագրով դասընթացն ընդգրկում է Ողջակիզումը (Հոլոքոստ), երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ոչնչացվեց 6 միլիոն հրեա, 1994թ.-ին Ռուանդայում 1 միլիոն թութսիների և հութուների կոտորածն ու անցյալ դարասկզբին Անատոլիայի հայերի կոտորածը:
Կանադայում ապրող թուրքերը բողոքագրերի հավաքման արշավ են սկսել ընդդեմ հայերի ենթադրյալ ցեղասպանությունը դպրոցական դասընթացի մեջ ներառելու Տորոնտոյի որոշման: Այդուամենայնիվ, Տորոնտոյի շրջանային դպրոցական խորհուրդն անտեսել է համացանցում կազմակերպված արշավի միջոցով հավաքված 11.000 բողոքագրերը, հաղորդում է «Անատոլիա»-ն: Հունվարին Կանադայի մի շարք թուրքական հասարակական կազմակերպություններից բաղկացած «Միասնություն» խումբն ասել է, թե այդ դասընթացը սպառնալիք կլինի թուրք և մահմեդական աշակերտների անվտանգությանը: Խումբը դիմել է իշխանություններին` փոխելու դասընթացը 2008-2009 ուսումնական տարվա ծրագրում ներառելու վերաբերյալ որոշումը:
Վերջնական հաստատման համար դասընթացը պետք է հավանության արժանանա հոգաբարձուների խորհրդի ողջ կազմի կողմից` քվեարկության միջոցով, հաղորդում են կանադական լրատվամիջոցները, իսկ «Անատոլիա»-ն տեղեկացնում է, որ դպրոցական խորհրդի որոշումը կարելի է վիճարկել երեք շաբաթվա ընթացքում:
1 մեկնաբանություն
Տորոնտոյի շրջանային դպրոցական խորհրդի նախաձեռնությունը շատ դրական է ու հայանպաստ: Մարդկության նկատմամբ կատարված յուրաքանչյուր հանցագործություն պետք է ենթարկվի խորը ուսումնասիրության և ապա միայն դատապարտվի ու պատժվի:
Բնական եմ համարում Կանադայում բնակվող թուրքերի բարձրացրած բողոքի ալիքը: Այն ամենևին էլ անսպասելի չէր, քանի որ մենք, ծանոթ լինելով Թուրքիայի վարած քաղաքականությանը, չպետք է որ անակնկալի գանք:
Ոչ պարտադիր դասընթացի ընդգրկումը դպրոցական ծրագրում, իրոք, թուրքերին անհանգստացնելու լուրջ պատճառներ ունի: Մի կողմից` այն կարող է դրական դեր խաղալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում, մյուս կողմից` կնպաստի թուրք-հայկական հարաբերությունների նոր լարմանը:
Այնուամենայնիվ, աշխարհը պետք է արթնանա երկարատև թմրության քնից, պետք է կարողանա իրերն անվանել իրենց անուններով, և այս քայլն այն արթնացնելու նոր ու արդյուանվետ միջոց է: