Jul 17 2008

«Լը Մոնդ Դիպլոմատիկ». տեղեկատվությու՞ն, թե՞ ձեռնածություն

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Ըղոպ է Օղիան» (Չոբանյան ինստիտուտի հանդես, hունիս 2008, 6-րդ համար)
Աղբյուրը` (Europe&Orient , Institut Tchobanian )
Ժան Դողյան (Jean Dorian)

Հեղինակն արձագանքում է «Բողոքարկված նախագահական ընտրություններ Երևանում» վերնագրով հոդվածին, որը լույս է տեսել «Լը Մոնդ Դիպլոմատիկ» ամսաթերթում (ապրիլ, 2008թ)

Լուրջ, հեղինավոր ամսագրից սպասելիքն այն է, որ յուրաքանչյուր տեղեկություն հնարավորինս անաչառ լինի: Մեկնաբանությունները, բացթողումները չպետք է խեղաթյուրեն կամ աղճատեն փաստերը և ընթերցողին չպետք է սխալ ճանապարհով տանեն:

2008 թվականի ապրիլին «Լը Մոնդ Դիպլոմատիկ»-ում տպագրված Ժան Գեյրայի հոդվածը դրա վառ արտահայտությունն է: Մենք կփորձենք այն մեկնաբանել, որպեսզի ցույց տանք, թե ինչպես են ապակողմնորոշում հանրային կարծիքը: Խոսքը վերաբերում է «Վտանգավոր անկայունություն Հայաստանում» վերնագրով հոդվածին:

Առաջին հերթին ուշադրություն դարձնենք հոդվածի տեսքին: Վերնագրի տակ տեղադրված է մի լուսանկար, որը ոչ մի առնչություն չունի 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների` հանրահավաքի մասնակիցների, ընդհարումների, իրավապահների հետ, այսինքն` այդ դեպքերի և անձանց հետ: Սև-սպիտակ լուսանկարում մետաճաղերով դռան հետևում երևում է մութ ամպերով պատված Արարատ լեռը: Այն բանտի տեսարան է հիշեցնում: Մինչ կսկսեինք ընթերցել հոդվածը` տպավորությունն արդեն առկա էր. մետաղե դուռ, բանտ, ճնշում…

Հիմա ընթերցենք հոդվածի սկիզբը: Հայտնի է, որ որևէ հոդվածի տեղեկությունների 80 տոկոսը շարադրված է տեքստի 20 տոկոսը կազմող նախաբանում, և այն շատ կարևոր է` ընթերցողին հետաքրքրելու և ուղղորդելու առումով: Ահա առաջին նախադասությունը.

«Արյունալի պատժամիջոցների կիրառումը, որը մարտի 1-ին՝ նախագահի ընտրության արդյունքները բողոքարկող հանրահավաքներից հետո, Երևանում ծանր իրավիճակի ստեղծման պատճառ դարձավ, մեծ լարվածություն է առաջացրել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև: Վերջինս հավանաբար կորոշի որոշ չափով «կասեցնել» իր տնտեսական օգնությունը»:

Նախ` եվրոպացի ընթերցողը «նախագահի ընտրության արդյունքները բողոքարկող հանրահավաքներ» արտահայտությունը կհասկանա որպես դասական բողոք (երթ կամ միտինգ, որն ուղղեկցվում է թշնամական կարգախոսներով, պաստառներով և թռուցիկներով, համենայն դեպս` համեմատաբար խաղաղ և համակարգված): Բայց հեղինակը չի նշում դյուրավառ հեղուկով լցված շշերի մասին, որոնք ցուցարարները նետում էին իրավապահների վրա, երկաթե ձողերի կամ զենքերի մասին, որոնք հայտնաբերվել էին ցուցարարներից ոմանց մոտ:

Հաջորդը` ինչո՞ւ հակադրել Միացյալ Նահանգներին և Ռուսաստանին` ներկայացնելով ամերիկացիներին որպես բարի մարդիկ, որոնք սպառնում են կասեցնել օգնությունը, եթե ճնշումները շարունակվեն, իսկ չարի դերում՝ ռուսներին, որոնք «ջերմորեն շնորհավորել են» նոր նախագահին: Այդ առնչությամբ հեղինակը մոռանում է ասել, որ Հայաստանի նորընտիր նախագահին ամենառաջիններից մեկը շնորհավորեց Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Հեղինակը նաև չի բացատրում, թե ինչու է այդ պատճառով առաջացել «մեծ լարվածություն» Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում, որն անհասկանալի, եթե ոչ` սուտ դրդապատճառներով 1 անհեթեթ պատերազմ է մղում Իրաքում: Տարածաշրջանի մյուս երկրներին էլ ժողովրդավարության կայունության դասեր տալու իմաստով ԱՄՆ-ը ամենավերջիններից մեկն է: Գուցե այս իրադարձությունները հրահրողներին նույնպես աջակցում են ամերիկացիները, ինչպես վերջին տարիներին այս տարածաշրջանում իրար հաջորդած գունավոր հեղափոխությունների դեպքում:

Հետո պրն Գեյրան գրում է. «Այդ երկու մարդիկ (Քոչարյանը և Սարգսյանը) եղան 1998-ին այն մարդու վտարման հիմնական մեղավորները, որն աջակցել էր Երևանի ղեկավար խավին նրանց ինտեգրմանը։ Այդ մարդը հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է: Վերջինս ստիպված էր հրաժարական տալ, որովհետև Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման համար առաջարկել էր փոխզիջումային տարբերակ, որը համարվել էր չափազանց նպաստավոր թշնամի ադրբեջանցիների համար» :

Եվս մեկ անգամ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացվեց որպես փոխզիջման պատրաստ գործիչ և որպես զոհ, որը ստիպված է եղել հրաժարական տալ երկու «երախտամոռների»՝ Քոչարյանի և Սարգսյանի ճնշման տակ: Բայց հեղինակը կրկին մոռանում է հստակեցնել, թե Ղարաբաղի խնդրում ինչ փոխզիջման մասին էր խոսքը: Ազատագրված տարածքներից նույնիսկ մի փոքր մաս վերադարձնելը կնշանակեր վտանգել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի (Արցախի), այլ նաև Հայաստանի հարավային մարզի (Սյունիքի) գոյությունը, դրանով իսկ կործանման վտանգի առջև կանգնեցնելով երիտասարդ Հայաստանի Հանրապետությանը (կիրականանար նրա երկու թշնամիների՝ թուրքերի և ազերիների պանթուրքիստական երազանքը): 2

Պրն Գեյրան շարունակում է. «Այնուհետև երկու համախոհներին կասկածեցին 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության իրականացման մեջ : 3 … Անկասկած` այդ սպանություններից հիմնական շահողները եղան Քոչարյանը և Սարգսյանը»:

Եվ եզրակացնում է. «Հոկտեմբերի 27-ի ոճիրը ոչ թե ազգայնամոլական ծայրահեղական հրոսակախմբի արարք էր, ինչպես ներկայացվել էր, այլ պալատական հեղափոխության արդյունք»:

Այս պնդումը ներկայացված է որպես կատարված փաստ, սակայն դա իրականում հեղինակի պատահական ենթադրությունն է, ինչպես ցանկացած չհիմնավորված վարկած այնպիսի չհաստատված փաստերի վերեբերյալ, ինչպիսիք են Բեն Բարկայի գործը կամ Պիեռ Բերեգոուայի ինքնասպանությունը Ֆրանսիայում և կամ նախագահ Քենեդու սպանությունը ԱՄՆ-ում, որպես մի քանի օրինակ հարյուրավորներից:

Այնուհետև պրն Գեյրան գրում է. «…Ուստի նա (ԼՏՊ-ն) որոշեց նետվել նախագահական պայքարի մեջ` ընդդեմ նրանց, ում այդ օրվանից որակում էր «ավազակապետություն» և «հանցավոր վարչակարգ»: Հեղինակն այս հարցի մասին երկար չի խոսում: Դադար տանք: Երբ ԼՏՊ-ն նետվեց ընտրապայքարի մեջ, մի կողմից նա օգուտ էր քաղում հարթակից խոսելու թեկնածուներին ընձեռված հնարավորությունից, մյուս կողմից` առերևույթ ընդունում էր խաղի կանոնները: Իսկ ի՞նչ կարելի է մտածել մի թեկնածուի մասին, որն իր հակառակորդին անվանում է հանցագործ և մաֆիոզ: Եթե նա ուներ ապացույցներ, ապա պետք է դիմեր արդարադատությանը և դատարան քարշ տար իր մրցակիցներին, իսկ եթե նրա մեղադրանքները անհիմն ենթադրություններ էին, ապա ինքը պետք է հետապնդվեր զրպարտության համար:

«Ռեսուրսների անխիղճ թալան» ենթավերնագրի տակ հեղինակը կիրառում է ճարպիկ զեղծարարների ձեռնածության մի այլ հայտնի մարտավարություն. սկսել ճիշտ փաստարկներից` զարգանցելու և տարածելու համար սխալ գաղափարներ:

«Պրն Տեր-Պետրոսյանը բարձրաձայն հայտարարում է այն, ինչ շշուկով ասում է ժողովուրդը։ Նա ջանասիրաբար վկայակոչում է «կոռուպցիան, որը քայքայում է հասարակության բոլոր խավերը», և պետության հարստության «անխիղճ թալանը» իշխանավորների թիմի և օլիգարխների կողմից, որոնք տնտեսության ամենաշահութաբեր ճյուղերը բաժանել են իրենց միջև: Միայն իր ճարտասանության ուժի շնորհիվ նախկին նախագահին հաջողվեց մի քանի ամսվա ընթացքում ժողովրդական ընդդիմության ալիք բարձրացնել, հատկապես` երիտասարդության շրջանում»:

Ճիշտ է, կաշառակերությունը դեռևս երկրում (ինչպես նախկին Խորհրդային Միության մի քանի երկրներում) գոյություն ունեցող չարիքներից մեկն է, և մի քանի օլիգարխներ իրենց միջև բաժանել են տնտեսության գաթան: Եթե սա ասվում է, պետք է նաև ասվի, որ այդ երևույթն այսօր չի սկսվել, և պետք է հարց տալ՝ ի՞նչ է արել Լևոն Տեր-Պետրոսյանը կաշառակերության դեմ պայքարելու համար իր կառավարման օրոք՝ 1991-ից 1998 թվականներին: «Անխիղճ թալանը» սկսվել է նրա իշխանության տարիներին :

Ինչ վերաբերում է ԼՏՊ-ի բարձրացրած «ժողովրդական ընդդիմության ալիք»-ին` դա հապճեպ եզրակացություն է: Ոչ մի հոդված չգրվեց, ոչ մի ելույթ չեղավ, ոչ մի ծրագիր չառաջադրվեց առողջ, օգտակար, նույնիսկ կասեինք անհրաժեշտ ընդդիմություն, իրական այլընտրանք ունենալու համար: Լ. Տեր-Պետրոսյանի ելույթները ամբոխավարական էին և հիմնված բնակչության դժգոհության վրա: Պետք է նաև նշել, որ այդ նույն բնակչությունը, որին գրավում էին նման բոցավառ ելույթները, ընդամենը մի քանի ամիս առաջ թքած ուներ ԼՏՊ-ի վրա:

Ընդդիմադիր գործիչը կարող էր օգտագործել բնակչության դժգոհությունը և այն վերափոխել դրական էներգիայի, հավակնոտ ծրագիր առաջադրել հենց այդ՝ քննադատված անարդարությունները ուղղելու համար: Այնինչ, ամեն բան արվեց բնակչության մի մասին մյուսի դեմ հանելու և հատկապես՝ «հայաստանցու» և «ղարաբաղցու» միջև սեպ խրելու համար: Ցուցարարներին հրահրելը քսանամյա երիտասարդ զինվորներին անպատվելու «թուրք», «ղարաբաղցի շուն» և նման հայհոյանքներով կամ որոշ սպաների և զինվորների իրենց ճամբարը փոխելու և ցուցարարների կողմն անցնելու կոչ անելը ընդդիմության ղեկավարին հարիր կեցվածք չէ, եթե ցանկություն չկա երկիրը կրակի և այրան մեջ ներքաշելու: Մի պահ պատկերացնենք, թե ինչ կարող էր տեղի ունենալ, եթե զինվորներից ոմանք, իրենց զենքերով, անցնեին ցուցարարների կողմը և հակադրվեին օրինապահ զինվորներին: Սպանվածների թիվը կլիներ ոչ թե ութ, այլ, հավանաբար, ութ հարյուր:

