Sep 04 2008
Վրաստանի դասերն Ադրբեջանի համար
Տպել այս հոդվածը«Թրքիշ Դեյլի Նյուզ», 2 սեպտեմբերի 2008թ.
Աղբյուրը` (Тurkish Daily News)
Բարջին Յինանջ (Barçin Yinanç)
Ալիեւվը, թերևս, պետք է գիտակցած լինի, որ Երեւանին չեն վախեցնում իր հպարտ հայտարարություններն այն մասին, թե Ադրբեջանի ռազմական բյուջեն երկու անգամ գերազանցում է Հայաստանի ողջ բյուջեն: Սա կարող է միայն ուրախացնել ռուսներին:
Ադրբեջանցիներն առաջին անգամ էին ականատես լինում նման իրողության` այս տարի Զինված ուժերի օրվան նվիրված միջոցառման ժամանակ: Ադրբեջանի` համեմատաբար կարճ պատմության ընթացքում առաջին անգամ անցկացվեց ռազմական շքերթ: Հունիսին անցկացված ռազմական շքերթը, որտեղ ցուցադրվեցին նոր ծանր սպառազինություններ, անկասկած ուժի ցուցադրում էր Հայաստանին: Իր բանակն արդիականացնելու համար միջոցներ չխնայելով` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հուսով եմ` տեղյակ էր, որ մարտահրավեր նետելով Հայաստանին, նա նաեւ մարտահրավեր էր նետում Ռուսաստանին: Եթե տեղյակ չէր, ապա վրացական փորձից հետո նա պետք է հասկացած լինի, որ հպարտորեն արված իր հայտարարությունները, թե Ադրբեջանի ռազմական բյուջեն կրկնակի գերազանցում է Հայաստանի ողջ բյուջեն, չեն վախեցնի Երեւանին: Դա միայն կուրախացնի Ռուսաստանին:
«Դժոխք կլինի».
Ասում են, թե երբ Իլհամի հայրը` Հեյդար Ալիեը, Թուրքիայի մի հիվանդանոցում էր, իր բժիշկներին ասել է. «Դուք պետք է անեք հնարավորը, որ ես ապրեմ: Այլապես դժոխք կլինի»: Իր մահից հետո, այնուամենայնիվ, դժոխք չեղավ: Սակայն փաստ է, որ անհատները որոշիչ դեր ունեն, քանզի Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում պետությունների ճակատագրերը դեռեւս կախված են իրենց ղեկավարներից: Վրաստանի առաջնորդ Սահակաշվիլին սարսափելի սխալ գործեց: Նա եւ իր երկիրը շատ ծանր են վճարում այս սխալի համար: Սահակաշվիլին ու իր հայրենակիցները պետք է շնորհակալ լինեն, եթե այդ գինը սահմանափակվի միայն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի` Վրաստանից անդառնալի բաժանմամբ:
Իլհամ Ալիեւը շատ ծանր պատասխանատվություն է կրում իր ուսերին: Հայաստանը Ռուսաստանի վերահսկողության տակ է: Վերջինս ծանր հարված հասցրեց Վրաստանին: Հայաստանի և Վրաստանի համեմատ` Ադրբեջանն առավել լուրջ սպառնալիք է Ռուսաստանի էներգետիկ շահերի համար: Եւ ինչպես դա արեց Վրաստանի նախագահի հետ, համոզված եմ, Մոսկվան համբերությամբ սպասում է, որ Ալիեւը սխալ թույլ տա Լեռնային Ղարաբաղի հարցում:
Ճեղքել ռուսական մենաշնորհը.
Ալիեւը պետք է արդեն հասկանա, որ չի կարող հետ վերցնել Լեռնային Ղարաբաղը զենքի ուժով: Եվ որքան էլ հակասական հնչի` Թուրքիան, որ աջակցում է Ադրբեջանի բանակի արդիականացմանը, պետք է Ալիեւին հորդորի հեռու մնալ ռազմական լուծումներից: Տարածաշրջանում Ռուսաստանի գերիշխանությունը կարող է ճեղքվել միայն կովկասյան երկրների միջեւ համերաշխության եւ համագործակցության միջոցով:
Մի շարք փորձագետներ պնդում են, թե տարածաշրջանի վերջին լարվածությունն ամրապնդել է ռուսների դիրքերն էներգետիկ մեծ խաղում` հզոր հարված հասցնելով Նակուբոյի նման նախագծերին, որոնք ուղղված են Ռուսաստանի մենաշնորհը տապալելուն: Սակայն հակառակը նույնպես կարող է ճիշտ լինել: Ռուսաստանի դիրքորոշումը եւս մեկ անգամ ընդգծեց էներգակիրների այլընտրանքային ուղիներ ունենալու անհրաժեշտությունը: Մինչ այժմ, տարբեր էներգետիկ նախագծերից Հայաստանին դուրս թողնելը գուցե ծառայում էր Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերին: Սա, գուցե, Հայաստանի նախագահի` Թուրքիայի նկատմամբ ճկուն դիրքորոշում որդեգրելու պատճառներից մեկն է:
Սակայն, հնարավոր է, որ ժամանակն է վերանայել Հայաստանը մեկուսացնելու քաղաքականությունը:
Գյուլի այցը Հայաստան.
Պարզ է` ես չեմ առաջարկում, որ Անկարան եւ Բաքուն միամտորեն խաղաղության եւ բարեկամության ձեռք մեկնեն եւ մոռանան Ադրբեջանի տարածքների ապօրինի բռնազավթման եւ Թուրքիայի դեմ ներկայացվող պահանջների մասին: Երեւանը կարող է թյուրըմբռնել իրավիճակը եւ առավելապաշտական (maximalist) քաղաքականություն որդեգրել: Այդ ռիսկը միշտ կա: Հայաստանից եկող ազդանշանները հասկանալու անհրաժեշտությունն այսօր, առավել քան երբեւէ, կարեւոր է: Դիվանագիտական հարաբերությունների բացակայության պարագայում` դա շատ բարդ է իրականացնել: Անկարան կարող է խնդրել իր արեւմտյան դաշնակիցներին ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի վերջինս օգտագործի հնարավորությունը եւ հաշտեցման քաղաքականություն որդեգրի եւ՛ Անկարայի եւ՛ Բաքվի նկատմամբ:
Այս առումով, նախագահ Գյուլի այցը Հայաստան ավելի մեծ կարեւորություն է ձեռք բերում: Նրա այցը Երեւան կհեշտացնի Թուրքիայի կապերն իր արեւմտյան զրուցակիցների հետ: Թուրքիայի ղեկավարին, որ Երեւանում անմիջական բանակցություններ կվարի Հայաստանի իշխանությունների հետ, ավելի ուշադիր կլսեն, եւ նրա խոսքերն առավել ծանրակշիռ կլինեն:
Comments Off on Վրաստանի դասերն Ադրբեջանի համար