Aug 13 2008
Մեկուսացված Հայաստանը հենվում է Իրանի վրա
Տպել այս հոդվածը«ԲիԲիՍի Նյուզ» Երևան, 24 հուլիսի 2008թ.
Աղբյուրը՝ (BBC News, Yerevan)
Ռոբին Ֆորեսթիեր (Robin Forestier)
Մեր օրերում Իրանը շատ բարեկամներ չունի, սակայն Կովկասի հեռավոր անկյունում` Եվրոպայի սահմանագծին, այն կազմավորում է առանձնահատուկ հարաբերություններ:
Հայաստանի մայրաքաղաք Երևանում, «Նոյ» կոնյակի գործարանի մառանում օդը հագեցած է հնացող, թունդ գինու սուր, բայց ոչ տհաճ բուրմունքով: Գլխիվայր շրջած փայտյա տակառի վրա դրված են մեկ տասնյակից ավելի բաժակներ և 1944 թվականի խերեսի շիշ: Այս ընկերության` գինի համտեսելու արարողությունը շատ սիրված է շբոսաշրջիկների կողմից, որոնցից շատերն, ըստ զբոսավար Աննայի, Իրանից են:
«Տասը մետր գետնի տակ գտնվելով` նրանք կարծում են, թե անհասանելի են Ալլահին»,- ժպտալով ասում է Աննան: «Նրանք ոչ թե գինին համտեսել, այլ` խմել են ուզում»: Օմիդ Մոջահեդը Երևանում գտնվող այն իրանցիներից է, ով փնտրում է ավելին, քան լոկ Հայաստանի համը: Նա 28-ամյա ուսանող է և հոգով ձեռներեց: Ժամանակի մեծ մասն անց է կացնում իր դասագրքերից հեռու, ձեռներեցության իր գործերի մեջ, այդ թվում` զբոսաշրջային գործակալություն, որն աշխատում է բացառապես իրանական շուկայում:
«Իմ կարծիքով` ամռանը զբոսաշրջիկների 90%-ն Իրանից են: Հայաստանն այնքա՛ն մոտ է, և այստեղ գրավիչ վայրեր շատ կան` սրճարաններ, գիշերային ակումբներ և գեղեցիկ Սևանա լիճը»:
Օմիդը բոլորովին վերջերս նաև պարսկական ռեստորան է բացել, ուր այցելում են և՛ տեղացիներ, և՛ Հայաստանում աշխատող իրանցիներ: Վերջիններս այստեղ են գալիս հատկապես տնական ճաշատեսակներ վայելելու:
Բարի մոտ, նարգիլեի շուրջ հավաքված մի խումբ իրանցի ուսանողներ, քննություններից հետո վայելում են իրենց հանգիստը: Քսանամյա Մեհդեզի խոսքով` Հայաստան են գալիս հազաավոր երիտասարդներ, որոնք չեն կարողանում տեղավորվել Իրանի գերծանրաբեռնված բարձրագույն ուսումնական հաստատություններում:
«Ես նախընտրում եմ Երևանում սովորել, որովհետև մթնոլորտն այստեղ ավելի անկաշկանդ է: Այստեղ մենք ավելի ազատ ենք»,- ասում է Մեհդեզը: «Իհարկե, ինչ անում ենք այստեղ, Իրանում էլ կարող ենք անել, պարզապես` ոչ բացեիբաց»:
Աշխարհագրական մեկուսացում
Այդ ազատության մի մասն էլ տնտեսության հարաճող ազատականացումն է, ինչն օտարերկրյա ներդրումների համար գրավիչ է դարձնում Հայաստանը: Հայաստանի մայրաքաղաքը հազիվ թե կարելի է միջազգային տնտեսական ուժի կենտրոն համարել, սակայն երևում է, որ իրանցի ներդրողներն այստեղ որոշակի հնարավորություններ են տեսնում: Մի փողոցի վրա խանութների մեծ մասի տերերն իրանցիներ են: Խանութներից մեկը պատկանում է Մուհամադ Ռահիմիին:
Նա 10 տարի առաջ սկսել է տնտեսական ապրանքների վաճառքով զբաղվել: Ասում է` գործը գնալով լավանում է: Այն ամենն, ինչ նա վաճառում է՝ սկսած խոհանոցային պարագաներից մինչև օդը թարմացնող միջոցները, ներմուծվում է Իրանից: Իր շատ հայրենակիցների նման, Մուհամադը շահում է Հայաստանի աշխարհագրական մեկուսացվածությունից: 1990-ականներին Լեռնային Ղարաբաղի համար Ադրբեջանի դեմ պատերազմելու արդյունքում փակվեցին Հայաստանի սահմաններն Ադրբեջանի և Հայաստանին չհամակրող Թուրքիայի հետ:
Ստեղծված իրավիճակում, միայն ցամաքային սահմաններ ունեցող Հայաստանին, որպես տարբերակ, մնում է Վրաստանը` հյուսիսում և Իրանը` հարավում: «Տնտեսապես Վրաստանն ավելի վատ վիճակում է, քան Հայաստանը»,- նշում է «Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: «Իսկ Իրանի բնակչությունը 70 միլիոն է, և այնտեղ նավթ ու գազ կա: Տարածաշրջանի չափորոշիչներով` այն հարուստ երկիր է, հետևաբար նրա հետ հարկավոր է նորմալ հարաբերություններ ունենալ, այլապես` վտանգավոր է»:
Այդուհանդերձ, Իրանի դեսպանատան տնտեսական բաժնի տվյալների համաձայն` երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը համեստ է` տարեկան ընդամենը $200 մլն (₤100 մլն):
Միացյալ Նահանգները հավանություն չի տալիս
Այդ հանգամանքն, այնուամենայնիվ, Միացյալ Նահանգներին ետ չի պահել Հայաստանի` իր հարևան երկրի հետ ունեցած կապերի վերաբերյալ մտահոգություն հայտնելուց: Այդ կապերը ներառում են Իրան-Հայաստան նոր գազամուղը, հաճախակի երկկողմ շփումները, փոխայցերն ու իհարկե` հայ ազգային փոքրամասնության զգալի ներկայությունն Իրանի հյուսիսում: ԱՄՆ պետդեպարտամենտի` ահաբեկչության մասին տարեկան զեկույցում նշվում է, որ երկու երկրների միջև ջերմացող հարաբերությունները «թույլ չեն տալիս Հայաստանին հրապարակավ քննադատել Իրանի առարկելի վարքագիծը»:
Այս փոքրիկ երկիրը փորձում է սիրաշահել ամերիկացիներին, եվրոպացիներին և ռուսներին: Հավասարակշռություն պահպանելը դյուրին չէ: Բայցևայնպես, Հայաստանն իրեն չի կարող թույլ տալ հրաժարվել տարածաշրջանային հզոր ուժի՝ Իրանի հետ իր հարաբերություններից: Ավելին, երկու երկրներին միավորում է նաև նրանց` աշխարհից մեկուսացած լինելու զգացողությունը: «Չմոռանանք, որ Հայաստանը փաստացի շրջափակման մեջ է: Մենք մեծ կարևորություն ենք տալիս Իրանի հետ մեր հարաբերություններին: Մենք կարող ենք ընտրել մեր ընկերներին, բայց ոչ` հարևաններին»,- ասում է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը:
Այն իրանցիներն, ովքեր որոշել են Հայաստանն իրենց տունը դարձնել, հազիվ թե նման որոշում են կայացրել առաջին հերթին աշխարհաքաղաքական դատողություններից ելնելով, սակայն նրանք քաղաքական գործիչներից պակաս իրապաշտ չեն: «Ես միջազգային հարաբերությունների մասնագետ չեմ: Մի բան գիտեմ, որ մենք միշտ էլ լավ հարաբերություններ ենք ունեցել Հայաստանի հետ, դրա համար էլ այստեղ աշխատելն ինձ դուր է գալիս»,- ասում է վաճառական Մուհամադ Ռահիմին: Օմիդ Մոջահեդն էլ չի ծրագրում հեռանալ այստեղից, քանի որ գործերը լավ են: «Ինձ համար էստեղ ամեն ինչ լավ է լինելու, դրա համար էլ նախընտրում եմ մնալ»,- ասում է նա: «Ես սիրում եմ հայերին, և դժվար թե ուզենամ բաժանվել ընկերներիցս: Երևան գալիս ես մեկ ամսով և մնում ընդմիշտ»:
1 մեկնաբանություն
Aysor Hayastan-Iran tntesakan kapy parzapes anxusapeli e mez hamar.taracashrjanum voroshich der katarox harust petutyan het,inchpisin e Irany,anhrajesht e amur divanagitakan ev tntesakan kaper hastatel,hashvi charnelov AMN-i karciqy Irani ararkeli varqi veraberyal.