Jun 27 2008
Բաքվի` ազատության երազանքները տապալված են. առայժմ
Տպել այս հոդվածը«Կիև փոստ», 18 հունիսի 2008թ.
Աղբյուրը` (Kiev Post, Ukraine)
Աննա Զամեջ (Anna Zamejz)
2003 թվականի բողոքի զանգվածային գործողությունները Վրաստանում, որոնք հայտնի են որպես «Վարդերի հեղափոխություն», տապալեցին Էդուարդ Շևարդնաձեի վարչակարգը: 2004 թվականին հերթը հասավ Ուկրաինային. «Նարնջագույն հեղափոխությունից» հետո չեղյալ հայտարարվեցին նախագահի ընտրության արդյունքները, և իշխանության եկավ Վիկտոր Յուշենկոն:
ԽՍՀՄ նախկին շատ երկրներում, բացառությամբ Վրաստանի և Ուկրաինայի, ժողովրդավարությունը չի կայացել: ԽՍՀՄ փլուզումից մոտ 17 տարի հետո նորանկախ որոշ երկրներ մնում են ազդեցիկ անհատների, օլիգարխների և ցմահ նախագահների տիրապետության ներքո: Ադրբեջանը իշխանությունը ժառանգաբար փոխանցելու վառ օրինակ է: Թեև վերջին տարիներին ադրբեջանցի երիտասարդները փորձել են ձևավորել Իլհամ Ալիևի վարչակարգը մերժող շարժումներ, սակայն նախագահի պաշտոնը 2003թ.-ին հորից ժառանգած Իլհամ Ալիևը ի չիք է դարձրել նրանց ջանքերը: Արևմուտքի առաջնորդներն ու կազմակերպությունները միշտ մեղմ գնահատականներ են տվել նավթով հարուստ այս կովկասյան պետության ընտրական համակարգի թերություններին ու մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին: Սակայն ադրբեջանցի երիտասարդները դեռ հույս ունեն, որ մի օր նավթը չի խանգարի ժողովրդավարության կայացմանը 9 միլիոն բնակիչ ունեցող այս երկրում:
Վրաստանում և Ուկրաինայում քաղաքական խաղաղ տրանսֆորմացիայի հարցում անառարկելիորեն մեծ էր կայացած ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների դերը: Մինչդեռ բողոքի զանգվածային միջոցառումների կազմակերպման գործում առանցքային դեր կատարեցին երիտասարդական կազմակերպությունները՝ «Պորա»-ն («Ժամանակն է»)` Ուկրաինայում և «Քմարա»-ն («Բավական է»)` Վրաստանում:
Ուկրաինայի և Վրաստանի օրինակներով ոգևորված` ադրբեջանցի այլախոհ երիտասարդները 2004 թվականի ապրիլին ձևավորեցին «Յենի ֆիքիր» («Նոր մտածողություն») կազմակերպությունը: Նպատակը երկրի ժողովրդավարացումն էր, նշանաբանը` «Մենք երազանք ունենք` ազատություն»:
«Մենք ֆինանսական միջոցներ չունեինք, սակայն իսկապես հայտնի դարձանք ադրբեջանցի երիտասարդների շրջանում: Բողոքի ակցիաներ, հանրահավաքներ էինք կազմակերպում, քննադատում էինք Իլհամ Ալիևի վարչակարգը և կառավարության մասին ճշմարտությունն էինք բարձրաձայնում: Ամեն պահի մեզ միանալու պատրաստ շուրջ 2000 ակտիվիստներ կային»,- պատմում է Սաիդ Նուրին` «Յենի ֆիքիր»-ի նախկին փոխնախագահը, որը ներկայումս բնակվում է Միացյալ Նահանգներում: «Սա էր պատճառը, որ իշխանությունները մեզ տապալեցին: Նրանք մտավախություն ունեին, որ Ադրբեջանում կկրկնվի Վրաստանի և Ուկրաինայի սցենարը»:
2005թ.-ի հուլիսին Նուրին Լեհաստանում մասնակցել էր ընտրությունների թեմայով ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (National Democratic Institute) կազմակերպած սեմինարին: Երկու ամիս անց նրան և «Յենի Ֆիքիր»-ի մեկ այլ անդամի` Ռամին Տագիևին ներկայացվել է Ադրբեջանում պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու և Լեհաստանում գաղտնի վերապատրաստվելու մեղադրանք: Գաղտնի դատավարություն եղավ, և Նուրին դատապարտվեց երեք տարվա ազատազրկման: Սակայն առողջական վիճակի վատթարացման պատճառով բանտարկությունը հետագայում փոխարինվեց տնային կալանքով: Այժմ նա ազատ է:
Էմին Հուսեյնովը Ադրբեջանի ամենահամառ երիտասարդ առաջնորդներից է: Առաջին անգամ ոստիականական մահակի ուժն իր մաշկի վրա զգացել է 2003 թվականին, երբ «Թուրան» լրատվական գործակալությունում լրագրող էր աշխատում:
«Ես լուսաբանում էի 2003թ. հոկտեմբերի 16-ի` նախագահի ընտրությունից հետո տեղի ունեցող հանրահավաքը և ծեծի ենթարկվեցի ոստիկանների ու զինվորների կողմից: Ինչո՞ւ: Չգիտեմ: Պատճառ չկար»,- նշում է Հուսեյնովը:
Նրա պատմությունը միակը չէ: «Ամնեսթի ինթերնեյշնլ» (Amnesty International) և «Հյումն ռայթս վոթչ» (Human Rights Watch) միջազգային կազմակերպությունները հայտարարում են, որ ազերի ոստիկանները չափազանց մեծ ուժ են կիրառում քաղաքական այլախոհների ու լրագրողների նկատմամբ: Վերքերն ապաքինելու համար Հուսեյնովից երկու տարի պահանջվեց: Այնուհետև Հուսեյնովը հիմնադրեց երիտասարդական «Մաքամ» («Հիմա ժամանա’կն է») կոչվող շարժումը` ժողովրդավարության կայացմանն աջակցելու նպատակով:
Հուսեյնովը որևէ քաղաքական կուսակցության անդամ չէ: Նրա համոզմունքն այն է, որ ով էլ իշխանության գա, պետք է հարգի մարդու իրավունքներն ու ժողովրդավարական արժեքները:
Երբ նրա գործընկերներ Նամիգ Ֆեյզիևն ու Թուրան Ալիևը քաղաքական գործունեության համար 2006թ.-ին հեռացվեցին համալսարաններից, Հուսեյնովը պայքարեց նրանց իրավունքների վերականգնման համար: Էլնուր Մամադովի հետ միասին նա 21 օր տանջալից հացադուլ արեց` ի նշան միասնության:
«Հաջողվեց: Նամիգին վերականգնեցին համալսարանում, խոստացան Թուրանին էլ վերականգնել: Սակայն նրանց նկատմամբ ճնշումները շարունակվեցին և նրանք արտագաղթեցին»,- հիշում է Հուսեյնովը:
Թեև հաջողության հասնելու հավանականությունը մեծ չէ, Հուսեյնովը մտադիր չէ տեղի տալ:
«Երանի նախագահը ներողություն խնդրեր և ազգի հաշտեցման կոչ աներ: Սակայն դա տեղի չունեցավ: Ես խղճիս դեմ կգնայի, եթե համագործակցեի մյուս կողմի հետ»,- ասում է նա:
Չնայած Հուսեյնովի ջանքերին` «Մաքամ»-ը, որպես ժողովրդավարական շարժում, այլևս գոյություն չունի: Հուսեյնովի կարծիքով` կառավարության ճնշումները հեռացրեցին ժողովրդին քաղաքական կազմակերպություններից: Նա հիմնադրել է նոր հասարակական կազմակերպություն` Լրագրողների ազատության և անվտանգության ինտիտուտը:
2005 թվականի օգոստոսին՝ խորհրդարանի ընտրությունից երեք ամիս առաջ, «Յենի Ֆիքիր»-ի ղեկավար Ռուսլան Բաշիրլին ընդդիմության առաջնորդ Ալի Քերիմլիի և Հայաստանի գաղտնի ծառայությունների հետ գաղտնի համաձայնությամբ իշխանությունը բռնի ուժով զավթել ծրագրելու մեղադրանք ներկայացրեցին: Ադրբեջանում Հայաստանի հետ համագործակցության մեղադրանքը ծանրագույնն է, քանի որ երկիրը փաստացի պատրեազմի մեջ է Հայաստանի հետ:
«Յենի Ֆիքիր»-ի տապալումից հետո ի հայտ եկան նոր շարժումներ: Դրանց թվում էր «Դալղա» («Ալիք») ուսանողական շարժումը, որի հիմնական նպատակներն էին բուհերում կոռուպցիայի դեմ պայքարն ու ազատ մամուլի պաշտպանությունը: «Դալղա»-ն նոր տեխնոլոգիաներ հնարեց` ցույցեր անցկացնելու նկատմամբ Ադրբեջանում գոծող կոշտ քաղաքականությունը շրջանցելու նպատակով: «Դալղա»-ն կազմակերպում էր, այսպես կոչված, ֆլեշ-մոբզ (flash mobs)` փոքր խմբերով կարճատև հավաքներ. հասարակական որևէ վայրում հանկարծակի մի խումբ մարդիկ են հայտնվում, կարճ ժամանակահատվածում ինչ-որ թեմայով ակցիա իրականացնում և հետո ցրվում:
Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ, «Դալղա»-ի 15 անդամներ հավաքվել էին մի հրապարակում և սկսել թերթեր ընթերցել:
«Ոստիկաններն անորոշության մեջ էին: Նրանք չգիտեին ինչ անել, ինչպես վարվել «ֆլեշ մոբզ» գործողության մասնակիցների հետ: Նրանք հասկանում էին, որ դա ցույց չէ, սակայն ինչ որ բան, այդուհանդերձ, տեղի է ունենում»,- պատմում էր Արազ Գասիմովը` «Դալղա»-ի փոխնախագահը:
Չնայած Ադրբեջանում առկա ժողովրդավարական շարժումներին` բուհական ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը նախագահամետ «Իրելի»-ն է («Շարժվիր առաջ»): «Իրելի»-ի շարքերում ավելի քան 5000 ուսանող կա, որոնք անվերապահորեն սատարում են նախագահ Իլհամ Ալիևին: «Մեր գաղափարախոսությունն Իլհամ Ալիևին աջակցելն է»,- ասում է Մահիր Մամադովը: «Մենք աջակցում ենք այն ամենին, ինչ նա անում է»: Իսկ եթե նախագահի քայլերից որևէ մեկն անընդունելի լինի՞: «Դա հնարավոր չէ: Նախագահը մեզ համար անընդունելի քայլեր երբեք չի անում»:
«Իրելի»-ի անդամները չեն կարծում, թե Ադրբեջանն ամենից շատ ժողովրդավարության կարիք ունի: Նրանցից ոմանց գնահատմամբ` ադրբեջանցիները արժանի չեն ժողովրդավարության կամ պատրաստ չեն դրան: «Գուցե ժողովրդի տասը տոկոսը հետաքրքրվում է քաղաքականությամբ: Մյուսները մտածում են միայն իրենց ստամոքսի և փող աշխատելու մասին: Դա մեր արյան մեջ է»,- ասում է Մահիրը:
ԱԱԵԱ-ն «Ադրբեջանի ազատական երիտասարդական ասոցիացիա»-ի հապավումն է, այն ազատական ադրբեջանցիների ոչ պաշտոնական ցանց է: Նրա անդամները չեն հարում որևէ քաղաքական կուսակցության, աշխատում են տեղերում` հանրության լայն շրջանակների հետ, կազմակերպում սեմինարներ և դասընթացներ ազատական արժեքների, ինքնակառավարման և ազատ շուկայական տնտեսության թեմաներով:
«Մենք դեմ ենք հեղափոխություններին, կողմ` էվոլյուցիային: Միայն մտքի հեղափոխությունը կհանգեցնի էվոլյուցիայի` ստեղծելով բարեփոխումների դաշտ»,- ասում է Նիգար Մեհտիևան` ԱԱԵԱ-ի քսանամյա անդամը: -Եթե ցանկանում ես փոխել հասարակությունը, սկսիր քեզանից: Մի քանի տարի հետո այս երիտասարդները կգան իշխանության: Եթե նրանք ավելի ազատական լինեն, դա կազդի նաև երկրի և նրա կառավարման ձևի վրա»:
Սաիդ Նուրին համոզված է, որ մի օր կվերադառա ժողովրդավար, օրենքի ուժով կառավարվող Ադրբեջան, և ոչ որպես քաղաքական այլախոհ: «Ինքնաթիռի տոմսի համար գումար եմ խնայում»,- ասում է Նուրին: Նա ցանկանում է, որ երիտասարդ ադրբեջանցիներն առավել ակտիվ մասնակցեն ժողովրդավարության կայացմանը:
«Այսօր մարդիկ փակ դռան առաջ են կանգնած,- նշում է ԱԱԵԱ-ի անդամ Զոհրաբ Իսմայիլովը` անդրադառնալով Ադրբեջանի ներկա քաղաքական իրավիճակին: -Բայց բավական է դուռը բացվի, մենք ներս կմտնենք և այլևս չենք թողնի, որ փակվի»:
Աննա Զամեջը լեհ լրագրող է: Ուսանում է Օրհուսում` Դանիայի լրագրողական ինստիտուտում: Որպես դիտորդ ներկա է եղել բազմաթիվ երկրների ընտրությունների` ներառյալ Ադրբեջանի 2005 թվականի խորհրդարանի ընտրությունը:
3 մեկնաբանություն
Ամենևին էլ տարօրինակ չէ, որ ուկրաինացի լրագրողը կարծում է, որ ժողովրդավարությունը չի կայացել ԽՍՀՄ նախկին երկրներում` բացի իր հայրենի Ուկրաինայից ու նրա բախտակից ընկեր Վրաստանից: Իսկապես այսօր ետխորհրդային տարածքում մաքուր ժողովրդավարական երկրի ոչ մի օրինակ չկա: Ի դեպ, նույն Վրաստանն ու Ուկրաինան նույպես չեն առանձնանում ժողովրդավարական բարձր ցուցանիշներով և դա, թերևս, ապացուցում են վերջերս Վրաստանում անցկացված ընտրությունները, քաղաքական բազմաթիվ սպանությունները, Ուկրաինայում` «Նարնջագույն հեղափոխություն»-ը:
Համաձայն եմ լրագրողի այն կարծիքի հետ, որ նորանկախ որոշ երկրներ դեռևս մնում են ազդեցիկ անհատների, օլիգարխների և ցմահ նախագահների տիրապետության տակ: Առաջին հայացքից թվում է, թե Հայաստանը շատ հեռու է նման խնդիրներից, քանի, որ ազդեցիկ անհատները բավականին քիչ են, օլիգարխները ավելի շատ մտածում են իրենց սերունդների համար տեղ ապահովել արևի տակ, դե իսկ նախագահների ցմահ տիրապետությունը առավել ևս մեզ բնորոշ չէ: Գուցե տեսականորեն դա իրոք այդպես է, բայց, իմ կարծիքով, փաստացի հայկական սցենարը բավականին նման է ադրբեջանականին: Այսօր Հայաստանում նույնպես իշխանությունը գտնվում է բավականին ազդեցիկ ու փոքրաթիվ մարդկանց ձեռքում, ովքեր ուղղակի կամ անուղղակի կերպով միջամտում են ինչպես պետության տնտեսական, այնպես էլ քաղաքական գործառույթների իրականացմանը: Ճիշտ է, նախագահները մեզ մոտ ցմահ չեն և իշխանությունը ժառանգորդաբար չի փոխանցվում, բայց դրա նման մի միտում էլ Հայաստանում կա: Գործող նախագահին փոխարինում է նրա հետևորդը, ով իրականացնում է նախորդի քաղաքականությունը, հետո նախորդը կրկին գալիս է իշխանության, ապա նորից հեռանում` իր ձեռքում պահելով երկրի ղեկավարման լծակները և կառավարելով միջնորդների միջոցով: Այդպիսով, տասնամյակներ շարունակ իրականացվում է նույն քաղաքականությունը, պարզապես տարբեր մարդկանց կողմից: Դե իսկ պաշտոնյաներն էլ փոխարինում եմ մեկը մյուսին տարբեր պաշտոններում, իսկ պետական ապարատից դուրս մնացածների համար բացվում են նոր նախարարություններ:
Գուցե Ադրբեջանում ժողովրդավարության կայացմանը խանգարում է նավթը, բայց չեմ կարծում, որ մյուս երկրներում դա նույնպես այդպես է: Եթե միակ խոչընդոտը նավթն ու ֆինանսական խոշոր ռեսուրսներն են, ապա ինչու Հայաստանում, որտեղ բացակայում է և’ մեկը, և’ մյուսը ժողովրդավարությունը միևնույնն է չի կայանում:
Հարգելի Գրիգոր,
Իսկ որտեղ կա մաքուր ժողովրդավարություն: Ծանոթ ես արդյոք ներսից ժողովրդավար կոչվող երկրների իրական քաղաքականությանը: Ցանկացած նախագահ և/կամ վարչակարգ ցանկացած երկրում ձգտում է ‘գահը’ թողնել իր համախոհին, և ավելի շատ դա հաջողվում է, քան թե` ոչ: Օրինակ, մտածել ես այն մասին, որ ժողովրդավար համարվող ԱՄՆ-ում իրականում չկա քաղաքական ընդդիմություն որպես այդպիսին, չկա’:
Գուցե հիասթափեցնեմ ասելով, որ մաքուր ժողովրդավարություն չկա, չի լինում, չի կարող լինել. դա իդեալ է, որին պետք է շարունակ ձգտել, մոտենալ:
Ինչպես դուք եք ասում ժողովրդավարությունը իդեալ է, որին պետք է շարունակ ձգտել, մոտենալ: Իմ կարծիքով, մեր երկրում այդ ձգտումը լոկ ձևական բնույթ է կրում:
Բնականաբար, ես էլ եմ գիտակցում, որ ժողովրդավարությունը մեկընդմիշտ ձեռքբերված արժեք չէ և տարբեր ժամանակներում այն տարբեր ձևերով է ընկալվել: Եղել է նաև, որ դեմոկրատիան համարվել է չարիք, սանձարձակություն:
Այսօր ժողովրդավարության աստիճանը խոսում է երկրի հեղինակության մասին և եթե մենք ընտրել ենք այս ուղին, ապա այն պետք է պատվով անցնենք: Ես միայն դա եմ ուզում: