Oct 29 2008

Մի՞թե մոտ է Ղարաբաղյան հարցի լուծումը

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հայկական ուսումնասիրությունների ինստիտուտ»
Աղբյուրը՝ «Ամենօրյա տեղեկագիր», 14 հոկտեմբերի 2008թ. www.eraren.org
Օմեր Էնգին Լյութեմ, պաշտոնաթող դեսպան

Արարատ կենտրոնի մեկնաբանությունը

Մի՞թե մոտ է Ղարաբաղյան հարցի լուծումը (1)

Շարունակվում են անցյալ շաբաթ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի «Ռոսիյսկայա գազետային» տված հարցազրույցի արձագանքները:

Լավրովը մասնավորապես ասել էր, որ օգոստոսին Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները ի հայտ են բերել արտաքին աշխարհի հետ շփման հարցում Հայաստանի առջև կանգնած դժվարությունները, որոնք մեկ անգամ ևս կարևորել են թուրքական սահմանի բացման նշանակությունը: Հայ ժողովրդի շահերը պահանջում են ստեղծված իրավիճակի շուտափույթ հաղթահարում. Ղարաբաղի հարցի լուծման դեպքում Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատի Հայաստանի հետ և կապահովի վերջինի հաղորդակցությունը արտաքին աշխարհի հետ: Նա միաժամանակ նշել էր, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո ամենակարճ ժամանակահատվածում ակնկալում են Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը, Ղարաբաղի հիմնահարցում կողմերին մնացել է չլուծված երկու կամ երեք խնդիր և դրանցից ամենակարևորը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի խնդիրն է:

Այս հարցազրույցը կարևոր է մի քանի առումներով: Առաջինը, թերևս, Հայաստանին կարիքի մեջ պահելու համար, մինչ օրս Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը ոչ այնքան ձգտող Ռուսաստանի դիրքորոշման փոփոխությունն է: Որոշ աղբյուրներ դա պայմանավորում են Վրաստանի ռազմավարական նշանակության նվազեցման հավանականությամբ, պատճառաբանելով, թե թուրքական սահմանի բացման դեպքում Հայաստանն այլևս արտաքին աշխարհ դուրս գալու համար կախված չի լինի Վրաստանից: Հիրավի թուրքական սահմանի բացումը կհանգեցնի Վրաստանի նշանակության նվազեցմանը, և դա սկզբունքորեն ճիշտ է: Սակայն Վրաստանի ռազմավարական նշանակության համար կարևորը ոչ այնքան նրա հաղորդակցության ուղիներն են, որքան ԱՄՆ-ի և Եվրամիության հետ նրա սերտ հարաբերությունները, ինչպես նաև` տարածաշրջանում ՆԱՏՕ-ին անդամակցելու համար միակ թեկնածու երկիր լինելը:

Բացի այդ, չեն հաստատվում նաև Լավրովի լավատեսական խոսքերը, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար կողմերին մնում է լուծել երկու կամ երեք խնդիր: Ահա թե ինչու Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղար Նովրուզ Մամադովը նշեց, որ առանցքային հարցերում կողմերը համաձայնության չեն եկել: Ինչ վերաբերում է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, ապա նա, առանց անդրադառնալու Լաչինի միջանցքի հարցին, ընդգծեց, որ չկարգավորված խնդիրների մեջ առաջնայինը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է, և այս խնդիրը պետք է լուծվի Ղարաբաղի ժողովրդի ազատ կամքի արտահայտմամբ:

Տարիներ շարունակ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերն ի վերջո բախվում են այս շրջանի ապագա կարգավիճակի խնդրին: Ադրբեջանը համառում է, որ ինքնավարության ամենալայն իրավունքներով Լեռնային Ղարաբաղը մնա իր կազմում: Հակառակ դրան` Հայաստանն առաջ է քաշում շրջանի քաղաքական ճակատագիրը հանրաքվեի միջոցով որոշելու անհրաժեշտությունը: 90-ականների սկզբներին, երբ Ղարաբաղի ադրբեջանցի բնակչությունը պատերազմի հետևանքով բռնի արտաքսվեց շրջանից, Ղարաբաղը դարձավ զուտ հայերով բնակեցված տարածք: Այս պայմաններում կասկածից վեր է, որ հանրաքվեն Հայաստանի ցանկություններին համապատասխան կհանգեցնի շրջանի անկախության հաստատման: Չպետք է նաև կասկածել, որ այնուհետ Հայաստանին միանալու որոշում կկայացնի անկախ Ղարաբաղը:

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը նպաստելու համար նշանակված Մինսկի խմբի համանախագահներ (ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան), որոնք դեռևս շարունակում են բանակցությունները, առաջարկել էին հետաձգել շրջանի կարգավիճակի հարցը և զբաղվել մյուս հարցերի կարգավորմամբ, ինչպես օրինակ` Ղարաբաղին սահմանակից ադրբեջանական 7 շրջանների ազատագրումն է: Թեև խնդրո առարկա շրջանների ազատումը կլինի վերին աստիճանի դրական քայլ, բայց և այնպես ակնհայտ է, որ կարգավիճակի հարցի հետաձգումը չի հանգեցնելու որևէ արդյունքի և Ղարաբաղի հայերը, անկախ ամեն ինչից, ձգտելու են անկախության, ապա և Հայաստանի հետ միացման:

Մի՞թե մոտ է Ղարաբաղյան հարցի լուծումը (2)
15 հոկտեմբերի 2008

Նախորդ հոդվածում անդրադարձել էինք պաշտոնական այն հակազդեցությանը, որն Ադրբեջանում և Հայաստանում առաջ էին բերել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման մասին հայտարարությունները:

Հայաստանյան և սփյուռքահայ մամուլը բացասական արձագանք է տվել Լավրովի հայտարարություններին: Դրա հիմքում Ղարաբաղյան հիմնախնդիրը Ռուսաստանի աջակցությամբ սեփական շահերին համապատասխան լուծելու հայկական վաղեմի համոզմունքի սասանումից բխող հիասթափությունն է: Երկրորդը` Հայաստանի առջև ծառացած դժվարությունների մասին Լավրովի անդրադարձն է։ Ադրբեջանի լայն հնարավորություններին, ինչն անհարիր է համարվել այն երկրի ներկայացուցչի համար, որը համանախագահի կարգավիճակով միջնորդական առաքելություն է իրականացնում Ղարաբաղյան հիմնահարցում: Միաժամանակ անպատշաճ է բնութագրվել Լավրովի արտահայտությունը, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պայմանավորված է (Հայաստանին) Թուրքիայի հնարավոր աջակցությամբ (ինչպես օրինակ` սահմանների բացումը): Ավելին, ճիշտ չի համարվել նաև առանց Ղարաբաղի ժողովորդի կամքի մասին հիշատակելու` հակամարտության կարգավորումից խոսելը: Վերլուծաբաններից մեկի կարծիքով` Ադրբեջանի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումը, ինչպես անցյալում, այնպես էլ ներկայումս կանխորոշում են այդ երկրի բնական պաշարները (նավթն ու գազը): Մեկ այլ վերլուծաբանի կարծիքով` Քոչարյանի օրոք Մոսկվան չէր կարող այդպիսի հայտարարություններ անել, եթե անում է, դա կնշանակի Սարգսյանը հրաժարվել է Քոչարյանի որդեգրած քաղաքականությունից:

Թեև հայկական մամուլն առանձնապես հարկ եղած ուշադրություն չդարձրեց, սակայն իրականում չափազանց կարևոր էր այն, որ Մինսկի խմբի մյուս անդամների նման Լավրովը ևս ասաց, որ ընդունում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար իրական հնարավորությունների առկայությունը: ՄԽ-ի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարությունը, թե համամիտ է Լավրովի տեսակետների հետ, ցույց է տալիս, որ Կոսովոյի, Վրաստանի և հակաօդային պաշտպանության համակարգի շուրջ միմյանց հետ անհաշտ մրցակցություն ծավալող այս 2 մեծ տերությունները միասնական են Ղարաբաղյան հիմնախնդրի անհապաղ կարգավորման հարցում: Այս միասնականությունը վկայում է, որ այսօր Ադրբեջանում անցկացվող նախագահական ընտրություններից հետո բարեկամական, բայց վճռական ճնշման են ենթարկվելու Հայաստանն ու Ադրբեջանը, որպեսզի համաձայնության գան Ղարաբաղի հարցում: Այս ճնշմանը կփորձի դիմադրել հատկապես Հայաստանը: Սակայն, քանի դեռ 2 մեծ տերություն կգործեն համատեղ, կարելի է մոտ ժամանակներում լուծում ակնկալել Ղարաբաղի հարցում:

Լավրովի խոսքերում կարևոր մյուս հանգամանքն էլ այն էր, որ նա երևան հանեց Թուրքիայի առանցքային դերը Ղարաբաղյան հիմնահարցում: Ղարաբաղյան հակամարտության հիմքում 90-ականների սկզբներին ծայր առած բախումների հետևանքով Ղարաբաղի և հարակից ադրբեջանական 7 շրջանների գրավումն ու այս վայրերում բնակվող ադրբեջանցիների արտաքսումն է: Հետևաբար հակամարտության կարգավորումը պետք է պայմանավորված լինի գրավյալ տարածքներից Հայաստանի դուրսբերմամբ, ինչպես նաև այն զիջումներով, որը ադրբեջանցի փախստականներին բնակության նախկին վայրեր վերադարձնելու հարցում կանի հայկական պետությունը: Սակայն Հայաստանում դեռևս Քոչարյանի իշխանությունների վարած անհաշտ քաղաքականության ազդեցության տակ գտնվող հայաստանյան հասարակական կարծիքի և քաղաքական բազմաթիվ գործիչների համար զիջումները դժվար թե ընդունելի լինեն: Այս իրավիճակում Սարգսյանն իր երկրի հասարակական կարծիքին պետք է համոզի, որ իր կատարած զիջումները փոխհատուցվում են: Փոխադարձաբար ընդունելի միակ տարբերակը թուրքական սահմանի բացումն է: Քանի որ վերջին շրջանում ահագնացել են Հայաստանի մեկուսացվածությունից բխող մտահոգությունները, ուստի հայ հասարակական կարծիքը գոհունակությամբ կընկալի թուրքական սահմանի բացումը:

Մի՞թե մոտ է Ղարաբաղյան հարցի լուծումը (3)
16 հոկտեմբերի 2008

Երեկ նշել էինք, որ Թուրքիան պետք է բացի Հայաստանի հետ սահմանը, եթե կողմերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում համաձայնության գան: Որոշ առումներով դա կնշանակի, որ Թուրքիան է վճարելու կարգավորման գինը: Սակայն դա պետք է նորմալ համարվի, որովհետև 1993-ին սահմանի փակումից ի վեր, Թուրքիայում ամենաիրավասու գործիչներ բազմիցս հայտարարել են, որ Ղարաբաղյան հիմնահարցի լուծման դեպքում սահմանները կբացվեն: Ավելին, քանի որ Թուրքիան առանձնակի նշանակություն է տալիս Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովմանը, ուստի այս հանգամանքը ևս ստիպելու է նրան, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը զուգընթաց բացի սահմանը:

Չնայած այս ամենին` Ղարաբաղյան հակամարտությունը բառիս բուն իմաստով Հայաստանի և Թուրքիայի միջև առկա խնդիր չէ: Ադրբեջանի հետ առանձնահատուկ հարաբերությունների պատճառով է, որ Թուրքիան նաև իր համար խնդիր դարձրեց Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Ահա թե ինչու սահմանների` Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ պայմանավորված բացումն ամենևին չի ենթադրելու Հայաստանի հետ Թուրքիայի ունեցած խնդիրների կարգավորում: Հայաստանը խուսափում է թուրքական պետության տարածքային ամբողջականության (կամ նրա սահմանների անձեռնմխելիության) ճանաչումից, ինչպես նաև աջակցում է այլ երկրներում ցեղասպանության պնդումների ճանաչման համար սփյուռքի գործադրած ջանքերին: Սրանք են այս երկրի հետ Թուրքիայի բուն խնդիրները:

Այս երկու հարցի լուծման համար դեռևս 1992-ին, Հայաստանի անկախացումից անմիջապես հետո սկզբնավորված, թեկուզ` ընդհատումներով, բայց այնուամենայնիվ ծավալված բանակցությունները՝ չնայած տարիների վաղեմության, որևէ արդյունք չեն տվել: Մամուլից ստացած տեղեկությունների համաձայն` մեծարգո նախագահի երևանյան այցից առաջ և հետո ակտիվացած այս բանակցություններով նախատեսվում էր կողմերի միջև բարի կամքի արձանագրության ստորագրումը և դրա հրապարակումը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում: Քանի որ դա տեղի չունեցավ, ուստի այս փուլում կողմերը համաձայնության չեն եկել: Անշուշտ, բանակցությունները շարունակվում են եւ կշարունակվեն:

Սակայն, եթե Ղարաբաղյան հարցի լուծումն իրականանա մինչև բանակցությունների արդյունք տալը, և Թուրքիան, իր խոստման համաձայն, բացի սահմանը, իսկ դրան հետևի Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, ապա Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչման և ցեղասպանության պնդումների ուսումնասիրման համար պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծման խնդիրներն այլևս դժվար թե հետաքրքրեն Հայաստանին: Հարցին այս տեսանկյունից մոտենալու դեպքում ակնհայտ է դառնում, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման առումով չափազանց մեծ նշանակություն ունեցող թուրքական սահմանի բացումը բացասական ներգործություն է ունենալու Հայաստանի հետ Թուրքիայի հիմնարար խնդիրների կարգավորման վրա: Դրանից խուսափելու համար պետք է ձգտել, որ Թուրքիայի և Հայաստանի միջև երկկողմ նշանակության խնդիրները լուծվեն Ղարաբաղյան հիմնահարցի հետ մեկտեղ, և թուրքական սահմանի բացումը, բացի Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից, պայմանավորվի նաև Հայաստանի հետ Թուրքիայի ունեցած խնդիրների կարգավորմամբ:

One response so far

1 մեկնաբանություն

  1. «Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունըգրել է 29 Հոկտեմբեր 2008թ.-ին, ժամը 01:53

    Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտը՝ ERAREN-ը, 2001-ի փետրվարին հիմնադրվել է Անկարայում: Նրա գլխավոր առաջադրանքը «հայկական հարցի» բազմակողմանի ուսումնասիրությունն է: Ինստիտուտը գործում է դեռևս 1999-ի դեկտեմբերին կազմավորված Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնին՝ ASAM-ին առընթեր: Քանի որ «հայկական հարցը» թուրքական ըմբռնմամբ իր մեջ ներառում է հայոց ցեղասպանությունը, ցեղասպանության միջազգային ճանաչումը, հայկական սփյուռքի ճանաչմանն ուղղված գործունեությունը, Հայաստանի հետ ինչպես Թուրքիայի, այնպես էլ եղբայրական Ադրբեջանի հարաբերություններն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ուստի ինստիտուտը ուսումնասիրության քողի տակ հետևողականորեն հիմնավորում է թուրքական պաշտոնական թեզը նշված բոլոր հարցերում:

    Այլ կերպ չէր կարող, որովհետև հայկական ուսումնասիրությունների ինստիտուտը պատկանում է Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնին, իսկ այս կենտրոնն, ինչպես 2006-ի հունիսի 3-ին «sonsaniye.net» կայքէջին տված հարցազրույցում նշել է Ֆարուք Արսլանը, գործում է որպես կից կառույց Ազգային հետախուզական կազմակերպության՝ MIT-ին: Ինչ վերաբերում է վերլուծականների հեղինակ Օմեր Էնգին Լյութեմին, ապա պաշտոնաթող այս դեսպանը ներկայումս այդ ինստիտուտի տնօրենն է: