May 06 2008

Եվրոպայի մարքսիստական երկընտրանքը

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Էկոնոմիստ» 24 ապրիլի, 2008թ.

Աղբյուրը` (The Economist) ամսագրի տպագիր համարից

Ավելի հեշտ է երկրի վրա ազդել նախքան նրա անդամակցումն ակումբին, քան դրանից հետո:
Գրուչո Մարքսը մի անգամ ասել է, որ ինքը չի ցանկանում պատկանել այնպիսի ակումբի, որն իր նման մարդկանց ընդունում է իր անդամների շարքերը: Եվրամիության խնդիրը մի փոքր այլ բնույթ ունի: Շատ երկրներ են ցանկանում միանալ, թեև դրանցից շատերը, անգամ որոշ երկրներ, որոնք արդեն իսկ անդամակցում են, չեն համապատասխանում անդամակցելու չափանիշներին: Նրանք կարծես հույս ունեն, որ ԵՄ անդամակցությունն ինքնուրույն հրաշքներ կգործի, բուժելով այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են արմատացած կոռուպցիան, կազմակերպված հանցավորությունը, դատաիրավական համակարգի անարդյունավետությունն ու տնտեսական հետամնացությունը` այդ ամենն առանց երկրում ծանր բարեփոխումների իրականացման:


Դիտարկենք Բուլղարիայի օրինակը, որը ԵՄ-ն է անդամակցել 2007թ. հունվարի մեկին (Ռումինիայի հետ): Ներքին գործերի նախարար Ռումեն Պետկովը ստիպված եղավ հրաժարական տալ, չբացահայտված պատվիրված սպանությունների շղթայի 120-րդ սպանությունից հետո. նա ընդունել է, որ կապի մեջ է եղել հանցագործության կասկածելի ղեկավարների հետ: Անցյալ տարի Ռումինիայի կառավարությունն ազատվեց համարձակությամբ բարեփոխումներ իրականացնող, արդարադատության նախարար Մոնիկա Մաքովեից, այն կասկածելի փաստարկի հիման վրա, որ նա թիմային աշխատող չէ: Թրանսփերընսի Ինթերնեշընըլ (Transparency International) կազմակերպության` Բեռլինում գտնվող լոբիստական խմբի հրապարակած` երկու երկրների կոռուպցիայի տարեկան գնահատականները վատն են:

Եվ այդ երկրներն ամենևին էլ մենակ չեն: Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի յուրաքանչյուր ութ երկրից մեկում, որոնք ԵՄ-ն անդամակցել են 2004թ.-ի մայիսի 1-ին, բարեփոխումներն ընդմիջվել կամ դադարեցվել են` սկսած այդ ժամանակից: Մերձբալթյան երկրների հակակոռուպցիոն մղումները կանգ են առել: Սլովակիան` տարածաշրջանի տնտեսական բարեփոխողների մեջ երբեմնի աստղը, երկիր է իջել վրեժխնդրությամբ: Լեհաստանը, Չեխիան և Հունգարիան ևս քննադատվել են բարեփոխումների դանդաղ ընթացքի համար:

Այս պատմությունների ընդհանրությունը Բրյուսելի սահմանափակ լծակներն են: Հաճախ է ասվում, որ ԵՄ-ի ընդլայնման քաղաքականությունն այդ ուղով ընթացող հարևաններին դեպի ազատ շուկայական տնտեսություն գրավելու մինչ օրս ստեղծված ամենաուժեղ գործիքն է` շատ ավելի արդյունավետ, քան որևէ այլ բան, որ գտել է Միացյալ Նահանգները իր հարավային հարևաններին տիրելու համար: Սակայն հետևանքն ազդեցության կորուստն է այն պահից, երբ երկիրը փաստացի անդամություն է ձեռք բերում: Օրինակը, որ անդամակցության ձեռք բերումից հետո չափանիշների բավարարման համար ինտենսիվ բարեփոխումներին հաջորդում է գործընթացի ընդմիջումը, չափազանց տարածված է, որպեսզի սոսկ դիպված լինի:

Եվրոպայի ընդլայնման հարցերով հանձնակատար Օլլի Ռեհնը տխրությամբ ընդունում է, որ «երբ երկիրը սեղանի շուրջ տեղ է ստանում, շատ ավելի դժվարանում է նրա նկատմամբ ճնշում գործադրելը»: Դա է պատճառը, ավելացնում է նա, որ Եվրոպական հանձնաժողովը սահմանել է հենանիշներ և առավել հանգամանալից ուսումնասիրություն է կատարում անդամակցությանը նախորդող փուլում: Անդամակցությունից հետո էլ հանձնաժողովը կարող է մերժել ֆերմերային սուբսիդիաների և տարածաշրջանային օգնության տրամադրումը, ինչպես այն սպառնում է անել թե’ Բուլղարիայի և թե’ Ռումինիայի դեպքում: Նրանց անդամակցության պայմանագրերի մեկ ուրիշ պատժամիջոց է այն, որ ԵՄ մյուս երկրները կարող են հրաժարվել ճանաչել դատարանի վճիռները: Սակայն հետ-անդամացության պատժամիջոցների մեծ մասը նման է միջուկային զենքի` սպառնալիքներ, որոնց փաստացի կիրառումը կարող է հակառակ արդյունքն ունենալ: Նրանք չունեն անդամակցությանը նախորդող բանակցային իրավասություններից և ոչ մեկը, երբ մեկ սխալ քայլը կարող է առանց դժվարության ևս մեկ տարով ուշացում նշանակել:

Ամեն դեպքում` քաղաքականությունը միշտ միջամտում է: 1981թ.-ին քիչ երկրներ էին ակումբին ադամակցելու համար Հունաստանին համապատասխան համարում, սակայն ոչ մեկը չհամարձակվեց դրան անվստահության քվե տալու անպատվությունը կրել: 2004թ.-ի նախապատրաստական փուլում որոշ երկրներ փորձ արեցին տարբերակել Արևելյան եվրոպացիներին` անդամակցություն շնորհելով միայն առաջատար բարեփոխողներին: Սակայն քաղաքականությունը հավասարակշռությունը թեքեց հօգուտ «ռեգատայի» մրցարշավի, որի շրջանակներում մերձբալթյան զույգը միանգամից անդամակցեց: Բուլղարիային և Ռումինիային այնուհետև անդամակցություն երաշխավորվեց 2007-ին կամ 2008-ին, ինչն էլ անմիջապես թուլացրեց բարեփոխումների իրականացումը շարունակելու ճնշումը: 2004թ.-ին նմանատիպ պատմություն եղավ նաև Կիպրոսի դեպքում. այն պահին, երբ ապահովվեց Կիպրոսի անդամակցությունը ԵՄ-ին, կիպրոսյան թուրքերի վերահսկած կղզու հյուսիսային մասի հետ կարգավորման հասնելու շարժառիթը վերացավ :

Կա՞ արդյոք ճնշումը պահպանելու առավել լավ ձև: Պրն. Ռեհնի հենանիշներն ու մոնիտորինգը կարող են օգնել, նույնը վերաբերում է նաև դրամական միջոցներ առաջարկելուն կամ դրանց տրամադրումը մերժելուն: Սակայն միակ անառարկելի մեթոդը անդամակացությունը գայթակղորեն մոտ պահելն է, առանց իրականում այն առաջարկելու: Խորվաթիան, Թուրքիան և Մակեդոնիան բոլորն էլ հիմա փոփոխվելու համար մեծ խթան ունեն, քանի որ այդ երկրները ցանկանում են անդամակցել: Եվ Թուրքիան այս մոտեցման սահմանները ցուցանող օրինակն է, քանի որ շատ թուրքեր կարծում են, որ երբեք էլ չեն անդամակցի, անկախ նրանից, թե ինչ կանեն, նրանք ուզում են իմանալ, թե ինչ կարիք կա ավելի շատ բարեփոխումներ իրականացնելու հոգսը կրել:

Լավ և վատ անդամներ

Այս խաղում մեկ այլ մեծ խնդիր էլ կա` ԵՄ հին անդամների վարքագիծը: Պրն. Ռեհնը նկատում է, որ ԵՄ յուրաքանչյուր անդամի ամենավատ գծերից մեկը վերցնելու դեպքում կարելի է հեշտությամբ ստանալ խառնուրդ, որը հազիվ թե բավարարի ԵՄ անդամացության չափանիշները: Նոր անդամների կողմից հաճախ մեջբերվող օրինակներից մեկն այն է, որ Իտալիան դժվար թե կարողանա պնդել, որ զերծ է կազմակերպված հանցավորությունից:

Հավանաբար նոր անդամների համար մեկ, իսկ հների համար մեկ ուրիշ կանոն ունենալու ամենախոսուն օրինակներից մեկը դրսևորվել է միասնական արժույթի` եվրոյի պարագայում: Հանձնաժողովն ու Եվրոպական կենտրոնական բանկը պնդում են, որ իրենք պետք է խիստ լինեն նոր ԵՄ անդամների նկատմամբ «Maastricht» չափանիշները կիրառելու հարցում, նախքան նրանք կկարողանան եվրոյին միանալ: Լիտվան մերժում էր ստացել 2006թ.-ին, քանի որ գնաճի տոկոսը ընդամենը 0.1 տոկոսով բարձր էր սահմանված նվազագույնից: Սլովակիան, որը հույս ունի հաջորդ տարի հունվարին միանալ եվրոյին, ենթարկվում է համանման ուժեղ ստուգումների:

Սակայն կանոններից բացեիբաց շեղումներ էին թույլ տրվել Բելգիային և Իտալիային 1999թ.-ի ընդունելու համար: Հունաստանը, որ եվրոն ընդունել է 2001թ.-ին, ավելի ուշ ընդունել էր, որ դա արել էր բյուջետային հորինված տվյալներով: Որոշ երկրներ, որոնք եվրոյի ընդունման չափանիշները բավարարելու համար ջանքեր են գործադրել պետական փոխառությունները կրճատելու ուղղությամբ, իրենց հարկաբյուջետային բարեփոխումները դադարեցրել են այն պահից, երբ մուտքի իրավունք են ստացել: Իսկ երբ երկու խոշորագույն պետությունները` Ֆրանսիան և Գերմանիան 2003-ին և 2004-ին խճճվեցին կայունության դաշնագրի բյուջեի պակասուրդների առավելագույն սահմանաչափերում, նրանք ոչ թե արձագանքեցին առավալագույնն անելով, որպեսզի կրկին համապատասխանություն ապահովեն, այլ դաշնագիրը պատռելով: Ոչ ոք չառաջարկեց, որ նրանք հսկայական տույժերի ենթարկվեն, որոնք դաշնագրում սահմանված են շարունակական խախտողների համար:

Լիսաբոնի պայմանագրում մի քանի այլ պատժամիջոցներ էլ են առաջարկվում, մասնավորապես` երկրի անդամակցության իրավունքների կասեցումը մյուս անդամների մեծամասնության քվեի առկայության դեպքում: Այն նաև ունի նորույթ` ելքի մասին դրույթ, երկրին թույլ տալով դուրս գալ միությունից (թեև դեռևս անհնազանդներին դուրս շպրտելու իրավասություն ԵՄ-ին չի տրվում ): Սակայն կարող եք գրազ գալ Ձեր ունեցած վերջին եվրոյով, որ սրանցից և ոչ մեկը չի կիրառվի ակումբի չափանիշները բարձրացնելու նպատակով: Գրուչո Մարքսը դրան հավանություն չէր տա:

2 responses so far

2 մեկնաբանություն

  1. Յարութ Էքմանեանգրել է 09 Մայիս 2008թ.-ին, ժամը 08:14

    Այս յօդուածը կարդալէ ետք հետաքրքիր է իմանալ նրանց կարծիքը, ովքեր քաջալերում են Թուրքիայի Եւրոմիութեան անդամակցութիւնը (նկատի ունեմ ընդհանրապէս հայկական շրջանակներում):

  2. Վարդանգրել է 09 Մայիս 2008թ.-ին, ժամը 09:18

    Եթե Թուրքիան չձգտի դեպի Եվրոպա ապա շուռ կգա դեպի Ասիա