Պրն Գեյրան եզրափակում է իր հոդվածն այսպես. «Անհաջող կերպով ընտրված իր նոր նախագահի հետ Հայաստանն իրեն վտանգի է ենթարկում` թևակոխելով անհանգստության և անկայունության ժամանակաշրջան: «Քաղաքացիական հասարակությունը, որն այսուհետև չի վախենում» (պրն Տեր-Պետրոսյանը հպարտանում է, որ դա իր շնորհքն է), ձեռքերը հեշտորեն չի իջեցնելու: Մնում է ճշտել` արդյո՞ք պրն Սարգսյանը կունենա ճկունություն և իմաստնություն արդյունավետ երկխոսություն սկսելու նոր ընդդիմության հետ, որը խոստանում է անողոք լինել»:

Հարկ է նշել, որ «անհաջող կերպով ընտրված նախագահը» ընտրվել է ընտրողների ձայների 52.9%-ով: Մենք չգիտենք, թե որն է պրն Գեյրայի համար ձայների այն տոկոսը, որը նախագահին կդարձներ «լավ ընտրված»: Ինչ վերաբերում է «քաղաքացիական հասարակությանը» (ինչպես և « լուռ մեծամասնությունը»)՝ հորինված արտահայտություն է քաղաքական էլիտային զվարճացնելու համար և ոչինչ չի նշանակում, առավել ևս՝ «քաղաքացիական հասարակությունը, որն այսուհետև չի վախենում» արտահատությունը: Ես չգիտեմ` պրն. Գեյրան վերջերս այցելել է Հայաստան, թե ոչ, բայց 2007-ի ապրիլին ու աշնանը իմ այցելությունների և 2008 թվականի մայիսին այցելությանս ժամանակ զրուցելով իմ ծանոթների և մշտական զրուցակիցների, նաև բնակչության հետ, ես մեծ տարբերություն չնկատեցի: Բնակչության ամենագլխավոր մտահոգությունը մնում է առօրյա կյանքի բարելավումը: Քաղաքացիական պատերազմն այդ հարցերի լուծմանն ամենևին էլ չի կարող նպաստել: Իսկ 2008 թվականի փետրվար և մարտ ամիսների դեպքերը կարող էին հանգեցնել ավելի սարսափելի ընդհարումների:

Ինչ վերաբերվում է «արդյունավետ երկխոսությանը», որը ցանկանում է պրն Գեյրան՝ ինչպե՞ս կարելի է խոսել մեկի հետ, որը նույնիսկ չբացեց իր դռները Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի առջև, որը ցանակացավ այցելել Տեր-Պետրոսյանին մարտի 1-ի դեպքերից հետո՝ որպես միջնորդ նրա և իշխանության միջև:

Լ. Տեր-Պետրոսյանին հայկական քաղաքական կյանքի այս տխուր դրվագում հանգամանքների բերումով որպես սպիտակ ձիավոր ներկայացնելու պատճառը կա՛մ բոլոր փաստերին ծանոթ չլինելն է, կա՛մ էլ փաստերի խեղաթյուրման ցանկությունը:

—————

  1. Տե’ս Չոբանյան ինստիտուտի աշխարհաքաղաքական զեկույցը. համար 2, Ռոջեր Աքլ, «Գլոբալ խաբեություն», հրատ. Սիջեստ, 2007
  2. Սրա վերաբերյալ տե’ս դոկտոր Արմեն Այվազյանի աշխատությունները (www.hayq.org). նա այս տարվա ապրիլին Չոբանյան ինստիտուտի կողմից հրավիրվել էր Ֆրանսիա` մասնակցելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության թեմաների շուրջ կոնֆերանսներին:
  3. Խոսքն Ազգային Ժողովում հինգ զինված մարդկանց կողմից իրականացված սպանությունների մասին է, երբ զոհվեց ութ մարդ, որոնց թվում` վարչապետ Վ. Սարգսյանը և խորհրդարանի նախագահ Կ. Դեմիրճյանը :

Comments Off on «Լը Մոնդ Դիպլոմատիկ». տեղեկատվությու՞ն, թե՞ ձեռնածություն

Այս էջում չկա մեկնաբանություններ