Aug 01 2008
Պայքար Կովկասի համար. Աբխազիան դառնում է մեծ տերությունների հաշվարկների առարկա
Տպել այս հոդվածը«Ֆայնենշլ Թայմզ», 14 հուլիսի 2008թ.
Աղբյուրը` (Financial Times)
Շտեֆան Վագշտիլ (Stefan Wagstyl)
Նախագահ Սերգեյ Բաղապշը Աբխազիայի ինքնահռչակ պետությունը ղեկավարում է արմավենիներով, սոճիներով և հսկայական մագնոլիաներով շրջապատված՝ Սև ծովի ափին գտնվող իր գրասենյակից:
Սա հովվերգական տեղանք կլիներ, եթե շուրջը չլինեին 15 տարի առաջ Վրաստանից անջատվելու համար Աբխազիայի մղած քաղաքացիական պատերազմի ընթացքում քանդված շենքերի փլատակները, պատերազմ, որի ժամանակ զոհվեց 8.000 մարդ, իսկ 240.000 էթնիկ վրացիներ ստիպված եղան լքել իրենց տները: Աբխազիայի մայրաքաղաք Սուխումի վրա կախված է նախկին տարածքային ժողովի կիսաքանդ շենքի կմախքը, որպես կատարված բռնության մասին հիշեցնող հուշարձան և զգուշացում, թե ինչ կարող է պատահել, եթե հինը կրկնվի:
Նախկինում բասկետբոլիստ, կոմունիստական ֆունկցիոներ և ձեռներեց 59-ամյա Բաղապշն ունի մեկ քաղաքական նպատակ, այն է` Աբխազիայի անկախության միջազգային ճանաչումը: Նա ասում է. «Կարծում եմ` այս աշխարհում յուրաքանչյուրն ուզում է անկախ լինել: Աբխազիան բացառություն չէ… Մենք ուզում ենք կառուցել մեր փոքրիկ ժողովրդավարական, օրինապաշտ պետությունը»:
Դժվար խնդիր է: Աբխազիայի պահանջները մերժել է Վրաստանը և չի ճանաչել որևէ այլ երկիր, նույնիսկ հարևան Ռուսաստանը՝ չնայած, որ ընդհանուր առմամբ սատարում է Սուխումին: Արևմուտքի աջակցությունը վայելող Վրաստանը պնդում է, որ Աբխազիան պետք է մնա Վրաստանի կազմում` միջազգային օրենքի համաձայն:
Կովկասի հարցում Արևելքի և Արևմուտքի միջև աճող լարվածությունն է’լ ավելի է բարդացնում վեճը: ԱՄՆ-ը և Եվրամիության անդամ երկրների մեծամասնությունը խրախուսում են Ռուսաստանի ազդեցությունից ձերբազատվելու և Արևմուտքին ինտեգրվելու, այդ թվում՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ջանքերը: Արևմուտքին մտահոգում է նաև կասպիական նավթը և գազը Կովկասով Թուրքիա տանող խողովակաշարի անվտանգության խնդիրը: Միևնույն ժամանակ, վերածնվող Ռուսաստանն այդ տարածաշրջանը, խողովակաշարերը ներառյալ, դիտարկում է որպես նախկին Խորհրդային Միության տարածքում իր ազդեցությունը վերահաստատելու սեփական կարողությունների կարևոր փորձարկում: Աննպատակ չէր ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի անցյալ շաբաթ Թբիլիսի կատարած այցը, որի ժամանակ նա առաջարկեց թե’ Վրաստանին, թե’ Ռուսաստանին հրաժարվել «սադրիչ վարքագծից»:
Աբխազիան Խորհրդային Միության փլուզումից հետո մնացած երեք «սառեցված հակամարտություններից» մեկն է: Մյուս երկու անջատողական տարածքների նման (Հարավային Օսիա՝ նույնպես Վրաստանում, և Մերձդնեստր` Մոլդովայում) Աբխազիան պայքարում է մեկուսացման դեմ: Միավորված ազգերի կազմակերպության հովանավորությամբ մերթընդմերթ վարվող բանակցությունները որևէ արդյունք չեն տվել:
Այս տարի, սակայն, Աբխազիայի «սառեցված հակամարտությունը» թեժացավ: Ապրիլի վերջին-մայիսի սկզբին աբխազական և վրացական զորքերը պատերազմելու շեմին էին. միմյանց մեղադրում էին ՄԱԿ-ի դիտորդների կողմից վերահսկվող և ռուսական խաղաղապահների կողմից պաշտպանվող հրադադարի գծի երկու կողմերում տեղի ունեցած «սադրիչ գործողություններ» իրականացնելու մեջ: Թբիլիսին մեղադրեց Մոսկվային աբխազական կողմից հակամարտությանը մասնակցելու մեջ այն բանից հետո, երբ նկարահանվեց, թե ինչպես է ռուսական ինքնաթիռը ոչնչացնում վրացական հետախուզական անօդաչու ինքնաթիռը:
Սուխումը և Թբիլիսին վտանգավոր անդունդից հետ կանգնեցին: Սակայն անցյալ ամսվա ընթացքում Աբխազիան ցնցվեց չորս պայթյունից, այդ թվում մեկը՝ Գալի հարավային քաղաքում, Ինգուրի գետի երկայնքով ձգվող հրադադարի գծին մոտ, որի հետևանքով զոհվեց չորս մարդ: Աբխազիան մեղադրեց Վրաստանին, իսկ Վրաստանը կտրականապես հերքեց մեղադրանքներն՝ ասելով, թե Աբխազիան է իրականացրել պայթյունները, որպեսզի սևացնի Վրաստանի անունը: Բռնություններ տեղի ունեցան նաև տարածքով շատ ավելի փոքր Հարավային Օսիայում, որտեղ անջատողականների և վրացական ուժերի միջև բախումների ընթացքում երկու մարդ սպանվեց: Ռուսաստանը կործանիչներ ուղարկեց Հարավային Օսիա` հետագայում հայտարարելով, թե այդ քայլն արվել էր Վրաստանի հարձակումը կանխելու նպատակով: Թբիլիսին խիստ քննադատեց այդ հայտարարությունը` անվանելով այն «ագրեսիայի աննախադեպ խոստովանություն»:
Լարվածության մեծացմանը թափ են հաղորդում միջազգային զարգացումները: Նախ, Եվրամիության առաջատար պետությունները և ԱՄՆ-ը ճանաչեցին Կոսովոյի` անջատված բալկանյան պետության անկախությունը` հակառակ Ռուսաստանի դիմադրությանը, որը զգուշացնում էր անջատական տրամադրություններով այլ տարածքների վրա դրա ազդեցության մասին: Այնուհետև, Վրաստանը և Ուկրաինան խնդրեցին «գործողությունների ծրագիր» մշակել ՆԱՏՕ-ին իրենց հետագա անդամակցության համար: Վախենալով Ռուսաստանի արձագանքից՝ Հյուսիսատլանտյան դաշինքը Բուխարեստի իր գագաթաժողովում մերժեց այդ հայտերը, սակայն համաձայնեց անդրադառնալ դրանց դեկտեմբերին` դրանով իսկ զայրացնելով Մոսկվային: Եվ վերջապես, էներգակիրների գների արագ աճի պայմաններում, Արևմուտքի երկրները, ինչպես նաև Ռուսաստանն ու Չինաստանը, կրկնապատկեցին միջինասիական նավթի և գազի պաշարներից օգտվելու իրենց ջանքերը:
Մոսկվան դրան արձագանքեց Աբխազիային իր աջակցությունն ավելի ուժեղացնելով. հիմնականում Վրաստանի վրա ճնշումն ուժեղացնելու նպատակով ընդլայնեց 2000 թվականին Վլադիմիր Պուտինի նախագահ դառնալուց հետո սկսված տնտեսական համագործակցությունը, դադարեցրեց վաղուց կիրառվող տնտեսական պատժամիջոցները, պետական հաստատություններին թույլատրեց կապեր հաստատել Աբխազիայի հետ և ամրապնդեց իր ռազմական ներկայությունն այնտեղ՝ ուղարկելով 500 դեսանտայիններ` որպես համալրում իր 2000 խաղաղապահներին, իսկ ավելի ուշ` ևս 400 երկաթուղային զինվորներ, վերջիններիս՝ Աբխազիայի առափնյա երկաթուղին վերանորոգելու պատրվակով:
Մոսկվան պնդում էր, թե այդ գործողություններն իրականցվում են ի պատասխան Վրաստանի ռազմական նախապատրաստական գործողությունների` այդպիսի գործողություններ համարելով նաև հետախուզական անօդաչու ինքնաթիռների թռիչքները: Թբիլիսին հերքեց պատերազմ ծրագրելու մեղադրանքները և իր հերթին հայտարարեց, որ Ռուսաստանը կրակի հետ է խաղում: Անօդաչու ինքնաթիռի ոչնչացման միջադեպն ուսումնասիրող ՄԱԿ-ի առաքելությունը հայտնաբերեց հրադադարի երկկողմանի խախտումներ և «զսպվածության» կոչ արեց: ՄԱԿ-ի պաշտոնյաների մտավախությունն այն է, որ պատահաբար սկսված բախումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների: Կովկասյան տարածաշրջանի իրադարձությունները լուսաբանող, արձակագիր Թոմ դը Վաալը գրում է. «Գալիում պատահած մեկ միջադեպ կարող է պատճառ դառնալ Վրաստանի արձագանքի, որը կարող է պատճառ դառնալ Ռուսաստանի արձագանքի, որն էլ իր հերթին՝ ԱՄՆ-ի արձագանքի: Դրա հետևանքը կլինի խոշորագույն միջազգային ճգնաժամը»:
Ռուսաստանի համար Աբխազիան մեծ ճանաչում ունեցող հանգստավայր է: Ժամանակին Իոսիֆ Ստալինն էլ էր սիրում այնտեղ լինել: Մոսկվային այդ ծովափը հետաքրքրում է նաև որպես ռազմական նավատորմի հնարավոր բազա՝ այն դեպքում, եթե սևծովյան նավատորմը երբևէ դուրս մղվի ուկրաինական Սևաստոպոլ քաղաքի՝ իր վարձակալած նավահանգստից: Սակայն Ռուսաստանը, Հյուսիսային Կովկասի փոքրամասնությունների համար վտանգավոր նախադեպ ստեղծելու վախից, զգուշավորությամբ է մոտենում Աբխազիայի անկախությունը ճանաչելու հարցին: Նախագահ Դմիտրի Մեդվեդևը չի ուզում ևս մեկ Չեչնիա:
Մոսկվայի համար կարևորը Վրաստանն է և նրա արևմտամետ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Աբխազիան և Հարավային Օսիան լոկ լծակներ են` ճնշումներ գործադրելու Թբիլիսիի վրա` խոչընդոտելու նրա արևմտամետ քաղաքականությանը և ստիպելու նրան հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտից: Մոսկվայի «Կարնեգի» հետազոտական կենտրոնի փոխտնօրեն Դմիտրի Տրենինն ասել է. «Ռուսաստանին բուն Աբխազիան առանձնապես շատ չի հետաքրքրում: Ռուսաստանն ասում է Վրաստանին. «Եթե միանաս ՆԱՏՕ-ին, շատ մեծ գին կվճարես: Այլևս երբեք Աբխազիան հետ չես ստանա»:
Արևմուտքի համար պարոն Սահակաշվիլիի վարչակազմը, չնայած նրա իշխողական քաղաքական մարտավարությանը, տարածաշրջանում ժողովրդավարության հազվագյուտ օրինակ է: Բացի այդ, նրա ղեկավարած երկրով է անցնում Ռուսաստանը շրջանցող միակ խողովակաշարը, որով համաշխարհային շուկա է փոխադրվում կասպիական նավթն ու գազը: Թեև Աբխազիան այդ ուղիներից որոշ չափով հեռու է, այնտեղ բռնկված հակամարտությունը կարող է վտանգել Վրաստանի կայունությունը: Պարոն Սահակաշվիլին անցյալ ամիս «Ֆայնենշլ Թայմզ»-ին տված հարցազրույցում ասել է, թե Մոսկվայի դիրքորոշումը մարտահրավեր է Արևմուտքին: «Վրաստանը փորձ է: Այսօր` Վրաստանը: Վաղը՝ Ուկրաինան, և այդպես` տարածաշրջանի մյուս երկրները, որոնք, ըստ ռուսների` իրենց ազդեցության ոլորտում են: Նրանք ուշադրությամբ կհետևեն Արևմուտքի արձագանքին և ըստ այդմ էլ կգործեն»:
Միևնույն ժամանակ, անջատ լինելու 15 տարիները աբխազների մեջ ձևավորել են անկախության զգացողություն: Խորհրդային տարիներին 525.000, իսկ այժմ 200.000-300.000 բնակչությունն իր ապրուստը հայթայթում է զբոսաշրջությունից, հողագործությունից, ապրում է նաև գլխավորապես Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնածների ուղարկած գումարներով: Աբխազները կազմում են բնակչության մեկ երրորդ մասը, մնացածը ռուսներ են, հայեր և հարավային շրջաններում՝ մոտ 50.000 վրացիներ: Երկկողմանի քարոզչությունը ավելի է մեծացրել Սուխումի և Թբիլիսիի միջև եղած անջրպետը, հատկապես 2004-ին պարոն Սահակաշվիլիի իշխանության գալուց հետո:
Ըստ Վրաստանի` կարգավորումը հնարավոր կլինի Աբխազիայի ինքնավար մարզի կարգավիճակին վերադառնալու դեպքում: Փոխարտգործնախարար Գիգա Բոկերիան հայտարարել է. «Մենք պետք է պահպանենք մեր տարածքային ամբողջականությունը»: Մինչդեռ ըստ Աբխազիայի` արդեն շատ ուշ է. Վրաստանը հաճախ է դիմել միակողմանի գործողությունների, մասնավորապես 2006 թվականին, երբ զինված ոստիկաններ ուղարկվեցին Կոդորի կիրճ՝ Աբխազիայի այն միակ վայրը, որը վերահսկում է Թբիլիսին: Սուխումի «Մեդիա կենտրոն» հասարակական կազմակերպության տնօրեն Դիանա Կերսելյան ասում է. « Չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է Աբխազիան կրկին մտնել Վրաստանի կազմի մեջ: Դա կլինի մեր և մեր երեխաների վերջը»:
Հարավում ապրող վրացիները նույնչափ համոզված են, որ Թբիլիսիից անջատվելն անհանդուրժելի է: «Ավանգարդ» համայնքային կազմակերպության ղեկավար Մայա Քվարացխելիայի կարծիքով` վրացիներն իրենց մեկուսացած են զգում: «Երիտասարդները չգիտեն, թե ինչ անեն»:
Մոսկվայի աջակցությունն զգալի դարձավ, երբ ռուբլին սկսեց ազատ շրջանառվել: Ռուսաստանի հետ կապերն այնքան ամրացան, որ Թբիլիսին ասում էր` Աբխազիան կուլ գնալու վտանգի տակ է: Աբխազիայի վերնախավը պնդում է, որ Աբխազիան պետք է անկախ մնա, սակայն ռադիոլրագրող Ռոզիտա Գերմանի կարծիքով՝ Աբխազիայի ազատական, բազմաէթնիկ բնութագիրը կարող է հեղձամահ լինել: «Ռուսաստանը և’ սպառնալիք է, և’ նեցուկ»,- ասում է նա:
Պարոն Բաղապշը ժխտում է Վրաստանի մեղադրանքները, թե ինքը խամաճիկ է Մոսկվայի ձեռքին: Նա իշխանության է եկել 2005 թվականին կայացած ընտրության վիճարկելի արդյունքով: Ռուսաստանը սատարում էր նրա հիմնական հակառակորդ Ռաուլ Խաձիմբային: Ի վերջո, Կրեմլն ընդունեց փոխզիջումային տարբերակը՝ պարոն Խաձիմբան դարձավ պարոն Բաղապշի տեղակալը: Այս տարի պարոն Բաղապշն ընդունեց Արևմուտքի պաշտոնյաների, այդ թվում՝ Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Հավյեր Սոլանային, ովքեր եկել էին օգնելու, որ կանխվեն բռնությունները և չեզոքացնելու ռուսական ազդեցությունը:
Աբխազիայի տնտեսական դժվարությունները մեղմացան 2003 թվականից, երբ Ռուսաստանը բացեց սահմանները, պակասեցրեց ճամփորդելու սահմանափակումները և ավելացրեց ցուցաբերվող օգնության ծավալը: Փոխվարչապետ Լեոնիդ Լակերբայայի խոսքով` Ռուսաստանից եկող նվիրատվություններով ֆինանսավորում են 100 մլն ռուբլի (4,3 մլն ԱՄՆ դոլար, 2,2 մլն ֆունտ ստեռլինգ, 2,7 մլն Եվրո) արժողությամբ Սուխումից ռուսական Սոչի քաղաք տանող ճանապարհի վերանորոգումը, որը Աբխազիա մուտքի և ելքի համար կարևորագույն նշանակություն ունեցող ուղի է, իսկ Մոսկվան կենսաթոշակ է վճարում խորհրդային տարիներին աշխատած մարդկանց և մշտապես ավելացող գումարներ է փոխանցում Աբխազիայի 1,3 մլրդ ռուբլի կազմող բյուջե:
Վերադառնում են ռուսաստանցի զբոսաշրջիկները: Նրանց թիվն այժմ հասնում է 600.000-ի, և կարող է հասնել խորհրդային ժամանակների 1 մլն առավելագույն ցուցանիշին: Պետական սեփականություն հանդիսացող հանգստյան տները վարձակալության են տրվում, բացվում են հյուրանոցներ: Աշխուժանում է առևտուրը. այն, ըստ պարոն Լակերբայայի` անցյալ տարի կազմել է շուրջ 4,7 մլրդ ռուբլի: Տնտեսությունը նույնպես արագորեն աճում է, աշխատավարձերը 2002 թվականի համեմատ հնգապատիկ ավելացել են` հասնելով ամսական 2.700 ռուբլու: Ոչ շատ արդյունաբերական ձեռնարկություններ ունեցող Աբխազիան ներմուծում է լայն սպառման ապրանքների գրեթե ողջ տեսականին՝ դրանց համար վճարելով զբոսաշրջությունից ստացվող եկամուտներից և արտագնա աշխատանքի մեկնածների ուղարկած գումարներից:
Աճը խթանում են անշարժ գույքի շուկայում արվող ներդրումները: Շինարարության ոլորտի ձեռնարկատեր 48-ամյա Բեսլան Բուտբան, որն Աբխազիայի ամենահարուստ մարդն է, կառուցում է առևտրի կենտրոն, 30 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ գրասենյակային համալիր, փոքրիկ հյուրանոց և ստուդիաներ իր իսկ հեռուստաալիքի համար, որն Աբխազիայում առաջին մասնավոր հեռուստաալիքն է: Այլ գործարարների նման, նա նույնպես աչքի տակ է պահում 2014 թվականին Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերը, որոնք կարող են այցելուների և կանխիկ փողի մեծ ներհոսքի աղբյուր լինել: «Ես ուզում եմ ցույց տալ մարդկանց, որ այստեղ կարելի է հարստանալ»:
Անելիք շատ կա: Ներդրումներ հիմնականում կատարվում են հյուսիսային հանգստավայրերում, մինչդեռ Սուխումի արդիականացումը նոր է սկսում թափ առնել, իսկ հարավում ամեն ինչ քարուքանդ վիճակում է: Վրաստանի պաշտոնյաների համոզմամբ` Աբխազիան կազմակերպված հանցագործության և մաքսանենգության որջ է: Սուխումն, իր հերթին, ասում է, որ իրավիճակն Աբխազիայում ավելի վատ չէ, քան Վրաստանում, և որ մաքսանենգությունն իրականացվում է Ինգուրի գետի երկայնքով ձգվող հրադադարի գծի շրջանում, որի վերահսկման համար հավասարապես պատասխանատու են երկու կողմերը:
Օրինական գործարարությանը խոչընդոտում է Աբխազիայի անորոշ կարգավիճակը: Մոտ 400 անդամ ունեցող և «Լեյդիբոս» անվամբ ամսագիրը հրատարակող Կին ձեռներեցների միության ղեկավար Ջուլիա Գումբան բողոքում է, որ առևտուրը տուժում է, քանի որ Աբխազիայի փաստաթղթերը չեն ընդունվում, այդուհանդերձ նա ավելացնում է. «Գործերը կամաց-կամաց դեպի լավն են գնում»:
Կշարունակվի՞ արդյոք այս առաջընթացը` դժվար է ասել: Հնարավոր կլինի պատասխանել Սուխումի, Թբիլիսիի, Մոսկվայի, Բրյուսելի և Վաշինգտոնի դիվանագիտական հանդիպումներից կամ Ինգուրիի մոտ տեղի ունեցած մեկ հանկարծահաս միջադեպից հետո:
Comments Off on Պայքար Կովկասի համար. Աբխազիան դառնում է մեծ տերությունների հաշվարկների առարկա