Jul 04 2008
Բավակա՛ն է արդեն, Ադրբեջա՛ն
Տպել այս հոդվածը«Արմինիան Ռիփորթր», 21 հունիսի 2008թ.
Աղբյուրը` (The Armenian Reporter)
Ջոու Նոլենբերգ (Joe Knollenberg)
Ես համառորեն պայքարում եմ Ադրբեջանին հատկացվող ռազմական ֆինանսավորման դեմ:
Որպես ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի հարցերով խմբակի համանախագահ, կարծում եմ, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունության համար չկա ավելի մեծ սպառնալիք, քան Հայաստանի դեմ պատերազմ սկսելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունը:
Վերջերս մասնակցել եմ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի «Կովկաս. սառեցված հակամարտություններ և փակ սահմաններ» խորագրով լսումներին, և հնարավորություն ունեցա հարց տալու պետքարտուղարի օգնական Դանիել Ֆրիդին, թե ինչ միջոցներ է ձեռնարկել ԱՄՆ վարչակազմը Ադրբեջանի պատերազմի մեքենան կանգնեցնելու ուղղությամբ:
Ադրբեջանը շարունակում է պատերազմի պատրաստել իր զինուժը, և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների սարսափահարույց կոչերը հենց դա են ապացուցում: Երկրի նախագահի այնպիսի խոսքերը, ինչպիսիք են` «Պատերազմը դեռ չի ավարտվել…» և «Մեր քաղաքականությունը պետք է ագրեսիվ լինի», չպետք է անլուրջ ընդունվեն կամ անտեսվեն: Ցավոք, չեմ կարծում, որ Միացյալ Նահանգներն այս սպառնալիքին հարկ եղածին չափ լրջորեն է վերաբերվում:
Կովկասյան տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության նպատակը տարածաշրջանային համագործակցության միջոցով կայունության հասնելն է: Բացարձակապես անընդունելի է, որ Միացյալ Նահանգները աչք փակի տարածաշրջանում իր քաղաքականությունն ակնհայտորեն խաթարող երևույթների վրա: ԱՄՆ ներկա վարչակազմը շարունակում է մեծ գումարներ խնդրել Ադրբեջանին ռազմական ֆինանսավորում հատկացնելու համար, այն նաև հստակ իր աջակցությունն է հայտնել` չեղյալ հայտարարելու Ազատությանն աջակցելու մասին օրենքի (Freedom Support Act) 907 հոդվածը, որը խստորեն արգելում է Ադրբեջանի բանակին ֆինանսավորելը:
Ցավոք, վարչակազմը պարզապես չի անում այն, ինչ անհրաժեշտ է: Ես ասում եմ` բավակա’ն է արդեն: Ադրբեջանը ունեցել է բոլոր հնարավորությունները, մանավանդ Մինսկի գործընթացի շրջանակում, մեղմելու իր կոչերը և խթանելու համագործակցությունը: Միացյալ Նահանգները պետք է սատարի Հայաստանին և ստիպի Ադրբեջանին կանգնեցնել պատերազմի մեքենան և ազնվորեն բանակցել իր հարևանի հետ:
Որպես Ներկայացուցիչների պալատի պետական և արտաքին ծրագրերի ֆինանսավորման ենթահանձնաժողովի անդամ և որպես Հայաստանի հարցերով խմբակի համանախագահ, ես տարիներ շարունակ ակտիվ պաշտպանել եմ 907 հոդվածը: Այն երկիրը, որն օգտագործում է իր զինուժը Միացյալ Նահանգների դաշնակցին սպառնալու համար, չպետք է ռազմական ֆինանսավորում ստանա Միացյալ Նահանգներից: Դա պարզապես անհեթեթություն է:
Ավելին, այս տարի ես համառորեն պայքարում եմ Ադրբեջանին հատկացվող ռազմական ֆինանսավորման դեմ: Քո դաշնակցի վրա հարձակվելու մտադրություն ունեցող բանակին ֆինանսավորելը ճիշտ քաղաքականություն չէ, և ես թույլ չեմ տա, որ ԱՄՆ ֆինանսական միջոցներն օգտագործվեն հայերի դեմ: Ադրբեջանին ռազմական ֆինանսավորում չհատկացնելը Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանի գործողությունները չսատարելու և վերջինիս կողմից պատերազմի սադրանքները մերժելու ամենաուժեղ ազդակը կլինի:
Ժամանակն է, որ մենք վերջ դնենք Ադրբեջանի կոչերին: Ես փորձել եմ միավորել Կոնգրեսի բոլոր անդամներին, որպեսզի նրանք աջակցեն ինձ կասեցնելու Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական օժանդակությունը: Երկրի տարբեր շրջանները ներկայացնող և երկու կուսակցությունների անդամներից կազմված խմբի առկայությունն ապացուցում է հարցի կարևորությունը: Ես հավատում եմ, որ մենք կարող ենք և պետք է վերջ դնենք Հայաստանին ուղղված Ադրբեջանի սպառնալիքներին: Միասին աշխատելով՝ մենք կարող ենք հաջողության հասնել:
Ջոու Նոլենբերգ, հանրապետական, 1992թ.-ից ԱՄՆ Կոնգրեսում ներկայացնում է Միչիգանի 9-րդ շրջանը:
1 մեկնաբանություն
Եթե ամերիկյան վերնախավը մի քիչ ծանոթ լիներ մեր տարածաշրջանի պատմությանը, ապա կիմանար որ Հայաստանից հուսալի դաշնակից նրա համար չկա այստեղ:
ԱՄՆ-ը երևի մտածում է թե միշտ ազդեցության լծակներ կունենա Թուրքիայի ու Ադրբեջանի վրա, և կկարողանա նրանց վրա հենվել իր քաղաքականությունում, բայց դե դա կարճատես մտածելակերպ է: