Oct 17 2008
Ռուսաստանի հետ հարաբերություններում Արևմուտքը նայում է դեպի ապագան
Տպել այս հոդվածը«Բի Բի Սի Նյուզ», 9 սեպտեմբերի 2008թ.
Աղբյուրը` (BBC News)
Բրիջիթ Քենդալ (Bridget Kendall)
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե չի ցանկանում, որ իր երկիրը սեպ խրի Ռուսաստանի և աշխարհի մյուս երկրների միջև:
Նյու-Յորքում «Բի-Բի-ՍԻե-ին տված հարցազրույցի ժամանակ Սահակաշվիլին ասել է, որ «ծանր էին այս ամռանը Ռուսաստանի հետ ընդհարման հետևանքներն, ինչի արդյունքում Վրաստանը կորցրեց Հարավային Օսիայի ու Աբխազիայի նկատմամբ վերահսկողությունը: Ըստ նրա, սակայն, այժմ Վրաստանի համար առաջնային է տնտեսության վերականգնումն ու երկրում ժողովրդավարության ամրապնդումը, և ոչ թե` հետագա առճակատման գնալը:
Վրաստանի ղեկավարի արտահայտվելու տոնի հետաքրքիր փոփոխություն է սա. նա փաստորեն լուռ ընդունում է, որ կարճաժամկետ հեռանկարում, ռազմական առումով, Վրաստանն այս հակամարտության պարտվող կողմն էր, սակայն հույս է տածում երկարաժամկետ հեռանկարում շահեկանորեն փոխել իրավիճակը` երկրի միջազգային հեղինակությունը (Ռուսաստանի համեմատ) ուժեղացնելով:
Նախագահ Սահակաշվիլին ընդունում է, որ կարճաժամկետ հատվածում Ռուսաստանը տարածքային նվաճումներ է արձանագրել, և որ այս հակամարտությունը ծանր հետևանքներ է ունեցել Վրաստանի համար:
Սակայն հետևանքները մահացու չէին և իր երկիրը կհաղթհարի դրանք, նշել է Սահակաշվիլին:
-Հիշե՛ք, որ Ռուսաստանը չկարողացավ հասնել իր հետապնդած նպատակներից երկուսին` կործանել մեր կառավարությունը կամ դադարեցնել գործունեությունն այն խողովակաշարի, որը Եվրոպային էներգակիրներ մատակարարող հիմնական երակն է,- ասել է նա:
Մենք երբեք չենք կարող Ռուսաստանին գերազանցել տանկերով, սակայն կարող ենք մրցել սկզբունքներով. Միխայիլ Սահակաշվիլի
Նախկինից նկատելիորեն առավել հաշտարարական տոնով` նա նշել է, որ այժմ Վրաստանի համար առաջնային են երկրի տնտեսության վերականգնումն ու ժողովրդավարության ամրապնդումը: Նա շեշտեց, որ ԵՄ ինտեգրվելու գործընթացն ամրապնդելն առավել կարևոր է, քան ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը խթանելը` ինչին այդքան խստորեն առարկում է Ռուսաստանը:
Ըստ Սահակաշվիլիի` դա մնում է որպես հեռահար նպատակ:
Սկզբունքների մրցակցություն
Սահակաշվիլին ավելացրեց նաև, որ Վրաստանը չի ցանկանում սեպ խրել Ռուսաստանի և աշխարհի մյուս երկրների միջև: «Մենք երբեք չենք կարող Ռուսաստանին գերազանցել տանկերով, սակայն փոխարենը` կարող ենք պայքարել սկզբունքներով»:
Պրն Սահակաշվիլին ետ չի կանգնել իր այն պնդումներից, թե Ռուսաստանի ներխուժման արդյունքում է սկսվել Հարավային Օսիայի հակամարտությունը, և որ Վրաստանն ընդամենը պատասխան քայլեր է ձեռնարկել. տեսակետ, որը տրամագծորեն տարբերվում է ռուսական կողմի պնդումներից:
Քանի որ մենք չէինք ցանկանում պատերազմել, ստիպված էինք զիջումների գնալ: Բերնար Քուշներ, Ֆրանսիայի արտգործնախարար
Բարկացած տոնով հայտարարությունները, սակայն, տեղի տվեցին կատարվածի վերաբերյալ առավել հավասարակշիռ ու մեղմ գնահատականներին:
Սահակաշվիլիին չի բարկացրել այն, որ Ռուսաստանի նախագահն իրեն «խախտված» է որակել:
«Նախագահ [Դմիտրի] Մեդվեդևն ինձ քաղաքական դիակ է անվանել»,- հեգնանքով նշել է նա: «Սակայն այդ դիակն այստեղ է` Միացյալ Ազգերի Կազմակերպությունում, հանդիպումներ է անցկացնում ու զրույցներ ունենում: Կարծում եմ` նման չափազանցությունների մի մասն հակառակ ազդեցությունն է գործում: Երկխոսությանն այլընտրանք չկա, սակայն դա ժամանակ և աշխարհայացքի փոփոխություն է պահանջում Կրեմլից:
Վրաստանի նախագահն անցյալ շաբաթ ՄԱԿ-ի վեհաժողովում ներկա` աշխարհի առաջնորդներից միակը չէր, որ խորհում-քննարկում էր, թե միջազգային հարաբերությունների վրա ինչ ազդեցություն գործեց ամռանը տեղի ունեցած հակամարտությունը:
Ռուսաստանի մտադրությունների և հնարավոր ձեռնարկելիք քայլերի նկատմամբ կասկածներն ու մտահոգությունները շարունակում են նկատելի մնալ Եվրոպայի արտգործնախարարների շրջանում:
Նույնիսկ Ֆրանսիայի արտգործնախարար Բերնար Քուշները, որը միջնորդությամբ աջակցել է Ֆրանսիայի նախագահի և նախագահ Մեդվեդևի ստորագրած` զինադադարի մասին նախնական փաստաթղթի ստեղծմանը, վստահ չէ, թե ինչ ուղղությամբ է գնում այս ճգնաժամը:
«Քանի որ մենք չէինք ցանկանում պատերազմել, ստիպված էինք զիջումների գնալ… Չկարծեք, թե ես հպարտանում եմ այդ փաստաթուղթով»,- ասել է նա մի խումբ լրագրողների:
«Նրանք` ռուսները, մեզ ընդդիմանում էին: Նրանք հեշտությամբ կարող էին գնալ ու գրավել Վրաստանի մայրաքաղաքը: Շատ լավ պատրաստված էին … Դյուրին չէր իրավիճակը»:
Հարավային Օսիա և Աբխազիա
«Տեսնենք` արդյո՞ք սա թակարդ է` եթե չկատարեն ստորագրված պայմանավորվածությունները»,- ավելացրեց նա:
Այս հարցում Արևմուտքի երկրների համար չափանիշն այն է, որ քայլ առ քայլ իրականացվի Վրաստանի ու Հարավային Օսիայի միջև գտնվող բուֆերային գոտում Եվրամիության ոստիկանական ուժերի` որպես դիտորդներ տեղակայելու ծրագիրը:
Մոսկվան համաձայնել է իր զորքերը դուրս բերել Վրաստանի այս հատվածից, դեպի կռվահարույց անկլավների ներսը:
«Նրանք մեծ թվով բունկերներ են փորել: Հոկտեմբերի վերջին կտեսնենք` արդյո՞ք կկազմաքանդեն պահակակետերը»,- նշել է պարոն Քուշները:
Նա ավելացրեց, որ դա, սակայն, բավական չի լինի, քանի որ Ռուսաստանը դեռ ընդդիմանում է զինադադարի մասին սկզբնական պայմանավորվածությանը, համաձայն որի նա պետք է իր զինված ուժերը ետ քաշի լեռներից այն կողմ` մինչև Հարավային Ռուսաստանում նախքան հակամարտությունը գոյություն ունեցած դիրքերը:
Թե ինչպես է Ռուսաստանը կատարում ստանձնած պարտավորությունները
Մոսկվան պնդում է, որ այժմ, երբ իրենք ճանաչել են երկու անկլավների անկախությունը, Ռուսաստանի զինված ուժերը կարող են այնտեղ մնալ առանց որևէ այլ կողմի թույլտվության, քանի որ նրանք տեղի կառավարությունների հյուրերն են: Ուրեմն, արդյո՞ք Արևմուտքի ճնշումները կարող են ինչ-որ կերպ փոխել այս իրավիճակը: ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Ալեքսանդր Ստաբը, որը նույնպես աջակցել է զինված հակամարտությունը դադարեցնելու բանակցություններին, հույսը չի կորցրել. «Մենք այստեղ դեռ շատ գործ ունենք անելու»,- ասել է նա Բի-Բի-Սի-ին:
Կարծում եմ Ռուսաստանի վրա ազդեցության լծակ կա` միջազգային շուկան:
Դեյվիդ Միլիբենդ, Միացյալ Թագավորության արտգործնախարար
«Ղեկն անկասկած Ռուսաստանի ձեռքում է այստեղ… Չենք կարող մեծ ակնկալիքներ ունենալ: Այդ շրջանների ապագայի մասին կարող ենք խոսել այնտեղ միջազգային ներկայություն ապահովելուց հետո միայն»:
Lավատեսական քողարկում է, քանի որ ԵԱՀԿ բանակցությունները Մոսկվայի հետ լավ չեն ընթանում: Ռուսաստանը դեռևս լսել անգամ չի ուզում վիճահարույց տարածքներում ԵԱՀԿ զգալի միջազգային ներկայության մասին:
Բերնար Քուշները, սակայն, գործնապաշտ (պրագմատիկ) է: «Եվրամիությունը ցանկանում է պահպանել Ռուսաստանի հետ երկխոսության հնարավորությունները: Այն մեծ երկիր է և մեր հարևանն է: Մենք չենք ուզում վերադառնալ Սառը պատերազմին: Եվ մենք Ռուսաստանի էներգակիրների սպառողներն ենք»,- ավելացրել է նա:
Ռուսների կարիքը կա
Այսպիսով, ո՞րն է այն ուժը, որ կարող է փոխել Ռուսաստանի դիրքորոշումը: «Կարծում եմ, Ռուսաստանի վրա ներազդող ուժ կա` միջազգային շուկան»,- նշել է Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդը` նկատի ունենալով այս տարվա մայիսից, հատկապես վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ռուսական արժեթղթերի արժեքի զգալի անկումը: Նա հավելեց, որ Ռուսաստանի դիվանագիտական մեկուսացումը նույնպես իր ազդեցությունն է ունեցել:
«Միայն երկու երկիր է ճանաչել Հարավային Օսիայի անկախությունը` Ռուսաստանը և Նիկարագուան: Սա շատ կարևոր հանգամանք է. աշխարհը միասնական է տարածքային ամբողջականության հարցում»:
Դեյվիդ Միլիբենդն` ինքն օգոստոսին Կովկասում Ռուսաստանի գործողությունների առավել խիստ քննադատներից էր:
Մենք մեկուսացված չենք:
Վիտալի Չուրկին, ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան
Ըստ երևույթին, երբ նա օգոստոսին հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի իր գործընկերոջ հետ, զսպված կրքեր են փոռթկացել հայհոյանքի ձևով:
«Ճիշտ չէ, որ նա իմ հասցեին չորս տառանոց բառ է օգտագործել»,- պնդել է պրն Միլիբենդը` թեթևակի ժպտալով: «Նա մեկ ուրիշի բառերն է կրկնել»:
Սակայն այս շաբաթ Նյու-Յորքում պրն Լավրովի հետ հանդիպումը, կարծես, ընդհանուր առմամբ, խաղաղ էր:
«Հնչել են սուր տեսակետներ, բայց ոչ` սուր արտահայտություններ»,- ասել է Դեյվիդ Միլիբենդը` այնուհետև խիստ ջանալով ընդգծել Նյու Յորքի հանդիպման ընթացքում տիրող այն ընդհանուր մտահոգությունը, որ չպետք է կորցնել Ռուսաստանին` որպես որոշ հարցերում երբեմն արժեքավոր գործընկեր:
«Մենք շատ հետաքրքրված ենք, որ Ռուսաստանը ներգրավված լինի, հատկապես` Իրանի հարցում»,- ասել է նա: «Մենք թույլ ու նվաստացած Ռուսաստան չենք ուզում: Մենք միշտ փորձել ենք ներգրավել Ռուսաստանին»:
Այդ մտահոգությունն առավել պարզ դարձավ, երբ Ռուսաստանը սպառնաց չմասնակցել Իրանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու նոր բանաձևի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին: Ընդհանրապես, Կրեմլի դիրքորոշումն այն է, որ պատժամիջոցները հակառակ արդյունքն են ունենում:
Կանգնելով Իրանի նկատմամբ միջազգային ճնշումների տապալման վտանգի առջև` Միացյալ Նահանգներն ու նրա եվրոպացի գործընկերներն արագ արձագանքեցին` փորձելով Ռուսաստանին ետ խաղի մեջ բերել, այս անգամ վերջինիս հասցեին շատ ավելի մեղմ արտահայտվելով, փորձելով նաև պահպանել իրենց միասնական լինելու մասին տպավորությունը:
«Մենք մեկուսացված չենք»,- հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանը, և հիմքեր ուներ այդպես ասելու:
Այս միջադեպն անպատասխան է թողնում հետևյալ հարցը. եթե Ռուսաստանն այնդքան անհրաժեշտ է Արևմուտքին` Իրանի վրա ճնշումները շարունակելու համար, ապա ինչպե՞ս կարող է դիվանագիտական մեկուսացումը ներգործել Ռուսաստանի վրա, որպեսզի վերջինս փոխի իր դիրքորոշումն Հարավային Օսիայի հարցում:
Comments Off on Ռուսաստանի հետ հարաբերություններում Արևմուտքը նայում է դեպի ապագան