Oct 11 2008
Կովկասյան մեծ խաղը. Քեռի Սեմի սխալ քայլերը
Տպել այս հոդվածը«Քաունթերփանչ», 7 հոկտեմբերի 2008թ.
Աղբյուրը` (Counterpunch)
Քոն Հոլինան (Conn Hallinan)
Պատմությունն այն մասին, թե Բուշի վարչակազմն ինչ նպատակներ է հետապնդում Կովկասում, դանդաղորեն ջրի երես է դուրս գալիս, թեև ամերիկյան մամուլը մեծամասամբ քողարկում է այն: Վրաց-ռուսական վերջին պատերազմը մեկ քայլ էր շախմատային խաղում` Կենտրոնական Ասիայի էներգետիկ պաշարների իրացման հարցը բարդ կացության մեջ դնելու, Հյուսիս-ատլանտյան դաշինքը դեպի Ռուսաստանի խոցելի հարավային սահմանն ընդլայնելու և Սև ծովում Ռուսաստանի վերասկողությանը վերջ դնելու նպատակներով: Վրաստանն ընդամենը զինվոր էր, այն էլ` զոհաբերվող զինվոր բարձր խաղադրույք ունեցող այդ խաղում:
Միաժամանակ, մի քիչ չարչրկված-հնացած է Սպիտակ տան և Եվրամիության որոշ երկրների կողմից շրջանառվող պատմությունը, թե սա պատերազմ էր հարաճուն հզոր Ռուսաստանի, որ վերահաստատում է դիրքերն իր նախկին կայսրությունում, և մի փոքրիկ, ժողովրդավար երկրի միջև, որ փորձում է ետ բերել իր նախկին երկու շրջանները: Եվրամիության Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակը վերջերս դատապարտեց Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ոչ ժողովրդավարական գործելակերպը, իսկ պատերազմի մասին ՆԱՏՕ-ի վերջին վերլուծություններից մեկը պաշտպանում է Ռուսաստանի այն մեղադրանքները, որ Թբիլիսին է սկսել այս ամենը: Սակայն, պատերազմը սանձազերծած զորախաղերի մասին հիմնականում այդպես էլ հրապարակումներ չեղան:
1991թ. Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո, Միացյալ Նահանգները շարժվեց դեպի Ղազախստան` Կենտրոնական Ասիայի էնէրգարտադրող ամենահարուստ երկիրը: ԱՄՆ-ի նավթային ընկերությունները` ներառյալ Շեվրոնը, ջանքեր չխնայեցին հեռացնելու Ղազախստանին իր առաջատար գործընկերներ Չինաստանից և Ռուսաստանից: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, տարբեր ձևերով սիրաշահելով, փորձում էին համոզել, որ նավթն իր երկրից արտահանի անդրկովկասյան Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) խողովակաշարով` այդպիսով շրջանցելով Ռուսաստանը և Արևմուտքին հանձնելով Չինաստանի էներգետիկ կենսական երակը:
Միացյալ Նահանգներն ուժեղ ճնշումներ էր գործադրում նաև նավթով հարուստ Ադրբեջանի վրա:
Վրաստանը հայտնվեց շախմատային տախտակին, քանի որ ԲԹՋ-ն անցնում է այդ երկրի հարավով: ԱՄՆ-ն ապահովեց այդ խողովակաշարի վրա իր վերահսկողությունն` օգնելով հովանավորել «Վարդերի հեղափոխությունը», որը 2003 թվականին Սահակաշվիլիին բերեց իշխանության:
Սակայն, այս ամենում հարցն ավելին էր, քան նավթը:
Գրեթե մեկ տասնամյակ առաջ ԱՄՆ-ը սկսեց ճնշումներ գործադրել ՆԱՏՕ-ի անդամ, իր գործընկեր Թուրքիայի նկատմամբ` փոփոխելու կամ չեղարկելու բավականին մութ ու անորոշ մի պայմանագիր` Մոնրոյի կոնվենցիան. 1936թ. կնքված համաձայնագիր, որ Թուրքիային իրավունք է վերապահում սահմանփակելու ռազմանավերի անցումը Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով: Կոնվենցիան Թուրքիային և Ռուսաստանին թույլ է տալիս վերահսկողություն հաստատել Սև ծովում և կանխել որևէ օտար ուժի` այդ տարածքում զգալի ներկայություն հաստատելու փորձերը:
ԱՄՆ-ն, որ ի սկզբանե պայմանագրի կողմ չի հանդիսացել, ճնշումներ է գործադրում Թուրքիայի նկատմամբ` Սև ծովը ՆԱՏՕ-ի ջրատարածքի վերածելու պահանջով: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ինչպես Բուլղարիան և Ռումինիան: Միացյալ Նահանգներն արդեն ռազմաբազաներ ունի Ռումինիայում: Եթե Բուշի վարչակազմին հաջողվեր Ուկրաինան և Վրաստանը Հյուսիս-անտլանտյան դաշինք բերել, ՆԱՏՕ-ն շախ և մատ կհայտարարեր Ռուսաստանի նավատորմին Սևաստոպոլում` սահմանափակելով Ռուսաստանի մուտքը դեպի Միջերկրական ծով և մեկուսացնելով նրան Մերձավոր Արևելքից:
Ամերիկացիները, սակայն, վատ են շախմատ խաղում, հատկապես, եթե տախտակի իրենց մասում գտնվող ֆիգուրները տարբեր օրակարգեր ունեն:
Դիտարկենք, օրինակ, Թուրքիան:
Անկարան ոչ միայն հակված չէ հրաժարվելու Մոնրոյի Կոնվենցիայից, այլև առաջարկում է ստեղծել «Կովկասի կայունության և համագործակցության պլատֆորմ», որն անկյուն կմղի ՆԱՏՕ-ին` հօգուտ տարածաշրջանային ուժերի: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկը Մոսկվային ներկայացրեց պատերազմից անմիջապես հետո:
«Թուրքիայի նախաձեռնության գլխավոր արժեքն այն է, որ առողջ դատողություն է»,- հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը. այն ենթադրում է, որ «տարածաշրջանի երկրներն իրենք պետք է որոշեն` ինչպես լուծել այնտեղ իրենց հարցերը»:
Լավրովն, իր հերթին, նշեց ևս երկու «տարածաշրջանային» խնդիր` Իրաք և Իրան, որոնք` ըստ նրա, կարելի է լուծել նույն ձևաչափը կիրառելով:
Այն, որ Թուրքիայի առաջարկն անակնկալի բերեց ամերիկացիներին, ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը չկարողացավ հասկանալ, թե որքան բարդ է շախմատային խաղն աշխարհի այդ հատվածում: Թուրքիան, իհարկե, ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն նաև ազգային շահեր ունի հաշվի առնելու:
Եթե Թուրքիայի ապրանքաշրջանառությունը Վրաստանի հետ տարեկան 1 միլիարդ դոլար է, ապա Ռուսաստանի հետ այն գրեթե 40 միլիարդ է կազմում: Իր բնական գազի 70 տոկոսը Թուրքիան ստանում է Ռուսաստանից: Թուրքիան և Ռուսաստանը երկար ժամանակ է` գերիշխում են Սև ծովում, և երկու երկրներն էլ այս հանգամանքը առանցքային են համարում իրենց տնտեսական շահերի և անվտանգության համար: Եթե ԱՄՆ-ի մեծաթիվ ռազմանավեր մտնեն այդ տարածք, միայն Ռուսաստանը չէ, որ կկորցնի վերահսկողությունը այդ ջրային հատվածի նկատմամբ:
Թուրքերը ոչ էլ շահագրգռված են փոփոխելու միջազգային այնպիսի պայմանագրեր, ինչպիսին Մոնրոյի Կոնվենցիան է: «Եթե նման բան արվի, կբացվի Պանդորայի արկղը»,- գրում է Հդկաստանի արտաքին գործերի նախարարության դիվանագետ և այդ տարածաշրջանում նախկին դեսպան Մ. Կ. Բհադրակումարը: «Հաջորդ քայլը կարող է լինել 1923թ. Լոզանի պայմանագրի վերանայումը. պայմանագիր, որն Օսմանյան Կայսրության փլատակների վրա ժամանակակից Թուրքիայի ստեղծման անկյունաքարը դարձավ»:
Ըստ Բհադրակումարի` Միացյալ Նահանգները ծրագրում էր Ղազախստանը ևս ՆԱՏՕ-ի անդամ դարձնել: Ռուս-ղազախական սահմանն աշխարհում երկու երկրների միջև գոյություն ունեցող ամենաերկար ցամաքային սահմանն է: «Անվտանգության առումով` Ռուսաստանի համար մղձավանջ կլինի, եթե ՆԱՏՕ-ն հենակետ ձեռք բերի Ղազախստանում»,- նշում է դիվանագետը:
Կարճ ասած, Միացյալ Նահանգները հետամուտ է «Մեծ խաղի» 21-րդ դարի տարբերակին` պայքար, որը միմյանց դեմ էր հանել 19-րդ դարի կայսերական ուժերին` Կենտրոնական Ասիայում և Մերձավոր Արևելքում վերահսկողության սահմանելու նկրտումներով:
Ռուսաստանը շրջապատելը և Չինաստանի մուտքը դեպի էներգակիրներ խոչընդոտելը Բուշի վարչակազմի 2002 թվականի «Ուեսթ Փոյնթ դոկտրին»-ի մասն է, ռազմավարական անվտանգության հայեցակարգ` ուղղված տնտեսական կամ ռազմական որևէ մրցակցի վերելքը կանխելուն:
Երբ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը վերջերս հայտարարեց, թե Վրաստանի դեմ պատերազմի պատճառով Ռուսաստանը կանգնած է միջազգային մեկուսացման եզրին` նա միամտորեն սխալվում էր: Մեկուսացվելու փոխարեն` Ռուսաստանը դաշնակիցներ է գտնում հենց այն երկրների շարքում, որոնք, ԱՄՆ-ը հույս ուներ, կիմինային իրեն` Ռուսաստանն օղակի մեջ վերցնելու ՆԱՏՕ նոր հավաքագրվածների միջոցով:
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ)` Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացած վերջին հանդիպման ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ռուսներին հավաստիացրեց, որ կարող են հույսները դնել Ղազախստանի աջակցության վրա: «Զարմացած եմ, որ Արևմուտքն ուղղակի անտեսում է այն փաստը, որ Վրաստանի զինված ուժերը հարձակվել են խաղաղ Ցխինվալի վրա: Ղազախստանն ընդունում է [Ռուսաստանի] նախաձեռնած բոլոր միջոցառումները և աջակցում է դրանց»,- հայտարարել է Նազարբաևը:
Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ են Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:
Ադրբեջանը` Միացյալ Նահանգների մյուս խոշոր թիրախը, վրաստանյան պատերզմի կապակցությամբ լռություն է պահպանել, սակայն հայտարարել է, որ նվազեցնում է ԲԹՋ խողովակաշարերով նավթի ու գազի առաքման ծավալներն ու ավելացնում դրանց առաքման ծավալները Ռուսաստանի և Իրանի տարածքով: «Մենք գիտեինք, որ Վրաստանում քաղաքական իրարանցման վտանգ կա, սակայն պատերազմ չէինք ակնկալում»,- «Ֆայնենշլ Թայմս»-ին հայտնել է Ադրբեջանի «Սոկար» պետական նավթային ընկերության փոխնախագահ Էլհար Նասիրովը: «Բոլոր ձվերը մեկ զամբյուղում պահելը լավ գաղափար չէ, հատկապես, երբ զամբյուղն այդքան դյուրաբեկ է»:
Եթե Ղազախստանը և Ադրբեջանը հրաժարվեն օգտագործել ԲԹՋ խողովակաշարը, դա կխափանի ոչ միայն ԱՄՆ ռազմավարությունը տարածաշրջանում, այլ նաև` խողովակաշարի շահագործումը:
Թեև ՆԱՏՕ-ն փորձում է միասնական ճակատ ձևավորել Վրաստանի հարցում, Հյուսիս-ատլանտյան դաշինքը խորապես պառակտված է այս հարցում, մի կողմից` ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի ու Բալթյան երկրների, և մյուս կողմից` Ֆրանսիայի, Գերմանիայի ու Իսպանիայի միջև: Այս վերջին խումբը չի ցանկանում միանալ Մոսկվայի դեմ Վաշինգտոնի խաչակրաց արշավանքին` մասամբ սեփական շահերից ելնելով: Ռուսաստանը կարևոր առևտրային գործընկեր է և Եվրոպայի էներեգակիրների հիմնական մատակարարը:
Սակայն եվրոպական մի շարք երկրներ նաև լուրջ կասկածներ ունեն Վրաստանի ղեկավարի նկատմամբ: Ըստ «Դեր Շպիգել»-ի` ՆԱՏՕ-ի հետախուզական աղբյուրներն այս պատերազմում պաշտպանում են Ռուսաստանին, ոչ` Վրաստանին: «Կովկասում տեղի ունեցած պատերազմից հինգ շաբաթ անց տրամադրությունները փոխվում են` ընդդեմ Վրաստանի նախագահ Սահակաշվիլիի»,- գրում է թերթը սեպտեմբերի 15-ին:
Տրամադրությունների փոփոխությունն արտահայտվել է նույնիսկ ԱՄՆ Կոնգրեսում, թեև այդ մասին ամերիկյան որևէ գլխավոր լրատվամիջոց դեռ չի հաղորդել: Սեպտեմբերի 9-ին, դիմելով Սենատի Զինված ուժերի հանձնաժողովին, սենատոր Հիլարի Քլինթոնը հայտարարեց, թե այդ պատերազմի կապակցությամբ Ռուսաստանին մեկուսացնելը «խելամիտ» չէ, և սուր հարցադրում արեց. «Արդյո՞ք մենք որևէ կերպ քաջալերել ենք վրացիներին»: Քլինթոնը կոչ արեց կազմել հանձնաժողով` ուսումնասիրելու պատերազմի պատճառները` այդպիսով արձագանքելով Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում Եվրոպայի արտգործնախարարների հանդիպման ժամանակ հնչած նմանատիպ կոչին:
Եվրամիության միջկառավարական հանձնաժողովի` սևծովյան հանգստավայր Սոչիում կայացած հանդիպման ժամանակ Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիլոնը հայտարարել է, որ «Եվրամիության և Ռուսաստանի, Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև գործընկերությունն ընդլայնելը» կարևոր է:
Թեև «Հարիս»-ի հարցախույզի արդյունքները ցույց են տալիս, որ որոշ եվրոպացիների Ռուսաստանն այժմ «ավելի շատ է անհանգստացնում», քան պատերազմից առաջ, նույն հարցախույզի արդյունքների համաձայն` ԱՄՆ-ը շարունակում է ընկալվել որպես «համաշխարհային կայունության» առավել լուրջ «սպառնալիք»: Հարցախույզի արդյունքները ցույց են տալիս նաև Վրաստանի պատերազմից հետո ռազմական ծախսերի աճի նկատմամբ հզոր ընդդիմություն Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում և Բրիտանիայում: Հիրավի, որևէ կառավարություն, որ Ռուսաստանի դեմ ավելի ագրեսիվ դիրքորոշում որդեգրելու պահանջներ է առաջադրում, կամ տեղի է տալիս Վաշինգտոնի` ռազմական ծախսերն ավելացնելու ճնշումներին, հավանական է, որ կկորցնի իշխանությունը:
Վրացական պատերազմն, ինչպես իրաքյան պատերազմն, աղետներ էին, որ վրա հասան կայսերական ամբարտավանության և հիմնարար անգիտության զուգակցման արդյունքում: Միացյալ Նահանգներն այժմ հայտնվել է ռազմական փակուղում Ւրաքում և Աֆղանստանում, շարունակաբար մեկուսանում է Մերձավոր Արևելքում ու Կենտրոնական Ասիայում և ապրում է, երկրի պատմության ընթացքում, ամենամեծ ֆինանսական ճգնաժամը:
Շախ:
Ահա այսպե՛ս է դադարում կայսրությունների գոյությունը:
1 մեկնաբանություն
no comment……………………………….
«ՄԵԾԵՐԻ» այս խաղում ինչ կարող է շահել կամ կորցնել ՀԱՅԱՍՏԱՆԸ???????