May 23 2008
ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԱՆՐԻ ՇՐՋԱՆ. Պանրի պատրաստման գաղտնի դիվանագիտությունը
Տպել այս հոդվածը«Էկոնոմիստ», 22 մայիսի 2008թ.
Աղբյուրը` (The Economist)
«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը
Փետրվարյան մի ցուրտ առավոտ մի խումբ հայեր ու թուրքեր հավաքվել էին Կարսի մի հյուրանոցում` թուրքական հետախուզության հսկողության ներքո: Մայիսի 14-ին նրանց գաղտնիքը` մի հսկայական պանրի գլուխ, բացահայտվեց Գյումրիում, փակ սահմանի մոտ, Հայաստանում: «Կովկասյան պանիր» անունով այդ դեղին գունդը խորհրդանշում է հաշտեցում Թուրքիայի և Հայաստանի միջև և ողջ Կովկասում:
«Տարածաշրջանային «խաղաղության» պանրի գաղափարը (ներգրավված են նաև Վրաստանն ու Ադրբեջանը) կասկածանքով ընդունվեց, երբ մեկ տարի առաջ դրվեց քննարկման»,- ասում է Ալին Օզինյանը՝ Թուրք-հայկական բիզնեսի զարգացման խորհրդից: «Մենք չգիտեինք, թե իշխանություններն ինչպես կարձագանքեն»,- ասաց թուրք պանրագործ Զեքի Այդինը, որը տասը ժամ ճանապարհ էր անցել Կարսից Գյումրի՝ Վրաստանի տարածքով: «Մենք ցանկանում ենք, որ մեր սահմանները վերաբացվեն, բարիդրացիական հարաբերություններ հաստատվեն, ուստի մենք առիթից օգտվեցինք»,- ասում է Իլհան Կոչուլուն` մեկ այլ պանրագործ:
Ադրբեջանցի Վեֆա Ֆերեջովան, որը պայքարում է Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու համար, նույնպես այնտեղ էր: «Մեզ ասում են՝ ատել հայերին: Բայց ես չեմ ատի»: Հայաստանն ու Ադրբեջանը վեճի մեջ են Լեռնային Ղարաբաղի համար, մի հողակտոր, որը Հայաստանը խլել է Ադրբեջանից 1990-ականների սկզբին: Սա դրդեց Թուրքիային 1993թ.-ին փակել իր սահմանը (բայց ոչ օդային կապը) Հայաստանի հետ: Ամերիկայի միջնորդությամբ ընթացող բանակցություններն անհաջողության մատնվեցին, և այժմ Ադրբեջանը սպառնում է ուժի դիմել:
Այնուամենայնիվ, հույսի նշույլներ կան, որ Թուրքիան ու Հայաստանը կհաշտվեն: Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլն առաջիններից էր, որ շնորհավորեց Սերժ Սարգսյանին, որը Հայաստանի նախագահ դարձավ փետրվարին կայացած արատավորված ընտրությունների արդյունքում: Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու շուրջ ոչ պաշտոնական բանակցությունները կարող են վերսկսվել ցանկացած պահի: Իհարկե, օդում հուսահատության շունչ է զգացվում: Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը (AK) սահմանադրական դատարանի կողմից փակման սպառնալիքի տակ է` շարիաթի օրենքը երկրում ներդնելու մտադրության համար: AK-ի` Հայաստանի հետ հաշտվելու փորձերը հավանաբար նպատակաուղղված են Արևմուտքի աջակցությունն ստանալուն:
Պարոն Սարգսյանի կառավարությունը տհաճությունների առաջ կկանգնի, երբ այս ձմեռ գազի գինը կրկնապատկվի: Թուրքիայի կողմից շրջափակման վերացումը կարող է սանձահարել ժողովրդական խռովությունները: Սակայն Թուրքիայի և Հայաստանի բազեները կարող են դեռ հույսները դնել Ադրբեջանի վրա:
Մեղադրանքները, թե Հայաստանն ապաստանում է քուրդ ապստամբներին, բարկության ալիք են բարձրացրել Թուրքիայում: Իսկ դրանք որտեղի՞ց հայտնվեցին: «Ադրբեջանական մամուլից»,- փնչացնում է պրն Այդինը: Նույնիսկ ամենալավ պանիրը չի կարող փոխել մարդկանց վերաբերմունքը մի գիշերվա ընթացքում:
2 մեկնաբանություն
Հայ-թուրքական հարաբերությունները շոշափող այս փոքրիկ հոդվածը կարիք ունի մեկնաբանության մի շարք առումներով:
Առաջին, փորձ է արվում պանրի համատեղ արտադրության տարածաշրջանային նորաթուխ ծրագիրը ներկայացնելով` շրջանառության մեջ պահել և ամրապնդել հայ հասարակության մեջ տարիներ ի վեր ներմուծվող այն մտայնությունը, թե տնտեսական հարաբերությունները կարող են լուծել կամ մեղմել միջպետական և ազգամիջյան քաղաքական սուր հակամարտություններն ու թշնամանքը: Սակայն համաշխարհային պատմությունն այդպիսի պատմական նախադեպեր չի արձանագրել: Կայուն և որակական տնտեսական հարաբերություններ հնարավոր են միայն քաղաքական խնդիրները լուծելուց հետո, միչդեռ չլուծված քաղաքական հակամարտությունները ձախողում են տնտեսական համագործակցության փորձերը: Տնտեսապես լավ ինտեգրված ԽՍՀՄ-ը փլուզվեց, առաջին հերթին, իր չլուծված ազգային քաղաքական խնդիրների պատճառով: Ավելին, շարունակվող ազգամիջյան անհամաչափ քաղաքական հակամարտության պայմաններում (ինչպիսին հայ-թուրքականն է), տնտեսական կարճատև հարաբերությունների հաստատման դեպքում անհամաչափության թույլ կողմը (այս դեպքում` Հայաստանը) հեշտությամբ կարող է ենթարկվել հզոր կողմից (այս դեպքում` Թուրքիայից) քաղաքական, տնտեսական ապա նաև` մշակութային ու տարածքային կլանման:
Սա ամենևին չի նշանակում, որ հայ-թուրքական (նաև` հայ-ադրբեջանական) առևտրատնտեսական հարաբերությունները ցանկալի չեն: Դրանք ցանկալի են Հայաստանի տնտեսության բնականոն զարգացման համար, եթե, իհարկե, երաշխավորվի նաև համագործակցության իրավահավասարությունն ու փոխշահավետությունը: Պարզապես` այդ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը և Հայաստանի անվտանգության ապահովումը տարբեր բաներ են: Հայաստանի անվտանգությունը պետք է ապահովվի այլ միջոցներով: Այս հարցն առավել մանրամասն քննարկված է աստ՝ «Հիմնատարրեր` Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի, Մասն Ա» , 2-րդ լրամշակված հրատ., «Լուսակն», Երեւան, 2004 թ., էջ 116-117:
Երկրորդ, այս և հայ-թուրքական հարաբերությունները լուսաբանող արևմտյան մամուլի բազմաթիվ այլ հրապարակումներում Թուրքիայի կողմից Հայաստանի տնտեսական շրջափակումը, որպես քաղաքական խնդիր և միջազգային օրենքի խախտում, վաղուց ի վեր ներկայացվում է Թուրքիային որևէ կերպ չպարտավորեցնող «փակ սահմաններ» քաղաքականազերծված դատարկաբանությամբ:
Երրորդ, անհրաժեշտ է մեկնաբանել թուրք պանրագործից արված այն մեջբերումը, թե «ցանկանում ենք, որ մեր սահմանները վերաբացվեն»: Պետք է խոսել ոչ թե սահմանների վերաբացման, այլ բացման մասին. հայ-թուրքական սահմանը հիմնականում փակ է եղել խորհրդային շրջանում, այնուհետև փակվել է Թուրքիայի կողմից` Հայաստանի անկախացումից գրեթե անմիջապես հետո` 1993թ. ապրիլից:
Չորրորդ, հոդվածում մի քանի բառով անդրադարձ է կատարվում Արցախյան հակամարտությանը, շեշտելով, թե 1990-ականների սկզբին Հայաստանն իբր Ադրբեջանից խլել է Ղարաբաղը, որն էլ դրդել է Թուրքիային փակել սահմանը, իսկ Ադրբեջանն էլ այժմ սպառնում է ուժով այն ետ վերցնել: Հակամարտության անաչառ լուսաբանման պատասխանատվությունը ստանձնած ցանկացած լրագրող պարտավոր է ավելի խորն ուսումնասիրել և հանրությանը ներկայացնել արցախյան խնդրի էությունը: Այլապես, հակամարտության պատմության և պատճառների նման կարճված, սխալ և ընդհանրացված մեկնաբանությունը կարող է դիտվել որպես, մի կողմից` Թուրքիայի կողմից Հայաստանի տնտեսական շրջափակման արդարացում, մյուս կողմից` Ադրբեջանի շարունակական ռազմական սպառնալիքների խրախուսում և դրանց հնարավոր կիրառման արդարացում:
Հինգերորդ, իբր Թուրքիայի կողմից հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու կամքի դրսևորում, նշվում է, որ Թուրքիայի արտգործնախարար Գյուլն առաջիններից էր, որ շնորհավորեց նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին: Պետք է նկատել, որ թուրքական կողմից պարբերաբար մատուցվող այս քաղաքական մանյովրներն իրականում չեն փոխում Թուրքիա պետության թշնամական մտադրություններն ու քաղաքականությունը Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ: Թուրքիան ճանաչել է և’ 1918թ.-ի Հայաստանի առաջին հանրապետությունը և 1991թ.-ին հռչակված Հայաստանի պետությունը, սակայն դա չի խանգարել նրան հարձակվել առաջինի վրա, իսկ այժմ էլ տեղեկատվական-հոգեբանական պատերազմ մղել նորանկախ ՀՀ-ի դեմ, տնտեսական տևական շրջափակման ենթարկել այն, հրաժարվել անգամ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից, միաժամանակ խրախուսելով ու նախապատրաստելով իր կրտսեր դաշնակցին՝ Ադրբեջանին Հայաստանի դեմ իսկական պատերազմի սանձազերծման։
Վեցերորդ, հոդվածում փորձ է արվում գոյություն չունեցող կապ ստեղծել, մի կողմից, Հայաստանում ներքաղաքական լարվածության ու գազի սակագնի թանկացման, մյուս կողմից`հայ-թուրքական սահմանի բացմամբ այդ քաղաքական ու տնտեսական լարվածությունը մեղմելու հնարավորության միջև: Նկատենք, որ, օրինակ, թուրք-վրացական կամ թուրք-ուկրաինական տնտեսական-քաղաքական սերտ հարաբերությունները չեն մեղմել ռուսական գազի սակագնի թանկացման հետևանքները Վրաստանում և Ուկրաինայում:
Յոթերորդ, թուրք-ադրբեջանական լրատվամիջոցներում արծարծվող անհեթեթ մեղադրանքները, թե իբր Հայաստանն ապաստանում է քուրդ գրոհայինների իրականում սկիզբ են առել պաշտոնական Անկարայից: Թուրքիայի քաղաքական ու ռազմական շրջանակները պարբերաբար հնչեցնում են այդ կեղծիքներն սկսած 1993թ.-ից` դրանցով մերթ ընդ մերթ համալրելով թուրքական կառավարության Հայաստանին ներկայացվող անընդունելի նախապայմանների շարքը (տե’ս «Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունները հետևյալ հրապարակումների վերաբերյալ` Քրդական հարցը և Լեռնային Ղարաբաղը և ՔԲԿ-ն տեղափոխվում է Ղարաբաղ. արդյոք կհարվածի՞ Թուրքիան :
Վերջապես` հայ-թուրքական սահմանի բացման ցանկացած քննարկում Հայաստանում կամ հայկական կողմին ուղղված հորդոր առնվազն անտեղին են: Հայաստանը չի փակել սահմանը, հետևաբար այն բացելը Հայաստանի քաղաքական հնարավորության սահմաններում չէ: Ցանկացած նման քննարկում և հորդոր պետք է անել սահմանից այն կողմ` թուրք հասարակության, կառավարության և քաղաքական բոլոր մյուս շրջանակների հետ: Իսկ նման քննարկումներն ու հորդորները Հայաստանին պետք է հասկանալ իրենց իրական քաղաքական ենթատեքստով՝ Թուրքիայի Հայաստանին ներկայացվող միանգամայն անընդունելի նախապայմանների հիմնատարրերով հանդերձ` հրաժարում Արցախից, ազատագրված տարածքից և ցեղասպանության խնդրի միջազգային արծարծումից:
… [Trackback]…
[…] Read More Infos here: artmamul.ararat-center.org/?p=28 […]…